Armenian ARMSCII Armenian
Կ-648-12.06.2020-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 83-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) այն դեպքերի, երբ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վիճարկվում է վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտ (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի դեպքում հասցեատիրոջ համար բարենպաստ դրույթները):».

2) 2-րդ մասի «2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերով» բառերը փոխարինել «2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերով» բառերով.

3) 5-րդ մասի «վիճարկման հայցի» բառերը փոխարինել «վիճարկվող վարչական ակտի» բառերով:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի դեպքում հասցեատիրոջ համար բարենպաստ դրույթները) ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնելու (վիճարկելու) պահանջով ներկայացված վիճարկման հայցերի հիման վրա համապատասխան վարչական ակտերի կատարման կասեցումները սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից համարվում են վերացած, բացառությամբ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին ավարտված գործերով դատական ակտերի բողոքարկման եւ վերաքննության կամ վճռաբեկության կարգով նման գործերի քննության դեպքերի: