Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-6583-17.06.2020-ԳԿ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Մաքսային  կարգավորման  մասին»  Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-241-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 217-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 217. Գիտական կամ առեւտրային նմուշների, ֆիլմարտադրության կամ ֆիլմի ցուցադրման հետ կապված ապրանքների ժամանակավոր ներմուծումը

1. Գիտահետազոտական  աշխատանքների  իրականացման, ֆիլմարտադրության կամ կինոփառատոներում եւ կինոարվեստի այլ միջոցառումներում ֆիլմի ցուցադրման նպատակով ժամանակավոր ներմուծվող գիտական կամ առեւտրային նմուշները, ֆիլմարտադրության կամ ֆիլմի ցուցադրման հետ կապված ապրանքները ենթակա են պարզեցված կարգով հայտարարագրման` սույն հոդվածի դրույթներին համապատասխան:

2. Կառավարությունը կարող է սահմանել այն ապրանքների առավելագույն քանակը եւ (կամ) առավելագույն արժեքը, որոնք ժամանակավոր ներմուծվում են որպես գիտական կամ առեւտրային նմուշներ, ֆիլմարտադրության կամ ֆիլմի ցուցադրման հետ կապված ապրանքներ միեւնույն անձի կողմից` միանգամյա կամ որոշակի ժամանակահատվածում` Միության մաքսային օրենսդրությանը համապատասխան:

3. Ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող ուղեկցվող ուղեբեռում գտնվող, ինչպես նաեւ փոստային առաքումներով տեղափոխվող գիտական կամ առեւտրային նմուշները, ֆիլմարտադրության կամ ֆիլմի ցուցադրման հետ կապված ապրանքները, որոնց արժեքը չի գերազանցում 200 հազար դրամը, հայտարարագրվում են պարզեցված կարգով` մաքսային հայտարարագրի փոխարեն մաքսային մարմիններին ներկայացնելով գիտական կամ առեւտրային նմուշները, ֆիլմարտադրության կամ ֆիլմի ցուցադրման հետ կապված ապրանքները ստացող կազմակերպության գրավոր դիմում: Սույն մասում նշված դիմումի ձեւը սահմանում է կոմիտեն:

4. Գիտական կամ առեւտրային նմուշների, ֆիլմարտադրության կամ ֆիլմի ցուցադրման հետ կապված ապրանքների` «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնելու ժամկետը մաքսային հայտարարագրի ընդունման պահից կազմում է չորս ժամ` մաքսային հայտարարագրի հետ միաժամանակ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում:

5. Կառավարության կողմից կարող է սահմանվել ապրանքների ցանկ, որոնց ժամանակավոր ներմուծման համար կարող է սահմանվել մինչեւ մեկ աշխատանքային օր բաց թողնելու ժամկետ:»:

Հոդված 2. Օրենքի 221-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 221. Գիտական կամ առեւտրային նմուշների, ֆիլմարտադրության կամ ֆիլմի ցուցադրման հետ կապված ապրանքների ժամանակավոր արտահանումը

1. Գիտական կամ առեւտրային նմուշները, ֆիլմարտադրության ֆիլմի ցուցադրման հետ կապված ապրանքները, որոնք ժամանակավոր արտահանվում են Հայաստանի Հանրապետությունից Միության սահմաններից դուրս` փորձարկումների, հետազոտությունների, ստուգումների ենթարկելու, ֆիլմարտադրության կամ կինոփառատոներում եւ կինոարվեստի այլ միջոցառումներում ֆիլմի ցուցադրման կամ նման գործողությունների իրականացման ընթացքում օգտագործելու նպատակով հայտարարագրվում են մաքսային հայտարարագրման պարզեցված կարգով` սույն հոդվածի դրույթներին համապատասխան:

2. Ֆիզիկական անձանց կողմից որպես ուղեկցող բեռ, ինչպես նաեւ փոստային առաքումներով Հայաստանի Հանրապետությունից Միության սահմաններից դուրս ժամանակավոր արտահանվող գիտական կամ առեւտրային նմուշները, ֆիլմարտադրության կամ ֆիլմի ցուցադրման հետ կապված ապրանքները հայտարարատուի ցանկությամբ կարող են հայտարարագրվել պարզեցված կարգով` գիտական կամ առեւտրային նմուշները, ֆիլմարտադրության կամ ֆիլմի ցուցադրման հետ կապված ապրանքները ուղարկող կազմակերպության գրավոր դիմումը որպես մաքսային հայտարարագիր ներկայացնելով: Սույն մասում նշված դիմումի ձեւը սահմանում է կոմիտեն:

3. Գիտական կամ առեւտրային նմուշները, ֆիլմարտադրության կամ ֆիլմի ցուցադրման հետ կապված ապրանքները «Ժամանակավոր արտահանման» ընթացակարգով բաց են թողնվում մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` չորս ժամվա ընթացքում:

4. Մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով Կառավարության կողմից կարող է սահմանվել ապրանքների ցանկ, որոնց բաց թողնման ժամկետը կարող է կազմել մինչեւ մեկ աշխատանքային օր:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: