Armenian ARMSCII Armenian
Պ-575-17.04.2020,15.06.2020-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 332.3-րդ հոդվածում`

1) վերնագիրը  շարադրել  հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 332.3. Փաստաբանի գործունեությանը միջամտելը».

2) 1-ին մասի «Պաշտոնատար անձի կողմից փաստաբանի կամ նոտարի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը» բառերը փոխարինել «Գործի քննությանը խոչընդոտելու նպատակով փաստաբանի գործունեությանը  ցանկացած ձեւով միջամտելը» բառերով.

3) 2-րդ  մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է փաստաբանի նկատմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով`».

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով`

պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա:»:

Հոդված 2. Օրենսգրքի 332.5-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 332.5. Նոտարի գործունեությանը միջամտելը

1. Նոտարին նոտարական գործողություններ կատարելուն հարկադրելը կամ նրա գործունեությանը ցանկացած այլ եղանակով միջամտելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է նոտարի նկատմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով`

պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: