Հոդված 1.
«Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-231-Ն օրենքի (այսուհետ` «Օրենք») 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 71 -ին կետով.
«71 . «կոմունալ վճարների դրամական փոխհատուցումը.»:
Հոդված 2.
Օրենքի 11-րդ հոդվածում`
1) Վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.
«Բնաիրային օգնության եւ կոմունալ վճարների դրամական փոխհատուցման տրամադրումը».
2) Լրացնել նոր 4-րդ եւ 5-րդ մասեր.
«4. Կոմունալ վճարների դրամական փոխհատուցումը տրամադրվում է միայնակ տարեցներին` նրանց կողմից սպառված գազի եւ էլեկտրաէներգիայի գումարը փոխհատուցելու նպատակով:
5. Կոմունալ վճարների դրամական փոխհատուցման տրամադրման կարգը եւ պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 2 ամիս անց:
2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվում եւ/կամ համապատասխանեցվում են սույն օրենքի պահանջներին սույն օրենքն ընդունվելուց հետո` 2 ամսվա ընթացքում:
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԵՎ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱUԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ
Հայաստանի Հանրապետությունում միայնակ տարեց թոշակառու անձիք դասվում են սոցիալապես անպաշտպան ու խոցելի քաղաքացիների խմբին եւ բնականաբար ավելի շատ կարիք ունեն պետական հոգածության:
Գաղտնիք չէ, որ Հայաստանում կենսաթոշակների չափը բավական ցածր է նվազագույն կենսապայմանների ապահովման համար, ուստի կոմունալ վճարները լուրջ ֆինանսական բեռ են հատկապես միայնակ բնակվող տարեց թոշակառուների համար: Հաշվի առնելով վերոգրյալը եւ քաղաքացիների նշված խմբի սոցիալական վիճակի բարելավման նպատակից ելնելով, անհրաժեշտություն կա, որպեսզի պետությունն իր սոցիալական աջակցության քաղաքականության շրջանակում դրամական փոխհատուցում տրամադրի վերջիններիս` սպառած բնական գազի եւ էլէկտրաէներգիայի վճարների համար:
Ըստ պաշտոնական տվյալների` Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ներկա դրությամբ հաշվառված են 11.851 միայնակ տարեցներ, որոնցից յուրաքանչյուրին եթե պետական բյուջեից ամսական կտրվածքով փոխհատուցվի 5.000 ՀՀ դրամ (ինչը ներկա պայմաններում իրատեսական գումար է), ապա տարեկան կտրվածքով փոխհատուցման ընդհանուր գումարը կկազմի մոտավորապես 711,1 մլն ՀՀ դրամ:
Այսպիսով, առաջարկվում է համապատասխան լրացումներ կատարել «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, ըստ որի` պետությունը փոխհատուցում կտրամադրի միայնակ տարեցների կոմունալ վճարների դիմաց:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՈՐՈՇՈւՄ
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈւԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈւ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 65-րդ հոդվածի 1-ին մասը` Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր 2020 թվականի հունիսի 17-ի նիստում
Ո Ր Ո Շ Ե Ց
հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ Ազգային ժողովի քննարկմանն առաջադրել «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգարժա'ն պարոն Միրզոյան,
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացնում ենք «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Նախագծին կից ներկայացվում են`
- խմբակցության որոշումն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու մասին.
- նախագծի ընդունման հիմնավորումը.
- տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում են օրենքի համապատասխան հոդվածներում առաջարկվող փոփոխություն(լրացում)ները:
Նախագծի հիմնական զեկուցողն է Սրբուհի Գրիգորյանը:
Խնդրում ենք ներկայացված նախագիծն օրենքով սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Առդիր` ____ թերթ:
Հարգանքով` ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ