Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6521-12.06.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 11-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ մասով.

«10. Վարույթն իրականացնող մարմինը որպես բացառիկ միջոց դատարանի որոշման հիման վրա կարող է գործադրել համաչափ ֆիզիկական ուժ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում եւ կարգով այնքանով, որքանով դա անհրաժեշտ է քննման, փորձաքննության ենթարկվելու կամ նմուշներ տալու պարտականության կատարումն ապահովելու համար եւ, եթե այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումն ապահովելը հնարավոր չէ:»:

Հոդված 2. Օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետում «խուզարկության» բառից հետո լրացնել «, քննումը, փորձաքննությունը հարկադրաբար կատարելու կամ համեմատական հետազոտման համար նմուշները հարկադրաբար ստանալու» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 24-րդ կետում «խուզարկության» բառից հետո լրացնել «, քննումը, փորձաքննությունը հարկադրաբար կատարելու կամ համեմատական հետազոտման համար նմուշները հարկադրաբար ստանալու» բառերը:

Հոդված 4. Օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ  բովանդակությամբ 5.2-րդ կետով.

«5.2) դատարան է ներկայացնում քննումը, փորձաքննությունը հարկադրաբար կատարելու կամ համեմատական հետազոտման համար նմուշները հարկադրաբար ստանալու միջնորդություն.»:

Հոդված 5. Օրենսգրքի 63-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետում եւ 65-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետում` «նմուշներ» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ համեմատական հետազոտման համար այլ  նմուշներ.» բառերը, իսկ 59-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում «քննման» բառից հետո լրացնել «ինչպես նաեւ համեմատական հետազոտման համար նմուշներ ներկայացնելու համար փորձաքննության:» բառերը:

Հոդված 6. Օրենսգրքի 188.1-րդ հոդվածում`

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Քննման, փորձաքննության ենթարկվելու կամ համեմատական հետազոտման համար նմուշներ տալու պարտականությունը կամովին չկատարելու դեպքում, եթե գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական տվյալները հնարավոր չէ ձեռք բերել դատավարական այլ եղանակով, ապա քննումը, փորձաքննությունը կամ նմուշներ ստանալն օրենքով սահմանված կարգով կատարվում են հարկադրաբար` դատարանի որոշման հիման վրա` իրավունքների միջամտության համաչափության սկզբունքի պահպանմամբ:

«Արգելվում են հարկադրաբար քննչական գործողություններ կատարելիս այնպիսի միջոցների եւ մեթոդների կիրառումը, որոնք կարող են խոշտանգում կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունք պարունակել կամ անձին պատճառել մարմնական կամ մտավոր ուժեղ ցավ կամ տառապանք:»:

2) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

 «Սույն օրենսգրքի 58-րդ, 62-րդ, 64-րդ, 86-րդ հոդվածներում նշված անձինք նախազգուշացվում են նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 339.1-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին:»:

Հոդված 7. Օրենսգրքի 220-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Քննման ենթարկվելու վերաբերյալ քննիչի որոշման պահանջները կամովին կատարելուց հրաժարվելու դեպքում կազմվում է արձանագրություն եւ պարզաբանվում կամովին քննման ենթարկվելուց հրաժարվելու դեպքում այն դատարանի որոշմամբ հարկադրաբար կատարելու հնարավորության մասին: Վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի կամովին քննմանը ենթարկվելուց հրաժարված անձի նկատմամբ քննումը հարկադրաբար կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությամբ դիմել դատարան:»:

Հոդված 8. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 243.1-ին հոդվածով`

«Հոդված 243.1. Հարկադիր փորձաքննության ենթարկելու հիմքերը եւ կարգը

1. Սույն օրենսգրքի 58-րդ, 62-րդ, 64-րդ եւ 86-րդ հոդվածներով նախատեսված անձանց կողմից փորձաքննության ենթարկվելու պարտականությունը կամովին կատարելուց հրաժարվելու դեպքում այդ մասին կազմվում է արձանագրություն եւ պարզաբանվում` կամովին փորձաքննության ենթարկվելուց հրաժարվելու դեպքում, այն դատարանի որոշմամբ հարկադրաբար կատարելու հնարավորության մասին: Վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի փորձաքննության ենթարկվելուց հրաժարված անձի նկատմամբ հարկադրաբար փորձաքննություն կատարելու թույլտվություն տալու միջնորդությամբ դիմել դատարան:»:

Հոդված 9. Օրենսգրքի 253-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Նմուշներ ստանալու վերաբերյալ քննիչի որոշման պահանջները կամովին կատարելուց հրաժարվելու դեպքում կազմվում է արձանագրություն եւ պարզաբանվում կամովին նմուշներ ներկայացնելուց հրաժարվելու դեպքում այն դատարանի որոշմամբ հարկադրաբար վերցնելու հնարավորության մասին: Վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի կամովին նմուշներ տալուց հրաժարված անձի նկատմամբ հարկադրաբար նմուշներ ստանալու թույլտվություն տալու միջնորդությամբ դիմել դատարան:»:

Հոդված 10. Օրենսգրքի 279-րդ հոդվածում «խուզարկությունը,» բառից հետո լրացնել «քննումը, փորձաքննությունը հարկադրաբար կատարելը կամ համեմատական հետազոտման համար նմուշները հարկադրաբար ստանալը» բառերը.

Հոդված 11. Օրենսգրքի 283-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությունում «խուզարկության» բառից հետո լրացնել «, քննումը, փորձաքննությունը հարկադրաբար կատարելու կամ համեմատական հետազոտման համար նմուշները հարկադրաբար ստանալու վերաբերյալ» բառերը:

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

21 մայիսի 2020 թվականի  N 813  - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ          Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. մայիսի 23
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

11 հունիսի 2020 թվականի  N 694  - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ  ՆՇԱՆԱԿԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը`

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ                Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. հունիսի 11
Երեւան
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
  պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի N 813-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը:
 

 Հարգանքով`      ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆ