Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-6581-17.06.2020-ԳԿ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 189.19-րդ հոդվածով.

«Հոդված 189.19. Ֆիլմի ցուցադրման վերաբերյալ տեղեկություն տրամադրելու պահանջները խախտելը

1. Ամսական ընդհանուր ֆիլմերի ցուցադրման մեջ ազգային ֆիլմերի մասնաբաժնի, ինչպես նաեւ հեռուստատեսությամբ ազգային ֆիլմերի ցուցադրման ընթացքում տեղադրվող գովազդից ու կինոթատրոններում ֆիլմի ցուցադրման գործունեությունից ստացված եկամուտների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիլմ ցուցադրողի պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

2. Ամսական ընդհանուր ֆիլմերի ցուցադրման մեջ ազգային ֆիլմերի մասնաբաժնի, ինչպես նաեւ հեռուստատեսությամբ ազգային ֆիլմերի ցուցադրման ընթացքում տեղադրվող գովազդից ու կինոթատրոններում ֆիլմի ցուցադրման գործունեությունից ստացված եկամուտների վերաբերյալ կեղծ տեղեկություն տրամադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիլմ ցուցադրողների պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 189.20-րդ հոդվածով.

«Հոդված 189.20. Ազգային ֆիլմը մշտական պահպանության հանձնելու պահանջները խախտելը

1. Ազգային ֆիլմի հիմնանյութերը, ֆիլմի բնօրինակը կամ բնօրինակ պատճենը եւ ֆիլմի հետ կապված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ մշտական պահպանության հանձնելու պահանջները խախտելը.
 
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիլմարտադրողի պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքում վարչական իրավախախտում կատարած անձը լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից իրավախախտումը հայտնաբերելու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում վերացնում է իրավախախտման հատկանիշները, ապա նա ազատվում է նշանակված վարչական տույժը կատարելու պարտականությունից:»:

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 189.21-րդ հոդվածով.
 
«Հոդված 189.21. Առանց օրենքով նախատեսված պահանջները բավարարելու հանրային տարածքներում ֆիլմի նկարահանում իրականացնելը

1. Առանց օրենքով նախատեսված պահանջները բավարարելու հանրային տարածքներում ֆիլմի նկարահանում իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիլմարտադրողի պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2. Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` կրկին անգամ մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիլմարտադրողի պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 189.22-րդ հոդվածով.

«Հոդված 189.22. Առանց ֆիլմը դասակարգելու եւ վարձույթի վկայական ստանալու ֆիլմի վարձույթ իրականացնելը

1. Առանց ֆիլը դասակարգելու եւ վարձույթի վկայական ստանալու ֆիլմի վարձույթ իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում վարձույթ իրականացնողի պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2. Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` կրկին անգամ մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում վարձույթ իրականացնողի պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 189.23-րդ հոդվածով.

«Հոդված 189.23. Ազգային ֆիլմ ցուցադրելու, օտարալեզու ֆիլմի կրկնօրինակումը կամ ենթագրումը ապահովելու եւ ֆիլմի տարիքային սահմանափակման մասին նշում կատարելու պահանջները խախտելը

1. Ամսական ընդհանուր ֆիլմերի ցուցադրման մեջ ազգային ֆիլմերի մասնաբաժինը 20 տոկոս կազմելու, օտարալեզու ֆիլմի հայերեն կրկնօրինակումը կամ տեսանելի ու հստակ ենթագրումը ապահովելու, ֆիլմի տարիքային սահմանափակման մասին նշում կատարելու պահանջները խախտելը.

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիլմ ցուցադրողների պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2. Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` կրկին անգամ մեկ տարվա ընթացքում.

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիլմ ցուցադրողների պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 6. Օրենսգրքի 219.1-ին հոդվածի 2-րդ մասը «189.12-րդ» բառերից հետո լրացնել «, 189.18-րդ, 189.19-րդ, 189.20-րդ, 189.21-րդ, 189.22-րդ եւ 189.23-րդ» բառերով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: