ԳԼՈՒԽ 1
Հոդված 1. Օրենքի նպատակը, կարգավորման առարկան եւ գործողության ոլորտը
1. Սույն օրենքի նպատակն է`
1) ապահովել սահմանել յուրաքանչյուրի իրավունքը` ստանալու հավաստի տեղեկատվություն.
2) երաշխավորել խմբագրական անկախության եւ կարծիքի արտահայտման ազատության իրավունքը.
3) ապահովել հանրային տեսալսողական մեդիածառայությունների գործունեության նկատմամբ կառավարումն ապահովող եւ հսկողություն իրականացնող մարմնի անկախությունը.
4) Կարգավորող մարմնի անկախությունը.
5)ապահովել, օժանդակել եւ զարգացնել տեսալսողական հաղորդումների բազմազանությունը:
2. Սույն օրենքը սահմանում է տեսալսողական մեդիածառայություն մատուցողների եւ օպերատորների կարգավիճակը, կանոնակարգում է հեղինակազորման, լիցենզավորման, թույլտվության տրամադրման, ծանուցումների ներկայացման կարգը, սույն օրենքով սահմանված սուբյեկտների իրավունքների ու պարտականությունների առաջացման հիմքերը, գործունեության ընթացքում ծագող հարաբերությունները:
3. Սույն օրենքը չի տարածվում համացանցի, բացառությամբ ցանցային օպերատորների գործունեության, տեսալսողական արտադրանքին զուգահեռ կամ տեսալսողական արտադրանքի կազմում հաղորդվող կամ տեսալսողական արտադրանքի միջոցով հասանելիություն ստացող լրացուցիչ տեսալսողական կամ տեքստային տեղեկատվության (ինտերակտիվ հեռուստատեսության) վրա: Սույն օրենքի իմաստով ցանցային օպերատոր են նաեւ ցանցային օպերատորների ենթակառուցվածքների կամ համացանցի միջոցով տեսալսողական տեղեկատվություն տարածողները (OTT օպերատոր):
4. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում`
1) տեսալսողական մեդիածառայություն մատուցողների վրա.
2) օպերատորների վրա.
3) տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների վրա.
4) կարգավորող պետական մարմնի վրա.
5) հանրային տեսալսողական մեդիածառայություն մատուցողի գործունեության կառավարումն ապահովող մարմնի վրա.
5. Սույն օրենքի իմաստով տեսալսողական մեդիածառայություն մատուցողը համարվում է Հայաստանի Հանրապետությունում գործող, եթե համապատասխանում են է հետեւյալ պահանջներից մեկին.
1) հիմնական գրանցումը եւ տեսալսողական տեղեկատվության սփռումը Հայաստանի Հանրապետության տարածքում է.
2) օգտագործում է Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի տրամադրած հաճախությունը.
3) օգտագործում է Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի տրամադրած սլոթը.
6. Սույն օրենքի իմաստով օպերատորը համարվում է Հայաստանի Հանրապետությունում գործող, եթե օգտագործում է Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված կայանը արբանյակային ազդանշանի համար կամ Հայաստանի Հանրապետության տարածքում տրամադրվող ինտերնետ-կապը:
Հոդված 2. Հայաստանի Հանրապետության տեսալսողական մեդիայի մասին օրենսդրությունը
1. Հայաստանի Հանրապետության տեսալսողական մեդիայի մասին օրենսդրությունը ներառում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենքը, «Զանգվածային լրատվության մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին», «Լեզվի մասին», «Գովազդի մասին» օրենքները, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը, կարգավորող պետական մարմնի իրավական ակտերը, տեսալսողական մեդիայի ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերը եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը:
2.Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
1) տեսալսողական մեդիածառայություն մատուցող (այսուհետ` Հեռարձակող, լսողական մեդիածառայություն մատուցողը` Լսողական ծրագրեր հեռարձակող) Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված կազմակերպություն կամ կարգավորող պետական մարմնի կողմից հեղինակազորված ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը կազմում եւ սպառողին է ներկայացնում տեսալսողական տեղեկատվություն եւ խմբագրական պատասխանատվություն է կրում տեսալսողական արտադրանքի բովանդակության համար.
2) կարգավորող պետական մարմին` տեսալսողական մեդիայի մասին օրենսդրության պահանջների կատարման նպատակով Հեռարձակողների, օպերատորների եւ տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող անկախ պետական մարմին.
3) օպերատոր` ցանցային կամ մուլտիպլեքս օպերատոր, որն առաջարկում է հաղորդակցային ծառայություն (ցանցեր, տեսալսողական համակարգեր, սլոթ եւ այլն) եւ պատասխանատվություն է կրում տեխնիկական ենթակառուցվածքի շահագործման միջոցով ազդանշանը սպառողներին հասցնելու համար.
4) մուլտիպլեքս օպերատոր` ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը բացառապես ապահովում է մուլտիպլեքսի տարածման եւ ենթակառուցվածքի տեխնիկական շահագործումը եւ օգտագործում է հաճախականային սահմանափակ ռեսուրսը.
5) ցանցային օպերատոր` ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը սեփականության կամ այլ իրավունքով ունի մալուխային կամ այլ ցանց (բացառությամբ հաճախականային սահմանափակ ռեսուրս օգտագործելու դեպքերի) եւ ապահովում է տվյալ ենթակառուցվածքի տեխնիկական շահագործումը.
6) Հանրային հեռարձակող` Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետությանը 100 տոկոս պատկանող ընկերության սեփականությունը հանդիսացող Հեռարձակող.
7) թեմատիկ ուղղվածություն` տեսալսողական հաղորդումների ուղղվածությունն ըստ բովանդակային առանձնահատկությունների.
8) սպառող` առնվազն մեկ Հեռարձակողի տեղեկատվությունն ընդունող (դիտող եւ (կամ) լսող ) անձ.
9) փոխկապակցված անձ` ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր եւ քույր.
10) տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտոր` Հեռարձակողի հետ պայմանագրի հիման վրա օպերատորին տարածման նպատակող տեսալսողական ծրագրեր տրամադրող ֆիզիկական կամ իրավաբանական անձ.
11) մուլտիպլեքս` տվյալների մի քանի հոսքերի միավորմամբ միասնական մեկ հոսքի (թվային ցանց) ստացումը, որը հետագայում կրկին կարող է մասնատվել.
12) հանրային մուլտիպլեքս` Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետությանը 100 տոկոս պատկանող ընկերության սեփականությունը հանդիսացող հեռարձակման թվային ցանց.
13) սլոթ` մուլտիպլեքսում թվային հոսքի մի մասը, որը բավարար է մեկ ծրագրային փաթեթ հեռարձակելու համար.
14) սփռում` որոշակի տարածքի սահմաններում տեսալսողական տեղեկատվության տարածում.
15) տեսալսողական տեղեկատվություն` հաճախություններով եւ հնարավոր այլ տեխնիկական միջոցներով (հաղորդիչ, արբանյակ, մալուխային ցանց եւ այլն) սպառողներին տրամադրվող տեսալսողական նյութ` ներառյալ տեսալսողական արտադրանքին զուգահեռ կամ տեսալսողական արտադրանքի կազմում հաղորդվող կամ տեսալսողական արտադրանքի միջոցով հասանելիություն ստացող լրացուցիչ տեսալսողական կամ տեքստային տեղեկատվությունը (ինտերակտիվ հեռուստատեսություն).
16) գծային տեսալսողական տեղեկատվություն` Հեռարձակողի կամ օպերատորի կողմից սպառողներին համաժամանակյա դիտելու եւ (կամ) լսելու նպատակով, նախապես կարգավորված հաջորդականությամբ տրամադրվող տեսալսողական նյութ.
17) ոչ գծային տեսալսողական տեղեկատվություն` Հեռարձակողի կամ օպերատորի կողմից անհատ սպառողի պահանջով, իր կողմից ընտրված պահին դիտելու եւ (կամ) լսելու նպատակով տրամադրվող տեսալսողական նյութ` ըստ տեսացանկի (կատալոգ).
18) տեսալսողական ծրագիր` Հեռարձակողի կողմից նախապես կարգավորված հաջորդականությամբ տեսալսողական նյութեր.
19) տեսալսողական հաղորդում` տարածվող պատկերներ եւ (կամ) հնչյուններ սահմանափակ տեւողությամբ նյութ, որը կազմակերպական իմաստով ինքնուրույն եւ ավարտուն է.
20) առաջին ամրագրման հաղորդում` առաջին անգամ հեռարձակվող տեսալսողական հաղորդում.
21)հայերեն տեսալսողական` հաղորդում` հայերեն ընկալման որեւէ միջոցով ուղեկցվող տեսալսողական հաղորդում.
22) տեսալսողական գովազդ` իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկությունների տարածումը Հեռարձակողի միջոցով, որը կոչված է ձեւավորելու կամ պահպանելու
հետաքրքրությունը տվյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձի, ապրանքների, ծառայությունների, գաղափարների կամ նախաձեռնությունների նկատմամբ` շահույթ ստանալու նպատակով.
23) հեղինակազորում` կարգավորող պետական մարմնի կողմից ֆիզիկական կամ իրավաբանական անձին Հեռարձակողի կարգավիճակ տվող փաստաթղթի տրամադրում.
24) բացառիկ իրավունք` այլ անձանց մտավոր սեփականություն հանդիսացող տեսալսողական տեղեկատվությունը որոշակի աշխարհագրական տարածքում բացառիկ տարածման իրավունք.
25) մշտադիտարկում` կարգավորող պետական մարմնի կողմից Հեռարձակողների եւ օպերատորների գործունեության` տեսալսողական մեդիայի մասին օրենսդրության պահանջներին համապատասխանությունը գնահատելու նպատակով իրականացվող դիտարկում:
Հոդված 4. Տեսալսողական տեղեկատվության ազատությունը ազատ ընտրությունը
1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տեսալսողական տեղեկատվության ազատ ընտրության, արտադրության ու տարածման իրավունքը: Տեսալսողական տեղեկատվության գրաքննությունն արգելվում է:
2. Յուրաքանչյուր ոք ունի տեսալսողական տեղեկատվության ազատ ընտրության իրավունք:
3. Պետությունն անհրաժեշտ պայմաններ է ստեղծում եւ միջոցներ է ձեռնարկում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում Հանրային Հեռարձակողի (առնվազն 1 տեսալսողական եւ 1 լսողական) ծրագրերի ընդունման համար:
4. Օպերատորը եւ Հեռարձակողը համապատասխան սփռման տարածքների համընկնման շրջաններում չպետք է սահմանափակեն սպառողների` օրինական հիմքով տարածվող այլ տեսալսողական տեղեկատվություն ընդունելու իրավունքը:
Հոդված 5. Մարդու իրավունքները տեսալսողական տեղեկատվության հասանելիության նկատմամբ
1. Եթե Հեռարձակողը կամ օպերատորը տեսալսողական տեղեկատվությունը հեռարձակում է անորոշ թվով անձանց համար եւ անվճար տեղեկատվություն տալու պայմանով, ապա յուրաքանչյուր ոք իրավունք ունի նման ծառայությունից սպառողական նպատակով օգտվելու անհատույց եւ առանց տվյալ Հեռարձակողին կամ օպերատորին տեղեկացնելու:
2. Այլ դեպքերում Հեռարձակողի կամ օպերատորի մատուցելիք տեղեկատվության գինը եւ պայմանները սահմանվում են պայմանագրային կարգով:
3. Պայմանագրային կարգով տեսալսողական տեղեկատվություն ստացող սպառողներից մատուցված ծառայությունների համար վճարումների գանձումն իրականացվում է անկանխիկ:
ԳԼՈՒԽ 2
ՀԵՌԱՐՁԱԿՈՂՆԵՐԻ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Հոդված 6. Տեսալսողական տեղեկատվության լեզուն
1. Տեսալսողական տեղեկատվության լեզուն հայերենն է, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:
2. Այլ լեզուներով հեռարձակվող տեսալսողական տեղեկատվությունը պետք է ուղեկցվի հայերեն լեզվով ընկալման միջոցներով (կրկնօրինակում, հնչյունավորում եւ (կամ) ենթագիր): Հայերեն ընկալման միջոցներով ուղեկցումը պետք է կիրառվի բնօրինակ լեզվով տեսալսողական տեեկատվության նկատմամբ:
Սույն դրույթը չի տարածվում.
1) միայն ձայնի միջոցով տարածվող տեսալսողական տեղեկատվության վրա.
2) Կարգավորող մարմնի սահմանած կարգով Հանրային հեռարձակողների կողմից սփռվող Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների մշակույթը ներկայացնող տեսալսողական հաղորդումների վրա.
3) օտար լեզվի ուսուցման նպատակով արտադրված տեսալսողական հաղորդումների վրա.
4) տեսալսողական հաղորդում կամ դրա մաս հանդիսացող երաժշտական ստեղծագործությունների վրա.
5) միայն արտերկրում սփռվող տեսալսողական հաղորդումների վրա:
3. Հեռարձակողների անվանումները էկրանային ցուցադրման ժամանակ օտար լեզուներով օգտագործելու դեպքում հայերեն անընդհատ տառադարձությունը պարտադիր է:
4. Հեռարձակողները, որոնք հեռարձակում են նաեւ մանկական եւ (կամ) լրատվական տեսալսողական հաղորդումներ, պարտավոր են իրենց ծրագրերում ապահովել լսողական խնդիրներ ունեցող սպառողների համար տեղեկատվության ընկալման մատչելիությունը` օրվա ընթացքում` կարգավորող պետական մարմնի կողմից սահմանված ժամերին, համապատասխանաբար առնվազն մեկական մանկական եւ լրատվական տեսալսողական հաղորդում հեռարձակելով ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն ենթագրով:
5. Սույն հոդվածի դրույթները տարածվում են միայն այն հեռարձակողներին, որոնց հիմնական գրանցման վայրը եւ տեսալսողական տեղեկատվության սփռումը Հայաստանի Հանրապետության տարածքում է:
Հոդդված 7. Տեսալսողական հաղորդումներում հավաստի տեղեկատվության ապահովումը
1. Հեռարձակողներն ապահովում են.
1) Որեւէ անձի անվանական ուղղված խոսքի պատասխանի իրավունքը.
2) ներկայացված տեղեկություններում սխալների առկայության դեպքում, սեղմ ժամկետում միեւնույն հաղորդման, իսկ հնարավորության բացակայության դեպքում` այլ հաղորդման ժամանակ այդ մասին իրազեկումը.
3) իրազեկումը` ներկայացված փաստերի անանուն կամ հավաստիությունը բավականաչափ չստուգված աղբյուրների վերաբերյալ.
2. Տեսալսողական հաղորդումների ընթացքում Հեռարձակողը պետք է պահպանի հետեւյալ պահանջները.
1) ուղիղ եթերը պետք է միշտ ուղեկցվի «Ուղիղ եթեր» գրառմամբ.
2) տեսալսողական հաղորդումների կրկնությունը ողջ ընթացքում պետք է ուղեկցվի «Կրկնություն» գրառմամբ, բացառությամբ կինեմատոգրաֆիական եւ երաժշտական ստեղծագործությունների.
3) արխիվային տեսագրությունները կամ ձայնագրությունները պետք է թվագրվեն կամ ուղեկցվեն «Արխիվ» գրառմամբ:
Հոդված 8. Կարեւոր իրադարձությունների մասին տեղեկություն ստանալու իրավունքը
1. Յուրաքանչյուր ոք ունի Հեռարձակողների միջոցով կարեւոր իրադարձությունների մասին տեղեկություն ստանալու իրավունք` առանց նախապես անհատական թույլտվության:
2. Հեղինակազորված Հեռարձակողները, որոնց ծրագրերում առկա են լրատվական բնույթի տեսալսողական հաղորդումներ, պարտավոր են լուսաբանել կարեւոր իրադարձությունները:
3.Կարեւոր իրադարձությունների շրջանակը հաստատում է կարգավորող պետական մարմինը:
4. Եթե կարեւոր իրադարձությունը տեւում է մի քանի օր, ստեղծվում է առնվազն մեկ տեսանյութ իրադարձության ամեն օրվա մասին:
5. Մեկ տեսանյութի տեւողությունը չի կարող կարճ լինել 60 վայրկյանից:
Հոդված 9. Տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելքը
1. Արգելվում է տեսալսողական հաղորդումներում գործող օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր տարածելը: Ուղիղ եթերի ժամանակ նման կոչեր հնչելու դեպքում Հեռարձակողը պատասխանատվության չի ենթարկվում, եթե կոչի հեղինակը ուղիղ եթերում զուշացվել է իրավախախտման մասին, իսկ կրկնակի կոչի դեպքում` ուղիղ եթերը դադարեցվել է:
2. Կարգավորող պետական մարմինը օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների ընթացքում վարչական իրավախախտման կամ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով արգելված արարքի հատկանիշներ հայտնաբերելու դեպքում դիմում է իրավասու մարմիններին:
3. Էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները եւ սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները կարող են եթեր հեռարձակվել ժամը 24.00-6.00-ն: Նման հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանում է կարգավորող պետական մարմինը:
4. Պետության կողմից հայտարարված սգո եւ հիշատակի օրերին գովազդի եւ զվարճալի հաղորդումների բաց հեռարձակումը տեսալսողական ծառայությունների կողմից արգելվում է:
5. Հեռարձակողները կամ օպերատորները սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասով նշված հաղորդումները` առանց ժամային սահմանափակումների կարող են տարածել սպառողների կողմից այդ հաղորդումների հասանելիության արհեստական արգելքի (կոդ) ներդրման տեխնիկական հնարավորության առկայության դեպքում:
6.Արգելվում են տեսալսողական հաղորդումները, որոնց մասնակիցները Հեռարձակողին նախապես հայտնի` կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանության, երկարատեւ ժամանակահատվածի ընթացքում ձեւավորված հակակրանքի արդյունքում հաղորդման բնույթով պայմանավորված կարող են կատարել օրենքներով արգելված գործողություններ:
7. Արգելվում են տեսալսողական հաղորդումները, որոնք հետապնդում են կանանց եւ տղամարդկանց սեռի հատկանիշով խտրականություն քարոզելու նպատակ կամ պարունակում են նման նպատակ հետապնդող տեղեկատվություն:
8. Արգելվում են Հեռարձակողի, իսկ ոչ գծային տեղեկատվության դեպքում` օպերատորի, կողմից տեսալսողական ծրագիրը կամ դրա մասը, առանց դրանց իրավատերերի (հեղինակային կամ հարակից իրավունքի սուբյեկտ չհանդիսացող) համաձայնության տարածելը:
ԳԼՈՒԽ 3
ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 10. Տեսալսողական հաղորդումները եւ դրանց իրականացման կարգը
1. Հանրային մուլտիպլեքսում Հեռարձակողները տեսալսողական ծրագրերի հեռարձակումն իրականացնում են կարգավորող պետական մարմնի, իսկ մասնավոր մուլտիպլեքսում` մասնավոր մուլտիպլեքս օպերատորի կողմից տրամադրված սլոթի միջոցով:
2. Այլ զանգվածային լրատվության միջոցների կողմից Հեռարձակողների տեսալսողական ծրագրերի տարածման դեպքում հղումն այդ լրատվամիջոցներին պարտադիր է:
3. Մասնավոր Հեռարձակողը Հանրային հեռարձակողի սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի «զ» ենթակետով նախատեսված հաղորդումները հեռարձակում է առանց փոփոխությունների` այդ թվում նույն ելքային տվյալներով եւ առանց գովազդի:
4. Ոչ սեփական տեսալսողական հաղորդումները կարող են հեռարձակվել միայն դրանց հեռարձակման իրավունքը հավաստող փաստաթղթերի առկայության դեպքում:
5. Տեսալսողական հաղորդման եւ հեղինակի մասին տեղեկատվության (ենթագիր, ձայնային ներկայացում) ամբողջական հեռարձակումը պարտադիր է, բացառությամբ Լսողական ծրագիր հեռարձակողի երաժշտական ստեղծագործությունների:
6. Լիցենզիա ստացած Հեռարձակողի ծրագրում մանկական, կրթական, մշակութային եւ սպորտային թեմատիկ ուղղվածության տեսալսողական հաղորդումները պետք է կազմեն շաբաթական եթերաժամի առնվազն 30 տոկոսը:
Սույն մասի պահանջը չի տարածվում լսողական ծրագրեր հեռարձակողների վրա:
7. Հայերեն տեսալսողական հաղորդումները մեկ Հեռարձակողի հեռարձակմամբ չի կարող ամսական ընդհանուր ժամաքանակի 55 տոկոսից պակաս լինել:
8. Ծխելու տեսարաններ պարունակող տեսալսողական հաղորդումը` դրա մեկնարկին, տեսանելի չափով, 5 վայրկյան տեւողությամբ պետք է ուղեկցվի «ծխելը վնասում է ձեր առողջությանը» գրառմամբ:
Հոդված 11. Տեսալսողական հաղորդումներն ընտրությունների (հանրաքվեների) նախընտրական (հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ) քարոզչության ժամանակահատվածում
1. Ընտրությունների (հանրաքվեների) նախընտրական (հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ) քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում`
1) տեսալսողական հաղորդումները հեռարձակվում են ընտրությունների (հանրաքվեների) մասին օրենսդրությանը համապատասխան.
2) Հեռարձակողները պարտավոր են հավասար պայմաններ ապահովել թեկնածուների եւ մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար` հրապարակավ հայտնելով վճարովի տեսալսողական հաղորդումների իրենց եթերաժամի գինը եւ հեռարձակման պայմանագրի էական այլ պայմաններ.
3) Հեռարձակողի լրատվական հաղորդումներում թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների (հանրաքվեի քարոզչության կողմերի) նախընտրական (հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ) քարոզչության վերաբերյալ պետք է ներկայացվի անկողմնակալ եւ գնահատականներից զերծ տեղեկատվություն` ապահովելով հավասար պայմանների տրամադրումը Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգի պահպանմամբ.
4) թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին տրամադրվող նախընտրական քարոզչական տեսալսողական հաղորդումները (Հանրային հեռարձակողի դեպքում` նաեւ օրենքով սահմանված անվճար եթերաժամը) պետք է ուղեկցվեն էկրանի վրա պարտադիր անընդմեջ լուսագրով` «Նախընտրական (հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ) քարոզչություն», իսկ լսողական հաղորդումների դեպքում յուրաքանչյուր հաղորդման ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ պետք է հիշեցվի դրա մասին:
2. Ընտրությունների (հանրաքվեների) քվեարկության օրը եւ դրան նախորդող օրն արգելվում է հեռարձակել քարոզչական նյութ` տեղեկատվական, խմբագրական, փաստավավերագրական, հեղինակային կամ այլ հաղորդումների տեսքով կամ ցանկացած այլ ձեւով նախընտրական (հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ) քարոզչություն իրականացնելը:
Հոդված 12. Տեսալսողական հաղորդումները ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ
1. Հեռարձակողները պարտավոր են ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ վարչապետին կամ արտակարգ դրության ընթացքում ի պաշտոնե արտակարգ դրության տարածքի պարետ հանդիսացող փոխվարչապետին հատկացնել եթերաժամանակ` պաշտոնական հաղորդագրություն կատարելու համար:
2. Հեռարձակողների կողմից եթերաժամանակի հատկացման կարգը եւ պայմանները սահմանում է կարգավորող պետական մարմինը:
3. Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Հեռարձակողների տեղեկատվության սահմանափակումները կիրառվում են «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» եւ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքներով սահմանված շրջանակնեորում:
Հոդված 13. Լիցենզիա ստացած Հեռարձակողի տեսալսողական հաղորդումների պահպանման կարգը
1. Հեռարձակողները պարտավոր են վարել կարգավորող պետական մարմնի կողմից սահմանված ձեւի տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյան եւ պահպանել իրենց հեռարձակած տեսալսողական հաղորդումների տեսագրություններն ու ձայնագրությունները` հեռարձակման օրվանից սկսած 45 օր ժամկետով, բացառությամբ սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի «զ» ենթակետով նախատեսված դեպքերի:
2. Տեսալսողական հաղորդումները պետք է գրանցվեն կարգավորող պետական մարմնի համար հասանելիություն ունեցող տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանում, որի վարման կարգը սահմանում է կարգավորող պետական մարմինը:
3. Տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանի տվյալների հիման վրա կարգավորող պետական մարմինը վերահսկում է Հեռարձակողների գործունեության համապատասխանությունը օրենսդրության պահանջներին: Կարգավորող պետական մարմինը ընտրանքային սկզբունքով իրականացնում է Հեռարձակողների կողմից հեռարձակվող տեսալսողական տեղեկատվության ուղղակի դիտարկումներ յուրաքանչյուր Հեռարձակողի համար ամսվա ընթացքում առնվազն հինգ օր: Դիտարկման արդյունքները կարող են համադրվել հաշվառման էլեկտրոնային մատյանների տվյալների հետ:
4. 45 օրը լրանալուց հետո տեսալսողական հաղորդումների տեսագրությունները եւ ձայնագրությունները կարող են ջնջվել, եթե այդ ընթացքում հաղորդումներում տեղ գտած տեղեկությունների հերքման կամ այլ վիճելի հարցերի վերաբերյալ Հեռարձողը պատշաճ չի ծանուցվել: Նշված ձայնագրություններն ու տեսագրությունները կարող են չպահպանվել վիճելի հարցերի լուծումից հետո:
Հոդված 14. Հովանավորությունը Հեռարձակողների տեսալսողական հաղորդումներում
1. Հովանավորությունը Հեռարձակող չհանդիսացող կամ տեսալսողական ծրագրերի ստեղծման գործում չներգրավված ֆիզիկական կամ իրավաբանական անձի մասնակցությունն է տեսալսողական հաղորդման ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորմանը` այդ անձի անունը, ապրանքանիշը, համբավը կամ գործունեությունը գովազդելու նպատակով:
2. Տեսալսողական հաղորդումների հովանավորության նկատմամբ կիրառվում են «Գովազդի մասին» օրենքի զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներում գովազդը կարգավորող դրույթները:
3. Հովանավորված տեսալսողական հաղորդման բովանդակությունը եւ ուղղվածությունը չպետք է կրեն հովանավորի միջամտությունը եւ այլ բնույթի ազդեցություն:
4. Արգելվում է հովանավորությունը`
1) քաղաքական կուսակցությունների, քաղաքական կուսակցությունների ղեկավար մարմինների անդամների մասնակցությամբ հիմնադրված կամ կառավարվող հիմնադրամների, հասարակական կազմակերպությունների, նախընտրական հիմնադրամների եւ կրոնական կազմակերպությունների կողմից կամ դրանց միջոցներից.
2) լրատվական թողարկումների, պաշտոնական հաղորդագրությունների եւ քաղաքական հաղորդումների.
3) դեղատոմսով տրամադրվող դեղերի անունների հիշատակումով, արտադրությամբ եւ վաճառքով, ինչպես նաեւ օրենսդրությամբ արգելված գործունեությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից:
5. Ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի արտադրությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից հովանավորության դեպքում կիրառվում են «Գովազդի մասին» օրենքով նախատեսված սահմանափակումները:
6. Հովանավորվող տեսալսողական հաղորդման մեջ պետք է հստակ նշվի հովանավորին համապատասխանող անվանումը կամ ցանկացած այլ խորհրդանիշ, ինչպես նաեւ նշվի իր ապրանքը կամ ծառայությունը տարբերանշանով, որոնք կարող են ներկայացվել հաղորդման ընթացքում, սակայն ոչ ավել, քան մեկ ժամվա ընթացքում երեք անգամ` յուրաքանչյուրը 15 վայրկյան տեւողությամբ:
7. Հեռարձակողների կողմից գովազդի հեռարձակումն իրականացվում է սույն օրենքի եւ «Գովազդի մասին» օրենքի պահանջներին համապատասխան
ԳԼՈՒԽ 4
ՀԵՌԱՐՁԱԿՈՂՆԵՐԸ ԵՎ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԸ
Հոդված 15. Հեռարձակողների եւ օպերատորների տեսակները
1. Հայաստանի Հանրապետությունում կարող են գործել սույն օրենքով թույլատրված տեխնիկական հնարավորություններով հանրային եւ մասնավոր Հեռարձակողներ եւ օպերատորներ:
2. Հանրային հեռարձակողները հիմնադրվում են Կառավարության որոշմամբ` առանց հեղինակազորման եւ լիցենզավորման: Երեքից ավել թվով Հանրային հեռարձակող հիմնադրելու դեպքում, նոր հիմնադրված Հանրային հեռարձակողը հանրային մուլտիպլեքսում սլթի օգտագործման համար մասնակցում է մրցույթին սույն օրենքի 47-րդ հոդվածով սահմանված կարգով:
3. Հանրային հեռարձակողները կարող են հիմնադրվել միայն տեսալսողական տեղեկատվություն տարածելու նպատակով ստեղծված բաժնետիրական ընկերության ձեւով:
4. «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի իմաստով լիազոր մարմինը Հեռարձակողի համար հանրային Հեռարձակողի խորհուրդն է (այսուհետ` Խորհուրդ):
5. Կառավարության որոշմամբ Խորհրդի կառավարմանը կարող են հանձնվել այլ բաժնետիրական ընկերություններ:
6.Մասնավոր են այն Հեռարձակողները, որոնց հիմնադիրները (մասնակիցները) ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են կամ միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող միջազգային կազմակերպություն:
7.Հայաստանի Հանրապետությունում գործող մասնավոր Հեռարձակողներն եւ օպերատորները օգտվում են հավասար իրավունքներից եւ օրենքի առջեւ պատասխանատու են հավասարապես:
Հոդված 16. Հեռարձակողների հիմնադրումը
1. Հեռարձակողների հիմնադրման (ստեղծման) ժամանակ կամ դրանից հետո օտարերկրյա կապիտալի մասնակցության բաժինը չպետք է տվյալ կազմակերպության որոշումների ընդունման համար անհրաժեշտ բաժնեմասերի հիսուն տոկոսին հավասար կամ հիսուն տոկոսից ավելի լինի: Ավելի մեծ բաժնեմաս կարող է սահմանվել միջպետական պայմանագրերով:
2. Մասնավոր Հեռարձակողների հիմնադիրներ (մասնակիցներ) չեն կարող լինել`
1) Հանրապետության Հանրապետության նախագահը եւ նրան փոխկապակցված անձինք.
2) պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինները.
3) Կառավարության անդամները եւ նրանց փոխկապակցված անձինք.
4) Ազգային ժողովի պատգամավորները եւ նրանց փոխկապակցված անձինք.
5) դատավորները եւ նրանց փոխկապակցված անձինք.
6) համայնքների ղեկավարները եւ նրանց փոխկապակցված անձինք.
7) կարգավորող պետական մարմնի անդամները, աշխատակիցները եւ փոխկապակցված անձինք.
8) կուսակցությունները` այդ թվում կուսակցության ղեկավար մարմնի անդամները եւ նրանց փոխկապակցված անձինք.
9) կուսակցությունների հիմնադրամները
10) կրոնական կազմակերպությունները.
11) դատարանի վճռով անգործունակ ճանաչված, օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված եւ պատիժը կրող անձինք, ինչպես նաեւ օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված անձինք, որոնց դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
12) 18 տարին չլրացած քաղաքացիները:
Հոդված 17. Մասնավոր մուլտիպլեքս օպերատորի հիմնադրումը
1. Մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով կարգավորող պետական մարմնի տված լիցենզիայի հիման վրա Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված իրավաբանական կամ ֆիզիկական անձի կողմից, որի հիմնադրման (ստեղծման) ժամանակ կամ դրանից հետո իրավաբանական անձի օտարերկրյա կապիտալի մասնակցության բաժինը չպետք է հավասար կամ ավելի լինի մուլտիպլեքս օպերատորի որոշումների ընդունման համար անհրաժեշտ բաժնեմասերի 50 տոկոսից: Ավելի մեծ բաժնեմաս կարող է սահմանվել միջպետական պայմանագրերով:
2. Մասնավոր մուլտիպլեքսի սփռման տարածքը չպետք է լինի ավելի փոքր, քան մեկ մարզի կամ Երեւան քաղաքի տարածքը:
3. Մասնավոր մուլտիպլեքսի ցանցի բաղադրիչները (ներառյալ` ռադիոկայանները, մալուխները, սարքավորումները) պետք է պատկանեն մասնավոր մուլտիպլեքս օպերատորին սեփականության, վարձակալության կամ այլ օգտագործման իրավունքով:
Հոդված 18. Հեռարձակողների եւ օպերատորների ինքնուրույնության երաշխիքը
1. Արգելվում է պետական իշխանության մարմինների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների եւ այլ իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից Հեռարձակողների եւ օպերատորների գործունեությանը միջամտելը:
2. Պետական իշխանության մարմինները կարող են Հեռարձակողների եւ օպերատորների գործունեությանը միջամտել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում:
3. Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ Հանրային հեռարձակողի առկայությունը եւ գործունեությունը:
Հոդված 19. Հակամենաշնորհային երաշխիքը
1. Հեռարձակողը կարող է օգտագործել մուլտիպլեքսում ներառված միայն մեկ սլոթ:
2. Իրավաբանական անձինք եւ ֆիզիկական անձինք միաժամանակ կարող են դառնալ ոչ ավելի, քան լիցենզիա ստացած երկու (մեկ հանրապետական եւ մեկ մայրաքաղաքային սփռման) Հեռարձակողի հիմնադիր եւ (կամ) մասնակից:
3. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում Լսողական ծրագիր Հեռարձակողի վրա:
Հոդված 20. Հեռարձակողների եկամուտների աղբյուրները
1. Հեռարձակողների եկամուտները գոյանում են գովազդից, վճարովի եթերաժամից, հովանավորությունից, սեփական արտադրության տեսաշարային, ձայնաշարային եւ տեսաձայնաշարային նյութերի վաճառքից, բաժանորդային մուծումներից, հիմնադիրների ներդրումներից եւ օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացված ֆինանսական միջոցներից: Հանրային Հեռարձակողի եկամուտները կանոնակարգվում են նաեւ սույն օրենքի 30-րդ հոդվածով:
2. Հեռարձակողները պարտավոր են ապահովել իրենց ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությունը, մինչեւ հաշվետու տարվան հաջորդող մայիսի 1-ը հրապարակել իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները եւ տեղեկատվություն
տարեկան եկամուտների մասին` ըստ սույն հոդվածի 1-ին մասում նշված եկամուտների աղբյուրների, ինչպես նաեւ տեղեկություններ` հիմնադիրների եւ մասնակիցների մասին:
3. Մասնավոր մուլտիպլեքս օպերատորները կարող են սպառողներից գանձել բաժանորդային վճարներ:
4. Հեռարձակողները եւ օպերատորները պարտավոր են յուրաքանչյուր տարի մինչեւ հունվարի 20-ը կարգավորող պետական մարմին ներկայացնել նախորդող տարվա հասույթի (այսուհետ` Հասույթ) գոյացման բացվածքը եւ չափի վերաբերյալ տեղեկություն:
Հոդված 21. Ելքային տվյալները
1. Հեռարձակողները պարտավոր են ամեն օր եթերում ներկայացնել իրենց անվանումները, խորհրդանիշերը, իսկ Լսողական ծրագրեր հեռարձակողը` ազդականչերը:
2. Հեռարձակողները պարտավոր են`
1) տեսալսողական հաղորդումների հեռարձակման ժամանակ անընդմեջ հեռարձակել տվյալ ընկերության խորհրդանիշը, բացառությամբ գովազդային հաղորդումների.
2) յուրաքանչյուր հեռարձակվող հաղորդման ավարտին նշել (հայտարարել) տվյալ տեսալսողական հաղորդման արտադրողի մասին տեղեկություններ.
3) հանդես գալ հեղինակազորման հայտում նշված Հեռարձակողի անվանմամբ:
3.Արգելվում է քաղաքական նախաձեռնության, կուսակցության կամ կուսակցության հիմնադրամի անվանումն օգտագործել որպես Հեռարձակողի անվանում:
Հոդված 22. Արբանյակային տեսալսողական հեռարձակումը
Հեռարձակողները արբանյակային հեռարձակում կարող են իրականացնել համապատասխան արբանյակային գործակալության հետ պայմանագիր կնքելուց եւ կարգավորող պետական մարմնին ծանուցում ներկայացնելուց հետո:
ԳԼՈՒԽ 5
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՂՆԵՐԸ
Հոդված 23. Հանրային հեռարձակողի կարգավիճակը եւ գործունեության սկզբունքներ ը
1. Հանրային հեռարձակողները ղեկավարվում են օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության, բազմազանության, բազմակարծության սկզբունքներով եւ ապահովում են կարծիքն ազատ արտահայտելու իրավունքի, խղճի, մտքի եւ կրոնի, ինչպես նաեւ ստեղծագործության ազատությունը:
2. Հանրային հեռարձակողները պարտավոր են`
1) ապահովել հեռարձակվող տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանությունը.
2) օրվա եթերաժամի առնվազն երկու երրորդը հատկացնել հայերեն տեսալսողական հաղորդումներին.
3) մշակել եւ իրականացնել ծրագրային քաղաքականություն`
ա. հասարակական առավել հնչեղություն ունեցող տեղեկատվության հեռարձակման համար օգտագործել ամենադիտելի (prime time) եթերային ժամանակը` ներկայացնելով խնդրի կամ հարցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը (տեղեկատվությունը), կարծիքների բազմազանությունը.
բ. սպառողներին մատուցել հաղորդումներ, որոնցում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության տարբեր տարածաշրջանների, ազգային փոքրամասնությունների, հասարակության տարբեր շերտերի ու սոցիալական խմբերի շահերը.
գ. սպառողներին մատուցել հաղորդումներ, որոնք ուղղված են կանանց եւ տղամարդկանց փաստացի հավասարության խթանմանը եւ սեռի հատկանիշով խտրականություն պարունակող կարծրատիպերի հաղթահարմանը.
դ. սպառողներին մատուցել հաղորդումներ, որոնք ուղղված են բնակչության իրավագիտակցության, մեդիագրագիտության եւ սոցիալական պատասխանատվության բարձրացմանը, աշխարհաքաղաքական իրադարձությունների մասին բնակչությանը համալիր տեղեկատվության տրամադրմանը, Հայաստանի Հանրապետությունում աղետների կառավարմանը եւ նվազեցմանը.
ե. եթերային ժամանակ տրամադրել Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների կյանքի, մշակույթի, այդ թվում` իրենց լեզուների մասին հաղորդումների հեռարձակման համար.
զ. եթե հանդիսանում է իրավատեր, առաջին ամրագրումից հետո, պահպանելով կրթական, մշակութային եւ մանկական տեսալսողական հաղորդումները` այդ թվում ֆիլմերը եւ նրանց կրկնօրինակումները, ոչ ուշ, քան 3 տարի անց, ապահովել դրանց վճարովի շրջանառությունը մարզային սփռում իրականացնող Հեռարձակողների համար:
3. Հանրային հեռարձակողների տեսալսողական հաղորդումներում թույլատրվում է ցուցադրել մեկ եթերային ժամվա ընթացքում մինչեւ 5 րոպե տեւողությամբ գովազդ, ինչպես նաեւ մշակութային, ուսումնական, գիտակրթական եւ սպորտային տեսալսողական հաղորդումների ցուցադրման ժամանակ հովանավորների մասին սույն օրենքին համապատասխան նշել տեղեկություններ (հովանավորություն):
4. Մշակութային, ուսումնական, գիտակրթական եւ սպորտային տեսալսողական հաղորդումների ցուցադրման ժամանակ հովանավորների մասին սույն օրենքին համապատասխան տեղեկություններ նշելու դեպքերի (հովանավորություն) վրա չի տարածվում Հանրային հեռարձակողի գովազդի հեռարձակման համար սույն օրենքով սահմանված ժամանակային սահմանափակումը: Մշակութային, ուսումնական, գիտակրթական եւ սպորտային հաղորդումների ցուցադրման ժամանակ հովանավորի մասին տեղեկությունների հիշատակումը չպետք է գերազանցի տվյալ հաղորդման ընդհանուր տեւողության 2,5 տոկոսը:
5. Հանրային հեռարձակողին թույլատրվում է ցուցադրել սոցիալական գովազդ` «Գովազդի մասին» օրենքով սահմանված կարգով: Ժամը 00:00-ից մինչեւ 18.00-ն ընկած ժամանակահատվածում սոցիալական գովազդը հեռարձակվում է անհատույց հիմունքներով: Ժամը 18:00-ից մինչեւ 00:00-ն ընկած ժամանակահատվածում սոցիալական գովազդը հեռարձակվում է վճարովի հիմունքներով` «Գովազդի մասին» օրենքով սահմանված կարգով:
6. Հանրային հեռարձակողների կանոնադրությունները հաստատում է Խորհուրդը:
7. Հանրային հեռարձակողները գործում են սույն օրենքին, իրենց կանոնադրությանը եւ այլ իրավական ակտերին համապատասխան:
8. Հանրային հեռարձակողների հեռարձակման ենթակա պաշտոնական հաղորդագրության (տեղեկատվության) արտադրությունն իրականացնում է այդ հաղորդագրությունը (տեղեկատվությունը) ներկայացնող մարմնի աշխատակազմը (ստորաբաժանումը) կամ այդ մարմնի համաձայնությամբ` Հանրային հեռարձակողները կամ այլ Հեռարձակողներ:
Հոդված 24. Հանրային հեռարձակողի խորհուրդը
1. Հանրային հեռարձակողի կառավարումն ապահովող մարմինը Խորհուրդն է:
2. Խորհուրդը բաղկացած է յոթ անդամից` Խորհրդի նախագահ եւ Խորհրդի 6 անդամ: Խորհրդում պետք է ապահովվի սեռային ներկայացվածությունը:
3. Խորհրդի անդամները նշանակվում են մրցութային կարգով վարչապետի կողմից` վեց տարի ժամկետով:Նույն անձը չի կարող անընդմեջ երկու անգամից ավել ընդգրկվել Խորհրդի կազմում:
4. Խորհրդի անդամները կարող են լինել ինչպես տեսալսողական բնագավառի, այնպես էլ գիտության կրթության, մշակույթի եւ լրագրության ոլորտի գործիչներ, ունենան բարձրագույն կրթության եւ տիրապետեն հայոց լեզվին:
5. Խորհրդի անդամ չեն կարող լինել`
1) օտարերկրյա քաղաքացին եւ քաղաքացիություն չունեցող անձը.
2) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձը.
3) անձը, որը դատապարտվել է հանցագործության համար, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
4) կուսակցությությունների ղեկավար մարմինների անդամները.
5) այլ Հեռարձակողների հետ աշխատանքային պայմանագիր ունեցող անձինք.
6) մասնավոր Հեռարձակողների ղեկավարները, հիմնադիրները եւ նրանց հետ փոխկապակցված անձինք.
7) Հայաստանի Հանրապետության նախագահը եւ նրա հետ փոխկապակցված անձինք
8) Կառավարության անդամները եւ նրանց հետ փոխկապակցված անձինք
9) Ազգային ժողովի նախագահը եւ նրա հետ փոխկապակցված անձինք:
6. Խորհրդի անդամ նշանակվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, Խորհրդի անդամը պարտավոր է`
1) դադարեցնել ձեռնարկատիրական կամ քաղաքական գործունեությամբ զբաղվելը.
2) ազատվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, կուսակցության ղեկավար մարմնում, ինչպես նաեւ առեւտրային կազմակերպություններում զբաղեցրած պաշտոններից.
3) ազատվել վճարովի հիմունքներով աշխատանքից, բացառությամբ գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքի:
Հոդված 25. Խորհրդի գործունեության կարգը
1. Խորհուրդը գործում է սույն օրենքի, այլ օրենքների եւ իր հաստատած կանոնակարգի համաձայն:
2. Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է ամենօրյա գործունեության եւ հրավիրվող հերթական ու արտահերթ նիստերի միջոցով: Խորհրդի հերթական նիստերը գումարում է Խորհրդի նախագահը` ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:
3. Խորհրդի նախագահի բացակայության, ինչպես նաեւ նրա կողմից իր պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նիստը վարում է նրան փոխարինող Խորհրդի անդամը, իսկ նրա բացակայության դեպքում` Խորհրդի տարիքով ավագ անդամը:
4. Խորհրդի արտահերթ նիստը հրավիրում է Խորհրդի նախագահը`
1) իր նախաձեռնությամբ.
2) Խորհրդի առնվազն երեք անդամի պահանջով:
5. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է Խորհրդի անդամների կեսից ավելին:
6. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
7. Խորհրդի նիստերն արձանագրվում են:
8. Խորհուրդն ապահովում է իր գործունեության հրապարակայնությունը: Խորհուրդն իր գործունեության, ընդունած որոշումների եւ ծրագրերի մասին պարբերաբար տեղեկատվություն է տրամադրում զանգվածային լրատվության միջոցներին եւ հրապարակում իր պաշտոնական կայքում:
9. Խորհրդի նախագահի աշխատավարձի հաշվարկման գործակիցը 10 է, իսկ Խորհրդի անդամներինը` 7.5: Խորհրդի նախագահի եւ Խորհրդի անդամների աշխատավարձը որոշվում է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված բազային աշխատավարձը սույն մասում նշված գործակիցներով բազմապատկելու միջոցով:
Հոդված 26. Խորհրդի անդամների նշանակման կարգը եւ լիազորությունների դադարումը
1. Խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով կարգավորող պետական մարմինը ձեւավորում է ժամանակավոր մրցութային հանձնաժողով (այսուհետ` Մրցութային հանձնաժողով), որը բաղկացած է 5 անդամից, ներառյալ` նախագահը:
2. Մրցութային հանձնաժողովի նախագահը եւ անդամները պաշտոնավարում են մինչեւ Խորհրդի անդամի թափուր տեղի համալրումը:
3. Մրցութային հանձնաժողովի անդամ կարող են լինել լրագրության, Հեռարձակողի կառավարման բնագավառի, գիտության, մշակույթի եւ արվեստի գործիչներ, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
4. Մրցութային հանձնաժողովի ձեւավորման կարգը սահմանում է Կառավարությունը:
5. Մրցութային հանձնաժողովի ընթացիկ գործունեությունը սպասարկում է կարգավորող պետական մարմինը:
6. Մրցութային հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Մրցութային հանձնաժողովի նիստերը հրավիրում եւ վարում է Մրցութային հանձնաժողովի նախագահը, իսկ դրա անհնարինության դեպքում` Մրցութային հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:
7. Մրցութային հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է նրա անդամների կեսից ավելին:
8. Մրցութային հանձնաժողովի անդամները գործում են հասարակական հիմունքներով:
9. Խորհրդի անդամի թափուր տեղի առկայության դեպքում Խորհրդի նախագահը, իսկ Խորհրդի նախագահի թափուր տեղի առկայության դեպքում Խորհրդի տարիքով ավագ անդամը թափուր տեղն առաջանալուց հետո` Մրցութային հանձնաժողով ձեւավորելու համար 3-օրյա ժամկետում այդ մասին գրավոր տեղեկացնում է կարգավորող պետական մարմնին:
10. Մրցութային հանձնաժողովը, ձեւավորվելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաեւ Կառավարության եւ կարգավորող պետական մարմնի պաշտոնական կայքում հայտարարություն է տարածում Խորհրդի անդամի թափուր տեղի համալրման համար մրցույթի անցկացման վերաբերյալ:
11. Հայտարարության մեջ նշվում են`
1) թափուր պաշտոնի անվանումը.
2) թափուր պաշտոնին թեկնածուին ներկայացվող պահանջները.
3) մրցույթին մասնակցելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու վայրը, ժամկետը, մրցույթի անցկացման օրը եւ ժամը:
12. Մրցույթն անցկացվում է նաեւ այն դեպքում, երբ դրան մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից:
13. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել կամ մրցույթի արդյունքով հաղթող չի ճանաչվել, ապա մրցույթը համարվում է չկայացած եւ անցկացվում է կրկնակի մրցույթ:
14. Կրկնակի մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով` սույն հոդվածով սահմանված կարգով:
15. Փաստաթղթերը ներկայացվում են Կառավարության աշխատակազմ մրցույթի անցկացման մասին հայտարարությունը հրապարակելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո ներկայացված փաստաթղթերը Մրցութային հանձնաժողովը չի քննարկում:
16. Մրցույթի արդյունքներով հաղթողին որոշելու նպատակով Մրցութային հանձնաժողովի նիստը հրավիրվում է փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետի ավարտից հետո` 10 օրվա ընթացքում:
17. Մրցութային հանձնաժողովի նիստի մասին Մրցութային հանձնաժողովի անդամներին նիստից առնվազն մեկ օր առաջ ծանուցում է Կառավարության աշխատակազմը:
18. Մրցութային հանձնաժողովը, ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ փաստաթղթերը, որոշում է մրցույթի հաղթողին: Անհրաժեշտության դեպքում մինչեւ մրցույթի հաղթողի վերաբերյալ որոշում կայացնելը Մրցութային հանձնաժողովը կարող է թեկնածուի հետ անցկացնել հարցազրույց:
19. Մրցութային հանձնաժողովի նախագահի հրավերով նիստերին կարող են մասնակցել Հեռարձակողի ոլորտի մասնագետներ:
20. Մրցութային հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նրա անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Մրցութային հանձնաժողովի անդամները քվեարկում են «կողմ» կամ «դեմ»:
21. Մրցույթի արդյունքով Մրցութային հանձնաժողովն ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը.
1) մրցույթը չկայացած համարելու եւ կրկնակի մրցույթ անցկացնելու մասին.
2) մրցույթում հաղթող ճանաչելու մասին:
22. Մրցութային հանձնաժողովը մրցույթում արդյունքով հաղթող է ճանաչում մեկ մասնակցի:
23. Մրցութային հանձնաժողովի կողմից մրցույթում հաղթող ճանաչվելու մասին որոշումն ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում, վարչապետը Խորհրդի անդամ է նշանակում մրցույթում հաղթած մասնակցին:
24. Առաջին կրկնակի մրցույթը չկայացած համարվելու դեպքում մինչեւ Մրցութային հանձնաժողովի կողմից կրկնակի մրցույթների արդյունքում հաղթող ճանաչելը վարչապետը տասնօրյա ժամկետում նշանակում է Խորհրդի անդամի ժամանակավոր պաշտոնակատար, որը պետք է բավարարի Խորհրդի անդամին սույն օրենքով ներկայացվող պահանջներին:
25. Մրցույթի համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը եւ դրանց ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը:
26.Մրցութային հանձնաժողովի նիստերի նախապատրաստումը, արձանագրումը, ինչպես նաեւ ընդունված որոշումների առաքումն ապահովում է Կառավարության աշխատակազմը:
27. Խորհրդի անդամները նախքան պաշտոնավարման ժամկետը լրանալը չեն կարող հետ կանչվել իրենց պաշտոններից, բացառությամբ այն դեպքերի, երբ Խորհրդի անդամը`
1) հրաժարական է տվել.
2) ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում.
3) վերջին մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով չի մասնակցել Խորհրդի` երկու անընդմեջ կամ ընդհանուր առմամբ երեք նիստերին.
4) նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ.
5) կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.
6) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
7) չի կատարել սույն օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պարտականությունները.
8) հրաժարվել է մասնակցել Խորհրդի նախագահի ընտրության քվեարկությունը.
9) մահացել է:
Հոդված 27. Խորհրդի նախագահը
1. Խորհրդի նախագահի ընտրությունը կատարվում է հետեւյալ կարգով.
1) Խորհուրդը իր կազմից, գաղտնի քվեարկությամբ ընտրում է Խորհրդի նախագահ 4 տարի ժամկետով.
2) Խորհրդի նախագահ չի կարող ընտրվել Խորհրդի անդամի թափուր պաշտոն լինելու դեպքում.
3) Խորհրդի նախագահի ընտրության կարգը սահմանվում է կարգավորող պետական մարմնի որոշմամբ.
4) երեք անգամ անընդմեջ Խորհրդի նախագահ չընտրելու դեպքում Խորհուրդն արձակվում է.
5) արձակված խորհուրդը շարունակում է իր գործունեությունը մինչեւ նոր Խորհրդի ամբողջական ձեւավորումը:
2. Խորհրդի նախագահը`
1) կազմակերպում է Խորհրդի եւ նրա աշխատակազմի գործունեությունը.
2) գումարում է Խորհրդի նիստերը եւ նախագահում է դրանք, ստորագրում է Խորհրդի ընդունած որոշումները եւ նիստերի արձանագրությունները, բացառությամբ խորհրդի նախագահին պաշտոնանկ անելու մասին արձանագրությունը եւ որոշումը, որոնք ստորագրում է խորհրդի ավագ անդամը.
3) վերահսկում է Խորհրդի որոշումների կատարումը.
4) ընդունում եւ ազատում է Խորհրդի աշխատակազմի աշխատողներին.
5) համակարգում եւ ապահովում է Խորհրդի բնականոն աշխատանքը:
3. Խորհրդի նախագահի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է Խորհրդի նախագահի կողմից որպես փոխարինող նշանակված Խորհրդի անդամը, իսկ եթե Խորհրդի նախագահը փոխարինող չի նշանակել, ապա Խորհրդի տարիքով ավագ անդամը:
Հոդված 28. Խորհրդի իրավասությունները
1. Խորհուրդը`
1) սահմանում է հանրային Հեռարձակողի տեսալսողական հաղորդումների ընդհանուր ծավալը եւ տեսալսողական ծրագրերի թիվը, որը չի կարող պակաս լինել երեքից` երկու տեսալսողական եւ մեկ լսողական ծրագիր, առնվազն մեկ տեսալսողականը եւ մեկ լսողականը` ընդհանուր, մյուսը` կրթական-մշակութային ուղղվածության:
2) սահմանում է Հանրային հեռարձակողի ֆինանսական միջոցների օգտագործման կարգը եւ ուղղությունները.
3) հաստատում է Հանրային հեռարձակողի աշխատողների հաստիքացուցակը, պաշտոնները, նրանց հետ կնքվող պայմանագրերի ձեւերը, պայմանները եւ վարձատրման կարգը.
4) սահմանում է Հանրային հեռարձակողի այն պաշտոնների ցանկը, որոնք զբաղեցնողներն իրավունք չունեն աշխատելու այլ Հեռարձակողներում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներում.
5) սահմանում է Հանրային հեռարձակողի գործադիր տնօրենների թափուր տեղերի համալրման համար մրցույթի անցկացման կարգը.
6) նշանակում է Հանրային հեռարձակողների` մրցույթում հաղթող ճանաչված գործադիր տնօրեններին` մինչեւ 5 տարի ժամկետով.
7) Հանրային հեռարձակողների գործադիր տնօրենների ներկայացմամբ նշանակում է գործադիր տնօրենների տեղակալներին.
8) յուրաքանչյուր տարի մինչեւ հունվարի 20-ը լսում է Հանրային հեռարձակողների նախորդ տարվա գործունեության մասին գործադիր տնօրենների հաշվետվությունները.
9) Հանրային հեռարձակողների տնօրենների ներկայացմամբ պարբերաբար հաստատում է ծրագրային քաղաքականությունը.
10) հաստատում է իր կանոնադրությունը եւ Հանրային հեռարձակողի կառուցվածքը.
11) հաստատում է Խորհրդի աշխատակազմի կառուցվածքը եւ հաստիքացուցակը.
12) հաստատում է Հանրային հեռարձակողի լրագրողների մասնագիտական վարքագծի կանոնները.
13) ստացված բողոքների հիման վրա կամ իր նախաձեռնությամբ ուսումնասիրում է լրագրողների մասնագիտական վարքագծի կանոնների խախտման դեպքերը եւ ընդունում է խորհրդատվական բնույթի եզրակացություն.
14) առնվազն տարին երկու անգամ կազմակերպում է Հանրային հեռարձակողների գործունեության վերաբերյալ հասարակական կարծիքի ուսումնասիրություններ ու հրապարակում դրանց արդյունքները.
15) իրականացնում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքով իրեն վերապահված այլ իրավասություններ.
16) Հանրային հեռարձակողի կողմից տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման վիճակի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում կարգավորող պետական մարմին.
17 հայտարարում է Հանրային հեռարձակողի ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ անցկացնելու վերաբերյալ մրցույթ.
18) գործադիր տնօրենների եւ նրանց տեղակալների նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ եւ նշանակում կարգապահական տույժեր.
19) անդամների ձայների մեծամասությամբ, փակ գաղտնի քվեարկությամբ, երկշաբաթյա ժամկետում որոշում է կայացնում խորհրդի նախագահին պաշտոնանկ անելու վերաբերյալ Հանրային հեռարձակողների հիմնադրի միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին:
2. Խորհրդի որոշումները պետք է լինեն պատճառաբանված:
3. Խորհրդի որոշումներն իրենց իրավասության շրջանակներում կատարում են Հանրային հեռարձակողների գործադիր տնօրենները:
4. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է աշխատակազմի միջոցով: Խորհրդի աշխատակազմը «Հանրային հեռարձակողի խորհրդի աշխատակազմ» պետական հիմնարկն է:
Հոդված 29. Հանրային հեռարձակողների գործադիր տնօրենների իրավասությունները
1. Հանրային հեռարձակողների գործադիր տնօրենները`
1) ղեկավարում են Հանրային հեռարձակողների ընթացիկ գործունեությունը.
2) Խորհրդի հաստատմանն են ներկայացնում ծրագրերի կառուցվածքը, դրանց առանձին բաժինների համամասնությունները, հաղորդացանցը.
3) ընդունում են հրամաններ.
4) կնքում են պայմանագրեր եւ վերահսկում դրանց կատարումը.
5) մասնակցում են Խորհրդի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով.
6) Հայաստանի Հանրապետությունում, օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում ներկայացնում են Հանրային հեռարձակողին.
7) իրենց իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես են գալիս Հանրային հեռարձակողի անունից եւ ներկայացնում են նրանց շահերը.
8) օրենքով, այլ իրավական ակտերով եւ Հանրային հեռարձակողների կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում են Հանրային հեռարձակողին պատկանող գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
9) տալիս են Հանրային հեռարձակողների անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
10) նշանակում եւ ազատում են Հանրային հեռարձակողների աշխատողներին, բացառությամբ գործադիր տնօրենների տեղակալներին, նրանց նկատմամբ կիրառում են խրախուսման միջոցներ եւ նշանակում կարգապահական տույժեր.
11) Խորհրդի հաստատմանն են ներկայացնում Հանրային հեռարձակողների տարեկան հաշվետվությունները.
12) ապահովում են աշխատողների մասնագիտական կատարելագործումը.
13) իրականացնում են օրենքով, իրավական այլ ակտերով եւ Հանրային հեռարձակողների կանոնադրությամբ նախատեսված այլ իրավասություններ:
2. Հանրային հեռարձակողների գործադիր տնօրենների բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքերում նրանց փոխարինում եւ նրանց լիազորություններն իրականացնում են Հանրային հեռարձակողների գործադիր տնօրենների տեղակալները:
Հոդված 30. Հանրային հեռարձակողների ֆինանսավորումը
1. Խորհուրդը «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով սահմանված կարգով առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում յուրաքանչյուր տարի կազմում եւ պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության լիազորված պետական կառավարման համակարգի մարմին է ներկայացնում Հանրային հեռարձակողների առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը` առանձին նշելով Խորհրդին, Հանրային հեռարձակողներին հատկացվելիք գումարները առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում ներառելու համար:
2. Հանրային հեռարձակողների ֆինանսավորումը չի կարող պակաս լինել նախորդ տարվա բյուջետային ֆինանսավորման չափից: Հանրային հեռարձակողների բյուջետային ֆինանսավորման չափը կարող է համամասնորեն փոփոխվել` կախված պետական բյուջեի համամասնության փոփոխության հետ:
3. Հանրային հեռարձակողների հաջորդ տարվա ծախսերի նախահաշիվը հաստատում է Խորհուրդը` Հանրային հեռարձակողների գործադիր տնօրենների ներկայացմամբ:
Հոդված 31. Հանրային հեռարձակողների տարեկան հաղորդումը
1. Խորհուրդը մինչեւ յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը հրապարակում է Հանրային հեռարձակողների նախորդ տարվա գործունեության վերաբերյալ հաղորդում:
2. Հանրային հեռարձակողի նախորդ տարվա գործունեության վերաբերյալ հաղորդումը հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցներում, ինչպես նաեւ տեղադրվում է Խորհրդի պաշտոնական կայքում:
ԳԼՈՒԽ 6
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ
Հոդված 32. Կարգավորող պետական մարմինը
1. Կարգավորող պետական մարմինը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն է:
2. Կարգավորող պետական մարմինն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանով եւ իր անվանմամբ կնիք, դրոշմակնիք, ձեւաթուղթ եւ անհատականացման այլ միջոցներ:
3. Կարգավորող պետական մարմինն օրենքով իրեն վերապահված իրավասության շրջանակներում կամ հատուկ լիազորությունների առկայության դեպքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունն այլ պետություններում եւ միջազգային կազմակերպություններում: Կարգավորող պետական մարմինը կարող է համագործակցել այլ պետությունների համապատասխան կառույցների եւ միջազգային կազմակերպությունների հետ:
4. Կարգավորող պետական մարմնի նստավայրը Երեւան քաղաքն է: Իր որոշմամբ կարգավորող պետական մարմինը կարող է արտագնա նիստեր գումարել նաեւ այլ համայնքներում:
Հոդված 33. Կարգավորող պետական մարմնի լիազորությունները
1. Կարգավորող պետական մարմինը`
1) հրապարակային եւ մրցութային կարգով հատկացնում է սլոթ.
2) իրականացնում է Հեռարձակողների հեղինակազորումը.
3) իրականացնում է Հեռարձակողների լիցենզավորման մրցույթը.
4) իրականացնում է ցանցային օպերատորի լիցենզավորումը.
5) իրականացնում է մասնավոր մուլտիպլեքս օպերատորի լիցենզավորման մրցույթը.
6) սահմանում է Հեռարձակողների, մուլտիպլեքս օպերատորի լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը, մրցույթի մասնակցության հայտի ձեւը, ցանցային օպերատորի լիցենզավորման կարգը եւ դիմումի ձեւը.
7) հաստատում է լիցենզիայի ձեւերը.
8) կազմում եւ հրապարակում է լիցենզիա ստացած անձանց ցուցակը, հսկողություն է իրականացնում լիցենզիայում նշված պայմանների եւ սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ.
9) տեսալսողական հաղորդումների տեսագրությունների եւ ձայնագրությունների ընտրանքային դիտարկման միջոցով պարզում է դրանց համապատասխանությունը օրենսդրության եւ լիցենզիայի պահանջներին.
10) վերահսկում է տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշների համապատասխանությունը Կառավարության որոշմամբ սահմանված ստանդարտներին.
11) սույն օրենքի խախտման կամ իր որոշումները չկատարելու դեպքում կիրառում է պատասխանատվության միջոցներ.
12) վերահսկում է Հեռարձակողների կողմից նախընտրական քարոզչության Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքով սահմանված կարգի պահպանումը.
13) ուսումնասիրում եւ պատասխանում կամ եզրակացություն է տալիս Հեռարձակողների եւ օպերատորների գործունեության վերաբերյալ բողոքներին, առաջարկություններին եւ հարցումներին.
14) իրականացնում է Հեռարձակողների եւ օպերատորների գործունեության մշտադիտարկում.
15) կարող է ներգրավվել տեսալսողական մեդիայի բնագավառին առնչվող միջազգային պայմանագրերի եւ իրավական ակտերի նախագծերի մշակմանը.
16) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում իրականացնում է ստուգումներ եւ ուսումնասիրություններ.
17) ուսումնասիրություն է իրականացնում Հանրային հեռարձակողներում տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման վերաբերյալ.
18) սահմանում է Խորհրդի կողմից սույն օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով նախատեսված հաշվետվության ներկայացման կարգը եւ ձեւը.
19) սահմանում է ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ վարչապետին կամ վարչապետի լիազորած` Կառավարության այլ անդամին եթերաժամանակ հատկացնելու կարգը եւ պայմանները.
20) սահմանում է Հանրային հեռարձակողներով Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների կյանքի, մշակույթի, այդ թվում` իրենց լեզուների մասին տեսալսողական հաղորդումների հեռարձակման համար տրամադրվող եթերային ժամանակի նվազագույն ժամաքանակները.
21) սահմանում է մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրության ձեւը.
22) օրենքով սահմանված կարգով հաստատում է իր կառուցվածքը.
23) տալիս է եզրակացություն սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.
24) մասնակցում է տեսալսողական մեդիա ոլորտի քաղաքականության մշակմանը.
25) իրականացնում է սույն օրենով նախատեսված այլ լիազորություններ.
26) սահմանում է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման պայմանները եւ հրապարակում է ազատ սլոթերի առկայության վերաբերյալ տեղեկատվություն:
2. Կարգավորող պետական մարմինը սույն օրենքով սահմանված սուբյեկտներից, պետական մարմիններից եւ պաշտոնատար անձանցից պահանջում եւ ստանում է անհրաժեշտ փաստաթղթեր եւ այլ տեղեկատվություն:
3. Տեսալսողական մեդիայի մասին օրենսդրության պահանջների խախտում հայտնաբերելու դեպքում կարգավորող պետական մարմինն իրավասու է Հանրային հեռարձակողներին հանձնարարելու սահմանված ժամկետում վերացնել հայտնաբերված թերությունները:
4. Կարգավորող պետական մարմինը իրավասու է`
1) սույն օրենքի տուգանք նախատեսող հոդվածով արգելված արարք հայտնաբերելու դեպքում միջնորդություն ներկայացնել Խորհրդին Հանրային հեռարձակողի գործադիր տնօրենին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
2) լիցենզիայի գործողության կասեցում կամ դադարեցում նախատեսող հոդվածներով արգելված արարքները կատարելու, ինչպես նաեւ սահմանված ժամկետում թերությունները չվերացնելու դեպքում կարգավորող պետական մարմինը իրավասու է միջնորդություն ներկայացնել Խորհրդին` Հանրային հեռարձակողի գործադիր տնօրենի պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ:
3) Հանրային հեռարձակողի գործադիր տնօրենին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ պաշտոնավարումը դադարեցնելու միջնորդությունը մերժելու մասին Խորհրդի որոշումը բողոքարկել դատական կարգով:
5. Կարգավորող պետական մարմինը օպերատորի միջոցով իր տեսալսողական ծրագրերը Հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում` անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում այդ մասին հայտնում է օպերատորին` հեռարձակումը նույն օրը դադարեցնելու համար:
6. Կարգավորող պետական մարմինն իր լիազորություններն իրականացնելիս կարող է հասարակական կամ պայմանագրային հիմունքներով ներգրավել մասնագետների եւ փորձագետների:
7. Կարգավորող պետական մարմինն ընդունում է սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական, անհատական եւ ներքին ակտեր:
8. Կարգավորող պետական մարմնի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը հրապարակվում են նաեւ կարգավորող պետական մարմնի պաշտոնական կայքում:
Հոդված 34. Կարգավորող պետական մարմնի գործունեության սկզբունքները
Կարգավորող պետական մարմինն իր գործունեությունն իրականացնում է օրինականության, ժողովրդավարության, հավասարության, անաչառության, ինքնուրույնության, կոլեգիալության եւ հրապարակայնության սկզբունքների հիման վրա:
Հոդված 35. Կարգավորող պետական մարմնի անդամների թեկնածուներին եւ անդամներին ներկայացվող պահանջները եւ նրանց վարձատրության կարգը
1. Կարգավորող պետական մարմնի անդամի թեկնածու կարող է լինել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք, որն ունի լրագրության, Հեռարձակողների, տնտեսության, կառավարման, ճարտարագիտության, մշակույթի, արվեստի կամ իրավագիտության առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային փորձառություն, բարձրագույն կրթություն, հանդիսանում է զանգվածային լրատվության բնագավառում հեղինակավոր մասնագետ:
2. Կարգավորող պետական մարմնի անդամ չի կարող լինել`
1) անձը, որը դատապարտվել է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձը.
3. Կարգավորող պետական մարմնի անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ որեւէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն:
4. Կարգավորող պետական մարմնի անդամները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որեւէ պաշտոն` առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից: Կարգավորող պետական մարմնի անդամի պարտականությունները գերակա են նրա կողմից իրականացվող այլ գործունեության նկատմամբ:
5. Կարգավորող պետական մարմնի անդամի լիազորություններն ստանձնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, կարգավորող պետական մարմնի անդամը պարտավոր է`
1) դադարեցնել ձեռնարկատիրական կամ քաղաքական գործունեությամբ զբաղվելը.
2) ազատվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաեւ առեւտրային կազմակերպություններում զբաղեցրած պաշտոններից.
3) ազատվել վճարովի հիմունքներով աշխատանքից, բացառությամբ գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքի:
6. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իր պաշտոնն ստանձնելիս տալիս է հետեւյալ երդումը.
«Ստանձնելով կարգավորող պետական մարմնի անդամի պարտականությունները` երդվում եմ, հավատարիմ լինելով Սահմանադրությանը եւ օրենքներին, պաշտպանել մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները, աջակցել քաղաքացիական հասարակության ձեւավորմանը` կարծիքն ազատ արտահայտելու իրավունքի, տեղեկատվության ազատության եւ բազմակարծության ապահովման միջոցով:
Երդվում եմ, որ պարտականություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ եւ ազնվությամբ, կգործեմ հրապարակայնության, անկողմնակալության եւ արդարության սկզբունքով` անկախ որեւէ քաղաքական կամ տնտեսական շահից:»:
7. Կարգավորող պետական մարմնի անդամների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով:
Հոդված 36. Կարգավորող պետական մարմնի կազմավորման կարգը
1. Կարգավորող պետական մարմինը բաղկացած է յոթ անդամից: Կարգավորող պետական մարմնի անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով` սեռային ներկայացվածությամբ:
2. Կարգավորող պետական մարմնի անդամի լիազորությունների ավարտման օրվանից ոչ շուտ, քան մեկ ամիս առաջ եւ ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ, իսկ այլ հիմքով թափուր տեղ առաջանալու դեպքում թափուր տեղն առաջանալուց հետո` եռօրյա ժամկետում, կարգավորող պետական մարմնի նախագահը, իսկ կարգավորող պետական մարմնի նախագահի թափուր տեղ առաջանալու դեպքում կարգավորող պետական մարմնի նախագահին փոխարինող անդամը այդ մասին գրավոր տեղեկացնում է Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովին:
3. Ազգային ժողովը կարգավորող պետական մարմնի անդամի ընտրությունը կատարում է Սահմանադրությամբ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով:
4. Կարգավորող պետական մարմինն իր կազմից ընտրում է կարգավորող պետական մարմնի նախագահ: Կարգավորող պետական մարմնի անդամը կարող է առաջադրվել որպես կարգավորող պետական մարմնի նախագահ ինքնաառաջադրման կամ կարգավորող պետական մարմնի որեւէ այլ անդամի կողմից իր համաձայնությամբ առաջադրվելու եղանակով:
5. Կարգավորող պետական մարմնի նախագահի ընտրության համար գաղտնի քվեարկում են կարգավորող պետական մարմնի բոլոր անդամները:
6. Քվեարկության համար կազմվում է քվեաթերթիկ, որում ներառվում են բոլոր թեկնածուները:
7. Քվեարկելիս կարգավորող պետական մարմնի անդամն ունի մեկ ձայն: Եթե քվեարկության մասնակիցն ավելի ձայն է տվել, ապա այդ քվեաթերթիկը համարվում է անվավեր:
8. Եթե քվեարկության արդյունքով որեւէ թեկնածու չի ստացել ձայների կեսից ավելին, ապա ինքնաառաջադրվում են առավել ձայներ ստացած երկու թեկնածուները եւ անցկացվում է լրացուցիչ քվեարկություն:
9. Եթե ձայների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել առավել ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա նախապատվությունը տրվում է մասնագիտական աշխատանքի առավել երկար փորձառություն ունեցող թեկնածուին, իսկ փորձառության հավասարության դեպքում` տարիքով ավագին:
10. Լրացուցիչ քվեարկության ժամանակ կարգավորող պետական մարմնի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Լրացուցիչ քվեարկության ժամանակ ձայների թվի կեսից ավելին ստացած թեկնածուն համարվում է ընտրված: Եթե ոչ մեկը չի ստացել քվեարկության մասնակիցների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ, ապա անցկացվում է նոր ընտրություն:
11. Կարգավորող պետական մարմնի նախագահն ընտրվում է կարգավորող պետական մարմնի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Կարգավորող պետական մարմնի անդամն իրավունք չունի հրաժարվելու քվեարկությունից եւ քվեարկում է միայն «կողմ» կամ «դեմ»:
12. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել կարգավորող պետական մարմնի անդամ, ներառյալ` նախագահ:
13. Կարգավորող պետական մարմնի նախագահն ընտրվում է մինչեւ որպես կարգավորող պետական մարմնի անդամ իր պաշտոնավարման ժամկետի ավարտը:
14. Կարգավորող պետական մարմնի նոր նախագահի ընտրությունը կատարվում է Հանձնաժողովի անդամների կազմը համալրվելուց հետո` տասնօրյա ժամկետում:
Հոդված 37. Կարգավորող պետական մարմնի նախագահը
1. Կարգավորող պետական մարմնի նախագահը`
1) ապահովում է կարգավորող պետական մարմնի բնականոն գործունեության կազմակերպումը.
2) ներկայացնում է կարգավորող պետական մարմնն այլ մարմինների հետ հարաբերություններում.
3) ձեւավորում է նիստերի օրակարգը, հրավիրում եւ վարում է կարգավորող պետական մարմնի նիստերը, ընդ որում` կարգավորող պետական մարմնի անդամը մասնակցում է նիստերի օրակարգի ձեւավորմանը օրակարգի վերաբերյալ կարգավորող պետական մարմնի նախագահին առաջարկություններ ներկայացնելու միջոցով.
4) ստորագրում եւ հրապարակում է կարգավորող պետական մարմնի որոշումները, արձակում է հրամաններ.
5) վերահսկում է կարգավորող պետական մարմնի ընդունած որոշումների կատարումը.
6) կարգավորող պետական մարմնի նախորդ տարվա գործունեության մասին հաղորդումը ներկայացնում է Ազգային ժողով.
7) իրականացնում է կարգավորող պետական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ընդհանուր ղեկավարումը.
8) կարգավորող պետական մարմնի հաստատմանն է ներկայացնում կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրության նախագիծը, կառուցվածքը եւ հաստիքացուցակը.
9) օրենքով սահմանված կարգով նշանակում եւ ազատում է կարգավորող պետական մարմնի աշխատակիցներին:
2. Արձակուրդի կամ գործուղման կամ ժամանակավոր անաշխատունակության դեպքում կարգավորող պետական մարմնի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում է նրա նշանակած կարգավորող պետական մարմնի անդամը:
3. Կարգավորող պետական մարմնի նախագահի կողմից արձակուրդի կամ գործուղման մեջ գտնվելու դեպքում իրեն փոխարինող չնշանակելու, ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքերում կարգավորող պետական մարմնի նախագահի պարտականությունները կատարում է կարգավորող պետական մարմնի տարիքով ավագ անդամը:
Հոդված 38. Կարգավորող պետական մարմնի անդամի լիազորությունների դադարումը եւ դադարեցումը
1. Կարգավորող պետական մարմնի անդամը չի կարող նախքան պաշտոնավարության ժամկետը լրանալը հետ կանչվել իր պաշտոնից:
2. կարգավորող պետական մարմնի անդամի լիազորությունները դադարեցվում են`
1) անհամատեղելիության պահանջները խախտելու դեպքում.
2) քաղաքական զսպվածություն չցուցաբերելու դեպքում.
3) ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով ավելի քան 4 ամիս անընդմեջ կամ ավելի քան 6 ամիս օրացուցային տարվա ընթացքում իր պաշտոնական պարտականությունները կատարելու անհնարինության, բացառությամբ մայրության, երեխայի ծննդյան կամ երեխայի որդեգրման դեպքում արձակուրդում լինելու հետ կապված պատճառներով, կամ ընտրվելուց հետո իր պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու դեպքում.
4) տարվա ընթացքում կարգավորող պետական մարմնի նիստերին անհարգելի պատճառով առնվազն երկու անգամ չմասնակցելու դեպքում.
5) մեկ անգամ քվեարկությունից հրաժարվելու կամ ձեռնպահ մնալու դեպքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված` քվեարկությանը մասնակցությունը բացառող դեպքերի.
6) մեկ անգամ կարգավորող պետական մարմնի նիստին իր մասնակցությունը բացառող հանգամանքների մասին չհայտնելու դեպքում:
3. Կարգավորող պետական մարմնի անդամի լիազորությունների դադարման դեպքերն են`
1) լիազորությունների ժամկետն ավարտվելը.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելը կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելը.
3) նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը.
4) նրան անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը.
5) նրա հրաժարականը.
6) նրա մահը:
4. Կարգավորող պետական մարմնի անդամի լիազորությունները սույն օրենքով սահմանված դեպքերում դադարեցնում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:
5. Սույն հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի հիմքով կարգավորող պետական մարմնի անդամի լիազորությունները դադարում են այդ հարցի համար հրավիրված նիստում կարգավորող պետական մարմնի անդամի կողմից իր հրաժարականը պնդելու կամ այդ նիստին չներկայանալու օրվանից:
6. Սույն հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետի հիմքով կարգավորող պետական մարմնի անդամի լիազորությունները դադարում են նրա մահվան օրը:
7. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հիմքով կարգավորող պետական մարմնի անդամի լիազորությունները դադարում են նրա լիազորությունները դադարելու օրը:
8. Սույն հոդվածի 3-րդ մասի 5-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված հիմքերով կարգավորող պետական մարմնի անդամի լիազորությունները դադարելու դեպքում կարգավորող պետական մարմնի նախագահը անհապաղ հայտարարություն է տարածում կարգավորող պետական մարմնի պաշտոնական կայքում:
9. Սույն հոդվածի 3-րդ մասի 2-4-րդ կետերում նշված հիմքերով կարգավորող պետական մարմնի անդամի լիազորությունները դադարում են համապատասխան հիմքի առկայությունն արձանագրող կարգավորող պետական մարմնի որոշման ընդունման օրվանից:
Հոդված 39. Կարգավորող պետական մարմնի ծախսերի ֆինանսավորումը
1. Կարգավորող պետական մարմնի գործունեությունը ֆինանսավորվում է պետական բյուջեից:
2. Կարգավորող պետական մարմինը «բյուջետային համակարգի մասին» օրենքով սահմանված կարգով առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում յուրաքանչյուր տարի կազմում եւ Կառավարություն է ներկայացնում կարգավորող պետական մարմնի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը (ծախսերի նախահաշիվը)` առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում ներառելու համար: Ծախսերի նախահաշվին ավելացվում է այն ներկայացնելու պահին տվյալ տարվա ընթացքում գանձված տուգանքների եւ տուրքերի 30 տոկոսը` սեփական տնօրինման նպատակով:
3. Կարգավորող պետական մարմնի բյուջետային ֆինանսավորման հայտը Կառավարության կողմից ընդունվելու դեպքում` անփոփոխ, իսկ առարկությունների դեպքում` փոփոխված, ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում: Կառավարությունը կարգավորող պետական մարմնի բյուջետային ֆինանսավորման հայտը պետական բյուջեի նախագծի հետ ներկայացնում է Ազգային ժողով: Կառավարությունը Ազգային ժողով է ներկայացնում նաեւ բյուջետային հայտի փոփոխությունների վերաբերյալ իր հիմնավորումը եւ առկայության պարագայում հիմնավորման վերաբերյալ կարգավորող պետական մարմնի առարկությունները:
4. Կարգավորող պետական մարմնի ծախսերի նախահաշիվը պետք է ապահովի սույն օրենքով սահմանված խնդիրների եւ գործառույթների պատշաճ իրականացման հնարավորությունը, այդ թվում` միջազգային կազմակերպություններում ներկայացուցչության ապահովումը, ինչպես նաեւ կարգավորող պետական մարմնի անդամների աշխատավարձի վճարումը:
Հոդված 40. Կարգավորող պետական մարմնի տարեկան հաղորդումը
1. Կարգավորող պետական մարմինը մինչեւ յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը Ազգային ժողով է ներկայացնում իր նախորդ տարվա գործունեության եւ Հեռարձակողներում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդում:
2. Հաղորդումը ներառում է կարգավորող պետական մարմնի գործունեությանը եւ լիազորություններին համապատասխան իրականացված բոլոր բաղադրիչների վերաբերյալ ամբողջական տեղեկություններ եւ վիճակագրական տվյալներ (ներառյալ` հայտարարված մրցույթների, տրված լիցենզիաների, տեսալսողական տեղեկատվության մալուխային ցանցով հեռարձակման լիցենզավորման համար ներկայացված ու մերժված դիմումների եւ դրանց հիմնավորման, բացահայտված խախտումների եւ դրանց նկատմամբ կիրառված պատժամիջոցների եւ այլ լիազորությունների իրականացման մասին):
3. Հաղորդումը Ազգային ժողով է ներկայացնում կարգավորող պետական մարմնի նախագահը:
4. Հաղորդումն Ազգային ժողովում քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով:
5. Կարգավորող պետական մարմինն իր հաղորդումը հրապարակում է կարգավորող պետական մարմնի պաշտոնական կայքում:
Հոդված 41. Կարգավորող պետական մարմնի գործունեության կարգը
1. Կարգավորող պետական մարմինն իր գործունեությունը կազմակերպում է նիստերի եւ աշխատանքային քննարկումների միջոցով:
2. Կարգավորող պետական մարմնի նիստերը հրավիրում է կարգավորող պետական մարմնի նախագահը` իր նախաձեռնությամբ կամ առնվազն երեք անդամի պահանջով:
3. Կարգավորող պետական մարմնի նիստերը դռնբաց են, բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկատվության վերաբերյալ հարցերի քննարկման դեպքերի, երբ դրանք կարգավորող պետական մարմնի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ անցկացվում են դռնփակ:
4. Կարգավորող պետական մարմինն իր կայքում հրապարակում է նիստերի անցկացման տեղը, ժամանակաթիվը եւ օրակարգը:
5. Կարգավորող պետական մարմնի գլխավոր քարտուղարը նիստին կարող է մասնակցել խորհրդակցական ձայնի իրավունքով:
6. Կարգավորող պետական մարմնի նիստը վարում է կարգավորող պետական մարմնի նախագահը կամ նրան փոխարինող անձը: Նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է կարգավորող պետական մարմնի անդամների կեսից ավելին:
7. Կարգավորող պետական մարմնի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
8. Կարգավորող պետական մարմնի նիստում քննարկվող որեւէ հարցի վերաբերյալ շահերի բախում ունեցող կարգավորող պետական մարմնի անդամը պարտավոր է քննարկումից առաջ կարգավորող պետական մարմնի նախագահին եւ մյուս անդամներին տեղեկացնել շահերի բախման փաստի եւ բնույթի մասին, որը պետք է արձանագրվի նիստի արձանագրության մեջ:
9. Այդ տեղեկացումից հետո կարգավորող պետական մարմնի համապատասխան անդամը`
1) պարտավոր է հրաժարվել տվյալ հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց եւ քվեարկությանը մասնակցելուց.
2) չպետք է հաշվառվի այդ նիստի իրավազորության ապահովման նպատակով:
10. Կարգավորող պետական մարմնի նիստը հետաձգվում է`
1) քվորում չլինելու,
2) աշխատանքային օրն ավարտվելու,
3) հարցի քննությունը տվյալ նիստում անհնարին դարձնող այլ բացառիկ հանգամանքների առկայության դեպքերում:
11. Կարգավորող պետական մարմնի նիստերն արձանագրում է կարգավորող պետական մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը: Նիստերի արձանագրություններն ստորագրում է նիստը նախագահողը: Նիստի արձանագրությունը կամ դրա մի մասը կարգավորող պետական մարմնի նախագահի հանձնարարությամբ կարող է հրապարակվել: Կարգավորող պետական մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը վարում է կարգավորող պետական մարմնի որոշումների գրանցամատյան:
12. Կարգավորող պետական մարմինն ընդունում է աշխատակարգ, որով սահմանվում են կարգավորող պետական մարմնի գործառույթների եւ լիազորությունների իրականացման ընթացակարգերը:
Հոդված 42. Կարգավորող պետական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումները
1. Կարգավորող պետական մարմինն իր աշխատանքները կազմակերպում է կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով:
2. Կարգավորող պետական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցների վարձատրությունն իրականացվում է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան:
Հոդված 43. Հեռարձակողների եւ օպերատորների գործունեության մշտադիտարկումը
1. Հեռարձակողների գործունեության մշտադիտարկումն իրականացվում է ուղղակի դիտարկման, իսկ օպերատորի դեպքում նաեւ տեղում դիտարկում իրականացնելու միջոցով: Ուղղակի դիտարկման արդյունքները կարող են համադրվել տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանների տվյալների հետ:
2. Հանրային հեռարձակողների գործունեության մշտադիտարկումը ներառում է նաեւ տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման վերաբերյալ ուսումնասիրությունը, որն իրականացվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված եղանակներով:
3.Տեսալսողական մեդիայի մասին օրենդրության պահանջների առերեւույթ խախտման վերաբերյալ տեղեկությունների տիրապետելու դեպքում Օպերատորի գործունեության տեղում դիտարկումն իրականացվում է կարգավորող պետական մարմնի նախագահի հրամանի հիման վրա:
4. Տեղում դիտարկում իրականացնելու մասին հրամանում նշվում են`
1) տեղում դիտարկում իրականացնող մարմնի անվանումը.
2) օպերատորի լրիվ անվանումը եւ իրավաբանական անձի դեպքում` նաեւ գտնվելու վայրը.
3) տեղում դիտարկում իրականացնող անձի անունը, ազգանունը եւ պաշտոնը.
4) տեղում դիտարկում իրականացնելու նպատակը, ժամանակահատվածը եւ իրավական հիմքերը.
5) Տեսալսողական մեդիայի մասին օրենդրության պահանջների առերեւույթ խախտման նկարագրությունը:
5. Օպերատորի մոտ տեղում դիտարկումը սկսելուց առաջ հրամանի մեկ օրինակը հանձնվում է օպերատորի ղեկավարին կամ ղեկավարին փոխարինելու իրավունք ունեցող անձի:
6. Եթե սույն հոդվածի 5-րդ մասում նշված իրավասու անձինք օպերատորի գործունեության վայրում չեն կամ հրաժարվում են ստանալ տեղում դիտարկում իրականացնելու վերաբերյալ հրամանը եւ ստորագրությամբ հավաստել այն ստանալու
փաստը, ապա անմիջապես կարող է իրականացվել դիտարկումը:
7. Օպերատորի մոտ տեղում դիտարկում իրականացնելու դեպքում վերջինս տեղում դիտարկում իրականացնող անձանց պետք է ապահովեն անհրաժեշտ աշխատանքային տարածքով եւ տեխնիկական միջոցներով:
8. Մշտադիտարկման արդյունքներով կարգավորող պետական մարմնի ներկայացուցիչը կազմում է մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրություն:
9. Մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրության մեջ նշվում են մշտադիտարկման արդյունքների համառոտ շարադրանքը, ինչպես նաեւ վարչական վարույթ հարուցելու կամ հարուցված վարչական վարույթի համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստական հանգամանքները, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները: Դիտարկման արդյունքների եւ տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանների տվյալների համադրման դեպքում մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրության մեջ նշվում են նաեւ դիտարկման արդյունքների եւ տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանների տվյալների միջեւ անհամապատասխանությունը, անհամապատասխանությունների քանակը եւ տեւողությունը:
10. Արձանագրությանը կցվում են մշտադիտարկման առարկային վերաբերող, իսկ օպերատորի մոտ տեղում դիտարկում իրականացնելու դեպքում` վերջիններիս տիրապետության տակ գտնվող ապացույցները, որի մասին նշում է կատարվում արձանագրության մեջ:
11. Մշտադիտարկման արդյունքների մասին արձանագրությունն ուղղակի դիտարկում իրականացնելու դեպքում ստորագրում է մշտադիտարկում իրականացրած անձը, իսկ օպերատորի մոտ տեղում դիտարկում իրականացնելու դեպքում` կարգավորող պետական մարմնի եւ օպերատորի ներկայացուցիչը:
12. Ուղղակի դիտարկման միջոցով իրականացված մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրությունը կազմելուց հետո` եռօրյա ժամկետում, ուղարկվում է Հեռարձակողին կամ ցանցային օպերատորին:
13. Մշտադիտարկման արդյունքների մասին արձանագրության վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում Հեռարձակողը կամ ցանցային օպերատորը մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրությունը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, կարող է դրանք ներկայացնել կարգավորող պետական մարմին:
14. Օպերատորի մոտ իրականացված տեղում դիտարկման արդյունքների մասին արձանագրության վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում վերջիններիս ներկայացուցիչն այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ եւ ստորագրում:
15. Եթե սույն հոդվածի 5-րդ մասում նշված անձը հրաժարվում է ստորագրել եւ ստանալ արձանագրության երկրորդ օրինակը կամ տեղում դիտարկման իրականացման վայրում չէ, ապա արձանագրության երկրորդ օրինակը փոստով առաքվում է:
16. Տեղում դիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրությունը օպերատորի ղեկավարին փոխարինելու իրավունք ունեցող անձի կողմից ստորագրվելու դեպքում դրա մասին համապատասխան նշում է կատարվում արձանագրության մեջ, եւ արձանագրությանը կցվում է այն իրավական փաստաթղթի պատճենը (կանոնադրություն, հրաման, որոշում, լիազորագիր կամ այլ փաստաթուղթ), որի հիման վրա տվյալ անձն իրավունք ունի փոխարինելու օպերատորի ղեկավարին:
17. Եթե օպերատորի ներկայացուցիչը հրաժարվում է արձանագրությունն ստորագրել կամ այլ կերպ խոչընդոտում է տեղում դիտարկման իրականացմանը, ապա կարգավորող պետական մարմնի ներկայացուցիչն այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ, որում նշվում են նաեւ մշտադիտարկման իրականացմանը խոչընդոտած օպերատորի ներկայացուցչի անունը, ազգանունը եւ պաշտոնը:
18. Մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրությունը կարող է հիմք հանդիսանալ վարչական վարույթ հարուցելու համար, իսկ հարուցված վարչական վարույթի շրջանակներում ծառայել որպես վարչական վարույթի ապացույց:
19. Մշտադիտարկման իրականացման վերաբերյալ արձանագրության ձեւը հաստատում է կարգավորող պետական մարմինը:
ԳԼՈՒԽ 7
ՀԵՌԱՐՁԱԿՈՂՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿԱԶՈՐՈՒՄԸ, ՀԵՌԱՐՁԱԿՈՂՆԵՐԻ ԵՎ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 44. Իրավաբանական կամ ֆիզիկական անձի հեղինակազորումը որպես մասնավոր Հեռարձակող
1. Հեռարձակողի հեղինակազորման հայտը բավարարվում է կարգավորող պետական մարմին այն ներկայացնելուց հետո տասնօրյա ժամկետում, եթե հայտում նշվել են.
1) Հեռարձակողի անվանումը, իրավաբանական անձի դեպքում` նաեւ գտնվելու վայրը, ֆիզիկական անձի դեպքում` անձնագրային տվյալներ.
2) հեղինակազորման հայտի ներկայացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը.
2. Հեռարձակողի անվանման փոփոխման դեպքում հեղինակազորման նոր հայտ է ներկայացվում:
Հոդված 45. Հանրային եւ մասնավոր մուլտիպլեքսում գործող Հեռարձակողները
1. Կարգավորող պետական մարմնի կողմից հանրային մուլտիպլեքսում սլոթ օգտագործելու համար մրցույթները հայտարարվում են այդ ցանցում գործող Հեռարձակողի լիցենզիայի ժամկետը լրանալու, կամ նոր կամ ազատ սլոթ առաջանալու դեպքում:
2. Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա կարող են ստանալ միայն Հայաստանի Հանրապետությունում գործող Հեռարձակողները: Օտարերկրյա տեսալսողական ծրագրերը հանրային մուլտիպլեքսում առանց լիցենզիա կարող են վերահեռարձակվել միայն միջպետական պայմանագրի հիման վրա:
3. Հանրային հեռարձակողները ցանցային օպերատորներին անվճար տրամադրում են իրենց տեսալսողական ծրագրերի հեռարձակման իրավունք: Ցանցային օպերատորները պարտավոր են տարածել իրենց տրամադրված տեսալսողական ծրագրերը:
4. Հեռարձակողի լիցենզիայի ժամկետի լրանալու հիմքով մրցույթը հայտարարվում է այդ լիցենզիայի գործողության ժամկետը լրանալուց 4 ամիս առաջ:
5. Հանրային մուլտիպլեքսում ազատ սլոթ առաջանալու դեպքում կարգավորող պետական մարմինը հայտարարում է մրցույթ 10-օրյա ժամկետում:
6. Հանրային մուլտիպլեքս ցանցում նոր սլոթ առաջանալու դեպքում Կառավարության լիազոր մարմինը այդ մասին տեղեկացնում է կարգավորող պետական մարմնին, որը 1 ամիս հետո հայտարարում է մուլտիպլեքսի ցանցում գործելու Հեռարձակողի մրցույթ:
7. Թեմատիկ ուղղվածության չափորոշիչները, դրանց հասկացությունները սահմանվում են կարգավորող պետական մարմնի որոշմամբ:
8. Թվային հեռարձակման տեխնիկական հնարավորություն առաջանալու դեպքում Լսողական ծրագրեր հեռարձակողները կարող են ներառվել մուլտիպլեքսում` իրենց լիցենզիայի պայմաններին համապատասխան:
Հոդված 46. Լիցենզիան
1. Լիցենզիան կարգավորող պետական մարմնի կողմից տրամադրվող փաստաթուղթ է, որը թույլ է տալիս.
1) Հեռարձակողին տեսալսողական տեղեկատվության հեռարձակում իրականացնելու համար օգտվել հանրային մուլտիպլեքսի սլոթից.
2) ֆիզիկական կամ իրավաբանական անձին իրականացնել մուլտիպլեքս օպերատորի գործունեություն.
3) ցանցային օպերատորին վերահեռարձակել Հայաստանի Հանրապետությունում գործող Հեռարձակողների եւ օտարերկրյա Հեռարձակողների տեսալսողական ծրագրերը, բացառությամբ սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
2.Լիցենզիայի մրցույթի անցկացման կարգը սահմանում է կարգավորող պետական մարմինը:
3. Ցանցային օպերատորի լիցենզիան տրվում է առանց մրցույթի` լիցենզավորման նպատակով ներկայացված դիմումի քննարկման արդյունքում:
4. Լիցենզիան չի կարող փոխանցվել կամ օտարվել այլ անձի:
5. Առանց լիցենզիա տեսալսողական ծրագրերի հեռարձակում իրականացնում են Հանրային հեռարձակողները:
Հոդված 47. Հեռարձակողների լիցենզավորման մրցույթը, մասնակցության հայտը եւ Լիցենզիա ստացած անձի ընտրությունը
1. Լիցենզավորման մրցույթի հայտարարությունը պետք է պարունակի տեղեկություններ հանրապետական, մայրաքաղաքային եւ մարզային սփռում ապահովող ազատ սլոթերի քանակի մասին:
2. Հեռարձակողները կարող են միաժամանակ մասնակցել ինչպես հանրապետական, այնպես էլ մայրաքաղաքային սփռում ապահովող ազատ սլոթերի օգտագործման լիցենզիայի մրցույթին` լիցենզավորման մրցույթի հայտում հավելյալ նշելով սփռման տարածքի առաջնային եւ ցանկության դեպքում երկրորդային նախապատվությունը:
3. Հանրապետական եւ մայրաքաղաքային սփռում ապահովող ազատ սլոթերի օգտագործման լիցենզիայի մրցույթին հայտ ներկայացրած Հեռարձակողները չեն կարող մասնակցել մարզային սփռում ապահովող ազատ սլոթերի օգտագործման լիցենզիայի մրցույթին:
4. Հանրային մուլտիպլեքսի ազատ սլոթի օգտագործման լիցենզիա ստացած Հեռարձակողների ընտրությունն իրականացվում է կարգավորող պետական մարմնի անդամների վարկանիշային փակ քվեարկության միջոցով:
5. Վարկանիշային քվեարկության իրականացման ընթացակարգը սահմանվում է կարգավորող պետական մարմնի սահմանած մրցույթի անցկացման կարգով:
6. Հեռարձակողների լիցենզավորման մրցույթի մասնակցության հայտում նշվում են`
1) Հեռարձակողի անվանումը.
2) հեղինակազորման համար հայտում ներառված տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկություններ.
3) տեսալսողական տեղեկատվության թեմատիկ ուղղվածությունը.
4) սփռման տարածքը, իսկ հանրապետական եւ մայրաքաղաքային սփռում ապահովող ազատ սլոթերի օգտագործման լիցենզիայի մրցույթի հայտ ներկայացնելու դեպքում սփռման տարածքի առաջնային կամ ցանկության դեպքում` երկրորդային նախապատվությունը.
5) տեղեկություններ հայտ ներկայացնողի` այլ Հեռարձակողների հիմնադիր եւ լիցենզիա ստացած անձ կամ զանգվածային լրատվության այլ միջոցների հիմնադիր լինելու, ինչպես նաեւ տեսալսողական տեղեկատվության արտադրությամբ եւ տարածմամբ զբաղվելու մասին.
6) սեփական եւ հայերեն տեսալսողական հաղորդումների ծավալը.
7) հայտի ներկայացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը:
7. Հայտին կցվում են.
1) հայտում նշված տեղեկությունները հիմանվորող փաստաթղթեր.
2) լիցենզավորման մրցույթին մասնակցելու համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիրը:
8.Կարգավորող պետական մարմինը լիցենզիա ստացած անձի ընտրության ժամանակ հաշվի է առնում`
1) սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը.
2) հայերեն տեսալսողական հաղորդումների գերակայությունը.
3) բազմակարծությունը խթանելու կարողությունը.
4) դիմողի տեխնիկական եւ ֆինանսական հնարավորությունները.
5) աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը.
6) հանրապետական եւ մայրաքաղաքային սփռում ապահովող ազատ սլոթերի օգտագործման լիցենզիայի մրցույթում հաղթած մասնակցի կողմից մրցույթի մասնակցության հայտում նշված սփռման տարածքի առաջնային կամ առկայության դեպքում` երկրորդային նախապատվությունը:
9. Լիցենզավորման մրցույթի ժամանակ այլ հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է`
1) գործող այն Հեռարձակողներին, որոնք իրենց գործունեության ընթացքում թույլ են տվել օրենսդրության նվազ քանակով կամ վտանգավորությամբ խախտումներ.
2) գործող այն Հեռարձակողներին, որոնք տեսալսողական հաղորդումների արտադրության եւ հեռարձակման բնագավառում ունեն առնվազն երեք տարվա փորձ:
10. Կարգավորող պետական մարմնի որոշումը պետք է լինի պատշաճ հիմնավորված եւ պատճառաբանված: Կարգավորող պետական մարմինն ապահովում է իր որոշման հրապարակայնությունը:
11. Հանրապետական սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ստացած Հեռարձակողը միեւնույն տեսալսողական ծրագիրը պարտավոր է հեռարձակել սփռման ողջ տարածքում:
Հոդված 48. Ցանցային օպերատորի լիցենզավորման դիմումը
1. Ցանցային օպերատորի լիցենզավորման համար դիմողը պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձեւակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ, կամ առձեռն` ստացականով, կարգավորող պետական մարմին ներկայացնում է դիմում, որում նշվում են`
1) դիմումատուի անվանումը, իրավաբանական անձի դեպքում` նաեւ գտնվելու վայրը.
2) տեղեկություններ դիմումատուի` Հեռարձակողների, օպերատորի կամ զանգվածային լրատվության այլ միջոցների հիմնադիր լինելու, ինչպես նաեւ տեսալսողական տեղեկատվության արտադրությամբ եւ տարածմամբ զբաղվելու մասին.
3) դիմումի ներկայացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը.
4) սփռման տարածքը.
5) դիմումատուի հիմնադիր փաստաթղթերի պատճենները:
2. Դիմումին կից ներկայացված փաստաթղթերում սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում կարգավորող պետական մարմինը դրանք ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, դիմողին պատշաճ կերպով տեղեկացնում է այդ մասին` դրանց շտկման նպատակով: Դիմողն իրավունք ունի սույն մասում նշված ծանուցումը ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, կարգավորող պետական մարմին ներկայացնել փաստաթղթերը` առանց սույն մասում նշված թերությունների:
3. Ցանցային օպերատորի լիցենզավորման կարգը սահմանում է կարգավորող պետական մարմինը:
Հոդված 49. Դիմումի քննարկումը եւ որոշման ընդունումը
1. Ցանցային օպերատորին լիցենզիա տալու համար կարգավորող պետական մարմինն իր նիստում քննարկում է դիմումը եւ որոշում է ընդունում այն մուտքագրելուց հետո` 30 օրվա ընթացքում:
2. Լիցենզիա չի տրվում, եթե`
1) սույն օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում նշված փաստաթղթերը թերի, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված են կամ չեն համապատասխանում սույն օրենքի եւ իրավական այլ ակտերի պահանջներին եւ դիմողը չի վերացրել կարգավորող պետական մարմնի նշած թերությունները.
2) բացակայում են տեսալսողական տեղեկատվության հեռարձակման տեխնիկական հնարավորությունները:
3. Լիցենզիա տալը մերժելու հիմքերի մասին դիմողին գրավոր տեղեկացնում են որոշման ընդունումից հետո` եռօրյա ժամկետում: Լիցենզավորման մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
Հոդված 50. Ցանցային օպերատորի լիցենզիա ստացած անձի գործունեությունը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում եւ նրա սահմաններից դուրս գործող Հեռարձակողների տեսալսողական ծրագրերը ցանցային օպերատորի լիցենզիա ստացած անձի կողմից կարող են հեռարձակվել տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորի կամ հեռարձակողի հետ պայմանագրի հիման վրա.
2. Վերահեռարձակումը կատարվում է հեռարձակման հետ համաժամանակյա կամ գրեթե համաժամանակյա` տեսալսողական տեղեկատվության հեռարձակումից մինչեւ դրա ընդունումն ընկած կարճաժամկետ ընդհատումներով առաջացող տատանումների հետեւանքով` հեռարձակման գործընթացին ներհատուկ տեխնիկական պատճառներով պայմանավորված:
3. Ցանցային օպերատորի լիցենզիա ստացած անձը չի կարող լինել տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտոր:
4. Ցանցային օպերատորի լիցենզիա ստացած անձը սեփական տեսալսողական տեղեկատվություններ չի կարող արտադրել եւ հեռարձակել:
Հոդված 51. Լիցենզիայի վավերապայմանները
1. Լիցենզիան պարունակում է հետեւյալ տեղեկությունները.
1) կարգավորող պետական մարմնի անվանումը.
2) լիցենզիայի սերիան եւ համարը.
3) լիցենզիան տալու ամսաթիվը.
4) գործունեության տեսակը, որի համար տրվել է լիցենզիան.
5) Հեռարձակողի կամ օպերատորի իրավաբանական անձ լինելու դեպքում` գտնվելու վայրը.
6) սփռման տարածքը.
7) լիցենզիայի գործողության ժամկետը.
8) կարգավորող պետական մարմնի նախագահի ստորագրությունը.
9) կարգավորող պետական մարմնի կնիքի դրոշմը:
2. Մրցույթի արդյունքում հաղթած առաջարկը կցվում է լիցենզիային որպես պայման համարվում դրա անբաժանելի մասը:
Հոդված 52. Լիցենզիա տալը
1. Լիցենզավորման մրցույթում հաղթող ճանաչված, ինչպես նաեւ դիմումի հիման վրա կարգավորող պետական մարմնի որոշումը ստացած անձինք, որոշումը ստանալուց հետո` 20-օրյա ժամկետում, վճարում են «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափով պետական տուրք:
2. Սույն հոդվածով սահմանված պետական տուրքի վճարումից հետո` տասնօրյա ժամկետում, կարգավորող պետական մարմինը նշված անձանց տալիս է համապատասխան լիցենզիաներ:
3. Սույն հոդվածով սահմանված ժամկետում պետական տուրքը չվճարելը հիմք է լիցենզիա տալու մասին եւ մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշումներն ուժը կորցրած ճանաչելու համար:
4. Մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշումը սույն հոդվածով սահմանված հիմքով ուժը կորցրած ճանաչվելու դեպքում կարգավորող պետական մարմինը հայտարարում է մրցույթ եւ իրականացնում լիցենզավորում սույն օրենքով մրցույթի միջոցով իրականացվող լիցենզավորման համար սահմանված կարգով ու պայմաններով:
5. Հեռարձակողների լիցենզիաները տրվում են յոթ տարի, ցանցային օպերատորների լիցենզիան` տասը տարի ժամկետով` «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված կարգով լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հնարավորությամբ, մուլտիպլեքս օպերատորի լիցենզիան` անժամկետ:
Հոդված 53. Մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզավորման մրցույթը
1. Կարգավորող պետական մարմինը իր կառավարմանը հանձնված ազատ հաճախությունների առկայության դեպքում հայտարարում է մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզավորման մրցույթ: Մրցույթը չկայանալու կամ մրցույթում հաղթող չլինելու դեպքում դրա հայտարարելուց մեկ տարի հետո կարգավորող պետական մարմինը հայտարարում է նոր մրցույթ:
2. Մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզավորման մրցույթը հայտարարելուց հետո` վեց ամսվա ընթացքում կարգավորող պետական մարմին է ներկայացվում`
1) դիմում.
2) մուլտիպլեքս ցանցի ստեղծման նախագիծը, ներառյալ` ցանցի գործարկման ժամանակացույցը.
3) տեղեկություններ դիմողի մոտ մուլտիպլեքս ցանց ստեղծելու եւ շահագործելու համար անհրաժեշտ տեխնիկական եւ ֆինանսական կարողությունների առկայության մասին.
4) դիմողի անվանումը եւ իրավաբանական հասցեն:
3. Դիմումում պետք է նշվեն`
1) կարգավորող պետական մարմնի տվյալները.
2)դիմողի գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը, գործունեության իրականացման հասցեն.
4.Մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզավորման համար դիմումների ներկայացման ժամկետի ավարտից հետո կարգավորող պետական մարմինը ցանցի ստեղծման նախագիծը եւ ժամանակացույցը իր ընտրած փորձագիտական խմբին ներկայացնում է տեխնիկական փորձաքննության, որը պետք է իրականացվի առավելագույնը երկու ամսվա ընթացքում:
5. Եթե երկու ամսվա ընթացքում փորձագիտական խումբը չի տալիս տեխնիկական եզրակացությունը, ապա համարվում է, որ այն համապատասխանում է անհրաժեշտ պահանջներին:
6.Տեխնիկական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո` առավելագույնը մեկ ամսվա ընթացքում, հիմք ընդունելով փորձագիտական եզրակացությունը, կարգավորող պետական մարմինը որոշում է ընդունում լիցենզիա տրամադրելու կամ դիմումը մերժելու վերաբերյալ:
7. Մրցույթի կազմակերպման կարգը (ներառյալ` գնահատման չափանիշները) սահմանվում է կարգավորող պետական մարմնի որոշմամբ:
8.Կարգավորող պետական մարմինը մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզավորման մրցույթը հայտարարում է չկայացած, եթե`
1) սահմանված ժամկետում ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված դիմումներից ոչ մեկը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.
2) մրցույթի միակ մասնակցի կամ բոլոր մասնակիցների մուլտիպլեքս ցանցի ստեղծման նախագծի եւ ժամանակացույցի տեխնիկական փորձաքննության արդյունքում տրվել է բացասական եզրակացություն.
3) մրցույթի միակ մասնակցի կամ բոլոր մասնակիցների մուլտիպլեքս ցանցի ստեղծման նախագծով ներկայացված հեռարձակման ցանցի առաջարկվող սփռման տարածքի չափը չի համապատասխանում սույն օրենքվ սահմանված պահանջին:
ԳԼՈՒԽ 8
ԱՌԱՆՑ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 54. Առանց լիցենզավորման տեսալսողական տեղեկատվությունների կազմակերպման պայմանները
1. Ցանցային հեռարձակման համար լիցենզիա չի պահանջվում, եթե սփռման եւ սպասարկման տարածքը սահմանափակվում է իրավաբանական կամ ֆիզիկական անձին պատկանող շենքերով ու տարածքներով:
2.Առանց լիցենզավորման տեսալսողական տեղեկատվությունների հեռարձակման կազմակերպումը չպետք է ազդի տվյալ շրջանում գործող Հեռարձակողների իրականացման որակի վրա, ինչպես նաեւ չպետք է խաթարի տեսալսողական տեղեկատվություն ընդունող եւ Հեռարձակող հեռահաղորդակցության տեխնիկական միջոցների աշխատանքը:
3. Առանց լիցենզավորման տեսալսողական տեղեկատվության հեռարձակում են իրականացնում ոչ գծային Հեռարձակողները, որոնք գործունեություն են իրականացնում կարգավորող պետական մարմնի կողմից սահմանված կարգով գործունեությունը թույլատրող որոշումը ստանալուց հետո:
4. Կարգավորող պետական մարմնի` գործունեությունը թույլատրող որոշումը ստանալուց հետո, ոչ գծային Հեռարձակողները կարող են պայմանագրային հիմունքներով գործունեություն իրականացնել ցանցային օպերատորների եւ այլ հաղորդակցության ցանցերով:
Հոդված 55. Տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորի գործունեությունը
1. Տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն կարգավորող պետական մարմին ծանուցում ներկայացնելուց հետո:
2. Յուրաքանչյուր նոր տեսալսողական ծրագրի վերաբերյալ ներկայացվում է առանձին ծանուցում:
3. Ծանուցումը պետք է պարունակի հետեւյալ տեղեկությունները.
1) տեսալսողական ծրագրերի վերաբերյալ.
2) ծանուցում ներկայացնող դիստրիբյուտոր հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձի վերաբերյալ.
3) տեսալսողական ծրագրի իրավատեր անձի հետ կնքված պայմանագրի պատճեն.
4) այլ Հեռարձակողների եւ օպերատորի հիմնադիր կամ մասնակից հանդիսանալու վերաբերյալ:
4. Կարգավորող պետական մարմինը ծանուցումը հաստատում է 20-օրյա ժամկետում:
5. Ծանուցման մեջ թերի, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ լինելու կամ օտարերկրյա տեսալսողական ծրագրերում գովազդ ներառված լինելու դեպքում այն չի հաստատվում, եթե հնարավոր չի եղել ձեռք բերել այդ ծրագիրն առանց գովազդ:
ԳԼՈՒԽ 9
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 56. Պատասխանատվությունը տեսալսողական մեդիայի մասին օրենսդրության պահանջները խախտելու համար
1. Կարգավորող պետական մարմնի կողմից տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման դեպքեր հայտնաբերվելու, ինչպես նաեւ պետական այլ մարմինների կողմից իրենց իրավասությունների շրջանակում տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումների դեպքեր հայտնաբերելու եւ դրանց մասին կարգավորող պետական մարմին գրավոր տեղեկացնելու դեպքում կարգավորող պետական մարմինը կիրառում է հետեւյալ վարչական տույժերը.
1) գրավոր նախազգուշացում.
2) տուգանք.
3) հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության կասեցում.
4) հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության դադարեցում:
2. Վարչական տույժերի հասցեատերերն իրավունք ունեն դիմելու դատարան` կարգավորող պետական մարմնի որոշումներն անվավեր ճանաչելու կամ փոփոխելու պահանջով: Նշված պահանջով հայցը դատարան ներկայացնելը չի կասեցնում գործունեության կասեցման կիրառման մասին որոշման կատարումը:
3. Սույն հոդվածով նախատեսված վարչական տույժերը չեն կիրառվում Հանրային հեռարձակողի նկատմամբ:
Հոդված 57. Գրավոր նախազգուշացումը
Սույն օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հայտնաբերված խախտումների առկայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով, կարգավորող պետական մարմինն իրավախախտումը հայտնաբերելու օրվանից եւ (կամ) պետական այլ մարմինների կողմից իրենց իրավասությունների շրջանակում հայտնաբերված իրավախախտումների դեպքերի մասին տեղեկացվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում գրավոր նախազգուշացնում է խախտում կատարած անձին` պահանջելով վերացնել խախտումը եւ սահմանելով խախտումը վերացնելու համար ողջամիտ ժամկետ:
Հոդված 58. Տուգանքը
1. Սույն հոդվածով սահմանված իրավախախտումներ կատարած անձի նկատմամբ տուգանք կարող է կիրառվել իրավախախտում կատարելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, իսկ շարունակվող կամ տեւող իրավախախտման դեպքում` այն հայտնաբերելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում:
2. Սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով գրավոր նախազգուշացում ստացած անձի կողմից նախազգուշացմամբ նշված ժամկետում սահմանված պահանջը չկատարելը կամ նախազգուշացման համար հիմք դարձած նույն խախտումը սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.03 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
3. Հեռարձակողների եւ օպերատորի կողմից համապատասխան սփռման տարածքների համընկնման շրջաններում` օրինական հիմքով տարածվող այլ տեսալսողական տեղեկատվություն ընդունելու իրավունքը սահմանափակելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.04 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
4. Հեռարձակողի անվանումը, ազդականչը միայն օտար լեզուներով (առանց հայերեն տարբերակի) օգտագործելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.02 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապ1ատիկի չափով:
5. Հեռարձակողի կողմից հայերեն հաղորդումները ընդհանուր եթերաժամի 55 տոկոսից պակաս հեռարձակելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի`
առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.05 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
6. Ցանցային օպերատորի կողմից, առանց պայմանագրի վերահեռարձակում իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.04 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
7. Ընտրությունների (հանրաքվեների) նախընտրական (հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ) քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում առանց էկրանի վրա պարտադիր անընդմեջ լուսագրով «Նախընտրական (հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ) քարոզչություն» ենթագրի հաղորդումներ սփռելը, իսկ լսողական հաղորդումների դեպքում` յուրաքանչյուր հաղորդման ընթացքում ոչ պակաս, քան 2 անգամ դրա մասին չհիշեցնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.05 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
8. Հեռարձակողների կողմից թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նկատմամբ խտրականության դրսեւորումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.05 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
9. Հեռարձակողների կողմից թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային տոկոս) խմիչքների գովազդի հեռարձակումը 06:00-ից մինչեւ 22:30-ն ընկած ժամանակահատվածում, ծխախոտի եւ ծխախոտային արտադրության գովազդի հեռարձակումը, ինչպես նաեւ մանկապատանեկան տեսալսողական հաղորդումներում ծխախոտի կամ ծխախոտային արտադրության ապրանքատեսակների ուղղակի կամ անուղղակի օգտագործումը կամ ցուցադրումը
առաջացնում են տուգանքի նշանակում` Հասույթի 0.02 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
10. Լրատվական հաղորդումների գովազդային ընդհատումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.03 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
11. Հեռարձակողների կողմից ամեն օր եթերում իրենց ելքային տվյալները չներկայացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
12. Հեռարձակողի կողմից իր հաղորդումների հեռարձակման ժամանակ անընդմեջ իր խորհրդանիշը չհեռարձակելը, բացառությամբ գովազդի հաղորդման ժամանակ`
առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.02 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
13. Էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները եւ սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեսալսողական հաղորդումների եթեր հեռարձակման պահանջները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.02 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
14. Արբանյակային հեռարձակման մասին սույն օրենքով սահմանված ժամկետում կարգավորող պետական մարմին գրավոր չտեղեկացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.02 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
15. Սույն օրենքի 6-րդ հոդվածի պահանջները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.03 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
16. Տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանի վարման սահմանված կարգը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
17. Հեռարձակողների կողմից «Գովազդի մասին» օրենքի պահանջները խախտելը`
Առաջացնում է տուգանքի նշանակում Հասույթի 0.03 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
18. Հեռարձակողի կողմից հեռարձակած հաղորդումների տեսագրությունները եւ ձայնագրությունները` սույն օրենքով սահմանված ժամկետով չպահպանելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.02 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
19. Սույն օրենքի 7-րդ հոդվածի պահանջները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.02 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
20. Սույն օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված պայմանները չապահովելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.01 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
21. Սույն օրենքի 8-րդ հոդվածի պահանջները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.02 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
22. Արգելված հովանավորություն իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.02 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
23. Պետության կողմից հայտարարված սգո եւ հիշատակի օրերին գովազդի եւ զվարճալի հաղորդումներ հեռարձակելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.03 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
24. Լիցենզիա ստացած Հեռարձակողի կողմից տեսալսողական ծրագրում մանկական, կրթական, մշակութային եւ սպորտային թեմատիկ ուղղվածության տեսալսողական հաղորդումների շաբաթական եթերաժամի առնվազն 30 տոկոսի պահանջը
չպահպանելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.02 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
25. Ծխելու տեսարաններ պարունակող տեսալսողական հաղորդման մեկնարկին, տեսանելի չափով, 5 վայրկյան տեւողությամբ «ծխելը վնասում է ձեր առողջությանը» գրառման ուղեկցման պահանջը չպահպանելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.02 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
26. Առանց սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված ծանուցման գործունեություն իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
27. Հեռարձակողի, իսկ ոչ գծային տեղեկատվության դեպքում` օպերատորի, կողմից տեսալսողական ծրագիրը կամ դրա մասը, առանց դրանց իրավատերերի (հեղինակային կամ հարակից իրավունքի սուբյեկտ չհանդիսացող) համաձայնության տարածելը`
Առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
28. Կարգավորող պետական մարմնի որոշմամբ կամ նախագահի գրությամբ կամ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն սահմանված ժամկետում չներկայացնելը կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
29. Կարգավորող պետական մարմին նախորդող տարվա հասույթի գոյացման բացվածքի եւ չափի վերաբերյալ տեղեկություն չներկայացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
30. Սույն հոդվածի 2-29-րդ մասերով սահմանված հիմքերով վարչական տույժի ենթարկված անձի կողմից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` կիրառված տույժի եռապատիկի չափով:
Հոդված 59. Հեռարձակողի եւ օպերատորի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության կասեցումն ու դադարեցումը
1. Հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցվում է, եթե`
1) Հեռարձակողը սույն օրենքի 58-րդ հոդվածի 30-րդ մասով սահմանված հիմքով մեկ տարվա ընթացքում երեք անգամ ենթարկվել է վարչական տույժի (բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի), որից հետո նույն տարվա ընթացքում կատարել է սույն օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որեւէ վարչական տույժի նշանակման համար հիմք համարվող արարք.
2) Հեռարձակողը սույն օրենքի 58-րդ հոդվածի 30-րդ մասով սահմանված հիմքով սույն օրենքի 58-րդ հոդվածի 7-10-րդ մասերի համաձայն` մեկ տարվա ընթացքում մեկ անգամ ենթարկվել է վարչական տույժի, որից հետո նույն տարվա ընթացքում կատարել է սույն օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որեւէ վարչական տույժի նշանակման համար հիմք համարվող արարք.
3) Հեռարձակողի տեխնիկական միջոցները չեն համապատասխանում ընդունված ստանդարտներին, որի հետեւանքով վտանգ է սպառնում մարդկանց առողջությանը, արգելքներ են ստեղծվում այլ Հեռարձակողների եւ օպերատորների գործունեության համար, չի ապահովվում տեսալսողական հաղորդումների տեխնիկական որակը.
4) լիցենզիա ստացած Հեռարձակողն առանց որեւէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովել տեսալսողական հաղորդումների հեռարձակում.
5) լիցենզիա ստացած Հեռարձակողը լիցենզիան ստանալու պահից վեց ամսվա ընթացքում չի հեռարձակել տեսալսողական հաղորդումներ.
6) այդ մասին կա Հեռարձակողի դիմումը.
7) խախտվել են օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները.
8) ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ Հանրապետության վարչապետին կամ նրա լիազորած անձին պաշտոնական հայտարարություններ կատարելու համար եթերաժամանակ չի հատկացվել.
2. Հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելուց հետո կարգավորող պետական մարմնի նշած ժամկետում սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումները վերացնելու դեպքում կարգավորող պետական մարմինը վերացնում է կասեցումը:
Կասեցման ժամկետը չի կարող գերազանցել 60 օրը:
3. Հեռարձակողի գործունեությունը դադարեցվում է, եթե`
1) իրավաբանական անձը լուծարվել է.
2) տեղի է ունեցել լիցենզիայի փոխանցում ֆիզիկական կամ իրավաբանական այլ անձանց.
3) լիցենզավորման կամ հեղիանակզորման համար ներկայացված փաստաթղթերում էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն է հայտնաբերվել.
4) սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված խախտումը չի վերացվել.
5) Հեռարձակողի դիմումի հիման վրա.
4. Տեսալսողական հաղորդումների հեռարձակման ընթացքում կատարված տեխնիկական կանոնների խախտման, թերացումների կամ հաղորդումների հեռարձակումը չապահովելու համար անձն ազատվում է պատասխանատվությունից, եթե հիմնավորվում է, որ դրանք թույլ են տրվել`
1) պետական լիազորված մարմինների կողմից տեխնիկական կանոնների կամ չափորոշիչների փոփոխության պատճառով.
2) տեխնիկական վերազինման նպատակով, որի մասին դրա իրականացումից առնվազն 30 օր առաջ գրավոր հիմնավորմամբ անձը տեղյակ է պահել կարգավորող պետական մարմին եւ ստացել թույլտվություն.
3) անհաղթահարել ուժի հետեւանքով:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում Հեռարձակողները ողջամիտ ժամկետում վերականգնում են տեսալսողական հաղորդումների հեռարձակումը:
6. Սույն հոդվածով սահմանված հիմքերով հանրային մուլտիպլեքսում սլոթի միջոցով հեռարձակելու լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու պահից 10-օրյա ժամկետում կարգավորող պետական մարմինը հայտարարում է մրցույթ եւ իրականացնում լիցենզավորում սույն օրենքով մրցույթի միջոցով իրականացվող լիցենզավորման համար սահմանված կարգով ու պայմաններով:
7. Սույն հոդվածի դրույթները տարածվում են նաեւ օպերատորների վրա այնքանով, որքանով կիրառելի են:
Հոդված 60. Մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզիայի դադարեցումը
1. Մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզիան դադարեցվում է «Լիցենզավորման մասին» օրենքով նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ եթե`
1) մուլտիպլեքս օպերատորը կարգավորող պետական մարմնի սահմանած ժամկետում չի ձեռք բերել օրենքով պահանջվող թվային ցանց.
2) տեխնիկական պատճառներով նրա գործունեության խափանումը տեւում է երեք ամսից ավել:
ԳԼՈՒԽ 9
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 61. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» 2000 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-97 օրենքը ճանաչել ուժը կորցրած:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հեռարձակողները եւ օպերատորները շարունակում են իրենց գործունեությունը լիցենզիայի ժամկետներին համապատասխան:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին նոր լիցենզիա ստացած հեռուստառադիոընկերությունները սույն օրենքի իմասով համարվում են հեղինակազորված եւ լիցենզիա ստացած Հեռարձակողներ:
5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին լիցենզավորման հայտ ներկայացրած հեռուստառադիոընկերությունները սույն օրենքի իմասով համարվում են հեղինակազորված:
6. Սույն օրենքն ուժի մեջ մտնլուց հետո` վեցամսյա ժամկետում սեփական տեսալսողական հաղորդում Հեռարձակող մալուխային հեռուստառադիոընկերությունները դադարեցնում են սեփական հաղորդման հեռարձակումը:
7. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մալուխային հեռուստառադիոընկերությունները համարվում են ցանցային օպերատորներ եւ շարունակում են իրենց գործունեությունը լիցենզիայի ժամկետով:
8. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կարգավորող պետական մարմնի նախագահը, անդամները, Խորհրդի նախագահը եւ անդամները շարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց լիազորությունների ավարտը:
9. Սույն օրենքի 44-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հասկացությունները կարգավորող պետական մարմինը հաստատում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:
10. Ոչ գծային տեսալսողական տեղեկատվության վերաբերյալ գործունեությունը թույլատրող որոշում ստանալու համար հայտերը ներկայացվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսյա ժամկետում:
11. Մրցութային հանձնաժողովի կարգը Կառավարությունը հաստատում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսյա ժամկետում:
12. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին լիցենզավորման հայտ ներկայացրած Հեռարձակողները լիցենզիան ստանում են սույն օրենքով սահմանված կարգով եւ պայմաններին համապատասխան:
13. Լսողական ծրագիր հեռարձակողների համար անալոգային հաճախությունների վրա տարածվում են սույն օրենքով սլոթի վերաբերյալ նախատեսված կարգավորումները:
14. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում սույն օրենքով նախատեսված տուգանքները կիրառվում են 50 տոկոսի չափով:
15. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում սույն օրենքի 6-րդ եւ 7-րդ հոդվածներով արգելված արարքներ կատարելու համար կիրառվում են գրավոր նախազգուշացում:
16. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի կողմից ձեւավորված Մրցութային հանձնաժողովի կազմը լուծարվում է:
17. Թվային ռադիոհեռարձակման անցման ժամանակ լիցենզիա ստացած Լսողական ծրագիր հեռարձակողները պարտավոր են իրենց տեխնիկական միջոցները համապատասխանեցնել թվային հեռարձակման ցանցով հեռարձակվելու համար նախատեսված միջոցներին:
18. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմանագրային կարգով տեսալսողական տեղեկատվություն ստացող սպառողներից մատուցված ծառայությունների համար վճարումների գանձման անկանխիկ եղանակին անցումը կատարվում է մեկ տարվա ընթացքում:
19. Սույն օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ մասը չի տարածվում սույն օրենքը ուժի մեջ մտնելու պահին առկա պայմանագրային հարաբերությունների վրա մինչեւ պայմանագրերի գործողության ժամկետի ավարտը:
20. Սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթը կենեմատոգրաֆիական ստեղծագործությունների ցուցադրության դեպքում գործում է մեկ տարի հետո: