Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-655-15.06.2020-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 53-րդ հոդվածի 9-րդ մասի 9-րդ կետը:

Հոդված 2. Օրենսգրքի 135-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «տոկոսի չափով, եթե տվյալ հարկ վճարողը սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով չի ընտրել շահութահարկի կանխավճարների կատարման` նույն մասով սահմանված այլընտրանքային եղանակը» բառերը փոխարինել «տոկոսով հաշվարկվող գումարի եւ նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից եւ (կամ) ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների երկու տոկոսով հաշվարկվող գումարի նվազագույնի չափով» բառերով:

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Շահութահարկի կանխավճարների հաշվարկման նպատակով` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված`

1) նախորդ հարկային տարվա շահութահարկի գումարի մեջ չեն ներառվում (այդ գումարից նվազեցվում են)`

ա. Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված` հատուկ հարկային համակարգերի շրջանակներում հաշվարկվող շրջանառության հարկի գումարում առկա` շահութահարկի հաշվարկային մասնաբաժինները, ինչպես նաեւ հարկման հատուկ համակարգերի շրջանակներում հաշվարկվող շահութահարկի գումարները,

բ. շահութահարկի այն գումարները, որոնց վճարումից շահութահարկ վճարողներն ազատված են Օրենսգրքի 126-րդ հոդվածով սահմանված դեպքերում,

գ. շահութահարկի այն գումարները, որոնք նվազեցվում են Օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով սահմանված դեպքերում,

դ. մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի` մշտական հաստատությանը չվերագրվող եկամուտների մասով` Օրենսգրքի 130-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան հաշվարկված շահութահարկի գումարները,

ե. Օրենսգրքի 20-րդ հոդվածով սահմանված` օտարերկրյա պետություններում գանձված շահութահարկի կամ շահույթից հաշվարկվող այլ հարկի գումարները,

զ. նախորդ հարկային տարվա ընթացքում հարկային մարմնի կողմից ստուգմամբ կամ վերստուգմամբ հայտնաբերված շահութահարկի գումարները (անկախ այն հանգամանքից, թե որ հարկային տարիներին են դրանք վերաբերում).

2) նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից եւ (կամ) ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների մեծությունը որոշվում է նախորդ եռամսյակում ներառված ամիսների համար` մինչեւ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված` շահութահարկի կանխավճարի կատարման վերջնաժամկետը հարկային մարմին ներկայացված` Օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված` ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկներում (այդ թվում` ճշտված) արտացոլված` ԱԱՀ-ով հարկվող եւ ԱԱՀ-ից ազատված գործարքների հարկման բազայի հանրագումարի չափով: Սույն կետի կիրառության իմաստով`

ա. սույն հոդվածի 1-ին մասում սահմանված` շահութահարկի կանխավճարի կատարման վերջնաժամկետից հետո հարկային մարմին ներկայացված` տվյալ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից եւ (կամ) ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների ավելացվող կամ պակասեցվող գումարները` պայմանավորված ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկներում արտացոլված` ԱԱՀ-ով հարկվող եւ ԱԱՀ-ից ազատված գործարքների հարկման բազայի հանրագումարի փոփոխությամբ (այդ թվում` եռամսյակի որեւէ հաշվետու ամսվա համար ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկի կամ ճշտված հաշվարկի ներկայացման դեպքում) հաշվի չեն առնվում շահութահարկի կանխավճարի մեծության հաշվարկման համար,

բ. հարկային մարմնի իրականացրած ստուգման կամ վերստուգման արդյունքներով նախորդ եռամսյակում ներառված ամիսների համար հարկային մարմին ներկայացվող` ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկներում արտացոլված` ԱԱՀ-ով հարկվող եւ ԱԱՀ-ից ազատված գործարքների հարկման բազայի վերահաշվարկներ չեն կատարվում:».

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Մինչեւ նախորդ հարկային տարվա շահութահարկի գումարի հաշվարկումը (մինչեւ նախորդ հարկային տարվա համար շահութահարկի հաշվարկը հարկային մարմին ներկայացնելը) շահութահարկի կանխավճարները յուրաքանչյուր անգամ կատարելու համար նախորդ հարկային տարվա շահութահարկի գումարի 20 տոկոսով հաշվարկվող գումարի փոխարեն ընդունվում է վերջին հաշվետու տարվա համար ներկայացված շահութահարկի հաշվարկով (այդ թվում` ճշտված) արտացոլված շահութահարկի գումարի 20 տոկոսով հաշվարկվող գումարը:».

4) 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.

5) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Հարկային տարվա ընթացքում պետական գրանցում ստացած (օրենքով սահմանված դեպքերում` հաշվառված) կամ որպես նոտար նշանակված հարկ վճարողները` համապատասխանաբար, պետական գրանցման (օրենքով սահմանված դեպքերում` հաշվառման) կամ որպես նոտար նշանակման հարկային տարվա եռամսյակների համար, իսկ նախորդ հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող չհամարված, ինչպես նաեւ ընթացիկ հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարված հարկ վճարողները ընթացիկ հարկային տարվա եռամսյակների համար շահութահարկի կանխավճարներ չեն կատարում:».

6) 8-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերում «կանխավճարը կարող է կատարել սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով» բառերը փոխարինել «կանխավճարներ չի կատարում» բառերով, իսկ 2-րդ կետում «կանխավճարը կարող են կատարել սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով» բառերը փոխարինել «կանխավճարներ չեն կատարում» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 451-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերից հանել «, բացառությամբ Օրենսգրքի 135-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի» բառերը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

Հոդված 5. 2020 թվականի 2-րդ եռամսյակի համար օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված շահութահարկի կանխավճարներ չեն հաշվարկվում եւ չեն վճարվում:

Հոդված 6. 2020 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում Օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով եւ չափով հաշվարկված շահութահարկի կանխավճարի եւ 2019 թվականի շահութահարկի գումարի 20 տոկոսով հաշվարկվող գումարի տարբերության չափով ճշգրտվում է 2020 թվականի հուլիսի 1-ից հետո առաջիկա եռամսյակի շահութահարկի կանխավճարի գումարը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ


1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը շահութահարկի կանխավճարների համակարգի վերանայումն է` նպատակ ունենալով համակարգը դարձնել ավելի ճկուն եւ, հետեւաբար, տնտեսավարող սուբյեկտների ընթացիկ իրացվելիության տեսանկյունից ավելի նպաստավոր:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Ներկայումս ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված է շահութահարկի եռամսյակային կանխավճարների գումարների հաշվարկման երկու եղանակ. հիմնական եղանակ, որի շրջանակում կանխավճարի գումարը հաշվարկվում է նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20 տոկոսի չափով եւ այլընտրանքային եղանակ, որի շրջանակում կանխավճարի գումարը հաշվարկվում է յուրաքանչյուր եռամսյակին նախորդ եռամսյակի ընթացքում հարկ վճարողի իրացման շրջանառության 2 տոկոսի չափով:

Միաժամանակ, գործող օրենսդրության համաձայն, այլընտրանքային եղանակով շահութահարկի կանխավճարները հաշվարկելու համար անհրաժեշտ է, որպեսզի հարկ վճարողը մինչեւ յուրաքանչյուր տարվա մարտի 20-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնի համապատասխան հայտարարություն:

Խնդիրը կայանում է նրանում, որ շահութահարկի կանխավճարների գործող համակարգը բավարար չափով ճկուն չէ, եւ այդ պատճառով ներկա տնտեսական իրավիճակում տնտեսավարող սուբյեկտների համար հանգեցրել է ընթացիկ իրացվելիության խնդիրների: Մասնավորապես, տնտեսավարող սուբյեկտներից շատերը, մինչեւ ընթացիկ տարվա մարտի 20-ը չկարողանալով կանխատեսել հնարավոր տնտեսական դժվարությունները, հարկային մարմին չեն ներկայացրել շահութահարկի կանխավճարներն այլընտրանքային եղանակով կատարելու հայտարարություններ, ինչի արդյունքում ստիպված են ընթացիկ տարվա ընթացքում յուրաքանչյուր եռամսյակի շահութահարկի կանխավճարները կատարել նախորդ տարվա շահութահարկի գումարի 20 տոկոսի չափով:

Միաժամանակ, պետք է նկատի ունենալ, որ ցանկացած տնտեսություն զարգանում է պարբերաշրջաններով, ինչը նշանակում է, որ զարգացման այս կամ այն փուլում տնտեսական եւ այլ շոկերը անխուսափելի են ինչպես ամբողջ տնտեսության համար, այնպես էլ առանձին ճյուղերում եւ նույնիսկ առանձին տնտեսավարող սուբյեկտների մոտ: Այդ շոկերը հանգեցնում են տնտեսվարող սուբյեկտների (այս դեպքում` շահութահարկ վճարողների) իրացվելիության տատանումների եւ կանխիկ հոսքերի կառավարման խնդիրների: Ընդ որում, նշված շոկերը եւ մասնավորապես` խոշոր շոկերի (անկումներ եւ ճգնաժամեր) տեղի ունենալու ժամանակահատվածը հիմնականում անկանխատեսելի է, այդ իսկ պատճառով շատ տնտեսավարող սուբյեկտներ դժվարությամբ կարող են կանխատեսել, թե շոկերը տվյալ տարվա որ եռամսյակում են տեղի ունենալու: Հետեւաբար, այս պայմաններում կարեւոր է շահութահարկի կանխավճարների ճկուն համակարգի առկայությունը, որը հնարավորություն կտա տնտեսավարող սուբյեկտներին ճկուն կերպով արձագանքել այդ շոկերին եւ իրացվելիության տատանումներին` ապահովելու համար այդ շոկերի սահուն հաղթահարումը եւ վերադարձը դեպի բնականոն զարգացման:

Շահութահարկի կանխավճարների ճկուն համակարգի առկայությունը կարեւոր է նաեւ մակրո մակարդակում հարկաբյուջետային քաղաքականության արդյունավետ իրականացման տեսանկյունից: Մասնավորապես, դրա կիրառումը հնարավորություն կտա ապագայում ավելի արդյունավետ կերպով մեղմել տնտեսական տատանումները` ավտոմատ կերպով արձագանքելով շոկերին եւ դրանց հետեւանքով առաջացող իրացվելիության խնդիրներին:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է ամբողջությամբ վերանայել շահութահարկի կանխավճարների համակարգը` սահմանելով, որ յուրաքանչյուր եռամսյակի շահութահարկի կանխավճարը կատարվում է նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20 տոկոսի եւ նախորդ եռամսյակի իրացման շրջանառության 2 տոկոսի գումարներից նվազագույնի չափով` զուգահեռաբար վերացնելով նաեւ կանխավճարի որեւէ եղանակի ընտրության համար հայտարարություն ներկայացնելու պահանջը: Առաջարկվում է նաեւ սահմանել, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակի համար տնտեսավարող սուբյեկտները շահութահարկի կանխավճարներ առհասարակ չեն կատարում:

4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան շահութահարկի կանխավճարների համակարգն է:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության եւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման եւ կիրառության արդյունքում նախատեսվում է շահութահարկի կանխավճարների համակարգը դարձնել ավելի ճկուն եւ տնտեսավարող սուբյեկտների ընթացիկ իրացվելիության տեսանկյունից` նպաստավոր: Միաժամանակ, նախագծի ընդունման արդյունքում շահութահարկ վճարողները կազատվեն 2020 թվականի 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ կարող են նվազել պետական բյուջեի ընթացիկ եկամուտները, իսկ ծախսերի ավելացում չի ակնկալվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

15 հունիսի 2020 թվականի N 957 - Ա


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասն ու 73-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը համարել անհետաձգելի եւ սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. հունիսի 15
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

15 հունիսի 2020 թվականի N 707 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը`

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. հունիսի 15
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 73-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 15-ի N 957-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ