Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-676-26.06.2020-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2015 թվականի հունիսի 22-ի ՀՕ-96-Ն օրենքի 57-րդ հոդվածում`

1) 2-րդ մասում`

ա. «երեք» բառը փոխարինել «հինգ» բառով:

բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին եւ 2.2-րդ մասերով`

«2.1. Սկսած 2020 թվականի հունվարի 1-ից գործատուները, սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայի տեղեկատվության հիման վրա, իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձանց աշխատանքային գրքույկները ներկայացնում են հետեւյալ ժամկետներում.

1) 1000 եւ ավելի աշխատող ունեցող գործատուները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ծանուցվելուց հետո երեք ամսվա ընթացքում,

2) 300-ից 1000 աշխատող ունեցող գործատուները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ծանուցվելուց հետո վեց ամսվա ընթացքում,

3) 100-ից 300 աշխատող ունեցող գործատուները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ծանուցվելուց հետո ինը ամսվա ընթացքում,

4) 50-ից 100 աշխատող ունեցող գործատուները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ծանուցվելուց հետո տասներկու ամսվա ընթացքում,

5) մինչեւ 50 աշխատող ունեցող գործատուները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ծանուցվելուց հետո տասնհինգ ամսվա ընթացքում:»:

«2.2. Սույն հոդվածի 2.1-ին մասով նշված ժամկետներում աշխատանքային գրքույկները չներկայացրած գործատուների վրա գրքույկները ներկայացնելու պարտականությունը կարող է դրվել դատական կարգով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծի նպատակը իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրներին լուծում տալն է:

1.1. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

2015 թվականի հունիսի 22-ին Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-96-Ն օրենքը: Օրենքով, ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսվել է 2017 թվականի հունվարի 1-ից դադարեցնել աշխատանքային գրքույկների կիրառությունը աշխատանքային հարաբերություններում, սահմանվել է գործատուների` իրենց մոտ վարվող աշխատանքային գրքույկները 2017 թվականի հունվարի 1-ից հետո` երկու տարվա ընթացքում լիազոր մարմին հանձնելու, այնուհետեւ` աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելուց հետո աշխատողներին վերադարձնելու օրենսդրական պարտավորությունը: Ընդ որում ՀՀ կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի N 882-Ն որոշման 1-ին կետի համաձայն` աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում ներառելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին է ճանաչվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը:

2017 եւ 2018 թվականների ընթացքում Ծառայության տարածքային բաժինների կողմից հավաքագրվել, կապալառու կազմերպությունների միջոցով տեսաներածվել եւ «Աշխատանքային գրքույկներ» ենթահամակարգ են մուտքագրվել շուրջ 270 000 աշխատանքային գրքույկ:

Սակայն, 2018 թվականին աշխատանքների կատարման ընթացքում պարզ դարձավ, որ հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերով հավաքագրման եւ տեսաներածման համար սահմանված ժամկետը` 2017 թվականի հունվարից մինչեւ 2019 թվականը, աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնելու համար բավարար չէ: Պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանի տեղեկատվության համաձայն` առկա էր շուրջ 320 000 աշխատող, ում գրքույկները դեռեւս տեսաներածված չէին, բացի այդ գրքույկները տեսաներածելու համար տարածքային բաժիններ էին դիմում նաեւ չաշխատող անձինք:

Նշված հանգամանքով պայմանավորված` ընդունվեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-416-Ն օրենքը, որի համաձայն, փոխվեց աշխատանքային գրքույկները գործատուի կողմից հանձնելու` նախկինում սահմանված ժամկետը եւ նոր կարգավորումների շրջանակներում սահմանվեց, որ աշխատանքային գրքույկները հանձնվում են լիազոր մարմնի տարածքային ստորաբաժանում` Ծառայության տարածքային բաժիններ, 2017 թվականի հունվարի 1-ից հետո երեք տարվա ընթացքում:

2019 թվականի գործընթացի շրջանակներում նախատեսված է տեսաներածել շուրջ 350 000 աշխատանքային գրքույկ:

Գրքույկները ներկայացնելու անհրաժեշտության մասին Էլեկտրոնային եղանակով ծանուցվել է շուրջ 44 000 կազմակերպություն, ինչպես նաեւ պարբերաբար Ծառայության պաշտոնական կայքի, սոցիալական ցանցում Ծառայության էջի եւ էլեկտրոնային մամուլի միջոցով տարածվում են համապատասխան հաղորդագրություններ:

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ի սկզբանե գործատուների կողմից գրքույկները Ծառայություն ներկայացնելու օրենսդրական պարտավորությունը խախտելու (չկատարելու) համար վարչական պատասխանատվություն նախատեսված չի եղել եւ ըստ էության Ծառայությունն այս ժամանակահատվածում գրքույկները հավաքագրել է գործատուների հետ համագործակցության դաշտում` չունենալով պատժամիջոցներ կիրառելու լիազորություն: Չունենալով որեւէ օրենսդրական լծակ` մինչ օրս մի շարք գործատուների կողմից չեն ներկայացվել աշխատողների աշխատանքային գրքույկները: Նշված գործընթացի պատշաճ իրականացման դեպքում հետագայում հնարավորինս կհեշտանա քաղաքացիներին կենսաթոշակներ եւ նպաստներ նշանակելու գործընթացը: Այսինքն, սույն գործընթացի պատշաճ եւ ամբողջական իրագործման դեպքում` հիմք կստեղծվի պատշաճ ապահովելու ֆիզիկական անձանց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված սոցիալական ապահովության իրավունքը:

2019 թվականի ընթացքում հավաքագրվել է շուրջ 125 000 աշխատանքային գրքույկ:

Հարկ է նկատի ունենալ, որ 2019 թվականի հունվար ամսվա դրությամբ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական շտեմարանի տվյալների համադրությամբ շուրջ 320 000 աշխատող անձ դեռեւս չունի տեսաներածված գրքույկ:

1.2. Առկա խնդիրներին առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է համապատասխան փոփոխություն եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածում`

1. Երկարացնել գրքույկները ներկայացնելու համար սահմանված ժամկետը եւս երկու տարով:

2. Սահմանել գրքույկները ներկայացնելու տարբերակված ժամկետներ` ըստ գործատուների մոտ աշխատող անձանց թվաքանակի` կիրառելով օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հարկային մարմնից ստացված տեղեկատվությունը, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպել յուրաքանչյուր խմբի մեջ մտնող գորածատուների հետ տարվող աշխատանքը, ապահովել տեսաներածման եւ հաջորդական այլ գործընթացները:

3. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի կանոնակարգումների շրջանակներում` սահմանել, որ աշխատանքային գրքույկները ներկայացնելու պահանջը խախտած գործատուների վրա ներկայացնելու պարտականությունը կարող է դրվել նաեւ դատական կարգով: Ընդ որում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ծառայության եւ գործատուի միջեւ ծագած իրավահարաբերությունները հանրային բնույթի են, ուստի, համապատասխան վեճի դեպքում այն պետք է քննվի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Մասնավորապես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` ֆիզիկական կամ իրավաբանական անձանց որոշակի իրավունքներից զրկելու կամ նրանց վրա որոշակի պարտականություններ դնելու պահանջով, եթե օրենքով դա վերապահված է դատարանին: Այսինքն, վարչական մարմինը կարող է դիմել ֆիզիակական կամ իրավաբանական անձանց դեմ` նրանց վրա որոշակի պարտականություններ դնելու պահանջով, եթե այդպիսի պահանջ վերապահված է դատարանին օրենքով: Ընդ որում, դատական (ՀՀ վարչական դատարան) պրակտիկան ուսումնասիրելով, պարզ է դառնում, որ ՀՀ վարչական դատարանը որոշ պետական մարմինների կողմից ներկայացված նմանաբնույթ հայցերը, մերժել է` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ որեւէ օրենսդրական ակտում համապատասխան վեճերը դատարանի կողմից քննելու վերաբերյալ դրույթ առկա չէ: Ուստի եւ առաջարկվում է համապատասխան օրենքում նախատեսել համապատասխան դրույթ:

2. Առկա խնդիրներին առաջադրվող լուծումները

Ներկայացվող նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածում`

1. 2-րդ մասում` «երեք» բառը փոխարինել «hինգ» բառով:

2. 2-րդ մասը լրացնել նոր` 2.1-ին եւ 2.2-րդ մասերով եւ սահմանել օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հարկային մարմնից ստացված տեղեկատվության հիման վրա` ըստ աշխատողների թվաքանակի գրքույկները ներկայանելու առանձին (կրճատ) ժամկետներ`

1) 1000 եւ ավելի աշխատող ունեցող գործատուները` գործատուի կոնտակտային անձի էլեկտրոնային փոստի հասցեին լիազոր մարմնի կողմից ուղարկված ծանուցումը ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում,

2) 300-ից 1000 աշխատող ունեցող գործատուները` գործատուի կոնտակտային անձի էլեկտրոնային փոստի հասցեին լիազոր մարմնի կողմից ուղարկված ծանուցումը ստանալուց հետո վեց ամսվա ընթացքում,

3) 100-ից 300 աշխատող ունեցող գործատուները` գործատուի կոնտակտային անձի էլեկտրոնային փոստի հասցեին լիազոր մարմնի կողմից ուղարկված ծանուցումը ստանալուց հետո ինը ամսվա ընթացքում,

4) 50-ից 100 աշխատող ունեցող գործատուները` գործատուի կոնտակտային անձի էլեկտրոնային փոստի հասցեին լիազոր մարմնի կողմից ուղարկված ծանուցումը ստանալուց հետո տասներկու ամսվա ընթացքում,

5) մինչեւ 50 աշխատող ունեցող գործատուները` գործատուի կոնտակտային անձի էլեկտրոնային փոստի հասցեին լիազոր մարմնի կողմից ուղարկված ծանուցումը ստանալուց հետո տասնհինգ ամսվա ընթացքում:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ներկայացվող նախագիծն ընդունվելու դեպքում հնարավորինս կվերացվեն իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները, կբարձրանա գրքույկների մշակման (հավաքագրման, տեսաներածման) աշխատաքների արդյունավետությունը: Աշխատանքային գրքույկների հավաքագրման եւ տեսաներածման աշխատանքների ամբողջական իրականացման դեպքում` հնարավորինս դյուրին կլինի ֆիզիկական անձանց կենսաթոշակների եւ նպաստների նշանակման գործընթացը:

Մասնավորապես, աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը էլեկտրոնայնացվելու դեպքում` քաղաքացիները հնարավորինս զերծ կմնան այլ պետական մարմիններին կամ գործատուներին դիմելու գործընթացից: Բացի այդ, նշված գործընթացը հնարավորություն կտա Ծառայությանը տիրապետել անձանց աշխատանքային գործունեության` մինչեւ 2013թ. ընկած ժամանակահատվածի վերաբերյալ հավաստի տեղեկատվություն` բացառելով ոչ իրավաչափ փաստաթղթերի հիման վրա կենսաթոշակ նշանակելուն եւ նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը:

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ է`

1) համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի N 882-Ն որոշման մեջ:



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

18 հունիսի 2020 թվականի N 997 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. հունիսի 19
Երեւան


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

25 հունիսի 2020 թվականի N 744 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը`

Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. հունիսի 25
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 997-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը:

Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ