Հոդված 1. «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-248 օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասում «Ամրացված գույքի վարձակալության ժամկետը մեկ տարուց ավելի չի կարող սահմանվել, բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի» բառերը փոխարինել «Պետական կազմակերպությանն ամրացված գույքը վարձակալության է հանձնվում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգով: Վարձակալության հանձնված գույքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ամբողջությամբ ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:» բառերով, իսկ «Ամրացված գույքի օգտագործման» բառերից հետո լրացնել «(բացառությամբ վարձակալության)» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է ՊՈԱԿ-ների անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի վարձակալության տրամադրման գործընթացը ՀՀ կառավարության կողմից հաստատված մեկ միասնական մոտեցմամբ իրականացման անհրաժեշտությամբ:
Նախագծի մշակումը պայմանավորված է նաեւ ՀՀ կառավարության դեկտեմբերի 5-ի «Պետական գույքի կառավարման հայեցակարգը հաստատելու մասին» N 1834-Լ որոշման N 7 հավելվածի 4-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:
2. Կարգավորման նպատակը եւ բնույթը
«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն պետական կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնել վարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ: Ամրացված գույքի վարձակալության ժամկետը մեկ տարուց ավելի չի կարող սահմանվել, բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի:
Նախագծի ընդունման նպատակն է ՊՈԱԿ-ների անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի վարձակալության տրամադրման գործընթացն իրականացնել ՀՀ կառավարության կողմից հաստատված միասնական մոտեցմամբ՝ թափանցիկ ու հրապարակային իրականացում, պետության կողմից ցուցաբերվող օժանդակության արդյունավետության բարձրացման նպատակով վարձակալության տրամադրման գործընթացում հստակ չափանիշների, միատեսակ պայմանների եւ ժամկետների սահմանում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման N 1 հավելվածի 266.1-րդ եւ ՀՀ կառավարության դեկտեմբերի 5-ի «Պետական գույքի կառավարման հայեցակարգը հաստատելու մասին» N 1834-Լ որոշման N 7 հավելվածի 3-րդ կետերով նախատեսված են 2020 թվականին մշակել «Պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության տրամադրման գործընթացը կանոնակարգելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 եւ 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1106-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, նախատեսվում է ՊՈԱԿ-ներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալությամբ տրամադրման գործընթացը իրականացվնել միասնական կանոնակարգով եւ մոտեցմամբ, ինչը կնպաստի գործընթացների թափանցիկության եւ հրապարակայնության աճին, ՊՈԱԿ-ներին անհատույց օգտագործման տրամադրված գույքի վարձակալությունից գանձվող միջոցների բաշխման գործընթացում միասնական սկզբունքների սահմանմամբ (80%-ն ուղղվի պետական բյուջե, իսկ 20%-ը ՊՈԱԿ-ի բյուջե), իսկ վարձակալական վճարների մեծությունը սահմանել ելնելով շուկայական գնահատման արդյունքներից:
Այս նպատակով մշակվել է «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխության կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Իրավական կատի ընդունման դեպքում՝ ՊՈԱԿ-ներին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի վարձակալության տրամադրման գործընթացի պարզեցում, վարչարարության կրճատում եւ պետական բյուջեի մուտքերի ավելացում, ներդրումների ներգրավում
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերը կավելանան:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 հունիսի 2020 թվականի N 906 - Ա
«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2020 թ. հունիսի 8
Երեւան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒ Մ
15 հունիսի 2020 թվականի N 703 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝
Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2020 թ. հունիսի 15
Երեւան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 906-Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:
Հարգանքով՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ