Հոդված 1. «Դատախազության մասին» 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-198-Ն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասում.
1) երկրորդ նախադասության «տարին մեկ անգամ` որպես կանոն, յուրաքանչյուր տարվա հունվար ամսին» բառերը փոխարինել «, որպես կանոն, տարին մեկ անգամ` յուրաքանչյուր տարվա հունվար ամսին» բառերով.
2) երկրորդ նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ` նոր նախադասությամբ..
«Անհրաժեշտության դեպքում արտահերթ բաց մրցույթ կարող է անցկացվել գլխավոր դատախազի հանձնարարությամբ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Դատախազության մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 38-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասության համաձայն` բաց մրցույթն անցկացնում է դատախազության որակավորման հանձնաժողովը տարին մեկ անգամ` որպես կանոն, յուրաքանչյուր տարվա հունվար ամսին:
Նման կարգավորման պայմաններում տարվա ընթացքում հնարավոր է անցկացնել միայն մեկ բաց մրցույթ, մինչդեռ որոշ դեպքերում դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով օբյեկտիվորեն անհրաժեշտություն է առաջանում անցկացնել արտահերթ մրցույթ:
Այսպիսով, օրենսդրական գործող ձեւակերպումներն առանց որեւէ բառացության սահմանափակում են տարվա ընթացքում անցկացվող մրցույթների քանակը` թույլ չտալով տվյալ տարվա ընթացքում անցկացնել արտահերթ մրցույթ:
Խնդիրն առավել քան զգայուն դարձավ, իսկ դրա լուծումը` հրատապ եւ կարեւոր` պայմանավորված քրեական գործերի շարունակական աճով եւ դատախազների գերծանրաբեռնվածությամբ:
Ներկայումս քրեական գործերի քանակի աննախադեպ շարունակական աճի պայմաններում դատախազների անխուսափելի գերծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ դատախազությանը վերապահված գործառույթների իրականացման արդյունավետության նվազեցմանը, ինչը վերջնարդյունքում կարող է բերել հանցավորության դեմ արդյունավետ պայքարի եւ պետության քրեական քաղաքականության պատշաճ իրականացման հարցում առկա հանրային սպասելիքների չիրականացմանը: 2008 թվականից ի վեր դատախազական հաստիքների փաստացի աճ գրեթե տեղի չի ունեցել. եթե 2008 թվականին նախատեսված է եղել 337 դատախազական հաստիք, ապա 2019 թվականի մայիսի 15-ի դրությամբ առկա է 351 հաստիք:
Դատախազների գերծանրաբեռնվածության եւ ՀՀ դատախազության համակարգում դատախազների հաստիքների թվի հետ կապված նշյալ խնդիրը լուծելու նպատակով ՀՀ վարչապետի 2020 թվականի հունիսի 1-ին 639-Ա որոշմամբ փոփոխություն կատարվեց «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» ՀՀ վարչապետի N 706-Ա որոշման մեջ` ՀՀ դատախազության համակարգում որպես հաստիքների առավելագույն քանակ նախատեսված 653 հաստիքները ավելացնելով 73-ով (այժմ` 726 հաստիք): Ավելացված 73 հաստիքների գերակշիռ մեծամասնությունը նախատեսվում է համալրել դատախազներով:
Նման պայմաններում օբյեկտիվորեն անհրաժեշտություն է առաջացել անցկացնել արտահերթ բաց մրցույթ` նպատակ ունենալով համալրել առաջացած նոր հաստիքները, մինչդեռ օրենսդրական կարգավորումները թույլ չեն տալիս իրականացնել այն: Անհրաժեշտ է տարվա ընթացքում միայն մեկ բաց մրցույթ անցկացնելու կարգավորումը դարձնել առավել ճկուն, որն ունակ կլինի արդյունավետ եւ արագ արձագանքել դատախազության համակարգում դատախազական կադրերի համալրման ընթացիկ եւ հետագա անհրաժեշտությանը:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվող կարգավորումների բնույթը կայանում է հետեւյալում.
Նախատեսվում է «Դատախազության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունից հետո ավելացնել նոր նախադասություն` համաձայն որի անհրաժեշտության դեպքում գլխավոր դատախազի հանձնարարությամբ կարող է անցկացվել նաեւ արտահերթ բաց մրցույթ: Այս կարգավորման դեպքում կպահպանվի գործող ընդհանուր կանոնը, որի ուժով որպես կանոն յուրաքանչյուր տարվա հունվար ամսին կանցկացվի բաց մրցույթն, միաժամանակ, հնարավորություն կստեղծվի տվյալ տարվա ընթացքում անհրաժեշտության դեպքում անցկացնել նաեւ արտահերթ բաց մրցույթ:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հաղթահարել օրենսդրության մեջ առկա այն իրավական խոչընդոտը, որն առանց որեւէ բացառության հնարավորություն չի տալիս տարվա ընթացքում անցկացնել նաեւ արտահերթ բաց մրցույթ: Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով տարվա ընթացքում անհրաժեշտության դեպքում անցկացնել արտահերթ բաց մրցույթ:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխովող հոդվածների վերաբերյալ
16.06.2020թ.
Ղեկավարվելով Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասով` Ազգային ժողովի քննարկմանն եմ ներկայացնում «Դատախազության մասին» օրենքում լրացում եվ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ):
Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` կից ներկայացնում եմ առաջադրվող Նախագիծը, դրա ընդունման հիմնավորումը, ինչպես նաեւ համապատասխան օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը:
Խնդրում եմ ներկայացված Նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ`
ՎԼԱԴԻՄԻՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ