Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-669-19.06.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածի 6.1-ին մասում.

1. «մեկնող» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ ժամանակավոր անաշխատունակության վիճակում գտնվող» կետադրական նշանը եւ բառերը:

2. երկրորդ նախադասության սկզբում լրացնել «Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնող» բառերը,

3. երկրորդ նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն.

«Ժամանակավոր անաշխատունակության վիճակում գտնվող հանձնաժողովի անդամի ստորագրած գրությունը, ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված կարգով նրան տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը փակ ծրարով հանձնաժողովի նախագահին կամ նրան փոխարինողին պետք է հանձնվի հարցի քվեարկությունից առնվազն երեք ժամ առաջ:»

Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասում.

1. «մեկնող» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ ժամանակավոր անաշխատունակության վիճակում գտնվող» կետադրական նշանը եւ բառերը,

2. երկրորդ նախադասության սկզբում լրացնել «Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնող» բառերը,

3. երկրորդ նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն.

«Ժամանակավոր անաշխատունակության վիճակում գտնվող Խորհրդի անդամի ստորագրած գրությունը, ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված կարգով նրան տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը փակ ծրարով Ազգային ժողովի նախագահին կամ նրան փոխարինող տեղակալին պետք է հանձնվի Խորհրդի նիստից առնվազն երեք ժամ առաջ:»:

Հոդված 3. Օրենքի 60-րդ հոդվածի 5-րդ մասում.

1. «մեկնող» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ ժամանակավոր անաշխատունակության վիճակում գտնվող» կետադրական նշանը եւ բառերը,

2. երկրորդ նախադասության սկզբում լրացնել «Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնող» բառերը,

3. երկրորդ նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն.

«Ժամանակավոր անաշխատունակության վիճակում գտնվող պատգամավորի ստորագրած գրությունը, ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված կարգով նրան տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը փակ ծրարով Աշխատակազմին պետք է հանձնվի հարցի քվեարկությունից առնվազն երեք ժամ առաջ:»:

Հոդված 4. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Առկա իրավիճակը

Ներկայումս «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով (այսուհետ` Կանոնակարգ) գրավոր քվեարկության հնարավորությունը տրված է միայն Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնող պատգամավորների համար:

Ողջ աշխարհում տարածված ԿՈՎԻԴ-19 համաճարակը խորհրդարանի գործունեության համար նոր մարտահրավերներ է ստեղծել: Փաստացի կարող է առաջանալ այնպիսի իրավիճակ, որ խորհրդարանի պատգամավորների մի մասը, բացառված չէ անգամ զգալի թվով, հնարավորություն չունենան խորհրդարանի աշխատանքներին ֆիզիկապես մասնակցել, ըստ այդմ, զրկվելով քվեարկելու հնարավորությունից:

2. Առաջարկվող կարգավորումը

Ստեղծված իրավիճակում առաջարկվում է Կանոնակարգում ներդնել մի համակարգ, որը հիվանդության պատճառով ժամանակավորապես անաշխատունակության վիճակում գտնվող պատգամավորներին հնարավորություն կտա գրավոր կարգով քվեարկել: Ըստ այդմ, ժամանակավորապես անաշխատունակության վիճակում գտնվող պատգամավորները հնարավորություն կունենան իրենց քվեարկությունն ուղարկել հանձնաժողովների նախագահներին` հանձնաժողովում քննարկվող հարցերի վերաբերյալ, ԱԺ նախագահին` Խորհրդի կամ ԱԺ նիստերում քվեարկությունների վերաբերյալ:

3. Ակնկալվող արդյունքները

Նախագիծն ընդունելով եւ ժամանակավորապես անաշխատունակության վիճակում գտնվող պատգամավորին գրավոր քվեարկելու հնարավորություն տալով, Ազգային ժողովի բնականոն գործունեությունն ապահովելու համար կավելանա եւս մեկ երաշխիք:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 

«18» հունիսի 2020թ.
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի' պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` գրությանը կցվում են`

1) օրենքի նախագիծը (հիմնական զեկուցող` Վահագն Հովակիմյան).

2) օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը.

3) գործող օրենքի լրացվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:

Խնդրում ենք  օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Հարգանքով`       ՀՀ ԱԺ պատգամավորներ

Վլադիմիր Վարդանյան

Աննա Կարապետյան

Հայկ Գեւորգյան

Վահագն Հովակիմյան