Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-660-17.06.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ` Օրենք) 24-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«6. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ միակողմ գործարքների) ծագող իրավունքները պետք է պետական գրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան այդ գործարքների նոտարական վավերացման օրվանից սկսած` 30 աշխատանքային օրվա ընթացքում:

Սույն մասի պահանջը չպահպանելը հանգեցնում է գործարքի անվավերության, բացառությամբ եթե առկա են եղել սույն հոդվածի 6.1.-ին մասով սահմանված հիմքերը: Նման գործարքն առոչինչ է:

Գործարքից ծագող իրավունքների պետական գրանցման դիմում կարող է ներկայացնել այդ գործարքի կողմերից յուրաքանչյուրը:»

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1.-ին մասով`

«6.1. Սույն հոդվածի 6-րդ մասում նշված ժամկետը բաց թողնելը կարող է հարգելի համարվել, եթե դիմողը հիմնավորում է իրենից անկախ պատճառներով (նրա մեղքի բացակայությամբ) ժամկետը բաց թողնելու հանգամանքը:

Պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմինը դիմումի հիման վրա հարգելի է համարում ժամկետը բաց թողնելը, եթե

1) պետական գրանցման համար դիմումը նշված ժամկետում ներկայացնելու արգելք է հանդիսացել արտակարգ եւ տվյալ պայմաններում անկանխելի հանգամանք (անհաղթահարելի ուժ).

2) պետական գրանցման համար դիմումը նշված ժամկետում ներկայացնելու արգելք է հանդիսացել դիմողի այնպիսի հիվանդությունը, որը խոչընդոտել է նրա իրավունքի իրացմանը.

3) պետական գրանցման համար դիմումը նշված ժամկետում ներկայացնելու արգելք է հանդիսացել դիմողի կողմից զինված ուժերի կազմում ռազմական գործողություններին կամ մարտական առաջադրանքների կամ այլ ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու հանգամանքը.

4) գործարքի կողմը գործարքը կնքելուց հետո ճանաչվել է անգործունակ եւ ժամկետի վերականգնման համար դիմել է օրենքով սահմանված կարգով նշանակված խնամակալը.

5) գործարքի կողմը մահացել է, եւ ժամկետի վերականգնման համար դիմել է իրավահաջորդը.

6) պետական գրանցման համար դիմումը նշված ժամկետում ներկայացնելու արգելք է հանդիսացել գործարքի կողմին անհայտ բացակայող ճանաչելու հիմքի ի հայտ գալը, եւ անհայտ բացակայող ճանաչվելուց հետո ժամկետի վերականգնման համար դիմել է նրա գույքի հավատարմագրային կառավարիչը.

7) մահացել են անչափահաս քաղաքացու օրինական ներկայացուցիչները, եւ նա չի ունեցել օրենքով սահմանված կարգով նշանակված խնամակալ կամ հոգաբարձու:

Պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմինը որոշում է ընդունում ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու վերաբերյալ, եթե նշված հիմքերը ծագել կամ առկա են եղել սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված երեսնօրյա ժամկետում:

Պետական գրանցման եւ ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու վերաբերյալ դիմումը ներկայացնելու վերջնաժամկետ է ժամկետը բաց թողնելու պատճառը վերանալու օրվանից սկսած 15 աշխատանքային օրը, իսկ գործարքի կողմ չհանդիսացող անձանց դեպքում` այն օրվանից սկսած 15 աշխատանքային օրը, երբ իմացել էին կամ պարտավոր էին իմանալ այդ գործարքի մասին:

Պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմինը պետական գրանցման եւ ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու դիմումը քննարկում եւ լուծում է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով»:

Հոդված 3. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի`

1) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«4) նոտարական վավերացում ստացած գործարքի հիման վրա պետական գրանցման համար դիմումը ներկայացվել է սույն օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված 30-օրյա ժամկետի խախտմամբ, եթե պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմինն այդ ժամկետի բացթողումը հարգելի չի համարել սույն օրենքի 24-րդ հոդվածի 6.1.-ին մասով սահմանված հիմքերով, կամ պետական գրանցման եւ ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու վերաբերյալ դիմումը ներկայացվել է սույն օրենքի 24-րդ հոդվածի 6.1-ին մասով սահմանված 15-օրյա ժամկետի խախտմամբ.»

2) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«5) այն անհատական իրավական ակտը, որով տրամադրվում է իրավունքը կամ կիրառվում է իրավունքի սահմանափակումը, կայացվել է ոչ իրավասու վարչական մարմնի կողմից.»:

Հոդված 4. Օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը «ժամկետը» բառից հետո լրացնել «, բացառությամբ եթե ներկայացվել է պարտապանի եւ գրավատուի` օրենքով սահմանված կարգով տրված գրավոր համաձայնությունը մինչեւ երկամսյա ժամկետի լրանալը գրավի առարկան բռնագանձելու վերաբերյալ:» բառերով:

Հոդված 5. Օրենքի 74-րդ հոդվածի 2-րդ մասը «պետական գրանցումը» բառերից հետո լրացնել «, բառացառությամբ սույն օրենքի 24-րդ հոդվածի 6.1.-ին մասով նախատեսված պետական գրանցման եւ ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու վերաբերյալ դիմումը ներկայացնելու դեպքի,» բառերով:

Հոդված 6. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. 2019 թվականի հունիսի 1-ից հետո կնքված եւ նոտարական վավերացում ստացած, ինչպես նաեւ 2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ իրավունքները պետական գրանցման ներկայացնելու համար «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված երեսնօրյա ժամկետը չլրացած անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ միակողմ գործարքների) ծագող իրավունքները պետք է պետական գրանցման ներկայացվեն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեսնօրյա ժամկետում:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո պետական գրանցման ներկայացնելու համար սույն մասով սահմանված երեսնօրյա ժամկետը բաց թողնելը կարող է հարգելի համարվել սույն օրենքով սահմանված կարգով, եթե «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 6.1.-ին մասում նշված հիմքերը ծագել կամ առկա են եղել նշված երեսնօրյա ժամկետում:  

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Սահմանադրական դատարանը, իր 19.03.2019թ. ՍԴՈ-1448 որոշմամբ անդրադառնալով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասի եւ 30-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցին, Սահմանադրության 60, 75 եւ 78-րդ հոդվածներին հակասող է ճանաչել Օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասն` այն մասով, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ միակողմ գործարքների) ծագող իրավունքներն այդ գործարքների նոտարական վավերացման օրվանից սկսած` ոչ ուշ, քան 30 աշխատանքային օրվա ընթացքում պետական գրանցման ներկայացնելու պահանջը չպահպանելը` առանց ժամկետը բացթողնելու պատճառները հաշվի առնելու, հանգեցնում է գործարքի անվավերությանը, ինչպես նաեւ 30-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը` այն մասով, որ խոչընդոտում է հարգելի պատճառով 30-օրյա ժամկետի խախտմամբ ներկայացված դիմումների հիման վրա գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդրի կողմից նոտարական կարգով կնքված գործարքների պետական գրանցման համար 30-օրյա ժամկետ սահմանելու եւ այդ ժամկետը լրանալուց հետո բացասական իրավական հետեւանքների վրա հասնելու օրենսդրական ընթացակարգերը մի շարք դեպքերում կարող են խոչընդոտել անձի` սեփականության նկատմամբ իրավաչափ սպասելիքների իրացմանը, հետեւաբար` այդ ընթացակարգերը արդյունավետ չեն անձի` սեփականության նկատմամբ օրինական ակնկալիքների իրավունքի իրացման տեսանկյունից:

Օրենսդրական այս կարգավորումների արդյունքում սահմանափակվում է անձի` Սահմանադրությամբ ամրագրված սեփականության իրավունքը, քանի որ 30 աշխատանքային օրվա ժամկետը բաց թողնելուց հետո նա այլեւս չի կարող իր կողմից արդեն իսկ կնքված գործարքի միջոցով ձեռք բերել սեփականության իրավունք: Սահմանադրական դատարանը միաժամանակ գտնում է, որ օրենսդրի կողմից սեփականության իրավունքի այս սահմանափակումն արդարացված չէ Սահմանադրության տեսանկյունից այն հիմնավորմամբ, որ Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով»:

Սահմանադրական դատարանը, իրավաչափ համարելով նման կարգավորումը, այնուամենայնիվ նշել է, որ իրավաչափ նպատակ հետապնդող այս կարգավորումն ընդունելիս օրենսդիրը պետք է հաշվի առներ Սահմանադրության 78-րդ հոդվածով երաշխավորված համաչափության սկզբունքը, ըստ որի` հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի եւ անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Մինչդեռ առկա կարգավորումները թեեւ պիտանի են հետապնդվող նպատակի իրականացման համար, սակայն անհրաժեշտ չեն:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդրի կողմից սահմանված կարգավորումն անհրաժեշտ չէ, քանի որ որպես ավելի մեղմ միջոց Օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասում կարող էր նախատեսվել դրույթ` ժամկետը բաց թողնելը վերականգնելու վերաբերյալ, եթե բաց թողնելը տեղի էր ունեցել առանց անձի մեղքի: Գործարքի անվավերությանը հանգեցնելու կամ առոչինչ լինելու սահմանումը որպես իրավական հետեւանք անհամաչափ սահմանափակում է սեփականության իրավունքի ձեռքբերման նկատմամբ օրինական ակնկալիքի իրավունքը: Կարող են լինել դեպքեր, երբ անձի կողմից ժամկետը չպահպանելն ամենեւին նրա մեղավորությունից չբխի: Այս հանգամանքն օրենսդիրը պետք է հաշվի առներ համապատասխան հարցը կարգավորելիս: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսդիրն Oրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասում ընտրել է միջոցներից այն մեկը, որն էապես ավելի խիստ է միջամտում անձի սեփականության իրավունքին, քան դա կարող էր լինել վերոնշյալ բացառությունը սահմանված լինելու դեպքում, այն պիտանի, սակայն Սահմանադրության 78-րդ հոդվածի իմաստով անհրաժեշտ միջոց չէ: Ուստի գործարքի անվավերության իրավական հետեւանքներ կարող է առաջացնել միայն անձի մեղավորությամբ Օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելը:

Հաշվի առնելով Սահմանադրական դատարանի որոշմամբ բացահայտված խնդիրները, Նախագծով Օրենքի 24-րդ հոդվածը լրացվել է 6.1.-ին մասով, որով հստակ թվարկվում են այն հիմքերը, որոնց առկայության դեպքում դիմողի միջնորդությամբ պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմինը գրանցման համար դիմելու ժամկետի բացթողումը հարգելի է համարում:

Համապատասխան լրացում է կատարվել նաեւ Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում` սահմանելով, որ իրավունքի պետական գրանցումը չի կարող մերժվել, եթե պետական գրանցման համար դիմում ներկայացնելու ժամկետը բաց թողնելը հարգելի է ճանաչվել:

Փոփոխություն է կատարվել նաեւ Օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասում` Քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությանը համապատասխանությունն ապահովելու նպատակով:

Փոփոխություն է կատարվել նաեւ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում, որով  նոտարի կողմից իրավունքները պետական գրանցման ներկայացնելը նախատեսվել է որպես նոտարական գործողություն` դրանից բխող իրավական հետեւանքներով:

Նախագծերի փաթեթը լրացվել է նաեւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով: Նշված օրենքը պետական տուրքի գանձում է նախատեսում նոտարական ցանկացած գործողության համար: Հաշվի առնելով այն, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքների նոտարական վավերացման համար արդեն իսկ գանձվում է պետական տուրք, անձանց համար լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն չառաջացնելու համար նպատակահարմար է նշված գործարքներից ծագող իրավունքները գործարքը վավերացրած նոտարի կողմից պետական գրանցման ներկայացնելու նոտարական գործողության համար նշված անձանց ազատել պետական տուրքից:

Մեկ այլ որոշմամբ (իր 04.02.2014թ. ՍԴՈ-1137 որոշմամբ) Սահմանադրական դատարանը, անդրադառնալով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետի դրույթներին, գտել է, որ դրանում ամրագրված` «իրավունքը կամ սահմանափակումը սահմանող անհատական իրավական ակտը կայացվել է դրա ընդունման լիազորությունը չունեցող մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից» դրույթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` որոշման մեջ ամրագրված իրավական դիրքորոշումների շրջանակներում:

Իսկ ինչ վերաբերում է նույն ենթակետի` «...կամ իրավունքը կամ սահմանափակումը սահմանող անհատական իրավական ակտը չի համապատասխանում դրա ընդունման համար հիմք հանդիսացած օրենքի կամ նորմատիվ իրավական ակտի պահանջներին» դրույթին, ապա այդ դրույթը այնքանով, որքանով կիրառվում է առանց օրենքով սահմանված դատական կամ արտադատական կարգով տվյալ ակտի անվավեր ճանաչման, ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 5-րդ, 91-րդ եւ 108.1-րդ հոդվածների պահանջներին հակասող եւ անվավեր:

Սահմանադրական դատարանը, իր որոշմամբ կարեւորելով օրենքում հասկացությունները հստակ եւ ճշգրիտ ամրագրելու անհրաժեշտությունը, որպեսզի չաղավաղվի իրավակարգավորման բովանդակությունը, նկատի է առնում, որ քննության առարկա օրենքի իրավակարգավորման շրջանակներում կարգավորման առարկան ոչ թե իրավունքի սահմանումը կամ սահմանափակումն է, այլ օրենքով նախատեսված սահմանափակման կիրառումը:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ այլ նորմատիվ, ինչպես նաեւ անհատական իրավական ակտերով չեն կարող ամրագրվել կամ սահմանվել իրավունքներ կամ իրավունքի սահմանափակումներ, իսկ անհատական իրավական ակտերով, որպես իրավունքի կիրառման ակտեր, կարող են ընդամենը կիրառվել իրավունքի սահմանափակումները:

Այնուհետեւ, Սահմանադրական դատարանը, անդրադառնալով վարչական ակտի անվավերությանն ու առոչնչությանը, արձանագրում է, որ իրավունք կամ սահմանափակում կիրառող վարչական ակտի առ ոչինչ լինելու հանգամանքի ստուգումը եւ գնահատումը ոչ միայն իրավաչափ է, այլ նաեւ անհրաժեշտ եւ պարտադիր` պայմանավորված այլոց իրավունքներով եւ ազատություններով, ինչպես նաեւ առ ոչինչ վարչական ակտի կատարման կամ կիրառման համար օրենքով սահմանված պատասխանատվության չենթարկվելու հանգամանքով:

Իսկ ինչ վերաբերում է իրավունք կամ սահմանափակում կիրառող վարչական ակտի անվավերության հիմքերի` Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ստուգման եւ գնահատման հարցին, ապա Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ պետական լիազոր մարմինը, մերժելով գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը, օրենքի վիճարկվող դրույթների ուժով` չի կատարել վարչական ակտի պահանջը` անտեսելով այն հանգամանքը, որ ոչ մի իրավասու սուբյեկտ չի վիճարկել պետական գրանցման ենթակա իրավունք կիրառող վարչական ակտը, եւ այն գտնվում է իրավաբանական ուժի մեջ:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ պետական գրանցման ենթակա իրավունք կամ սահմանափակում կիրառող վարչական ակտի` դրա ընդունման համար հիմք հանդիսացած օրենքի կամ նորմատիվ իրավական ակտի պահանջներին չհամապատասխանելու հիմքով իրավունքի պետական գրանցման մերժումը կարող է համարվել իրավաչափ միայն այն դեպքում, երբ սահմանված դատական կամ արտադատական կարգով վերացվել է պետական գրանցման իրավունք կամ սահմանափակում կիրառող անհատական իրավական ակտը, այսինքն` երբ դադարեցվել է վարչական ակտի իրավաբանական ուժը:

2. Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը

Կարգավորման նպատակը ՍԴ վերոնշյալ որոշման կատարումն ապահովելն է, եւ պրակտիկայում անհատական իրավական ակտերի կիրառման հետ կապված հնարավոր խնդիրներից խուսափելը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»  եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

11 հունիսի 2020 թվականի  N    950   - Ա

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասն ու 73-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»  եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը համարել անհետաձգելի եւ սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ     Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. հունիսի 15
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

16 հունիսի 2020 թվականի  N  714 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ  ՆՇԱՆԱԿԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը`

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»  եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ           Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. հունիսի 16
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 73-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»  եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի  N 950-Ա  որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:

Հարգանքով`     ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ