Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-658-17.06.2020-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Սույն օրենքի նպատակն է ապահովել կինեմատոգրաֆիայի ոլորտի զարգացումը Հայաստանի Հանրապետությունում, ստեղծել բավարար իրավական երաշխիքներ եւ աջակցել ազգային ֆիլմերի ստեղծմանը, տարածմանը, ցուցադրմանն ու առաջխաղացմանը, ինչպես նաեւ կինոժառանգության եւ կինոտարեգրության պահպանմանը եւ հասանելիության ապահովմանը:

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է կինեմատոգրաֆիայի ոլորտում պետական քաղաքականության սկզբունքները, պետական աջակցության նպատակներն ու ձեւերը, պետական եւ այլ մարմինների լիազորությունները, կինեմատոգրաֆիական գործունության իրավական, կազմակերպական եւ ֆինանսական հարաբերությունները:

Հոդված 2. Կինեմատոգրաֆիայի մասին օրենսդրությունը

1. Կինեմատոգրաֆիայի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ` Սահմանադրություն), Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով (այսուհետ` միջազգային պայմանագրեր), սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով (այսուհետ` օրենք) եւ սույն օրենքին համապատասխան ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերով:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) ազգային կինոռեեստր` ազգային ֆիլմերի վերաբերյալ տեղեկատվությունը հավաքագրելու, գրառելու եւ օգտագործելու նպատակով ստեղծված տվյալների հիմնապահոց.

2) ազգային ֆիլմերի աջակցության դրամագլուխ` աջակցություն տրամադրողների կողմից ազգային ֆիլմերի ստեղծման եւ առաջխաղացման նպատակով հատկացված գումարներ.

3) աջակցություն տրամադրող` ֆիլմերի ստեղծման եւ տարածման համար ֆինանսավորում հատկացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձ, ով չի մասնակցում ֆիլմարտադրության գործընթացին, ձեռք չի բերում ֆիլմի նկատմամբ գույքային իրավունքներ եւ չի կարող ազդել ֆիլմարտադրողի որոշումների կայացման վրա.

4) դասակարգում` ֆիլմի տարբերակում` ըստ դիտողների տարիքային սահմանափակման չափորոշիչների.

5) ենթագրում` ֆիլմում գործող անձանց արտահայտած խոսքի կամ մեկնաբանություն պարունակող տեքստի արտածում կադրի ստորին հատվածում.

6) լիամետրաժ ֆիլմ` 52 րոպեից ավելի տեւողություն ունեցող ֆիլմ.

7) կարճամետրաժ ֆիլմ` մինչեւ 52 րոպե տեւողություն ունեցող ֆիլմ.

8) կինեմատոգրաֆիա` մշակույթի եւ արվեստի ոլորտ, որն իր մեջ ներառում է ֆիլմի ստեղծման, տարածման, ցուցադրման հետ կապված մասնագիտական, ստեղծագործական, արտադրական, տեխնիկական, գիտական եւ կրթական գործունեության ամբողջություն.

9) կինոթատրոն` համապատասխան տեխնիկական միջոցներով էկրանի վրա 50 եւ ավելի դիտողների համար նախատեսված ֆիլմի ցուցադրման առնվազն մեկ սրահ ունեցող վայր.

10) կինոժառանգություն` ժառանգված, պահպանված, հաջորդ սերունդներին փոխանցվող եւ հանրային սեփականություն հանդիսացող ֆիլմի հիմնանյութ, ֆիլմի բնօրինակ կամ բնօրինակ պատճե, ֆիլմի ստեղծման համար անհրաժեշտ պարագաներ (ռեկվիզիտ, կահույք, բեմադրական իր, հագուստ, սարք, սարքավորում, առարկա, կառույց), շարժական եւ անշարժ գույք.

11) կինոտարեգրություն` փաստավավերագրական նյութ, որում ժամանակագրական կարգով արտացոլված է իրողությունների կամ փաստերի հաջորդական պատկերում` դրանք հետագայում օգտագործելու նպատակով.

12) կինոփառատոն` տարբեր անվանակարգերում ընտրված ֆիլմերի ցուցադրման նպատակով մրցութային կամ ոչ մրցութային ծրագրով եւ հաստատված կանոնակարգով անցկացվող միջոցառում.

13) կրկնօրինակում` ֆիլմում գործող անձանց արտահայտած խոսքի վանկավոր արտասանության համաժամանակյա թարգմանության հնչյունագրում.

14) համատեղ արտադրություն` սույն օրենքով սահմանված կարգով երկու եւ ավելի ֆիլմարտադրողների կողմից իրականացվող համատեղ ֆիլմարտադրություն.

15) հավաստագիր` ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ծառայությունները դրանց նվազագույն շահավետ գնից 20 տոկոս ցածր գնով ձեռք բերելու իրավունքը հաստատող փաստաթուղթ.

16) ձայնային ներկայացում` տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար ֆիլմի դրվագների հակիրճ բանավոր նկարագրություն.

17) մատակարար` ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ծառայություններ մատուցող Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած տնտեսվարող սուբյեկտ.

18) նվազագույն շահավետ գին` տնտեսապես հիմնավորված նվազագույն գին, որով պետության գնային կարգավորման բացակայության դեպքում մատակարարի կողմից կմատուցվեր տվյալ ծառայությունը.

19) ստեղծագործական խումբ` ֆիլմի ստեղծման մեջ ներգրավված աշխատախումբ, այդ թվում` սցենարի հեղինակ, բեմադրող ռեժիսոր, բեմադրող օպերատոր, բեմադրող նկարիչ, երաժշտության հեղինակ, հնչյունային ռեժիսոր, մոնտաժի ռեժիսոր, մոնտաժող, անիմատոր, զգեստների նկարիչ, առաջին, երկրորդ եւ երրորդ դերի դերասաններ.

20) վարձույթ իրականացնող (դիստրիբյուտոր)` ֆիլմի վարձույթը կազմակերպող տնտեսվարող սուբյեկտ.

21) վարձույթի վկայական` ֆիլմի վարձույթն իրականացնելու իրավունքը հաստատող փաստաթուղթ.

22) տնտեսվարող սուբյեկտ` կինեմատոգրաֆիայի ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձ.

23) ֆիլմ` ստեղծագործական խմբի համատեղ գործունեության արդյունքում ստեղծագործական մտահղացման հիմքի վրա ստեղծված, թեմատիկ ամբողջականության մեջ միավորված, հետեւողականորեն իրար կապակցված կադրերից կազմված, կինոժապավենի կամ այլ տեսակի կրիչների վրա ամրագրված եւ համապատասխան տեխնիկական միջոցներով հանրությանը ներկայացնելու համար նախատեսված տեսալսողական ստեղծագործություն.

24) ֆիլմ ցուցադրող` ֆիլմի ցուցադրումը կազմակերպող տնտեսվարող սուբյեկտ.

25) ֆիլմարտադրող` ստեղծագործական խմբի հետ կնքված պայմանագրերի հիման վրա ֆիլմի նկատմամբ բացառիկ գույքային իրավունքներ ձեռք բերող տնտեսվարող սուբյեկտ, ում նախաձեռնությամբ եւ պատասխանատվությամբ իրականացվում է ֆիլմարտադրությունը.

26) ֆիլմարտադրություն` ֆիլմ ստեղծելու նպատակով իրականացվող գործունեություն` ստեղծագործական խմբի ներգրավմամբ, տեխնիկական եւ այլ միջոցների օգտագործմամբ.

27) ֆիլմի բնօրինակ` որակական չափանիշներով ֆիլմի հիմնանյութի ձեւաչափին համապատասխանող ֆիլմի վերջնական հաստատված տարբերակի առաջին օրինակ.

28) ֆիլմի հիմնանյութ` նեգատիվ, հակատիպ, վերստուգիչ պատճեն, տեսահնչյունագրի, երաժշտության, ձայնային համադրման ու մագնիսային հնչյունագրերի բնօրինակ եւ նյութական կրիչի վրա պահվող ու ֆիլմի պահպանման եւ վերարտադրման համար անհրաժեշտ այլ նյութեր.

29) ֆիլմի նախագիծ` ֆիլմի ստեղծման վերաբերյալ փաստաթղթերի ամբողջություն, որի հիման վրա ընդունվում են ֆիլմարտադրության կամ ֆինանսավորման վերաբերյալ որոշումներ.

30) ֆիլմի պահպանություն` ֆիլմի հիմնանյութերի, ֆիլմի բնօրինակի կամ բնօրինակ պատճենների, ֆիլմի նախագծերի երկարաժամկետ պահպանմանը, պահպանվածության ապահովմանն ու վերականգնմանն ուղղված գործունեություն.

31) ֆիլմի վարձույթ` ֆիլմի բնօրինակի, բնօրինակ պատճենների կամ օրինակների սահմանափակ ժամանակահատվածով օգտագործման տրամադրում.

32) ֆիլմի ցուցադրում` ֆիլմի հրապարակային ցուցադրում կինոթատրոնում, համացանցով, հաղորդագծով կամ առանց հաղորդագծի, այդ թվում` հեռարձակում հեռուստատեսությամբ կամ արբանյակային կապի միջոցով:

Հոդված 4. Կինեմատոգրաֆիայի պետական քաղաքականության սկզբունքները

1. Կինեմատոգրաֆիայի պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են`

1) ստեղծագործելու ազատությունը եւ պետական միջամտության բացառումը.

2) ստեղծագործողների ինքնուրույնությունն ու իրավահավասարությունը.

3) պետական աջակցության պարտադիրությունն ու անընդհատությունը.

4) պետական աջակցության թափանցիկությունն ու շահերի բախման կառավարումը.

5) կիոնարվեստի պահպանումը, տարածումն ու զարգացումը.

6) ազգային ֆիլմերի ստեղծման եւ հանրահռչակման առաջնահերթությունը.

7) կինոտարեգրության ստեղծման եւ ֆինանսավորման պարտադիրությունը.

8) հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների պաշտպանությունը:

Հոդված 5. Կինեմատոգրաֆիայի պետական աջակցության նպատակներն ու ձեւերը

1. Կինեմատոգրաֆիայի պետական աջակցության նպատակներն են`

1) կինեմատոգրաֆիայի ոլորտի զարգացումն ու մրցունակության բարձրացումը.

2) ազգային ֆիլմերի ստեղծումը, տարածումն, առաջխաղացումն ու պահպանությունը.

3) ֆիլմերի համատեղ արտադրության խթանումը.

4) կինոժառանգության եւ կինոտարեգրության պահպանությունը.

5) միջազգային համագործակցությունն ու օտարերկրյա ներդրումների ներգրավումը:

2. Կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական աջակցության ձեւերն են`

1) իրավական դաշտի կատարելագործումը.

2) բարենպաստ հարկային քաղաքականության իրականացումը.

3) ներդրումների իրականացումը եւ երաշխիքների տրամադրումը.

4) աջակցող ենթակառուցվածքների ստեղծումը եւ զարգացումը.

5) արտադրական եւ տեխնիկական անհրաժեշտ պայմանների ապահովումը.

6) կադրերի պատրաստումը եւ վերապատրաստումը.

7) կրթական, գիտական եւ տեղեկատվական համակարգերի զարգացումը.

8) նյութատեխնիկական հենքի արդիականացումը.

9) կինոարվեստին հաղորդակցվելու մատչելի պայմանների ստեղծումը.

10) ֆինանսավորման բարենպաստ պայմանների ապահովումը.

11) ֆիլմերի ստեղծման, տարածման, հանրահռչակման եւ պահպանման ֆինանսավորումը.

12) կինոփառատոների եւ կինոարվեստի այլ միջոցառումների կազմակերպումը.

13) կինոարվեստի միջոցառումներին մասնակցության ապահովումը.

14) օրենքով չարգելված այլ աջակցություն:

Հոդված 6. Կինեմատոգրաֆիայի ոլորտում պետական միջամտության բացառումը

1. Հայաստանի Հանրապետությունը ապահովում է պետության կողմից ստեղծագործական գործընթացին միջամտելու բացառումը եւ երաշխավորում է կինեմատոգրաֆիայի ոլորտում ազատ ստեղծագործելու ու ինքնաարտահայտվելու հնարավորությունը:

2. Կինեմատոգրաֆիայի ոլորտում գրաքննությունն, այդ թվում` պետական աջակցության մեխանիզմների գործադրման միջոցով, արգելվում է:

ԳԼՈՒԽ 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 7. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` կառավարություն)`

1) իրականացնում է կինեմատոգրաֆիայի ոլորտում պետական միասնական քաղաքականությունը.

2) հաստատում է պետական բյուջեի միջոցների հաշվին կինեմատոգրաֆիայի ոլորտի ֆինանսավորում տրամադրելու կարգը.

3) հաստատում է տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի (այսուհետ` պետական բյուջե) միջոցների հաշվին ֆիլմի առաձին կատեգորիաների ֆինանսավորման մասնաբաժինները եւ սահմանաչափերը.

4) հաստատում է ֆիլմարտադրության եւ ֆիլմի ցուցադրման նպատակով ժամանակավոր ներմուծվող կամ արտահանվող ապրանքների ցանկը, որոնց համար սահմանվում է հայտարարագրման պարզեցված կարգ եւ մինչեւ մեկ աշխատանքային օր բաց թողնման ժամկետ.

5) հաստատում է ֆիլմարտադրության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից ազատելու կարգը եւ առանց աշխատանքի թույլտվության աշխատելու իրավունք տվող մասնագիտությունների ցանկը.

6) հաստատում է հավաստագիր տրամադրելու կարգը.

7) հաստատում է վարձույթի վկայական տրամադրելու կարգը.

8) հաստատում է ազգային ֆիլմի կարգավիճակ տրամադրելու կարգը.

9) հաստատում է համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրելու կարգը.

10) հաստատում է ֆիլմը դասակարգելու եւ դրա վերաբերյալ նշում կատարելու կարգը.

11) հաստատում է դրամագլխին հատկացումներ կատարելու կարգը.

12) հաստատում է ազգային ֆիլմերի պահպանությունն իրականացնելու կարգը.

13) հաստատում է ազգային կինոռեեստր ստեղծելու եւ վարելու կարգը.

14) իրականացնում է Սահմանադրությամբ եւ օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

Հոդված 8. Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի լիազորությունները

1. Մշակույթի ոլորտում կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազորված պետական մարմին)`

1) մշակում է կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական քաղաքականությունը.

2) մշակում է կինեմատոգրաֆիայի զարգացմանն ուղղված ծրագրերն ու հայեցակարգերը.

3) ապահովում է կինեմատոգրաֆիայի միջազգային համագործակցության զարգացումը.

4) ուսումնասիրում է հավաստագիր տրամադրելու համար հիմք հանդիսացող փաստաթղթերը եւ տրամադրում հավաստագիր.

5) հաստատում է ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ծախսերի կազմն ու նվազագույն շահավետ գների հաշվարկման նորմատիվները.

6) հաստատում է ֆինանսավորման նպատակով մրցույթ անցկացնելու կանոնակարգը.

7) հաստատում է ազգային մարմնի խորհրդի եւ գործադիր տնօրենի ընտրության կարգը.

8) իրականացնում է Սահմանադրությամբ եւ օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

Հոդված 9. Ազգային մարմնի լիազորությունները

1. Կինեմատոգրաֆիայի ոլորտում ազգային մարմինը (այսուհետ` ազգային մարմին)`

1) ապահովում է լիազորված պետական մարմնի ծրագրով հաստատված տարեկան գործունեության իրականացումը.

2) ապահովում է պայմաններ երիտասարդ ստեղծագործողների լիարժեք ինքնադրսեւորման, ստեղծագործական ներուժի վերարտադրման եւ իրացման համար.

3) ապահովում է պայմաններ կադրերի պատրաստման եւ վերապատրաստման համար.

4) ապահովում է պայմաններ ոլորտի կրթական համակարգի զարգացման համար.

5) ապահովում է պայմաններ փոքր եւ միջին ֆիլմարտադրողների կայացման համար.

6) ապահովում է շահերի բախման բացառումը կինեմատոգրաֆիայի ոլորտում.

7) ապահովում է կինոարվեստի ստեղծագործության բոլոր տեսակների զարգացումը.

8) ապահովում է պայմաններ ֆիլմերի ցուցադրման ցանցի ստեղծման համար.

9) ապահովում է ազգային կինոռեեստրի ստեղծումը եւ հետագա վարումը.

10) ապահովում է ազգային եւ համաշխարհային կինոժառանգության հասանելիությունը.

11) ապահովում է ֆիլմերի վերականգնումն ու թվայնացումը.

12) ապահովում է ֆիլմերի դասակարգումը.

13) ապահովում է պայմաններ համատեղ արտադրության զարգացման համար.

14) հատկացնում է ֆինանսավորում եւ կատարում նպատակային օգտագործման հսկում.

15) հաստատում է հարաբերություններ կինոարվեստի միջազգային կառույցների հետ.

16) աջակցում է ֆիլմի կրկնօրինակամը, ենթագրմանը եւ ձայնային ներկայացմանը.

17) աջակցում է ազգային ֆիլմերի ստեղծմանը եւ հանրահռչակմանը.

18) աջակցում է դեբյուտային, մանկական եւ էքսպերիմենտալ ֆիլմերի ստեղծմանը.

19) աջակցում է կինոարվեստի միջոցառումներին ազգային ֆիլմերի մասնակցությանը.

20) ուսումնասիրում է ազգային ֆիլմերի աջակցության դրամագլխին հատկացումներ կատարելու համար հիմք հադիսացող տեղեկությունները.

21) ուսումնասիրում է հանրային տարածքներում ֆիլմի նկարահանում իրականացնելու համար օրենքով նախատեսված պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերը.

22) ուսումնասիրում է վարձույթի վկայական տրամադրելու համար հիմք հանդիսացող փաստաթղթերը եւ տրամադրում վարձույթի վկայական.

23) ուսումնասիրում է ազգային ֆիլմի կարգավիճակ տրամադրելու համար հիմք հանդիսացող փաստաթղթերը եւ տրամադրում ազգային ֆիլմի կարգավիճակ.

24) ուսումնասիրում է համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրելու համար հիմք հանդիսացող փաստաթղթերը եւ տրամադրում համատեղ արտադրության կարգավիճակ.

25) իրականացնում է օրենքով եւ իր կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

ԳԼՈՒԽ 3

ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆԸ, ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԵՎ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԸ

Հոդված 10. Ազգային մարմինը

1. Կինեմատոգրաֆիայի ազգային մարմինը Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված անդամություն չունեցող «Հայֆիլմ» ինստիտուտ անվանումով ոչ առեւտրային կազմակերպություն է, որն ունի բացառիկ լիազորություններ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացնելու կինեմատոգրաֆիայի ոլորտի ֆինանսավորումը:

2. Ազգային մարմնի շահառուներն են Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած տնտեսվարող սուբյեկտները (այսուհետ` շահառու):

3. Ազգային մարմինը հանդիսանում է աջակցություն տրամադրող եւ չի կարող ձեռք բերել գույքային իրավունքներ իր կողմից կամ իր միջոցով ֆինանսավորված ֆիլմերի նկատմամբ:

4. Ազգային մարմինը չի հանդիսանում ֆիլմարտադրող եւ չի կարող իրականացնել ֆիլմարտադրության հետ կապված ձեռնարկատիրական գործունեություն ինքնուրույն կամ այլ տնտեսվարող սուբյեկտի միջոցով, որում ունի բաժնեմասնակցություն կամ հնարավություն կանխորոշելու վերջինիս կառավարման մարմինների որոշումները կամ էապես ազդելու նրանց որոշումների կայացման (կիրառման) վրա:

Հոդված 11. Ազգային մարմնի խորհուրդը

1. Ազգային մարմնի կառավարման բարձրագույն մարմինը յոթ անդամից բաղկացած հոգաբարձուների խորհուրդն է (այսուհետ` խորհուրդ), որում ընդգրկվում են`

1) լիազորված պետական մարմնի ղեկավարը` ի պաշտոնե.

2) հանրային ֆինանսների կառավարման ոլորտում կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարը` ի պաշտոնե.

3) տնտեսության ճյուղերի զարգացման ոլորտում կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարը` ի պաշտոնե.

4) կինոարվեստի մասնագետների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրված եւ լիազորված պետական մարմնի սահմանած չափորոշիչների գնահատականների հանրագումարով առավելագույն միավորներ հավաքած մեկ օտարերկրյա եւ երեք տեղական փորձագետ` երեք տարի ժամկետով:

2. Խորհրդի անդամի ընտրության կարգը սահմանում է լիազորված պետական մարմինը:

Հոդված 12. Ազգային մարմնի գործադիր տնօրենը

1. Ազգային մարմնի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ազգային մարմնի գործադիր տնօրենը (այսուհետ` գործադիր տնօրեն):

2. Գործադիր տնօրենը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական ու ստեղծագործական աշխատանքից:

3. Գործադիր տնօրենն ընտրվում է խորհրդի կողմից մրցութային կարգով` կինեմատոգրաֆիայի ոլորտի բարեփոխման եւ զարգացման ծրագրերի առաջարկ ներկայացրած եւ մրցույթի արդյունքում լիազորված պետական մարմնի սահմանած չափորոշիչների գնահատականների հանրագումարով առավելագույն միավոր հավաքած թեկնածուն:

4. Գործադիր տնօրենն ընտրվում է երեք տարի ժամկետով եւ նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել գործադիր տնօրենի պաշտոնում:

5. Գործադիր տնօրենի ընտրության նպատակով անցկացվող մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն եւ կինեմատոգրաֆիայի ոլորտում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող Հայաստանի Հանրապետության գործունակ չափահաս քաղաքացիները:

6. Գործադիր տնօրենի ընտրության կարգը սահմանում է լիազորված պետական մարմինը:

ԳԼՈՒԽ 4

ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄԸ, ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԳԼՈՒԾԸ, ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

Հոդված 13. Ազգային ֆիլմը

1. Ազգային ֆիլմ է համարվում կինոթատրոններում ցուցադրվելու համար նախատեսված այն ֆիլմը, որը միաժամանակ բավարարում է հետեւյալ բոլոր պայմաններին.

1) սցենարի հեղինակը կամ բեմադրող ռեժիսորը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է,

2) ստեղծագործական խմբի մեծամասնությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են,

3) ֆիլմի ստեղծման գործընթացում ներգրավված է Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած ֆիլմարտադրող:

1) Սույն օրենքի ուժով ազգային ֆիլմի կարգավիճակ են ստանում նաեւ այն ֆիլմերը, որոնց գույքային իրավունքները ժառանգաբար համապարփակ իրավահաջորդության կարգով փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը, ինչպես նաեւ սույն հոդվածի 1-ին մասի պահանջը բավարարող եւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ստեղծված ֆիլմերը, այդ թվում` համատեղ արտադրության:

Հոդված 14. Ազգային ֆիլմերի աջակցության դրամագլուխը

1. Ազգային ֆիլմերի ստեղծման եւ առաջխաղացման նպատակով ձեւավորվում է ազգային ֆիլմերի աջակցության դրամագլուխ (այսուհետ` դրամագլուխ), որը համալրվում է`

1) հեռուստատեսությամբ ազգային ֆիլմերի ցուցադրման ընթացքում տեղադրվող գովազդից եւ կինոթատրոնում ֆիլմերի ցուցադրման գործունեությունից ստացվող եկամուտների 10 տոկոսի չափով ֆիլմ ցուցադրողների կողմից կատարվող հատկացումների հաշվին.

2) կինեմատոգրաֆիայի ոլորտի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված եւ տվյալ տարվա ընթացքում շահառուներին չտրամադրված միջոցների չափով պետական բյուջեից կատարվող հատկացումների հաշվին.

3) օրենքով չարգելված այլ աղբյուրների հաշվին:

2. Հեռուստատեսությամբ ազգային ֆիլմերի ցուցադրման ընթացքում տեղադրվող գովազդից եւ կինոթատրոններում ֆիլմի ցուցադրման գործունեությունից ստացված եկամուտների մասին ազգային մարմնին տեղեկության տրամադրումը եւ դրա հիման վրա միջոցների հատկացումն իրականացվում է ֆիլմ ցուցադրողների կողմից` կառավարության սահմանած կարգով:

Հոդված 15. Ազգային ֆիլմերի պահպանությունը եւ վիճակագրական հաշվառումը

1. Ազգային ֆիլմերի պահպանությունը եւ կինոժառանգության հանրային օգտագործումը կազմակերպելու նպատակով ազգային ֆիլմի հիմնանյութերը, ֆիլմի բնօրինակը կամ բնօրինակ պատճենը եւ ֆիլմի հետ կապված փաստաթղթերը ֆիլմարտադրողները մշտական պահպանության են հանձնում Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ` կառավարության սահմանած կարգով:

2. Սույն հոդվածի 4-ին մասի պահանջը չի տարածվում`

1) համատեղ արտադրության ազգային ֆիլմերի վրա, որոնց պահպանությունն իրականացվում է համատեղ արտադրության պայմանագրերի համաձայն.

2) մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ստեղծված եւ կինոժառանգություն չհանդիսացող ազգային ֆիլմերի վրա, որոնց պահպանությունն իրականացվում է կամավորության սկզբունքով:

3. Ազգային ֆիլմերի վիճակագրական հաշվառումը կազմակերպելու նպատակով ազգային ֆիլմերի, ֆիլմարտադրողների եւ ստեղծագործական խմբի մասին տեղեկատվությունը հավաքագրվում եւ գրառվում է ազգային կինոռեեստրում ազգային մարմնի կողմից` կառավարության սահմանած կարգով:

ԳԼՈՒԽ 5

ՖԻԼՄԻ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄԸ, ՖԻԼՄԻ ՎԱՐՁՈՒՅԹԸ ԵՎ ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒՄԸ

Հոդված 16. Ֆիլմի նկարահանումը

1. Հայաստանի Հանրապետության հանրային տարածքներում ֆիլմի նկարահանում թույլատրվում է պետական կամ հանրային գույքի օգտագործման, բնության պահպանության, հասարակական կարգի պահպանման, անվտանգության, անխափան երթեւեկության եւ ազատ տեղաշարժի ապահովման, այլոց առողջության եւ իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ ընդհանուր պատասխանատվության եւ դժբախտ պատահարներից ապահովագրության հետ կապված օրենքով նախատեսված պահանջները կառավարության սահմանած կարգով բավարարելու դեպքում:

2. Սույն հոդվածի 1-ին մասի պահանջը չի տարածվում, եթե ֆիլմի նկարահանումն իրականացվում է մասնակիցների փոքրաթիվ խմբի ներգրավմամբ եւ առանց հատուկ հնարքների կամ բարդ տեխնիկայի կիրառման:

Հոդված 17. Ֆիլմի վարձույթը

1. Հայաստանի Հանրապետությունում ֆիլմի վարձույթը թույլատրվում է կառավարության սահմանած կարգով ֆիլմը դասակարգելու եւ վարձույթի վկայական ստանալու դեպքում:

2. Հայաստանի Հանրապետությունում արգելվում է այն ֆիլմերի վարձույթը, որոնք կրում են`

1) մարդու առողջության եւ ենթագիտակցության վրա բացասական ազդեցություն գործող ակնհայտ պոռնոգրաֆիկ բնույթ.

2) ցեղասպանությունը եւ խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները հերքող, մեղմացնող, արդարացնող կամ բռնությունը քարոզող բնույթ.

3) թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման, պատրաստման կամ շրջանառության նկատմամբ հակում առաջացնող կամ ներգրավող բնույթ:

Հոդված 18. Ֆիլմի ցուցադրումը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմի ցուցադրում թույլատրվում է իրականացնել կառավարության սահմանած կարգով ֆիլմի տարիքային սահմանափակման մասին դիտողներին տեղեկացնելու նպատակով համապատասխան նշում կատարելու դեպքում:

2. Ազգային ֆիլմերի ցուցադրումը մեկ հեռուստաալիքով կամ մեկ կինոթատրոնում չի կարող ամսական ընդհանուր ֆիլմերի ցուցադրման 20 տոկոսից պակաս լինել:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում օտարալեզու ֆիլմի ցուցադրման դեպքում, բացի սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջից, պետք է ապահովել նաեւ ֆիլմի հայերեն կրկնօրինակումը կամ տեսանելի ու հստակ ենթագրումը, բացառությամբ` ֆիլմում հնչող տարբեր ժանրերի երաժշտական ստեղծագործությունների եւ այն դրվագների, որոնք էական չեն կամ ըստ ստեղծագործական մտահղացման պետք է լինեն օտարալեզու:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի պահանջը չի տարածվում շահույթ ստանալու նպատակ չհետապնդող գիտական, մշակութային, կրթական, ճանաչողական, օտար լեզուների իմացության բարելավման կամ ուսուցման եւ այլ նմանատիպ ծրագրերի, կինոփառատոների եւ կինոարվեստի այլ միջոցառումների շրջանակներում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների համար ֆիլմի ցուցադրման դեպքերի վրա:

ԳԼՈՒԽ 6

ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ, ՄՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 19. Կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական աջակցությունը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում առնվազն 100 միլիոն ՀՀ դրամ նախահաշվային արժեքով ֆիլմարտադրություն իրականացելու դեպքում ֆիլմարտադրողը կարող է ստանալ հավաստագիր եւ դրա հիման վրա ֆիլմարտադրության հետ կապված ծառայությունները ձեռք բերել նվազագույն շահավետ գնից 20 տոկոս ցածր գնով:

2. Մատակարարի հաշվետու եւ դրան հաջորդող տարիների շահութահարկի գումարը նվազեցվում է հավաստագրի հիման վրա մատուցած ծառայությունների մասով չստացած եկամտի (նվազագույն շահավետ գնի եւ իրացման գնի տարբերության) 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան այդ ծառայությունների նվազագույն շահավետ գնի 20 տոկոսը:

3. Աջակցություն տրամադրողների հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են դրամագլխին կատարվող հատկացումների գումարները:

4. Շահառուների հարկման բազայի որոշման նպատակով եկամուտ չեն համարվում կինեմատոգրաֆիայի ոլորտի ֆինանսավորման նպատակով ազգային ֆիլմերի աջակցության դրամագլխից եւ պետական բյուջեից տրամադրվող գումարները:

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մինչեւ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ֆիլմ ցուցադրողների հարկման բազայի որոշման նպատակով եկամուտ չեն համարվում հեռուստատեսությամբ ազգային ֆիլմի ցուցադրման ընթացքում տեղադրվող գովազդից եւ կինոթատրոններում ֆիլմի ցուցադրման գործունեությունից ստացվող եկամուտները:

6. Ազգային ֆիլմի հիմնանյութերի, ֆիլմի բնօրինակի կամ բնօրինակ պատճենի եւ ֆիլմի հետ կապված փաստաթղթերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ ազատվում է ավելացված արժեքի հարկից:

7. Ֆիլմարտադրության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձինք իրավունք ունեն ֆիլմի նախագծով հաստատված ժամկետի ընթացքում առանց մուտքի վիզայի գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում եւ առանց աշխատանքի թույլտվության մասնակցել ֆիլմարտադրության աշխատանքներին` կառավարության սահմանած կարգով:

8. Ֆիլմարտադրության եւ կինոփառատոներում կամ կինոարվեստի այլ միջոցառումներում ֆիլմի ցուցադրման նպատակով ապրանքների ժամանակավոր ներմուծման ու արտահանման դեպքում գործում է հայտարարագրման պարզեցված կարգ եւ սահմանվում է հայտարարագրի ընդունման պահից չորս ժամվա ընթացքում ապրանքների բաց թողնման ժամկետ` առանց մաքսային վճարների վճարման:

Հոդված 20. Կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական ֆինանսավորումը

1. Կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական ֆինանսավորումն (այսուհետ` պետական ֆինանսավորում) իրականացվում է լիազորված պետական մարմնի հաստատած ծրագրով եւ չի հանդիսանում պետական պատվեր:

2. Պետական ֆինանսավորման նպատակով յուրաքանչյուր տարի պետական բյուջեով նախատեսվում է միջոցների հատկացում` տվյալ տարվա բյուջետային ծախսերի առնվազն 0,1 տոկոսի չափով:

3. Պետական ֆինանսավորումն իրականացվում է ֆիլմի առանձին կատեգորիաների համար հաստատված մասնաբաժինների եւ սահմանաչափերի համաձայն, որոնք սահմանում է կառավարությունն` ըստ.

1) ֆիլմի զարգացման, արտադրության, հետարտադրության եւ ֆիլմը հանրությանը ներկայացման փուլերի,

2) առավելագույն եւ նվազագույն չափով մասնակցության կարգավիճակի,

3) լիամետրաժ ֆիլմ եւ կարճամետրաժ ֆիլմ տեսակների,

4) դեբյուտային ֆիլմ, մանկական ֆիլմ եւ էքսպերիմենտալ ֆիլմ քվոտաների:

4. Պետական ֆինանսավորման համար նախատեսված միջոցները մինչեւ շահառուներին կամ ազգային ֆիլմերի աջակցության դրամագլխին հատկացնելը հանդիսանում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը:

5. Պետական ֆինանսավորման համար նախատեսված միջոցները տվյալ տարվա ընթացքում ամբողջությամբ շահառուներին չտրամադրելը հիմք չէ հաջորդ տարիների պետական բյուջեով կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական ֆինանսավորման համար միջոցներ չնախատեսելու կամ պակաս նախատեսելու համար:

6. Ազգային մարմնի ընթացիկ գործունեության, ազգային ֆիլմերի, կինոժառանգության եւ կինոտարեգրության պահպանության ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի այլ միջոցների հաշվին:

Հոդված 21. Մրցույթ անցկացնելու կարգը եւ պայմանները

1. Պետական բյուջեի եւ դրամագլխի միջոցների հաշվին կինեմատոգրաֆիայի ոլորտի ֆինանսավորումն իրականացվում է կառավարության սահմանած կարգով ֆիլմի տարբեր անվանակարգերում առանձին անցկացվող մրցույթների (այսուհետ` մրցույթ) արդյունքում:

2. Լիազորված պետական մարմնի հաստատած կանոնակարգի համաձայն ձեւավորվում է ֆիլմի յուրաքանչյուր անվանակարգում անցկացվող մրցույթի` հինգ անդամից բաղկացած փորձագետների հանձնախումբ, որում ընդգրկվում են`

1) լիազորված պետական մարմնի կողմից հաստատված չափորոշիչների միավորների հանրագումարով փորձագետների շտեմարանում ներառված կինոարվեստի մասնագետներից վիճակահանությամբ ընտրված երեք տեղական փորձագետ.

2) կինոարվեստի մասնագետների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների` հավասար ներգրավվածության ապահովմամբ առաջադրած թեկնածուներից խորհրդի հավանությանն արժանացած երկու օտարերկրյա փորձագետ:

3. Մրցույթներն անցկացվում են ազգային մարմնի սահմանած ժամանակացույցի համաձայն տարեկան առնվազն երկու անգամ, որին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած այն ֆիլմարտադրողները, որոնք միաժամանակ բավարարում են հետեւյալ բոլոր պայմաններին.

1) սցենարի հիմքի վրա ֆիլմարտադրություն իրականացնելու իրավունքի առկայություն,

2) ստեղծագործական խմբում Հայաստանի Հանրապետության քաղաքացու առկայություն:

4. Մրցույթին չեն կարող մասնակցել այն ֆիլմարտադրողները, որոնք պետական բյուջեի կամ դրամագլխի միջոցների հաշվին ֆինանսավորում են ստացել երկու ֆիլմի նախագծերի համար եւ այդ ֆիլմերից ոչ մեկը չի մասնակցել առնվազն երեք միջազգային կինոփառատոների մրցութային ծրագրի կամ վերջին ֆինանսավորումից հետո չի անցել երեք տարի:

5. Մրցույթին ներկայացված հայտերը գնահատվում են հետեւյալ չափանիշներով`

1) ֆիլմի գեղագիտական-գեղարվեստական արժեքը.

2) ֆիլմի միջազգային ճանաչման հնարավորությունը.

3) ֆիլմի նախագծի իրականացվելիության ներուժը.

4) ֆիլմի նախագծի տնտեսական հիմնավորումը.

5) ֆիլմի առաջխաղացման եւ հանրությանը ներկայացման հեռանկարը:

6. Մրցույթի եւ ֆիլմի նախագծերի պաշտպանության (փիչինգի) արդյունքների հիման վրա փորձագետների հանձնախումբը հաստատում է այն ֆիլմարտադրողների ցանկը, որոնց հետ կարող են կնքվել ֆինանսավորում հատկացնելու պայմանագրեր:

ԳԼՈՒԽ 7

ՀԱՎԱՍՏԱԳՐԻ, ՎԱՐՁՈՒՅԹԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ, ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

Հոդված 22. Հավաստագրի տրամադրումը եւ գործողության դադարեցումը

1. Հավաստագիր ստանալու համար ֆիլմարտադրողը լիազորված պետական մարմին է ներկայացնում.

1) հավաստագիր ստանալու մասին դիմում,

2) ֆիլմի նախագիծը,

3) ֆիլմարտադրության ժամանակացույցը,

4) ֆիլմի նախահաշիվը,

5) ֆիլմի ֆինանսավորման պլանը:

2. Հավաստագրի տրամադրման դիմումը մերժվում է, եթե`

1) ներկայացված տեղեկատվությունը արժանահավատ չէ.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի պահանջներին.

3) ներկայացված փաստաթղթերը թերի են, եւ տեղեկացնելուց հետո տասը աշխատանքային օրվա ընթացքում թերությունները չեն վերացվում.

4) ֆիլմարտադրողը նախկինում խախտել է օրենքով սահմանված պահանջները:

3. Հավաստագրի գործողությունը դադարեցվում է, եթե`

1) ներկայացվել է ոչ հավաստի տեղեկատվություն կամ կեղծ փաստաթղթեր.

2) խախտվել է սույն օրենքի եւ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները.

3) ներկայացվել է հավաստագրի գործողությունը դադարեցնելու դիմում:

4. Հավաստագիրը տրամադրվում է լիազորված պետական մարմնի կողմից` կառավարության սահմանած կարգով:

Հոդված 23. Վարձույթի վկայականի տրամադրումը եւ գործողության դադարեցումը

1. Վարձույթի վկայական ստանալու համար վարձույթ իրականացնողը ազգային մարմին է ներկայացնում.

1) վարձույթի վկայական ստանալու մասին դիմում,

2) ֆիլմի համառոտ նկարագիրը,

3) ֆիլմի վերաբերյալ տեղեկատվություն,

4) ֆիլմի դասակարգման մասին հայտարարություն,

5) ֆիլմի գույքային իրավունքների վերաբերյալ հայտարարագիր:

2. Վարձույթի վկայականի տրամադրման դիմումը մերժվում է, եթե`

1) ներկայացված տեղեկատվությունը արժանահավատ չէ.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի պահանջներին.

3) ներկայացված փաստաթղթերը թերի են, եւ տեղեկացնելուց հետո տասը աշխատանքային օրվա ընթացքում թերությունները չեն վերացվում:

3. Վարձույթի վկայականի գործողությունը դադարեցվում է, եթե`

1) ներկայացվել է ոչ հավաստի տեղեկատվություն կամ կեղծ փաստաթղթեր.

2) խախտվել է սույն օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները.

3) ներկայացվել է վարձույթի վկայականի գործողությունը դադարեցնելու դիմում:

4. Վարձույթի վկայականը տրամադրվում է ազգային մարմնի կողմից` կառավարության սահմանած կարգով:

Հոդված 24. Ազգային ֆիլմի կարգավիճակի տրամադրումը եւ դադարեցումը

1. Ազգային ֆիլմի կարգավիճակ ստանալու համար ֆիլմարտադրողը ազգային մարմին է ներկայացնում.

1) ազգային ֆիլմի կարգավիճակ ստանալու մասին դիմում,

2) ֆիլմի նախագիծը,

3) ֆիլմարտադրողների հետ կապված տեղեկատվություն,

4) ֆիլմի ստեղծագործական խմբի հետ կապված տեղեկատվություն,

5) ֆիլմի հեղինակային իրավունքների վերաբերյալ հայտարարագիր:

2. Ազգային ֆիլմի կարգավիճակի տրամադրման դիմումը մերժվում է, եթե`

1) ներկայացված տեղեկատվությունը արժանահավատ չէ.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի պահանջներին.

3) ներկայացված փաստաթղթերը թերի են, եւ տեղեկացնելուց հետո տասը աշխատանքային օրվա ընթացքում թերությունները չեն վերացվում:

3. Ազգային ֆիլմի կարգավիճակը դադարեցվում է, եթե`

1) ներկայացվել է ոչ հավաստի տեղեկատվություն կամ կեղծ փաստաթղթեր.

2) խախտվել է սույն օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները.

4. Ազգային ֆիլմի կարգավիճակը տրամադրվում է ազգային մարմնի կողմից` կառավարության սահմանած կարգով:

Հոդված 25. Համատեղ արտադրության կարգավիճակի տրամադրումը եւ դադարեցումը

1. Համատեղ արտադրության կարգավիճակ ստանալու համար ֆիլմարտադրողը ազգային մարմին է ներկայացնում.

1) համատեղ արտադրության կարգավիճակ ստանալու մասին դիմում,

2) ֆիլմի համառոտ նկարագիրը,

3) ֆիլմի նախահաշիվը եւ ֆինանսավորման պլանը,

4) ֆիլմի համատեղ արտադրության պայմանագիրը,

5) ֆիլմի ստեղծագործական եւ տեխնիկական ներդրումների ցուցակը:

2. Համատեղ արտադրության կարգավիճակի տրամադրման դիմումը մերժվում է, եթե`

1) ներկայացված տեղեկատվությունը արժանահավատ չէ.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի պահանջներին.

3) ներկայացված փաստաթղթերը թերի են, եւ տեղեկացնելուց հետո տասը աշխատանքային օրվա ընթացքում թերությունները չեն վերացվում:

3. Համատեղ արտադրության կարգավիճակը դադարեցվում է, եթե`

1) ներկայացվել է ոչ հավաստի տեղեկատվություն կամ կեղծ փաստաթղթեր.

2) խախտվել է սույն օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները.

4. Համատեղ արտադրության կարգավիճակը տրամադրվում է ազգային մարմնի կողմից` կառավարության սահմանած կարգով:

ԳԼՈՒԽ 8

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 26. Միջազգային համագործակցությունը

1. Կինեմատոգրաֆիայի միջազգային համագործակցությունն իրականացվում է միջազգային պայմանագրերի ու Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն եւ նախատեսում է`

1) օտարերկրյա ֆիլմարտադրողների հետ համատեղ արտադրության իրականացում.

2) օտարերկրյա պետություններում կազմակերպվող կինոփառատոներին եւ կինոարվեստի այլ միջոցառումներին ազգային ֆիլմերի մասնակցության ապահովում.

3) օտարերկրյա պետություններում ազգային ֆիլմի օրերի, շաբաթների, կինոփառատոների եւ կինոարվեստի այլ միջոցառումների կազմակերպում.

4) Հայաստանի Հանրապետությունում անցկացվող կինոփառատոների եւ կինոարվեստի այլ միջոցառումներին օտարերկրյա ֆիլմարտադրողների եւ միջազգային կազմակերպությունների մասնակցության ապահովում.

5) միջազգային համագործակցության այլ ձեւեր:

Հոդված 27. Համատեղ արտադրությունը

1. Համատեղ արտադրություն է համարվում այն ֆիլմարտադրությունը, որը միաժամանակ բավարարում է հետեւյալ բոլոր պայմաններին.

1) առկա է մասնակցության առավելագույն մաս ներկայացնող ֆիլմարտադրող, որն ունի ստեղծագործական ու տեխնիկական փաստացի մասնակցություն ֆիլմարտադրության մեջ եւ բավարարում է այն բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ են որպեսզի համատեղ արտադրության ֆիլմը համարվի ազգային ֆիլմ,

2) առկա է մասնակցության նվազագույն մաս ներկայացնող մեկ կամ մի քանի ֆիլմարտադրող,

3) առկա է համատեղ արտադրության պայմանագիր, որն ունի եկամուտների եւ տարածքների բաշխման վերաբերյալ դրույթներ:

2. Համատեղ արտադրության ֆիլմերը օգտվում են սույն օրենքի համաձայն ազգային ֆիլմին վերապահվող առավելություններից:

ԳԼՈՒԽ 9

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 28. Սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը

1. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասերով, 15-րդ հոդվածի 1-ին մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասով, 18-րդ հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով:

2. Սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջի խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 10

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 29. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 11-21-րդ հոդվածների դրույթները գործելու են դրանք կանոնակարգող կառավարության որոշումներն ու այլ նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից:

3. Սույն օրենքով նախատեսված կառավարության որոշումներն ու այլ նորմատիվ իրավական ակտերը պետք է ընդունվեն սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից վեց ամսվա ընթացքում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Կինեմատոգրաֆիայի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Մաքսային կարգավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման

Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է կինեմատոգրաֆայի ոլորտի համապարփակ կարգավորման եւ միասնական իրավական հիմքերի սահմանման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, անհրաժեշտ է կանոնակարգել ֆիլմարտադրության, ֆիլմերի վարձույթի, ցուցադրման, կինոփառատոներում ու կինոշուկաներում մասնակցության պետական ֆինանսավորման, օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծան նպատակով հավաստագրերի տրամադրման, հեղինակային ու հարակից իրավունքների պաշտպանության, ֆիլմերի վիճակագրական հաշվառման ու պահպանության նպատակով վարձույթի վկայականների տրամադրման, տարիքային սահմանափակման մասին դիտողներին տեղեկացնելու նպատակով ֆիլմերի դասակարգման, Հայաստանի Հանրապետության կառավարության, մշակույթի ոլորտում կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի, կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի եւ կինեմատոգրաֆիայի ոլորտի տեղական եւ միջազգային կազմակերպությունների միջեւ համագործակցության հետ կապված հարաբերությունները:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Մինչ օրս Հայաստանի Հանրապետությունում բացակայում է կինեմատոգրաֆիայի ոլորտը կարգավորող իրավական ակտ, որի արդյունքում մի շարք կարեւոր հարաբերություններ օրենսդրական կարգավորում չեն ստացել, իսկ առկա կարգավորումները չեն ապահովում եզրույթների օգտագործման միասնականությունը: Կարգավորված չեն ֆիլմարտադրության, ֆիլմերի վարձույթի, ցուցադրման, միջազգային կինոփառատոներին մասնակցության պետական ֆինանսավորման եւ պետական աջակցության այլ ձեւերը: Որեւէ կերպ չի խրախուսվում օտարերկրյա ֆիլմերի նկարահանումը Հայաստանի Հանրապետությունում: Կինոթատրոններում եւ հեռուստատեսությամբ ֆիլմերի հրապարակային ցուցադրումը իրականացվում է առանց տարիքային սահմանափակումների մասին նշում անելու, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ բարոյական նորմերի եւ երեխաների իրավունքների պաշտպանության վրա: Կարգավորված չէ ֆիլմերի վարձույթի իրականացման հետ կապված հարցերը, ըստ որի ֆիլմերի վարձույթը կիրականացվի օրինական դաշտում եւ կպաշտպանվեն բոլոր հեղինակային եւ հարակից իրավունքները:

Միաժամանակ, օրենքով կկանոնակարգվի կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի լիազորությունները, որի համաձայն հիշյալ մարմնի գործունեությունը կկարգավորվի օրենքով: Բացի այդ կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի կողմից կինեմատոգրաֆիայի ոլորտին ֆինանսավորելու համար կընձեռվի հնարավորություն ներգրավելու լրացուցիչ ֆինանսական միջոցներ ազգային ֆիլմերի աջակցության դրամագլխի ձեւավորման արդյունքում:

Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը

Օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է ոլորտում իրավահարաբերությունների կարգավորման եւ ոլորտի զարգացման անհրաժեշտությամբ, որը կապահովի իրավական դաշտում օգտագործվող եզրույթների միասնականությունը եւ հիմք կհանդիսանա այլ իրավական ակտերի մշակման եւ կիրարկման համար:

Օրենքների նախագծերը մշակվել են հիմք ընդունելով մի շարք երկրներում կինեմատոգրաֆիայի օրենսդրական կարգավորման փորձը: Մասնավորապես, ուսումնասիրվել են Ֆրանսիայի, Ռուսաստանի, Ռումինիայի, Կանադայի, Չեխիայի, Հունգարիայի, Մոլդովայի, Վրաստանի, Բուլղարիայի, Իսլանդիայի, Ֆրանսիայի եւ մի շարք այլ երկրների կինեմատոգրաֆիային ոլորտը կարգավորող իրավական ակտեր, որտեղ օրենսդրորեն ճանաչվում է կինեմատոգրաֆիայի հատուկ նշանակությունը եւ առանձնահատուկ օրենսդրական կարգավորում է նախատեսվում ոլորտի պետական աջակցության համար:

Միջազգային փորձը հատկապես ուսումնասիրվել է հարկային արտոնությունների, պետական ֆինանսավորման, վարձույթի վկայականի, կինոմատոգրաֆիայի ազգային մարմնի լիազորությունների, միջազգային համագործակցության եւ մի շարք այլ կարեւոր հարցերի մասով:

Օրենքների նախագծերը նպատակ ունեն`

Ակնկալվում է, որ նշված օրենքների նախագծերի ընդունումը նոր խթան կհանդիսանա Հայաստանի Հանրապետությունում կինեմատոգրաֆիայի զարգացման համար, մասնավորապես` օրենսդրական փաթեթի ընդունումը կնպաստի`


Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգարժան պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին եւ «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` գրությանը կցվում են`

ա) նախագիծը (հիմնական զեկուցող` Աննա Կոստանյան),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը:

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Հարգանքով`

Աննա Կոստանյան (120)
Մխիթար Հայրապետյան (049)
Վահագն Թեւոսյան (037)
Արթուր Մանուկյան (032)
Արման Եղոյան (016)