Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-667-19.06.2020-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 1. 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության` 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների (դատավորների) եւ նախագահի պաշտոնավարումը

1. Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված եւ Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տեւողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված եւ պաշտոնավարումը դադարում է:

2. Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամը, ում պաշտոնավարումը չի դադարում սույն հոդվածի 1-ին մասի ուժով, շարունակում է պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր մինչեւ այդ պաշտոնում նրա պաշտոնավարման 12 տարին լրանալը` հաշվի առնելով նաեւ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը որպես Սահմանադրական դատարանի անդամ պաշտոնավարած ժամկետը:

3. Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած` Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են թափուր տեղն առաջանալուց հետո` մեկամսյա ժամկետում:

4. Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարում է: Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով, որն իրականացվում է Սահմանադրական դատարանի դատավորների` սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո:

Հոդված 2. Սույն Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հիմնավորում

 Տեղեկանք փոփոխվող հոդվածի վերաբերյալ

ԱԺ որոշման նախագիծը «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերող հարցով Հայաստանի Հանրապետության  սահմանադրական դատարան դիմելու մասին»



ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 202-րդ հոդվածի 2-րդ մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 84-րդ, 85-րդ եւ 86-րդ հոդվածներով, Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը» շրջանառության մեջ դնելու մասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների մեկ քառորդի նախաձեռնությունը:

Սույն հարցով հիմնական զեկուցող նշանակել Վահագն Հովակիմյանին:

Նախագծին կից ներկայացվում են`

1) Սահմանադրության փոփոխությունների նախագիծը,

2) Սահմանադրության փոփոխությունների Սահմանադրության համապատասխանությունը որոշելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը,

3) Սահմանադրության փոփոխությունների նախագծի հիմնավորումը,

4) տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում է Սահմանադրության հոդվածում առաջարկվող փոփոխությունները:

Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Հարգանքով`

Պատգամավորներ