ԳԼՈՒԽ 1
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի նպատակները
1. Սույն օրենքը կարգավորում է արդյունաբերական դիզայնի ստեղծման, իրավական պահպանության եւ օգտագործման հետ կապված գույքային եւ անձնական՝ ոչ գույքային հարաբերությունները:
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները՝
1) Փարիզյան կոնվենցիա՝ Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիա, որն ստորագրվել է 1883 թվականի մարտի 20-ին Փարիզում ՝ հետագա բոլոր փոփոխություններով եւ լրացումներով.
2) ՄՍՀԿ՝ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպություն.
3) ԹՐԻՓՍ (TRIPS) համաձայնագիր՝ Մտավոր սեփականության իրավունքների՝ առեւտրին առնչվող հայեցակետերի մասին համաձայնագիր, որն ստորագրվել է 1994 թ. ապրիլի 15-ին Մարաքեշում.
4) Միջազգային բյուրո՝ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Միջազգային բյուրո.
5) Լոկառնոյի համաձայնագիր՝ Արդյունաբերական դիզայնների միջազգային դասակարգումը հիմնադրող Լոկառնոյի համաձայնագիր, որն ստորագրված է Լոկառնոյում 1968 թվականի հոկտեմբերի 8-ին.
6) Արդյունաբերական նմուշների միջազգային գրանցման մասին Հաագայի համաձայնագրի ժնեւյան ակտ՝ Արդյունաբերական դիզայնների միջազգային ավանդադրման մասին Հաագայի համաձայնագիր, որը փոփոխվել եւ ընդունվել է 1999 թվականի հուլիսի 2-ին Ժնեւում.
7) պետական լիազոր մարմին՝ մտավոր սեփականության բնագավառի օրենքով լիազորված պետական կառավարման համակարգի մարմին, որի մտավոր սեփականության պահպանության հետ կապված, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված այլ գործառույթները, սույն օրենքով նախատեսված կարգով իրականացնում է այդ մարմնի մտավոր սեփականության գրասենյակը.
8) բողոքարկման խորհուրդ՝ պետական լիազոր մարմնում ստեղծված խորհուրդ, որն իր կանոնադրության համաձայն լուծում է արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պահպանության հետ կապված վիճելի հարցերը.
9) արտոնագիր՝ սույն օրենքով սահմանված կարգով տրված փաստաթուղթ, որը հավաստում է սույն օրենքի համաձայն արդյունաբերական դիզայնին իրավական պահպանության տրամադրման եւ դրա հետեւանքով արդյունաբերական դիզայնի նկատմամբ բացառիկ իրավունքի փաստը.
10) անձ՝ ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր, կազմակերպություն.
11) հայտատու՝ անձ, որի անունով խնդրարկվում է արտոնագիրը.
12) արտոնագրատեր՝ անձ, որը տնօրինում է արտոնագիրը.
13) հայտ՝ սույն օրենքով սահմանված կարգով արտոնագիր ստանալու նպատակով պետական լիազոր մարմին ներկայացվող փաստաթղթերի փաթեթ.
14) ներկայացուցիչ՝ անձ, որը լիազորված է պետական լիազոր մարմնում ներկայացնելու հայտատուին, արտոնագրատիրոջը կամ այլ շահագրգիռ անձի.
15) թվական՝ օր, ամիս, տարի.
16) մութաթիս մութանդիս (mutatis mutandis)՝ համապատասխան փոփոխություններով (Մտավոր սեփականության իրավունքների՝ առեւտրին առնչվող հայեցակետերի մասին համաձայնագրում ԹՐԻՓՍ (TRIPS) ունեցած իմաստով):
17) գրանցված արդյունաբերական դիզայն՝ արդյունաբերական դիզայն, որը սույն օրենքին համապատասխան պահպանվում է ազգային կամ միջազգային ընթացակարգով ներկայացված հայտի հիման վրա.
18) չգրանցված արդյունաբերական դիզայն՝ արդյունաբերական դիզայն, որը սույն օրենքին համապատասխան պահպանվում է առանց հայտ ներկայացնելու:
Հոդված 3. Արդյունաբերական դիզայնի մասին օրենսդրությունը
1. Արդյունաբերական դիզայնի մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից եւ այլ իրավական ակտերից:
2. Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերի եւ սույն օրենքի նորմերի միջեւ հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 4. Արդյունաբերական դիզայնի իրավական պահպանության հիմքը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում պահպանվում են՝
1) սույն օրենքով սահմանված կարգով գրանցված արդյունաբերական դիզայնը, որի նկատմամբ իրավունքը հաստատված է արտոնագրով.
2) Հաագայի համաձայնագրի համաձայն միջազգային գրանցում ունեցող արդյունաբերական դիզայնը՝ սույն օրենքին համապատասխան.
3) չգրանցված արդյունաբերական դիզայնը, այն դեպքում, երբ այն հանրամատչելի է դարձել՝ սույն օրենքին համապատասխան:
2. Սույն օրենքի համաձայն պահպանվող արդյունաբերական դիզայնին իր ստեղծման կամ ցանկացած ձեւով ամրագրման օրվանից սկսած պահպանություն տրամադրվում է նաեւ հեղինակային իրավունքի մասին օրենսդրությանը համապատասխան՝ որպես արտոնագրատիրոջ կամ նրա համաձայնությամբ այլ անձի բացառիկ իրավունքի օբյեկտ:
3. Սույն օրենքով նախատեսված իրավունքների ճանաչումը չի բացառում եւ չի սահմանափակում այլ իրավական ակտերով նույն անձին կամ նրա համաձայնությամբ այլ անձին տրամադրված մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքները, որոնք վերաբերում են, մասնավորապես՝ ապրանքային նշաններին, աշխարհագրական նշումներին, գյուտերին, ինտեգրալ միկրոսխեմանի տոպոլոգիաներին, տպագրական տառաշարերին, անբարեխիղճ մրցակցության կանխմանը:
Հոդված 5. Օտարերկրյա անձանց իրավունքները
1. Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերին համապատասխան կամ փոխադարձության սկզբունքով օտարերկրյա ֆիզիկական անձինք եւ կազմակերպություններն օգտվում են սույն օրենքով նախատեսված իրավունքներից եւ կրում են պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ կազմակերպություններին համահավասար:
2. Փոխադարձության սկզբունքից օգտվելու համար փոխադարձության առկայությունն ապացուցում է դրանից օգտվել ցանկացող անձը:
Հոդված 6. Պետական լիազոր մարմինը
1. Սույն օրենքի շրջանակներում պետական լիազոր մարմնի հիմնական
գործառույթներն են՝
1) արդյունաբերական դիզայնի հայտերի ընդունումը եւ քննարկումը, դրանց փորձաքննության անցկացնումը, հայտերի հրապարակումը, արդյունաբերական դիզայնի պետական գրանցումը, պետության անունից արտոնագրերի հանձնումը.
2) արդյունաբերական դիզայնի միջազգային գրանցումների մասին Միջազգային բյուրոյի ծանուցագրերի ստացումը, դրանց փորձաքննության անցկացումն ու Հայաստանի Հանրապետության տարածքում իրավական պահպանության տրամադրումը.
3) արդյունաբերական դիզայնների պետական գրանցամատյանի (այսուհետ՝ գրանցամատյան) վարումը եւ դրա պահպանումը.
4) արդյունաբերական դիզայնների նկատմամբ իրավունքների փոխանցման (զիջման) եւ արդյունաբերական դիզայնների լիցենզիաների գրանցումը.
5) արդյունաբերական դիզայններին վերաբերող սույն օրենքով նախատեսված տեղեկատվության ապահովումը.
6) Հաագայի Համաձայնագրի ընթացակարգով ներկայացվող հայտերի համար սույն օրենքով սահմանված կարգով որպես ստացող գերատեսչություն հանդես գալը.
7) արդյունաբերական դիզայնի բնագավառում օտարերկրյա եւ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության ներկայացումը.
8) արդյունաբերական դիզայնների գրանցման եւ արտոնագրերի հանձնման հետ կապված գործընթացների իրականացումը:
2. Պետական լիազոր մարմինն ունի «Արդյունաբերական սեփականություն» անվանումով պաշտոնական տեղեկագիր, որտեղ հրապարակում է տեղեկություններ արդյունաբերական դիզայնների հայտերի եւ տրված արտոնագրերի վերաբերյալ, ինչպես նաեւ իր գործունեությանը վերաբերող այլ տեղեկություններ:
3. Պետական լիազոր մարմինն ապահովում է արդյունաբերական դիզայնների հայտերի եւ արտոնագրերի մասին տվյալների էլեկտրոնային եղանակով մատչելիությունը հանրության համար:
4. Սույն օրենքի համաձայն պետական լիազոր մարմինը ընդունում է իրավական ակտեր, որոնք վերաբերում են արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքների ձեռքբերմանը (այդ թվում՝ իրավունքների փոխանցման եւ լիցենզային պայմանագրերի միջոցով), գրանցամատյանների վարմանը եւ պահպանմանը, տեղեկությունների հրապարակմանն ու փոխանակմանը, հայտի նյութերի հետ ծանոթացմանը եւ դրանց պատճենների տրամադրմանը, ինչպես նաեւ արտոնագրային հավատարմատարների որակավորման քննությունների անցկացմանն ու գրանցմանը:
5. Պետական լիազոր մարմինն ունի բողոքարկման խորհուրդ, որը կազմված է նախագահից եւ ութ անդամից, որոնք խորհրդում իրենց աշխատանքը համատեղում են իրենց զբաղեցրած հանրային ծառայության պաշտոնների հետ: Բողոքարկման խորհրդի անհատական կազմը հաստատում է պետական լիազոր մարմնի ղեկավարը: Բողոքարկման խորհրդի կանոնադրությունը, բողոքների, դիմումների եւ առարկությունների քննարկման կարգը հաստատում է Կառավարությունը:
Հոդված 7. Հանրության համար տեղեկատվության տրամադրումը
1. Ցանկացած անձ իր դիմումի համաձայն, օրենքով սահմանված պետական տուրքի վճարման պայմանով, կարող է ուսումնասիրել հայտերին վերաբերող փաստաթղթերը եւ ծանոթանալ ձեռք բերված կամ գրանցված իրավունքներին վերաբերող նյութերին՝ հաշվի առնելով սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված պահանջները:
2. Ներկայացված դիմումների հիման վրա պետական լիազոր մարմինն իր սահմանած կարգոց տեղեկատվական ծառայություն է մատուցում ցանկացած անձի:
Հոդված 8. Հայտերի գործավարության գաղտնիությունը
1. Պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող արդյունաբերական դիզայնների գաղտնիության աստիճանի որոշումը, դրանց օգտագործումը եւ դրանց մասին տեղեկությունների հրապարակումն իրականացվում են Կառավարության սահմանած կարգով:
2. «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն գաղտնի համարվող օբյեկտի մասին տեղեկություններ ներառող հայտի (գաղտնի օբյեկտի հայտի) բոլոր փաստաթղթերը կազմվում եւ հաշվառվում են նշված օրենքի պահանջներին համապատասխան:
3. Մինչեւ պետական լիազոր մարմնի պաշտոնական տեղեկագրում արդյունաբերական դիզայնների հայտերի մասին տեղեկությունների հրապարակումը դրանց նյութերը համարվում են գաղտնի:
4. Սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն, ինչպես նաեւ քրեական գործերով նախնական քննություն իրականացնող մարմինների ծանոթացման համար գաղտնի համարվող նյութերը մատչելի դառնում են միայն հայտատուի գրավոր համաձայնությամբ կամ թույլտվությամբ, իսկ դատարանի համար՝ համապատասխան հարցման դեպքում: Ընդ որում, նշված նյութերը համարվում են ծանոթացման համար մատչելի, եթե դրանց հնարավոր է ծանոթանալ օրենքով չարգելված միջոցով:
5. Ցանկացած անձ, որն ապացուցում է, որ հայտատուն իրեն գրավոր տեղեկացրել է հայտի եւ խնդրարկվող իրավական ծավալի բովանդակության մասին, սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն գաղտնի համարվող նյութերին կարող է ծանոթանալ առանց հայտատուի լրացուցիչ համաձայնության կամ թույլտվության:
6. Մինչեւ պաշտոնական տեղեկագրում արդյունաբերական դիզայնի հայտի մասին տեղեկությունների հրապարակումը պետական լիազոր մարմինը կարող է բացահայտել կամ երրորդ անձանց տրամադրել հետեւյալ տվյալները՝
1) հայտի համարը.
2) հայտի ներկայացման թվականը, իսկ առաջնություն խնդրարկելու դեպքում՝ նաեւ առաջին հայտի ներկայացման թվականը, համարը եւ երկիրը.
3) հայտատուին վերաբերող տվյալները (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, բնակության վայրը, կազմակերպության դեպքում՝ անվանումը, գտնվելու վայրը):
Հոդված 9. Առանց պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի դիմումների ներկայացման հետեւանքը
1. Սույն օրենքով նախատեսված գործողությունների կատարման համար դիմումները, որոնք ներկայացված են առանց համապատասխան պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի համարվում են չներկայացված, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
Հոդված 10. Ծանուցման ժամկետները
1. Պետական լիազոր մարմինը հայտի վերաբերյալ որեւէ որոշում ընդունելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, փոստային կամ կապի այլ միջոցներով, այդ թվում՝ հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով որոշումն ուղարկում է հայտատուին: Որոշումներն ուղարկվում են հայտատուի նախընտրած՝ սույն մասում նշված եղանակներից մեկով: Եթե որոշումը հայտատուին ուղարկվել է նրա կողմից նախընտրած՝ ոչ փոստային առաքմամբ, ապա նա կարող է պետական լիազոր մարմնում դա ստանալ առձեռն՝ ուղարկման թվականից եռամսյա ժամկետում:
2. Սույն օրենքով նախատեսված այլ ծանուցումներն ու հարցումն ուղարկվում են օրենքով սահմանված համապատասխան ժամկետները լրանալուց կամ գործողությունները կատարելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, փոստային կամ կապի այլ միջոցներով, այդ թվում՝ հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով: Ծանուցումներն ու հարցումներն ուղարկվում են հայտատուին նրա նախընտրած՝ սույն մասում նշված եղանակներից մեկով: Եթե ծանուցումներն ու հարցումները հայտատուին ուղարկվել են ոչ փոստային առաքմամբ, ապա նա կարող է պետական լիազոր մարմնում դա ստանալ առձեռն՝ ուղարկման թվականից եռամսյա ժամկետում:
ԳԼՈՒԽ 2
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 11. Պահպանության օբյեկտը
1. Որպես արդյունաբերական դիզայն օրենքով սահմանված կարգով պահպանվում է իրի արտաքին տեսքը բնորոշող այն լուծումը, որը նոր է եւ ինքնատիպ (արդյունաբերական դիզայնի պահպանունակության պայմաններ):
2. Սույն օրենքի իմաստով «արդյունաբերական դիզայնը» իրի կամ նրա մի մասի արտաքին տեսքն է, որը դրա բնորոշ հատկանիշների, մասնավորապես՝ ուրվագծերի, գույների, ձեւերի, կազմվածքի, ինչպես նաեւ նյութերի եւ (կամ) դրա զարդանախշի արդյունքն է:
3. Սույն օրենքի իմաստով «իրը» արդյունաբերական կամ տնայնագործական ցանկացած արտադրանք է, ներառյալ նաեւ համալիր (բարդ) արտադրանքում միավորելու համար նախատեսված փաթեթվածքները, ձեւավորումները, գրաֆիկական խորհրդանիշերը եւ տպագրական տառաշարերը, բացառությամբ համակարգչային ծրագրերի: Սույն օրենքի իմաստով «համալիր (բարդ) իրը» այն արտադրանքն է, որը բաղկացած է բազմաթիվ բաղադրիչներից, որոնք կարող են փոխարինվել իրի թույլատրելի ապամոնտաժման եւ մոնտաժման դեպքում:
4. Պահպանության օբյեկտը կարող է լինել երկչափ կամ եռաչափ, ինչպես նաեւ դրանց համադրությունը:
5. Համալիր (բարդ) իրի մասը կարող է լինել պահպանունակ արդյունաբերական դիզայն, եթե այն՝
1) մնում է տեսանելի արտադրանքի բնականոն օգտագործման ընթացքում.
2) համապատասխանում է արդյունաբերական դիզայնի պահպանունակության պայմաններին՝ նորությանը եւ ինքնատիպությանը:
6. Սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի իմաստով «բնականոն օգտագործումը» վերջին սպառողի կողմից օգտագործումն է, բացառությամբ շահագործման, սպասարկման եւ նորոգման աշխատանքների:
Հոդված 12. Արդյունաբերական դիզայնի նորությունը
1. Արդյունաբերական դիզայնը նոր է, եթե սույն օրենքի 14-րդ հոդվածի դրույթներին համապատասխան որեւէ նույնական արդյունաբերական դիզայն հանրամատչելի չի դարձել՝
1) գրանցված արդյունաբերական դիզայնի դեպքում՝ մինչեւ պետական լիազոր մարմին հայտ ներկայացնելու թվականը, իսկ առաջնություն խնդրարկելու դեպքում՝ մինչեւ առաջնության թվականը.
2) չգրանցված արդյունաբերական դիզայնի դեպքում՝ մինչեւ դրա առաջին բացահայտման թվականը:
2. Սույն հոդվածի 1-ին մասի նպատակներով արդյունաբերական դիզայնը համարվում է նույնական, եթե դրանց բոլոր հատկանիշները համընկնում են կամ տարբերվում են ոչ էական մանրամասներով:
Հոդված 13. Արդունաբերական դիզայնի ինքնատիպությունը
1. Արդյունաբերական դիզայնն ինքնատիպ է, եթե տեղեկացված սպառողի վրա թողած ընդհանուր տպավորությունը տարբերվում է ցանկացած այլ արդյունաբերական դիզայնի թողած ընդհանուր տպավորությունից, որը հանրամատչելի է դարձել սույն օրենքի 14-րդ հոդվածի դրույթներին համապատասխան՝
1) գրանցված արդյունաբերական դիզայնի դեպքում՝ մինչեւ պետական լիազոր մարմին հայտ ներկայացնելու թվականը, իսկ առաջնություն խնդրարկելու դեպքում՝ մինչեւ առաջնության թվականը.
2) չգրանցված արդյունաբերական դիզայնի դեպքում՝ մինչեւ դրա առաջին բացահայտման թվականը:
2. Արդյունաբերական դիզայնի ինքնատիպությունը գնահատելիս հաշվի է առնվում դրա ստեղծման ժամանակ դիզայների (հեղինակի) ազատության աստիճանը, նկատի ունենալով իրի բնույթը եւ արդյունաբերական կամ տնայնագործական հատվածի բնութագրերը (առանձնահատկությունները):
Հոդված 14. Արդյունաբերական դիզայնի բացահայտումը
1. Սույն օրենքի 12-րդ եւ 13-րդ հոդվածների նպատակներով արդյունաբերական դիզայնը համարվում է հանրամատչելի դարձած, եթե այն ցուցադրվել է ցուցահանդեսում, հրապարակվել, օգտագործվել, իրացվել կամ բացահայտվել է այլ եղանակով, բացառությամբ այն դեպքերի, երբ համապատասխան ոլորտում մասնագիտացված Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների համար, ողջամիտ պատճառներով, դրա մասին տեղեկությունները չէին կարող մատչելի լինել՝
1) գրանցված արդյունաբերական դիզայնի դեպքում՝ մինչեւ պետական լիազոր մարմին հայտ ներկայացնելու թվականը կամ, եթե խնդրարկվում է առաջնություն՝ մինչեւ առաջնության թվականը.
2) չգրանցված արդյունաբերական դիզայնի դեպքում՝ մինչեւ դրա առաջին բացահայտումը:
2. Արդյունաբերական դիզայնը հանրամատչելի դարձած չի համարվում, եթե երրորդ անձին այն բացահայտվել է գաղտնիության պահպանման ուղղակի կամ ենթադրվող պայմանով:
3. Սույն օրենքի 12-րդ եւ 13-րդ հոդվածների նպատակներով արդյունաբերական դիզայնի բացահայտումը հաշվի չի առնվում, եթե արդյունաբերական դիզայնը, որի նկատմամբ պահանջվում է պահպանություն, բացահայտվել է՝
1) հեղինակի, նրա իրավահաջորդի կամ երրորդ անձի կողմից՝ հեղինակի տրամադրած տեղեկատվության հետեւանքով, հեղինակի կամ նրա իրավահաջորդի ձեռնարկած գործողությունների հետեւանքով, հեղինակի կամ նրա իրավահաջորդի նկատմամբ կատարված անբարեխիղճ գործողությունների հետեւանքով, եւ,
2) եթե դա տեղի է ունեցել հայտը ներկայացնելուն նախորդող, իսկ ավելի վաղ առաջնություն խնդրարկելու դեպքում՝ այդ առաջնության թվականին նախորդող տասներկու ամսվա ընթացքում:
Հոդված 15. Պահպանության ոչ ենթակա արդյունաբերական դիզայնը
1. Պահպանության ենթակա չէ այն արդյունաբերական դիզայնը, որը՝
1) բնութագրվում է միայն տեխնիկական գործառույթով,
2) պարտադիր պետք է վերարտադրված լինի իր նույնական ձեւով եւ չափերով, որպեսզի իրը, որում արդյունաբերական դիզայնը մարմնավորված կամ օգտագործված է, կարողանա մեխանիկորեն կապակցված կամ տեղադրված լինել ցանկացած այլ իրի մեջ, պայմանով, որ այդ իրերից յուրաքանչյուրը կարողանա կատարել իր գործառույթը,
3) ճարտարապետության օբյեկտ է (բացառությամբ փոքր ճարտարապետական ձեւերի), արդյունաբերական, հիդրոտեխնիկական եւ այլ անշարժ կառույց է, կամ տպագիր արտադրանք է, կամ հեղուկ, գազային կամ սորուն նյութերից անկայուն ձեւ ունեցող օբյեկտ է:
4) հակասում է հասարակության շահերին, մարդասիրության եւ բարոյականության սկզբունքներին:
2. Բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերի, նոր եւ ինքնատիպ արդյունաբերական դիզայնը կարող է պահպանվել, եթե այն ծառայում է մոդուլային համակարգում համափոխարինելի տարրերի բազմակի մոնտաժման կամ միացման հնարավորության ապահովմանը:
Հոդված 16. Արդյունաբերական դիզայնի պահպանության ծավալը
1. Արդյունաբերական դիզայնի իրավական պահպանության ծավալը որոշվում է տեղեկացված սպառողի վրա արտադրանքի արտաքին տեսքի պատկերն առաջացնող ընդհանուր տպավորությամբ:
2. Արդյունաբերական դիզայնի իրավական պահպանության ծավալը գնահատելիս հաշվի է առնվում դրա ստեղծման ժամանակ դիզայների (հեղինակի) ինքնուրույնության աստիճանը:
3. Գրանցված արդյունաբերական դիզայնի պահպանության ծավալը որոշվում է նրա էական հատկանիշների համախմբությամբ, որն արտացոլված է ազգային կամ միջազգային գրանցման մեջ նշված գրաֆիկական պատկերներում: Գրաֆիկական պատկերները պարզաբանող նկարագրությունն արդյունաբերական դիզայնի պահպանության ծավալի վրա ազդեցություն չունի:
Հոդված 17. Արդյունաբերական դիզայնի պահպանության ժամկետը
1. Արդյունաբերական դիզայնի պահպանության՝ արտոնագրի գործողության ժամկետը հինգ տարի է՝ հատի ներկայացման թվականից հաշված: Արդյունաբերական դիզայնի արտոնագրի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել մեկ կամ մի քանի անգամ, յուրաքանչյուր անգամ հինգ տարի ժամկետով՝ ընդհանուր առմամբ մինչեւ հայտի ներկայացման թվականից քսանհինգ տարին լրանալը:
2. Չգրանցված արդյունաբերական դիզայնը պահպանվում է սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերին համապատասխան Հայաստանի հանրապետությունում առաջին անգամ բացահայտման օրվանից սկսած երեք տարվա ընթացքում:
Հոդված 18. Արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքները
1. Արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքը պատկանում է հեղինակին կամ նրա իրավահաջորդին:
2. Հեղինակը (այսուհետ նաեւ՝ դիզայներ) այն ֆիզիկական անձն է, ում ստեղծագործական աշխատանքով ստեղծվել է արդյունաբերական դիզայնը:
3. Եթե արդյունաբերական իրառմ ստեղծվել է մի քանի ֆիզիկական անձանց ստեղծագործական աշխատանքով համատեղ, ապա նրանք համարվում են համահեղինակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի հեղինակ ճանաչվելու իրավունք եւ որոնց փոխհարաբերությունները սահմանվում են նրանց միջեւ կնքված պայմանագրով:
4. Արդյունաբերական դիզայնի ստեղծմանը ցուցաբերված ոչ ստեղծագործական բնույթի աջակցությունը (տեխնիկական, կազմակերպչական կամ նյութական օգնություն, իրավունքների ձեւակերպմանն օժանդակություն եւ այլն) չի հանգեցնում համահեղինակության:
5. Պետական լիազոր մարմինը պատասխանատու չէ հեղինակներին վերաբերող տվյալների իսկության համար:
6. Եթե նույն արդյունաբերական դիզայնն ստեղծվել է իրարից անկախ՝ տարբեր մարդկանց կողմից, ապա արտոնագիր ստանալու իրավունքը պատկանում է այն անձին, ում հայտը սույն օրենքի 40-րդ հոդվածի համաձայն ունի ավելի վաղ ներկայացման թվական կամ, եթե խնդրարկվում է առաջնություն՝ ավելի վաղ առաջնության թվական:
7. Եթե փորձաքննության ընթացքում պարզվում է, որ սույն հոդվածի 6-րդ մասում նշված արդյունաբերական դիզայններն ունեն առաջնության միեւնույն թվականը, ապա հայտատուները ծանուցվում են այդ մասին, նշելով նաեւ հայտատուների համաձայնությամբ նրանց մեկ արտոնագիր տալու հնարավորության մասին: Նշված ծանուցումն ստանալու օրվանից վեց ամսվա ընթացքում համաձայնության չգալու դեպքում նրանց հայտերը համարվում են հետկանչված: Համաձայնության գալու դեպքում նրան տրվող արտոնագրում նշվում են երկու հայտերում հիշատակված բոլոր հեղինակները, եթե նրանք չեն հրաժարվել որպես այդպիսին նշված լինելուց:
Հոդված 19. Ծառայողական արդյունաբերական դիզայնը
1. Ծառայողական պարտականությունների կամ գործատուի առաջադրանքը կատարելու ընթացքում աշխատողի ստեղծած արդյունաբերական դիզայնի (ծառայողական արդյունաբերական դիզայն) նկատմամբ իրավունքը, պատկանում է գործատուին, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջեւ կնքված պայմանագրով:
2. Աշխատողը, որն արդյունաբերական դիզայնի հեղինակն է, իր նվաճումների համար չի կարող լրացուցիչ վարձատրություն պահանջել, բացառությամբ այն դեպքերի, երբ ծառայողական արդյունաբերական դիզայնի մեջ իր անձնական ներդրումը եւ գործատուի համար դրա կարեւորությունն ակնհայտ են ու գերազանցում են սույն հոդվածի 1-ին մասում նշված պայմանագրով նախատեսված պահանջները: Ծառայողական արդյունաբերական դիզայնի հեղինակի վարձատրության չափը, պայմանները եւ վճարման կարգը որոշվում են հեղինակի եւ գործատուի միջեւ կնքված պայմանագրով, իսկ դրա բացակայության դեպքում՝ դատական կարգով:
3. Աշխատողը պարտավոր է գործատուին գրավոր ծանուցել ծառայողական արդյունաբերական դիզայնի մասին դրա ստեղծման օրվանից մեկամսյա ժամկետում: Եթե արդյունաբերական դիզայնի ստեղծման մասին գործատուին ծանուցելու օրվանից երեք ամսվա ընթացքում, վերջինս կամ նրա իրավահաջորդը հայտ չի ներկայացնում պետական լիազոր մարմին, ապա հայտ ներկայացնելու եւ արտոնագիր ստանալու իրավունքն անցնում է հեղինակին: Այդ դեպքում գործատուն օգտվում է տվյալ արդյունաբերական դիզայնի օգտագործման հասարակ լիցենզիա ստանալու առաջնահերթ իրավունքից:
4. Գործատուի կողմից արդյունաբերական դիզայնի արտոնագիր ստանալու դեպքում, հեղինակն օգտվում է տվյալ արդյունաբերական դիզայնի օգտագործման անհատույց հասարակ լիցենզիա ստանալու առաջնահերթ իրավունքից:
5. Հայտ ներկայացնելու եւ արտոնագիր ստանալու իրավունքը, արդյունաբերական դիզայնի օգտագործման բացառիկ իրավունքը, ինչպես նաեւ դրա օգտագործումից առաջացած եկամուտներն ստանալու իրավունքն օրենքով սահմանված կարգով անցնում է ժառանգաբար:
6. Կրթական հաստատություններում կամ գիտական եւ գիտահետազոտական (այսուհետ՝ գիտական) կենտրոններում ուսուցման եւ (կամ) հետազոտական աշխատանքային պարտականությունների կատարման շրջանակներում դասախոսի կամ գիտաշխատողի, հետազոտողի (այսուհետ՝ գիտաշխատող) կողմից ստեղծված արդյունաբերական դիզայնի արտոնագիր ստանալու իրավունքը պատկանում է տվյալ կրթական հաստատությանը կամ գիտական կենտրոնին, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջեւ կնքված պայմանագրով:
7. Սույն հոդվածի 6-րդ մասի պայմանների համաձայն ստեղծված ցանկացած արդյունաբերական դիզայնի մասին դրա հեղինակ հանդիսացող դասախոսը կամ գիտաշխատողը պարտավոր է մեկամսյա ժամկետում ծանուցել կրթական հաստատությանը կամ գիտական կենտրոնին:
8. Դասախոսը կամ գիտաշխատողն իրավունք ունի օգտվելու այն օգուտներից, որոնք ստացել է կրթական հաստատությունը կամ գիտական կենտրոնը՝ սույն օրենքով նախատեսված կարգով արդյունաբերական դիզայնի օգտագործման կամ դրա նկատմամբ իրավունքների զիջման արդյունքում: Օգտվելու մասնաբաժինը, պայմանները եւ գումարի չափը որոշվում են կրթական հաստատության կամ գիտական կենտրոնի կանոնադրությամբ:
9. Կրթական հաստատությունը կամ գիտական կենտրոնը արդյունաբերական դիզայնի արտոնագիր ստանալու իրավունքը կարող է զիջել դրա հեղինակ հանդիսացող դասախոսին կամ գիտաշխատողին՝ պահպանելով անփոխանցելի հասարակ անհատույց լիցենզիայի իրավունքը:
10. Կրթական հաստատությունը կամ գիտական կենտրոնն իրավունք ունի օգտվելու այն եկամուտներից, որոնք սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքերում արդյունաբերական դիզայնի օգտագործումից կամ դրա նկատմամբ բացառիկ իրավունքի (արտոնագրի) զիջման արդյունքում ստացել է դասախոսը կամ գիտաշխատողը: Օգտվելու մասնաբաժինը, պայմանները եւ գումարի չափը որոշվում են կրթական հաստատության կամ գիտական կենտրոնի կանոնադրությամբ:
11. Այն դեպքում, երբ դասախոսը կամ գիտաշխատողն արդյունաբերական իրառմ ստեղծում է պետական կամ մասնավոր կազմակերպության հետ պայմանագրի կատարման արդյունքում, պայմանագրում պետք է նշված լինի, թե պայմանագրի կողմերից ում է պատկանում արդյունաբերական դիզայնի արտոնագիր ստանալու իրավունքը:
Հոդված 20. Արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքի խնդրարկումը
1. Անձը, որի անունով գրանցված է արդյունաբերական դիզայնը կամ, մինչեւ դրա գրանցումը՝ որի անունից ներկայացված է արդյունաբերական դիզայնի հայտը, համարվում է պետական լիազոր մարմնի եւ ցանկացած այլ մարմինների հետ գործերը վարելու իրավասություն ունեցող անձ, քանի դեռ ապացուցված չէ հակառակը:
2. Եթե չգրանցված արդյունաբերական դիզայնը բացահայտվել կամ գրանցման է ներկայացվել, կամ եթե գրանցված արդյունաբերական դիզայնը գրանցվել կամ գրանցման է ներկայացվել սույն օրենքի 18-րդ եւ 19-րդ հոդվածների համաձայն դրա իրավունքը չունեցող անձի կողմից, ապա նշված հոդվածների համաձայն արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունք ունեցող անձը կարող է պահանջել, որ ինքը ճանաչվի տվյալ արդյունաբերական դիզայնի արտոնագրատեր՝ առանց վնաս հասցնելու որեւէ այլ անձի համապատասխան իրավունքներին կամ գործողություններին:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված գործողությունները կարող են իրականացվել երեք տարվա ընթացքում, որը հաշվարկվում է համապատասխանաբար՝
1) գրանցված արդյունաբերական դիզայնի դեպքում՝ գրանցման մասին տեղեկությունները պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու օրվանից.
2) չգրանցված արդյունաբերական դիզայնի դեպքում՝ դրա բացահայտման օրվանից:
Սույն մասով սահմանված դրույթը չի կիրառվում, եթե արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունք չունեցող անձը գործել է անբարեխիղճ, երբ համապատասխան արդյունաբերական դիզայնը նրան բացահայտվել, ներկայացվել կամ վստահվել է:
4.Սույն օրենքի 10-րդ եւ 21-րդ հոդվածներում նշված գործողությունների կատարման վերաբերյալ արդյունաբերական դիզայնների հայտերի հիմնապաշար եւ գրանցամատյան մտցվում են դատական հայց ներկայացնելու, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կամ գործընթացի ավարտման որեւէ այլ ակտի մասին գրառում, ինչպես նաեւ դատարանի ուժ մեջ մտած որոշման կամ գործընթացի ավարտման մասին որեւէ այլ ակտի հիման վրա արտոնագրատիրոջ ցանկացած փոփոխությունը: Գրանցամատյանում կատարված գրառումների ու փոփոխությունների մասին տեղեկությունները հրապարակվում «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում:
Հոդված 21. Գրանցված արդյունաբերական դիզայնի նոր արտոնագրատիրոջ վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հետեւանքները
1. Եթե արտոնագրատիրոջ փոփոխությունը տեղի է ունեցել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով՝ սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ապա առաջին արտոնագրատիրոջ կողմից երրորդ անձանց տրված ցանկացած լիցենզիա եւ այլ իրավունքներ անվավեր են ճանաչվում նոր արտոնագրատիրոջ մասին տվյալները գրանցամատյանում գրանցելու օրվանից:
2. Արտոնագրատերը եւ մինչեւ դատական հայց ներկայացնելը լիցենզիա ստացած անձը, որոնք մինչեւ գրանցամատյանում նոր արտոնագրատիրոջ գրանցումը սկսել են արդյունաբերական դիզայնի օգտագործումը կամ այդ նպատակով կատարել են արդյունավետ եւ կոնկրետ քայլեր, կարող են շարունակել իրենց գործունեությունը, պայմանով, որ հասարակ լիցենզիա ստանալու խնդրանքով նրանք դիմեն նոր արտոնագրատիրոջը: Հասարակ լիցենզիա ստանալու խնդրանքով նախկին արտոնագրատերը կարող է դիմել նոր արտոնագրատիրոջ մասին տեղեկությունները գրանցամատյանում գրանցելու օրվանից հետո՝ երկու ամսվա ընթացքում, իսկ լիցենզիա ստացած անձը՝ նոր արտոնագրատիրոջ մասին պետական լիազոր մարմնի ծանուցագիրն ստանալու օրվանից հետո՝ չորս ամսվա ընթացքում: Լիցենզիան պետք է տրվի ողջամիտ ժամանակահատվածի համար եւ ողջամիտ պայմաններով:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի դրույթները չեն կիրառվում այն դեպքում, երբ նախկին արտոնագրատերը կամ լիցենզառուն գործել է անբարեխիղճ այն ժամանակ, երբ սկսել է արդյունաբերական դիզայնի օգտագործումը կամ քայլեր է կատարել դրա համար:
Հոդված 22. Հեղինակի իրավունքները
1. Գրանցված արդյունաբերական դիզայնի դեպքում՝
1) հեղինակն իրավունք ունի որպես այդպիսին նշվելու արդյունաբերական դիզայնի հայտում, արտոնագրում, ինչպես նաեւ տվյալ արդյունաբերական դիզայնին վերաբերող՝ պետական լիազոր մարմնում իրականացվող ընթացակարգերի փաստաթղթերում.
2) եթե արդյունաբերական դիզայնն ստեղծվել է մի քանի անձանց կողմից, նշվում են բոլոր համահեղինակները.
3) հեղինակն իրավունք ունի հրաժարվելու սույն մասի 1-ին կետի համաձայն իր անունը նշելուց.
2. Հեղինակը կարող է իր խախտված իրավունքները պաշտպանել դատական կարգով:
3. Հեղինակության յուրացումը, համահեղինակությանը պարտադրումը, առանց հեղինակի թույլտվության արդյունաբերական դիզայնի բացահայտումը՝ մինչեւ իրավունքի խնդրարկումը, ճանաչվում է հեղինակի իրավունքների խախտում եւ պատժվում է համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի:
Հոդված 23. Արդյունաբերական դիզայնի նկատմամբ բացառիկ իրավունքը
1. Գրանցված արդյունաբերական դիզայնի դեպքում դրա արտոնագրատիրոջն ընձեռվում է այն օգտագործելու եւ առանց իր թույլտվության երրորդ անձանց կողմից դրա օգտագործումն արգելելու բացառիկ իրավունք: Սույն օրենքի իմաստով օգտագործումը կարող է վերաբերել, մասնավորապես, դրա պատրաստմանը, վաճառքի առաջարկությանը, վաճառքին, ներմուծման ու արտահանմանը կամ դիզայնը ներառող կամ այն մարմնավորող արտադրանքի օգտագործմանը, ինչպես նաեւ նշված նպատակներով դրա պահեստավորմանը:
2. Արդյունաբերական դիզայնի հայտի հրապարակման թվականից մինչեւ արտոնագիր տալու մասին տեղեկությունների հրապարակման թվականն ընկած ժամանակահատվածում արդյունաբերական դիզայնին տրվում է ժամանակավոր իրավական պահպանություն, որի ծավալը որոշվում է արդյունաբերական դիզայնի էական հատկանիշների համախմբությամբ, որն արտացոլված է արդյունաբերական դիզայնի գրաֆիկական պատկերներում, որոնք տրված են արտոնագիր տալու մասին պետական լիազոր մարմնի որոշման մեջ:
3. Չգրանցված արդյունաբերական դիզայնի դեպքում դրա իրավատերը կարող է արգելել սույն հոդվածի 1-ին մասում նշված գործողությունները միայն այն դեպքում, եթե վիճարկվող օգտագործումը պահպանվող արդյունաբերական դիզայնի պատճենման արդյունք է: Վիճարկվող օգտագործումը չի համարվում պահպանվող արդյունաբերական դիզայնի պատճենման արդյունք, եթե այն հեղինակի անկախ ստեղծագործության արդյունքն է, ինչի մասին կարելի է վստահորեն հաստատել, եթե նա ծանոթ չի եղել իրավատիրոջ կողմից բացահայտված արդյունաբերական դիզայնին:
4. Արտոնագրատերն իրավունք ունի արտոնագիրն ստանալուց հետո սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածում արդյունաբերական դիզայնն օգտագործող երրորդ անձից պահանջելու համապատասխան հատուցում այդպիսի օգտագործման համար: Հատուցման չափը որոշվում է կողմերի համաձայնությամբ, իսկ դրա բացակայության դեպքում՝ դատական կարգով:
5. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամանակավոր իրավական պահպանության գործողությունը համարվում է առոչինչ, եթե սույն օրենքի համաձայն արդյունաբերական դիզայնի հայտը հետ է կանչվել կամ հետ կանչված է ճանաչվել կամ հայտը մերժվել է եւ սույն օրենքով նախատեսված՝ դրա բողոքարկման հնարավորություններն սպառված են:
6. Մի քանի արտոնագրատերերի դեպքում (երբ արտոնագիրը տրված է մեկից ավելի անձանց անունով), պահպանվող արդյունաբերական դիզայնի նկատմամբ հարաբերությունները կարգավորվում են նրանց միջեւ կնքված պայմանագրով: Այդպիսի պայմանագրի բացակայության դեպքում նրանցից յուրաքանչյուրն իրավունք ունի օգտագործելու արդյունաբերական դիզայնը ողջ ծավալով իր հայեցողությամբ, իր բացառիկ իրավունքները խախտելու դեպքում հայցով դիմելու դատարան ցանկացած անձի դեմ, ով առանց մյուս արտոնագրատերերի թույլտվության օգտագործում է պահպանվող արդյունաբերական դիզայնը, սակայն իրավունք չունի առանց վերջիններիս համաձայնության կնքելու լիցենզային պայմանագրեր եւ իրականացնելու իրավունքի փոխանցման ցանկացած գործողություն, առանց մյուս արտոնագրատերերին ծանուցելու՝ հրաժարվելու արդյունաբերական դիզայնի արտոնագրից:
7. Արտոնագրատերն արտադրանքի վրա կարող է կիրառել շրջանագծի մեջ ներառված D տառի տեսքով նախազգուշական մակնշում՝ նշելով իր անունը (անվանումը) կամ արտոնագրի համարը:
Հոդված 24. Արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքների սահմանափակումը
1. Սույն օրենքի 23-րդ հոդված 1-ին մասում նշված իրավունքները չեն կիրառվում՝
1) այլ պետությանը պատկանող եւ պատահաբար կամ ժամանակավորապես Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ցանկացած փոխադրամիջոցի սարքավորումների նկատմամբ, եթե դրանք բացառապես պայմանավորված են փոխադրամիջոցի կարիքներով, եւ փոխադրամիջոցը պատկանում է այն պետության քաղաքացիներին եւ (կամ) կազմակերպություններին, որը նույնպիսի իրավունքներ է վերապահում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ (կամ) կազմակերպություններին,
2) սույն մասի 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների վերանորոգման համար Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պահեստամասերի ու պիտույքների նկատմամբ,
3) մեջբերման կամ ուսուցման նպատակով արդյունաբերական դիզայնի վերարտադրման գործողությունների նկատմամբ՝ պայմանով, որ այդպիսի գործողությունները համատեղելի լինեն բարեխիղճ առեւտրային փորձի հետ եւ նշվի սկզբնաղբյուրը, ինչպես նաեւ անօրինական կերպով չվնասեն արդյունաբերական դիզայնի բնականոն օգտագործմանը,
4) անձնական եւ ոչ առեւտրային նպատակներով կատարված գործողությունների նկատմամբ,
5) փորձերի իրականացման համար ձեռնարկված գործողությունների նկատմամբ,
6) աղետների, համաճարակների եւ այլ արտակարգ իրավիճակների դեպքում:
2. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն արդյունաբերական դիզայնի օգտագործումը թույլատրվում է պայմանով, որ այն չարդարացված վնաս չի պատճառում գրանցված արդյունաբերական դիզայնի նորմալ օգտագործմանը եւ չհիմնավորված կերպով չի խախտում արտոնագրատիրոջ օրինական շահերը, եւ որի դեպքում հաշվի են առնվում երրորդ անձանց օրինական շահերը: Հակառակ դեպքում արտոնագրատերն ունի արդյունաբերական դիզայնի չթույլատրված օգտագործման արդյունքում կրած նյութական վնասի չափին համապատասխան հատուցման իրավունք:
3. Արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքի խախտում չի համարվում պետական մարմինների գործողությունները այն դեպքում, երբ նրանք սույն օրենքը կիրառելիս գործում են բարեխիղճ:
Հոդված 25. Իրավունքների սպառումը
1. Պահպանվող արդյունաբերական դիզայնի արտոնագրատերը կամ բացառիկ լիցենզիա ունեցող անձն իրավունք չունի արգելելու պահպանվող արդյունաբերական դիզայն ներառող կամ այն մարմնավորող արտադրանքը Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական շրջանառության մեջ մտցնելը, եթե այդ արտադրանքը Հայաստանի Հանրապետությունում վաճառքի միջոցով օրինական ճանապարհով քաղաքացիական շրջանառության մեջ է դրվել արտոնագրատերիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ:
2. Արդյունաբերական դիզայնի նկատմամբ բացառիկ իրավունքի խախտում չի համարվում նաեւ արդյունաբերական դիզայն ներառող կամ այն մարմնավորող արտադրանքի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք, եթե դա արտոնագրատերիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ, օրինական ճանապարհով, քաղաքացիական շրջանառության մեջ է դրվել այլ երկրում, որի հետ գործում է ընդհանուր շուկայի կամ ընդհանուր մաքսային սահմանի մասին միջազգային պայմանագիր:
Հոդված 26. Վաղօրոք օգտագործման իրավունքը
1. Ցանկացած անձ, որը մինչեւ արդյունաբերական դիզայնի առաջնության թվականը Հայաստանի Հանրապետության տարածքում բարեխղճորեն օգտագործել է դրա հեղինակից անկախ ստեղծված նույնական լուծում կամ դրա համար կատարել է անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ, պահպանում է դրա հետագա անհատույց օգտագործման իրավունքը՝ այդպիսի օգտագործման ծավալի չընդլայնման պայմանով (վաղօրոք օգտագործման իրավունք):
2. Վաղօրոք օգտագործման իրավունքը թույլատրվում է փոխանցել այլ ֆիզիկական անձի կամ կազմակերպությանը միայն այն արտադրության հետ միասին, որտեղ օգտագործվել է նույնական լուծումը, կամ կատարվել են դրա համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ:
Հոդված 27. Հայտի մերժման մասին որոշումը եւ արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքի անվավեր ճանաչումը
1. Արդյունաբերական դիզայնի հայտը կարող է մերժվել պետական լիազոր մարմնի որոշմամբ՝ համաձայն սույն օրենքի 48-րդ հոդվածի կամ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով՝ պետական լիազոր մարմնի որոշման վիճարկման հետեւանքով:
2. Գրանցված արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքն անվավեր է ճանաչվում դատարան ներկայացված՝ արդյունաբերական դիզայնի արտոնագիրն անվավեր ճանաչելու մասին հայցի կամ իրավունքների պաշտպանության գործով համապատասխան հակընդդեմ հայցի հիման վրա:
3. Չգրանցված արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքն անվավեր է ճանաչվում դատարան ներկայացված հայցի կամ հակընդդեմ հայցի հիման վրա:
Հոդված 28. Արդյունաբերական դիզայնի հայտի մերժման եւ արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքն անվավեր ճանաչելու հիմքերը
1. Արդյունաբերական դիզայնի հայտը մերժվում է եւ գրանցված կամ չգրանցված արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքն անվավեր է ճանաչվում, եթե՝
1) արդյունաբերական դիզայնը չի համապատասխանում սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված բնորոշմանը.
2) արդյունաբերական դիզայնը չի համապատասխանում սույն օրենքի
12-15-րդ հոդվածներով սահմանված պահանջներին.
3) օրենքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա հաստատվել է, որ հայտատուն կամ արտոնագրատերը՝ սույն օրենքի
18-րդ եւ 19-րդ հոդվածների իմաստով արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունք չունի.
4) արդյունաբերական դիզայնը ներառում է Փարիզյան կոնվենցիայի 6-րդ հոդվածում նշված որեւէ տարր՝ առանց համապատասխան իրավասու մարմնի թույլտվության.
5) արդյունաբերական դիզայնը ներառում կամ նմանակում է խորհրդանիշներ, խորհրդանշաններ, զինանշաններ, որոնք այլ են, քան Փարիզյան կոնվենցիայի 6ter հոդվածով սահմանվածները, եւ որոնք առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում հանրության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց գրանցման համար առկա է համապատասխան իրավասու մարմնի թույլտվությունը.
6) գրանցման (իրավական պահպանություն տրամադրելու) սույն օրենքով սահմանված պահանջների առումով արդյունաբերական դիզայնը հակադրության մեջ է նախորդող (ավելի վաղ) արդյունաբերական դիզայնի հետ, որը հանրամատչելի է դարձել պետական լիազոր մարմին հայտ ներկայացնելու թվականից, իսկ առաջնություն խնդրարկելու դեպքում՝ առաջնության թվականից առաջ եւ որը պահպանվում է՝ ունենալով ավելի վաղ հայտի ներկայացման թվական, իսկ խնդրարկված առաջնության դեպքում՝ առաջնության թվական.
7) արդյունաբերական դիզայնը առանց համապատասխան թույլտվության ներառում է հեղինակային իրավունքի մասին օրենսդրությամբ պահպանվող ստեղծագործություն.
8) արդյունաբերական դիզայնում ներառված է պահպանվող անհատականացման միջոց, ինչը հանգեցնում դրա իրավատիրոջ՝ օրենսդրությամբ նախատեսված իրավունքների խախտման.
9) գրանցումը հակասում է այլ իրավական ակտերին:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերով արդյունաբերական դիզայնի նկատմամբ բացառիկ իրավունքն անվավեր ճանաչելու հայց կարող է ներկայացնել միայն շահագրգիռ անձը:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 5-րդ, 7-րդ կամ 8-րդ կետերում նշված հիմքերով արդյունաբերական դիզայնի հայտի մերժման կամ արտոնագրով վերապահված դրա նկատմամբ իրավունքների անվավեր ճանաչման դեպքում արդյունաբերական դիզայնը կարող է գրանցվել կամ արտոնագիրը կարող է գործողության մեջ մնալ ճշգրտված արդյունաբերական դիզայնի տեսքով, եթե այդ տեսքով նա համապատասխանում է արտոնագրաունակության պայմաններին եւ պահպանված է արդյունաբերական դիզայնի էությունը: Ճշգրտված արդյունաբերական դիզայնի գրանցումը ենթադրում է արդյունաբերական դիզայնի գրանցում, որն իրականացվել է հայտարկված արդյունաբերական դիզայնից հայտատուի մասնակիորեն հրաժարված տեսքով: Ճշգրտված արդյունաբերական դիզայնի արտոնագիրը գործողության մեջ պահելը ենթադրում է գրանցամատյան մտցնել արդյունաբերական դիզայնի արտոնագիրը մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:
ԳԼՈՒԽ 3
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ, ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
Հոդված 29. Առաջնության իրավունքը
1. Արդյունաբերական դիզայնի առաջնությունը որոշվում է հայտը պետական լիազոր մարմին ներկայացնելու թվականով:
2. Առաջնությունը կարող է որոշվել առաջին հայտը Փարիզյան կոնվենցիայի մասնակից կամ այդ կոնվենցիայի մասնակից չհանդիսացող Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ որեւէ պետություն ներկայացնելու թվականով (միջազգային առաջնություն), եթե արդյունաբերական դիզայնի հայտը պետական լիազոր մարմին է ներկայացվել նշված թվականից վեց ամսվա ընթացքում:
3. Առաջնության իրավունքից օգտվելու համար հայտատուն հայտ ներկայացնելիս կամ հայտի ներկայացման թվականից երկու ամսվա ընթացքում պետք է պետական լիազոր մարմնին հայտնի այդ մասին, նշելով խնդրարկվող առաջնության թվականը, վճարի օրենքով սահմանված պետական տուրքը յուրաքանչյուր խնդրարկվող առաջնության համար, եւ առաջին հայտի ներկայացման թվականից, իսկ եթե առաջին հայտերը մի քանիսն են՝ այդպիսի հայտերի ամենավաղ ներկայացման թվականից ինն ամսվա ընթացքում պետական լիազոր մարմին ներկայացնի առաջին հայտի ներկայացման գերատեսչության կողմից տվյալ հայտի վավերացված պատճենը: Սույն պահանջները չկատարելու դեպքում խնդրարկվող առաջնությունը չի տրամադրվում:
4. Անհրաժեշտության դեպքում պետական լիազոր մարմինը հայտատուից կարող է պահանջել առաջին հայտի հայերեն թարգմանությունը, որը ներկայացվում է այդ մասին հարցումն ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում:
5. Մի քանի առաջնություններ կարող են խնդրարկվել մի քանի առաջին հայտերի հիման վրա, որոնք ներկայացվել են մեկ կամ մի քանի երկրներում: Եթե խնդրարկել են մի քանի առաջնություններ, առաջնություն խնդրարկելու ժամկետը հաշվարկվում է ամենավաղ առաջնության թվականից:
6. Արդյունաբերական դիզայնի առաջնությունը կարող է որոշվել նույն արդյունաբերական դիզայնի էությունը բացահայտող նույն հայտատուի սկզբնական (ավելի վաղ ներկայացված) հայտի ներկայացման թվականով (ներքին առաջնություն), պայմանով, որ այն հետ կանչված չէ այն հայտի ներկայացման թվականի դրությամբ, որով խնդրարկվում է այդպիսի առաջնություն, եթե նոր հայտը պետական լիազոր մարմին ներկայացվել է սկզբնական հայտի ներկայացման թվականից վեց ամսվա ընթացքում: Այս դեպքում սկզբնական հայտը համարվում է հետ կանչված:
7. Առաջնությունը չի կարող որոշվել այն հայտով, որով արդեն խնդրարկվել է ավելի վաղ առաջնություն:
8. Արդյունաբերական դիզայնի առաջնությունը, որի հայտը ներկայացվել է սկզբնական (ավելի վաղ ներկայացված) հայտից այն առանձնացնելու հետեւանքով (զատված հայտ), որոշվում է միեւնույն հայտատուի կողմից պետական լիազոր մարմին ներկայացված սկզբնական հայտի ներկայացման թվականով, իսկ սկզբնական հայտով ավելի վաղ առաջնություն խնդրարկելու իրավունք ունենալու դեպքում՝ խնդրարկված ավելի վաղ առաջնության թվականով, եթե զատված հայտ ներկայացնելու օրվա դրությամբ սկզբնական հայտը հետ կանչված կամ հետ կանչված համարված չէ, զատված հայտը ներկայացվել է մինչեւ սկզբնական հայտով ընդունված արտոնագիր տալը մերժելու մասին որոշումը բողոքարկելու հնարավորությունների սպառվելը, իսկ սկզբնական հայտով ընդունված արտոնագիր տալու մասին որոշման դեպքում՝ ոչ ուշ, քան արդյունաբերական դիզայնի պետական գրանցումը:
9. Առաջնությունը կարող է որոշվել ավելի վաղ ներկայացված մի քանի սկզբնական (ավելի վաղ ներկայացված) հայտերով՝ յուրաքանչյուրի նկատմամբ պահպանելով սույն հոդվածի 6-րդ եւ 8-րդ մասերով սահմանված կարգը:
Հոդված 30. Ցուցահանդեսային առաջնություն
1. Անձը, որը իրի կամ նրա մի մասի արտաքին տեսքը ցուցադրում է (առաջին ցուցադրում) պաշտոնական կամ պաշտոնապես ճանաչված միջազգային ցուցահանդեսում, որը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետությունում կամ Փարիզյան կոնվենցիային մասնակից կամ այդ կոնվենցիայի մասնակից չհանդիսացող Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ որեւէ պետությունում, կարող է առաջին ցուցադրման օրից հետո՝ վեց ամսվա ընթացքում, պետական լիազոր մարմին հայտ ներկայացնել՝ խնդրարկելով առաջնություն, որը սահմանվում է ցուցահանդեսում արտադրանքի առաջին ցուցադրման թվականով (ցուցահանդեսային առաջնություն):
2. Անձը, որը, սույն հոդվածի 1-ին մասի համաձայն, խնդրարկում է ցուցահանդեսային առաջնություն, պետական լիազոր մարմին հայտ ներկայացնելիս կամ հայտի ներկայացման թվականից եռամսյա ժամկետում նշում է ցուցահանդեսի տեսակը, դրա անցկացման վայրը, բացման եւ փակման թվականները, ցուցադրման առաջին օրը եւ ներկայացնում է ցուցահանդեսի միջազգային կարգավիճակի մասին գրավոր հավաստագիր, որը տրվել է ցուցահանդեսը կազմակերպած մարմնի կողմից: Նշված պահանջները չկատարելու դեպքում խնդրարկվող ցուցահանդեսային առաջնությունը չի տրվում:
3. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ խնդրարկվող ցուցահանդեսային առաջնությունը չի երկարաձգում սույն օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված միջազգային առաջնության խնդրարկման ժամկետը:
Հոդված 31. Խնդրարկվող առաջնության ճշգրտումը կամ լրացումը
1. Խնդրարկվող առաջնությունը ճշգրտելու կամ լրացնելու համար հայտատուն կարող է դիմում ներկայացնել պետական լիազոր մարմին առաջնության թվականից, կամ եթե ճշգրտումը կամ լրացումն առաջացնում է առաջնության թվականի փոփոխություն՝ այդ փոփոխված առաջնության թվականից իննը ամսվա ընթացքում, պայմանով, որ այդ դիմումը պետական լիազոր մարմին է ներկայացվում հայտը ներկայացնելու թվականից երեք ամսվա ընթացքում:
2. Դիմումին կցվում է սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:
3. Եթե խնդրարկվող առաջնության ճշգրտումը կամ լրացումն առաջացնում է առաջնության թվականի փոփոխություն, ապա սահմանված ժամկետները հաշվարկվում են փոփոխված առաջնության թվականից:
Հոդված 32. Առաջնության իրավունքի վերականգնումը
1. Եթե հայտը, որով խնդրարկվում է միջազգային առաջնություն, հայտատուի կողմից պետական լիազոր մարմին է ներկայացվում ուշացումով՝ առաջին հայտի ներկայացման թվականից վեց ամիս լրանալուց հետո, ապա հայտատուն կարող է առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմում ներկայացնել պետական լիազոր մարմին, եթե նշված ժամկետի խախտումը հայտատուի կողմից եղել է նրանից անկախ հանգամանքներով:
2. Առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմումը պետական լիազոր մարմին ներկայացվում է առաջնության թվականի խնդրարկման ժամկետի ավարտից հետո՝ երկու ամսվա ընթացքում: Դիմումին կցվում է սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:
3. Եթե առաջին հայտի վավերացված պատճենը չի ներկայացվել պետական լիազոր մարմին սույն օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասում նշված ժամկետում, ապա պետական լիազոր մարմինը կարող է վերականգնել առաջնության իրավունքը հետեւյալ պայմանները պահպանելու դեպքում՝
1) համապատասխան դիմումը հայտատուն ներկայացրել է մինչեւ սույն օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասում նշված ժամկետի ավարտը, դիմումին կցելով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը.
2) հայտատուն պետական լիազոր մարմին ներկայացրել է ապացույց այն մասին, որ առաջին հայտի պատճենի խնդրանքով դիմումը տվյալ հայտի ներկայացման գերատեսչություն ներկայացվել է ոչ ուշ քան առաջին հայտի ներկայացման թվականից ութ ամիս լրանալը:
3) առաջին հայտի վավերացված պատճենը պետական լիազոր մարմին է ներկայացվել երկու ամսվա ընթացքում այն օրվանից, երբ առաջին հայտը գրանցած գերատեսչությունը հայտատուին տվել է համապատասխան պատճենը:
Հոդված 33. Սահմանված ժամկետների երկարաձգումը
1. Մինչեւ որոշակի գործողություններ կատարելու համար սույն օրենքով սահմանված ժամկետների ավարտը հայտատուն կամ արտոնագրատերը կարող է դրանց երկարաձգման մասին դիմում ներկայացնել պետական լիազոր մարմին՝ կցելով օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը: Պետական լիազոր մարմինը կարող է սահմանված ժամկետները երկարաձգել առավելագույնը վեց ամսով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված, ինչպես նաեւ սույն օրենքի 13-րդ հոդվածով 29-րդ հոդվածի 2-րդ մասով, 30-րդ հոդվածի 1-ին մասով, 31-րդ հոդվածի 1-ին մասով, 32-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 34-րդ հոդվածի 2-րդ մասով, 35-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերով, 39-րդ հոդվածի 3-րդ մասով, 47-րդ հոդվածի 1-ին մասով, 49-րդ հոդվածի 1-ին մասով, 51-րդ հոդվածով, 52-րդ հոդվածի 1-ին մասով, 65-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում սահմանված ժամկետները սույն հոդվածի 1-ին մասի համաձայն չեն երկարաձգվում:
3. Սահմանված ժամկետների երկարաձգման մասին դիմումը չի կարող մերժվել, եթե դիմող կողմը նախապես գրավոր չի ծանուցվել դիմումի հնարավոր մերժման մասին՝ ծանուցագիրն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում իր նկատառումները ներկայացնելու առաջարկությամբ:
Հոդված 34. Սահմանված ժամկետները խախտելու դեպքում հայտով գործավարությունը
1. Հայտատուն, որը սահմանված ժամկետում չի կատարել արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքների ձեռքբերման գործընթացներին առնչվող պարտադիր գործողությունները եւ դրա հետեւանքով կորցրել է հայտի նկատմամբ ունեցած իրավունքը, կարող է դիմել պետական լիազոր մարմին՝ իր իրավունքը վերականգնելու եւ հայտով գործավարությունը շարունակելու խնդրանքով:
2. Հետագա գործավարությունը շարունակելու մասին դիմումը ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտման եւ դրա իրավական հետեւանքների մասին ծանուցագիրն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում հայտատուն պետք է ավարտի չկատարված գործողությունը եւ վճարի օրենքով սահմանված պետական տուրքը: Նշված ժամկետում պահանջվող գործողությունը չկատարելու դեպքում դիմումը համարվում է չներկայացված:
3. Պետական լիազոր մարմինը չի կարող բավարարել հետագա գործավարությունը շարունակելու մասին հայտատուի դիմումը, եթե դա վերաբերում է սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետի, ինչպես նաեւ պետական լիազոր մարմնի բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու, սահմանված ժամկետների երկարաձգման մասին, իրավունքների վերականգնման մասին, խնդրարկվող առաջնության ճշգրտման կամ լրացման մասին, կամ առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմում կամ առաջին հայտի վավերացված պատճենը ներկայացնելու, կամ արտոնագիրը գործողության մեջ պահելու համար տարեկան պետական տուրքերի վճարման ժամկետների խախտմանը:
4. Հետագա գործավարությունը շարունակելու մասին դիմումը չի կարող մերժվել, եթե դիմող կողմը նախապես գրավոր չի ծանուցվել դիմումի հնարավոր մերժման մասին՝ ծանուցագիրն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, իր նկատառումները ներկայացնելու առաջարկությամբ:
Հոդված 35. Իրավունքների վերականգնումը
1. Պետական լիազոր մարմնի առջեւ գործավարություն իրականացնող կողմը, որը սույն օրենքի եւ վերջինիս կիրարկումն ապահովող կարգերի համաձայն պետական լիազոր մարմնի սահմանած ժամկետներում չի կարողացել պատշաճ կերպով կատարել իր պարտականությունները, կարող է վերականգնել իր իրավունքները, եթե սահմանված ժամկետի խախտումը հանգեցնում է հայտի կամ ցանկացած դիմումի հետկանչմանը, մերժմանը կամ իրավունքից զրկմանը, եւ պետական լիազոր մարմինը գտնում է, որ ժամկետների խախտումը տեղի է ունեցել ոչ կանխամտածված:
2. Իրավունքների վերականգնման մասին դիմումը ներկայացվում է սահմանված ժամկետի խախտման պատճառի վերացման պահից, կամ եթե կողմը հետագայում ծանուցվել է սահմանված ժամկետի խախտման մասին՝ ծանուցագիրն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում: Դիմումը ներկայացվում է սահմանված ժամկետը լրանալուց հետո պահանջված գործողությունները կատարելու դեպքում՝ կցելով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը: Իրավունքների վերականգնման մասին դիմումը պետք է լինի հիմնավորված եւ պարունակի փաստեր եւ ապացույցներ, որոնք կարդարացնեն ժամկետները չպահպանելը: Նշված պահանջների չկատարման դեպքում դիմումը համարվում է չներկայացված:
3. Իրավունքների վերականգնման մասին դիմումը չի կարող ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժվել, եթե դիմող կողմը նախապես գրավոր չի ծանուցվել դիմումն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժման հնարավորության մասին՝ ծանուցագիրն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում, իր նկատառումները ներկայացնելու առաջարկությամբ:
4. Իրավունքների վերականգնման մասին դիմումը ներկայացվում է ոչ ուշ, քան սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, իսկ եթե դիմումը վերաբերում է իրավունքների երկարաձգման համար պետական տուրքերի չվճարմանը՝ ոչ ուշ, քան «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լրացուցիչ 6-ամսյա ժամկետը լրանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:
5. Իրավունքների վերականգնման մասին դիմումը չի բավարարվում, եթե դա վերաբերում է սույն հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերով սահմանված ժամկետներին, պետական լիազոր մարմնի բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու, առաջին հայտի վավերացված պատճենը ներկայացնելու, սահմանված ժամկետների երկարաձգման, հետագա գործավարությունը շարունակելու, խնդրարկվող առաջնության ճշգրտման կամ լրացման, կամ առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմում ներկայացնելու ժամկետներին:
6. Եթե իրավունքների վերականգնման մասին դիմում ներկայացնելիս նշված չեն եղել ժամկետը բաց թողնելու պատճառները, ապա կողմն այդ տվյալները ներկայացնում է այդ մասին պետական լիազոր մարմնի ծանուցագիրն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում:
Հոդված 36. Դիմումի հետ կանչումը
1. Գործավարության ցանկացած փուլում հայտատուն կարող է հետ կանչել պետական լիազոր մարմին ներկայացրած իր դիմումը:
2. Դիմումը համարվում է հետ կանչված՝ պետական լիազոր մարմնի կողմից դրա հետկանչման դիմումն ստանալու օրվանից:
3. Հայտը, որը ներառում է մի քանի արդյունաբերական դիզայն, կարող է հետ կանչվել դրանց բոլորի կամ որոշ մասի համար:
4. Մի քանի հայտատուների դեպքում հայտը կարող է հետ կանչվել միայն նրանց բոլորի գրավոր համաձայնությամբ:
Հոդված 37. Սխալների ուղղումը
1. Պետական լիազոր մարմինը կարող է ցանկացած ժամանակ իր նախաձեռնությամբ, հայտատուի կամ արտոնագրատիրոջ դիմումի համաձայն՝ անվանումների, թվականների, համարների եւ այլ վրիպակների վերաբերյալ ուղղումներ կատարել իր հրապարակումներում եւ գրանցամատյանում:
2. Հայտատուի, արտոնագրատիրոջ կողմից թույլ տրված վրիպակների ուղղման համար ներկայացվող դիմումին կցվում է սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:
3. Ուղղված սխալների մասին տեղեկությունները հրապարակվում են պետական լիազոր մարմնի պաշտոնական տեղեկագրում, ինչի մասին տեղեկացվում է հայտատուն կամ արտոնագրատերը:
ԳԼՈՒԽ 4
ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 38. Հայտին ներկայացվող պահանջները
1. Արդյունաբերական դիզայնի հայտը կարող է վերաբերել մեկ կամ մի քանի արդյունաբերական դիզայնի՝ պայմանով, որ դրանք վերաբերում են արդյունաբերական դիզայնների միջազգային դասակարգման (այսուհետ՝ ԱԴՄԴ) մեկ դասին, բացառությամբ զարդանախշերի:
2. Հայտը պետք է ներառի՝
1) դիմում՝ արտոնագիր ստանալու մասին.
2) տեղեկություններ, որոնք թույլ են տալիս անհատականացնել հայտատուին.
3) հայտում ներառված իրի կամ մի քանի իրերի արտաքին տեսքն ամբողջությամբ բացահայտող եւ վերարտադրման հնարավորություն ունեցող լուսանկարը (լուսանկարները) կամ գրաֆիկական պատկերը (պատկերները).
4) արտադրանքի նշումը, որում արդյունաբերական դիզայնը կարող է մարմնավորվել կամ օգտագործվել:
3. Հայտը կարող է ներառել՝
1) տեղեկություններ, որոնք թույլ են տալիս անհատականացնել հեղինակին (հեղինակներին): Հայտում նշվելուց հեղինակի հրաժարվելու դեպքում՝ հայտատուի հայտարարությունն այն մասին, որ հեղինակը հրաժարվել է որպես այդպիսին հայտում նշված լինելուց.
2) տեղեկություններ, որոնք անհատականացնում են արտոնագրային հավատարմատարին կամ հայտատուի այլ ներկայացուցչին (ներկայացուցչի առկայության դեպքում).
3) տեղեկություններ՝ խնդրարկվող առաջնության մասին (համապատասխան դեպքում).
4) արդյունաբերական դիզայնի միջազգային դասակարգման ցուցիչը՝ Լոկառնոյի համաձայնագրին համապատասխան.
5) խնդրանք՝ արդյունաբերական դիզայնի հայտի հրապարակումը հետաձգելու մասին սույն օրենքի 44-րդ հոդված 2-րդ մասի համաձայն:
4. Հայտին կցվում են՝
1) լիազորագիրը՝ հայտը հավատարմատարի կամ այլ ներկայացուցչի միջոցով ներկայացնելու դեպքում.
2) արդյունաբերական դիզայնի նկարագրությունը՝ հայտատուի ցանկությամբ.
3) արդյունաբերական դիզայնի առաջնությունը հաստատող փաստաթուղթը՝ առաջնություն խնդրարկելու դեպքում.
4) օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը, համապատասխան դեպքում նաեւ՝ նվազեցված դրույքաչափով վճարման հիմքերը՝ համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի:
5. Արդյունաբերական դիզայնի հայտը լրացնելու եւ ներկայացնելու այլ պայմանները սահմանում է պետական լիազոր մարմինը:
Հոդված 39. Հայտի ձեւակերպումը եւ ներկայացման ձեւերը
1. Հայտը պետական լիազոր մարմին ներկայացնում է սույն օրենքի 18-րդ եւ 19-րդ հոդվածների համաձայն դրա իրավասությունն ունեցող անձը անձամբ կամ իր ներկայացուցչի միջոցով:
2. Արտոնագիր ստանալու մասին դիմումը եւ մյուս փաստաթղթերը ներկայացվում են հայերեն:
3. Հայտի մյուս փաստաթղթերը կարող են ներկայացվել նաեւ այլ լեզվով: Այս դեպքում հայտատուն պարտավոր է պետական լիազոր մարմին ներկայացնել դրանց հայերեն թարգմանությունը՝ հայտը ներկայացնելու օրվանից հետո՝ եռամսյա ժամկետում:
4. Սահմանված ժամկետում հայտի փաստաթղթերի թարգմանությունը պետական լիազոր մարմին չներկայացնելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:
5. Պետական լիազոր մարմինը հայտով գործավարությունն իրականացնում է հայերեն:
6. Հայտի ձեւակերպման, ներկայացման եւ քննարկման կարգը (այսուհետ՝ Կարգ) սահմանում է Կառավարությունը:
Հոդված 40. Հայտի ներկայացման թվականը
1. Պետական լիազոր մարմինը հայտի ներկայացման թվականը սահմանում է հայտի ստացման թվականով եւ հայտին տալիս է գրանցման հերթական համար, եթե այն ներառում է առնվազն՝
1) հիշատակում (դիմում) այն մասին, որ խնդրարկվում է արդյունաբերական դիզայնի արտոնագիր.
2) տեղեկություններ, որոնք թույլ են տալիս նույնականացնել հայտատուին.
3) հայտում ներառված իրի կամ մի քանի իրերի կամ դրանց մի մասի արտաքին տեսքը բացահայտող լուսանկարը (լուսանկարները) կամ գրաֆիկական պատկերը (պատկերները).
4) օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը:
2. Միջազգային հայտի ներկայացման թվականը սահմանվում է Հաագայի համաձայնագրին համապատասխան:
ԳԼՈՒԽ 5
ԱՐՏՈՆԱԳԻՐ ՏԱԼՈՒՆ ՆԱԽՈՐԴՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հոդված 41. Հայտի փորձաքննությունը
1. Պետական լիազոր մարմինը Կարգի համաձայն ստուգում է հայտի եւ դրա առարկա հանդիսացող արդյունաբերական դիզայնի համապատասխանությունը սույն օրենքով սահմանված պահանջներին: Այդ նպատակով պետական լիազոր մարմինն անցկացնում է հայտի ձեւական եւ նախնական փորձաքննություն եւ, սույն օրենքով սահմանված կարգով՝ ըստ էության փորձաքննություն:
2. Հայտի փորձաքննության ընթացքում պետական լիազոր մարմինն իրավունք ունի հայտատուից պահանջել հայտատուի կամ հեղինակի անձը ճշտելու, ճիշտ ձեւակերպված ազգային հայտին կամ արտոնագրաունակության պայմանների բավարարմանը վերաբերող լրացուցիչ նյութեր, որոնք համարում է անհրաժեշտ:
Հոդված 42. Հայտի ձեւական փորձաքննությունը
1. Հայտի ձեւական փորձաքննության անցկացման ընթացքում պետական լիազոր մարմինն ստուգում է դրա համապատասխանությունը սույն օրենքի 40-րդ հոդվածի համաձայն հայտի ներկայացման թվականը սահմանելու պահանջներին:
2. Եթե ստուգման արդյունքում պարզվում է, որ ստացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասում նշված պահանջներին, պետական լիազոր մարմինը դրանք ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցում է հայտատուին՝ այն ստանալու օրվանից հետո երկամսյա ժամկետում բացակայող փաստաթղթերը եւ (կամ) տեղեկությունները ներկայացնելու առաջարկությամբ: Սահմանված ժամկետում պահանջվող փաստաթղթերը եւ (կամ) տեղեկությունները պետական լիազոր մարմին չներկայացնելու դեպքում հայտը համարվում է չներկայացված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:
3. Եթե ստուգման արդյունքում պարզվում է, որ ստացված փաստաթղթերը համապատասխանում է սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասում նշված պահանջներին, պետական լիազոր մարմինը հայտի ներկայացման թվականը սահմանվում է դրանց ստացման թվականով: Եթե սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն հայտի փաստաթղթերը համապատասխանեցվել են սահմանված պահանջներին, ապա պետական լիազոր մարմինը հայտի ներկայացման թվականը սահմանում է դրանցից վերջինի ստացման թվականով, եթե պահանջված փաստաթղթերը եւ (կամ) տեղեկությունները պետական լիազոր մարմին ներկայացվել են ոչ միաժամանակ: Հայտի ներկայացման թվականը սահմանելու դեպքում պետական լիազոր մարմինը հայտը գրանցում է արդյունաբերական դիզայնների հայտերի հիմնապաշարում:
Հոդված 43. Հայտի նախնական փորձաքննությունը
1. Հայտի ներկայացման թվականը սահմանելուց հետո պետական լիազոր մարմինը տասն աշխատանքային օրվա ընթացքում անցկացնում է հայտի նախնական փորձաքննություն:
2. Նախնական փորձաքննության շրջանակներում պետական լիազոր մարմինն ստուգում է՝
1) հայտի եւ դրա փաստաթղթերի համապատասխանությունը սույն օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասով եւ Կարգով սահմանված պահանջներին.
2) լրացուցիչ նյութերի բովանդակությունը (համապատասխան դեպքում), պարզելու համար, արդյոք դրանք չեն փոխում արդյունաբերական դիզայնի էությունը.
3) սույն օրենքով նախատեսված առաջնության խնդրարկման համար սահմանված պահանջների կատարումը եւ, համապատասխան դեպքում, սահմանում է խնդրարկվող առաջնությունը.
4) սույն օրենքով սահմանված ներկայացուցչությանը վերաբերող պահանջների կատարումը:
3. Եթե նախնական փորձաքննության ընթացքում պարզվում է, որ հայտում կամ լրացուցիչ նյութերում առկա են բացակայող կամ Կարգով սահմանված պահանջներին չհամապատասխանող մասեր կամ փաստաթղթեր, ապա պետական լիազոր մարմինը հայտատուին ուղարկում է հարցում՝ ուղղված կամ բացակայող մասերը կամ փաստաթղթերը հարցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, ներկայացնելու առաջարկությամբ: Այս դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի ընթացքը կասեցվում է մինչեւ հարցման պատասխանի ստացումը, բայց ոչ ավելի, քան հարցման պատասխանի ներկայացման ժամկետի ավարտը:
4. Հայտը ներկայացնելու թվականից երկամսյա ժամկետում, իր նախաձեռնությամբ կամ հարցման հիման վրա հայտատուն կարող է լրացուցիչ նյութեր ներկայացնելով ուղղումներ կամ ճշգրտումներ կատարել հայտի նյութերում՝ չփոփոխելով ներկայացված արդյունաբերական դիզայնի էությունը:
5. Լրացուցիչ նյութերը համարվում են արդյունաբերական դիզայնի էությունը փոփոխող, եթե ներկայացվել են արդյունաբերական դիզայնի էական հատկանիշներ, որոնք բացակայել են արդյունաբերական դիզայնում ներկայացման թվականի դրությամբ կամ ներկայացվել են արտադրանքի պատկերներ, որոնցից հեռացվել են արդյունաբերական դիզայնի էական հատկանիշներ, որոնք պատկերների վրա առկա էին հայտի ներկայացման թվական դրությամբ: Լրացուցիչ նյութերի այն մասը, որը փոփոխում է ներկայացված արդյունաբերական դիզայնի էությունը, փորձաքննության ընթացքում հաշվի չի առնվում:
6. Եթե խախտված է սույն օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի պահանջը՝ հայտում բացակայում են հեղինակի անհատականացման համար բավարար տեղեկությունները ու հայտարարություն չի ներկայացվել այն մասին, որ հեղինակը հրաժարվել է որպես այդպիսին նշված լինելուց եւ այդ բացթողումը չի վերացվել այդ մասին պետական լիազոր մարմնի հարցումն ուղարկման օրվանից երկամսյա ժամկետում, հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:
7. Առաջնության խնդրարկման համար սույն օրենքով սահմանված պահանջները հայտատուի կողմից չկատարելը հանգեցնում է տվյալ հայտով առաջնության իրավունքի կորստին:
8. Եթե հայտը ներկայացվել է մի քանի արդյունաբերական դիզայնի համար, որոնք չեն վերաբերում ԱԴՄԴ մեկ դասին, ապա հայտատուին առաջարկվում է այդ մասին ծանուցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում հայտնել, թե արդյունաբերական դիզայններրից որը պետք է քննարկվի եւ անհրաժեշտ ճշգրտումներ կատարել հայտի փաստաթղթերում: Նշված ժամկետում հայտատուի կողմից ծանուցումն անպատասխան թողնվելու դեպքում քննարկվում է այն արդյունաբերական դիզայնը, որը հայտի մեջ բերված է առաջինը:
9. Հայտը, որը ներառում է մեկից ավել արդյունաբերական դիզայն, որոնք չեն վերաբերում ԱԴՄԴ մեկ դասին, հայտատուի դիմումի հիման վրա կարող է բաժանվել երկու կամ ավելի հայտերի (այսուհետ՝ զատված հայտեր) ՝ սկզբնական հայտում ներկայացված արդյունաբերական դիզայնները բաշխելով այդ հայտերի միջեւ: Զատված հայտերը պահպանում են սկզբնական հայտի ներկայացման թվականը եւ առաջնության թվականը, եթե այդպիսին կա: Զատման պայմանները սահմանվում է պետական լիազոր մարմինը:
10. Մի քանի արդյունաբերական դիզայն ներառող հայտը հայտատուն իր նախաձեռնությամբ կարող է զատել երկու կամ ավելի հայտերի՝ սկզբնական հայտում ներկայացված արդյունաբերական դիզայնները բաշխելով այդ հայտերի միջեւ: Զատված հայտերը պահպանում են սկզբնական հայտի ներկայացման թվականը եւ առաջնության թվականը, եթե այդպիսին կա:
11. Զատված հայտի ձեւակերպման եւ ներկայացման նկատմամբ Կարգով նախատեսված պահանջների խախտման ու սահմանված ժամկետում հայտատուի կողմից անհրաժեշտ ճշգրտումները եւ ուղղումները չներկայացնելու դեպքում, զատված հայտը համարվում է չներկայացված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:
12. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված հարցման մեջ հիշատակված բոլոր թերությունները սահմանված ժամկետում հայտատուի կողմից չվերացնելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված, բացառությամբ սույն օրենքի 64-րդ եւ 65-րդ հոդվածներում նշված դեպքերի:
13. Եթե պետական լիազոր մարմինը գտնում է, որ հայտի փաստաթղթերն ու լրացուցիչ նյութերն իրենց բովանդակությամբ եւ ձեւով համապատասխանում են սույն օրենքով սահմանված պահանջներին, որոշում է կայացնում սույն օրենքի 44-րդ հոդվածով սահմանված ժամկետում հայտի հրապարակման մասին, ինչի մասին ծանուցում է հայտատուին:
Հոդված 44. Հայտի հրապարակումը
1. Սույն օրենքի 43-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն հայտի հրապարակման մասին ընդունած որոշման հիման վրա, դրա կայացման օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում, պետական լիազոր մարմինը հայտը հրապարակում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում: Հայտի մասին հրապարակվող տեղեկությունների ցանկը սահմանում է պետական լիազոր մարմինը:
2. Հայտատուի դիմումի համաձայն, օրենքով սահմանված պետական տուրքի վճարման պայմանով, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հրապարակումը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան մինչեւ հայտի ներկայացման թվականից հաշված վեց ամիս լրանալը:
3. Սույն օրենքով սահմանված կարգով մերժված, հետ կանչված կամ հետ կանչված համարված հայտերը չեն հրապարակվում:
4. Հայտի հրապարակումից հետո ցանկացած անձ կարող է ծանոթանալ հայտի նյութերի հետ, եթե հայտի մասին տեղեկությունների հրապարակման օրվա դրությամբ հայտը հետ կանչված չէ: Հայտի նյութերի հետ ծանոթացման եւ դրանց պատճեների տրամադրման կարգը սահմանում է պետական լիազոր մարմինը:
Հոդված 45. Երրորդ անձանց առարկությունները
1. Հայտի հրապարակման թվականից երկամսյա ժամկետում ցանկացած շահագրգիռ անձ կարող է արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու դեմ գրավոր հիմնավորված առարկություն ներկայացնել պետական լիազոր մարմին հետեւյալ հիմքերով՝
1) արդյունաբերական դիզայնը չի համապատասխանում սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված պահանջներին կամ հակասում է հասարակության շահերին կամ բարոյականության սկզբունքներին,
2) արդյունաբերական դիզայնը ներառում է հեղինակային իրավունքով պահպանվող օբյեկտ, եթե այդ իրավունքները ձեռք են բերվել մինչեւ տվյալ արդյունաբերական դիզայնի հայտի ներկայացման կամ առաջնության թվականը (եթե այդպիսին կա), կամ ավելի վաղ առաջնության թվական ունեցող արդյունաբերական սեփականության ցանկացած այլ պահպանվող օբյեկտ՝ առանց իրավատիրոջ թույլտվության,
3) հայտատում չի հանդիսանում հայտ ներկայացնելու իրավասություն ունեցող անձ սույն օրենքի 18-րդ եւ 19-րդ հոդվածների համաձայն:
2. Առարկությունը համարվում է ներկայացված, եթե դրան կցված է օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը:
3. Առարկությունն ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում պետական լիազոր մարմինն ստուգում է այն եւ, սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված պայմաններին դրա համապատասխանության դեպքում, առարկության մասին գրավոր ծանուցում է հայտատուին՝ նշված ծանուցագիրն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում իր նկատառումները ներկայացնելու առաջարկությամբ: Նշված ժամկետում հայտատուի կողմից նկատառումներ չներկայացնելու դեպքում առարկության հետագա քննարկումն իրականացվում է առկա նյութերի հիման վրա:
4. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված պայմաններին չհամապատասխանող առարկությունը համարվում է չներկայացված, ինչի մասին պետական լիազոր մարմինը գրավոր ծանուցում է այն ներկայացնողին:
Հոդված 46. Առարկությունների քննարկումը
1. Առարկությունների քննարկման ընթացքում պետական լիազոր մարմինը գնահատում է դրանց հիմնավորվածությունը, հաշվի առնելով հայտատուի ներկայացրած նկատառումները (ստանալու դեպքում):
2. Առարկության քննարկումը կարող է կասեցվել այդ մասին հայտատուի ներկայացրած հիմնավորված դիմումի համաձայն՝ մինչեւ դիմումում նշված ծամկետի ավարտը:
3. Առարկության քննարկումը կասեցվում է հետեւյալ դեպքերում եւ ժամկետներով՝
1) հակադրվել է ավելի վաղ առաջնությամբ արդյունաբերական դիզայնի հայտ՝ մինչեւ դրա վերաբերյալ վերջնական որոշման կայացումը.
2) առարկության հիմքում դրված արդյունաբերական դիզայնը գտնվում է գրանցումն անվավեր կամ չեղյալ ճանաչելու գործընթացում՝ մինչեւ տվյալ գործով վերջնական որոշման ընդունումը.
3) կողմերից մեկը հիմնավորված դիմում է ներկայացրել՝ մինչեւ դրա մեջ նշված ժամկետի ավարտը, բայց ոչ ավելի՝ քան երեք ամիս:
4. Առարկության քննարկումը վերսկսվում է դրա կասեցման հիմքերը վերանալուց հետո:
5. Առարկության քննարկման արդյունքում պետական լիազոր մարմինը կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը՝
1) առարկությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու եւ արդյունաբերական դիզայնի գրանցումը մերժելու կամ մասնակիորեն մերժելու մասին.
2) առարկությունը մերժելու մասին:
Հոդված 47. Արդյունաբերական դիզայնի ըստ էության փորձաքննությունը
1. Երրորդ անձանց կողմից առարկություններ ներկայացնելու ժամկետի ավարտից հետո՝ մեկամսյա ժամկետում պետական լիազոր մարմինը, սահմանած կարգով, անցկացնում է հայտի ըստ էության փորձաքննություն՝ ստուգելու համար արդյունաբերական դիզայնի համապատասխանությունը սույն օրենքով սահմանված պահպանության պայմաններին:
2. Փորձաքննության ժամկետի ընթացքը կասեցվում է տվյալ հայտի վերաբերյալ սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան յուրաքանչյուր առարկության ստացման կապակցությամբ, նույն հոդվածի 5-րդ մասում նշված ժամկետներով:
3. Սույն օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ եւ 10-րդ մասի համաձայն զատված հայտով, որը առանձնացվել է այն սկզբնական (ավելի վաղ) ներկայացված հայտից, որով սկսվել էր ըստ էության փորձաքննության անցկացումը եւ վճարվել էր օրենքով սահմանված պետական տուրքը, ըստ էության փորձաքննությունն անցկացվում է սույն օրենքի 46-րդ հոդվածով նախատեսված հայտի նախնական փորձաքննությունը դրական արդյունքով ավարտից անմիջապես հետո: Արդյունաբերական դիզայնի ըստ էության փորձաքննություն անցկացնելու համար սահմանված պետական տուրքն այս դեպքում չի վճարվում:
4. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն պետական լիազոր մարմինն ստուգում է սույն օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մերժման հիմքերի առկայությունը՝ հաշվի առնելով ներկայացված առարկությունների քննարկման արդյունքները:
5. Արդյունաբերական դիզայնի պահպանունակության պայմաններն ստուգվում են հաշվի առնելով առնվազն անմիջականորեն պետական լիազոր մարմնի տրամադրության տակ գտնվող տեղեկատվությունը:
6. Պետական լիազոր մարմինն իրավունք ունի հայտատուից պահանջել ցանկացած տեղեկություն, որը համարում է անհրաժեշտ հայտատուին կամ հեղինակին անհատականացմելու, հայտը ճիշտ լրացնելու, պահպանության պայմաններին համապատասխանեցումն ապահովելու համար: Տեղեկությունը հայտատուի կողմից ներկայացվում է ծանուցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում եւ չպետք է փոխի արդյունաբերական դիզայնի էությունը: Սահմանված ժամկետում պատասխանը կամ սահմանված ժամկետի երկարաձգման դիմումը չներկայացնելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված՝ պայմանով, որ առանց պահանջված տեղեկության ըստ էության փորձաքննություն անցկացնելն անհնարին է, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:
7. Արդյունաբերական դիզայնի գրանցումը չի կարող մերժվել առանց հայտատուին հնարավորություն ընձեռելու հետ կանչել կամ փոփոխություններ կատարել հայտի մեջ կամ փաստարկներ ներկայացնել արդյունաբերական դիզայնի գրանցման օգտին՝ փորձաքննության արդյունքների մասին (հնարավոր մերժման կամ մասնակի մերժման) ծանուցումն ուղարկելու օրվանից երկամսյա ժամկետում: Հայտատուի ներկայացրած փաստարկները պետական լիազոր մարմինը քննարկում է դռանք ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:
Հադված 48. Արտոնագիր տալու վերաբերյալ որոշումները
1. Արդյունաբերական դիզայնի ըստ էության փորձաքննության արդյունքում՝ հաշվի առնելով սույն օրենքի 46-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ընդունած որոշումները, պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում՝
1) արտոնագիր տալու մասին, եթե պարզվել է, որ արդյունաբերական դիզայնը համապատասխանում է պահպանունակության պայմաններին, կամ
2) արտոնագիր տալը մերժելու մասին՝ սույն օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված՝ արտոնագիր տալը մերժելու մասին հիմքերով:
2. Եթե մեկ հայտով ներկայացված արդյունաբերական դիզայններից միայն մի մասն է համապատասխանում պահպանունակության պայմաններին, ապա արտոնագիր տալու մասին որոշումը կայացվում է միայն տվյալ մասի նկատմամաբ:
3. Պետական լիազոր մարմնի ընդունած որոշումները պետք է լինեն պատճառաբանված եւ հիմնավորված:
Հոդված 49. Պետական լիազոր մարմնի որոշումների բողոքարկումը
1. Հայտի քննարկման եւ արդյունաբերական դիզայնի ըստ էության փորձաքննության ընթացքում պետական լիազոր մարմնի կայացրած ցանկացած որոշմանը չհամաձայնելու դեպքում, այն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում հայտատուն կարող է բողոք ներկայացնել պետական լիազոր մարմնի բողոքարկման խորհուրդ:
2. Պետական լիազոր մարմնի որոշման դեմ բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու դեպքում տվյալ որոշման գործողությունը կասեցվում է:
3. Բողոքը համարվում է ներկայացված՝ սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը ներկայացնելու դեպքում:
4. Բողոքը պետք է պարունակի որոշման ոչ իրավաչափությունը հաստատող հիմնավոր փաստարկներ:
5. Բողոքը քննարկվում է ստացման օրվանից երկամսյա ժամկետում:
6. Բողոքի քննարկման արդյունքում բողոքարկման խորհուրդն ընդունում է հետեւյալ որոշումներից որեւիցե մեկը՝
1) բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու, փորձաքննության որոշումն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու եւ հայտով գործավարությունը շարունակելու մասին.
2) բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու, փորձաքննության որոշումն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու եւ արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու մասին.
3) բողոքը մերժելու եւ փորձաքննության որոշումն ուժի մեջ թողնելու մասին:
7. Հայտատուն կարող է բողոքարկման խորհրդի որոշումը բողոքարկել դատական կարգով՝ դրա ստացման օրվանից երկամսյա ժամկետում:
ԳԼՈՒԽ 6
ԱՐՏՈՆԱԳԻՐ ՏԱԼԸ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՋՈՐԴՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Հոդված 50. Արտոնագիր տալը եւ դրա մասին տեղեկությունների հրապարակումը
1. Արտոնագիր տալու մասին որոշման հիման վրա՝ որոշումն ստանալու օրվանից եռամսյա ժակետում կամ օրենքով նախատեսված ավելի ուշ ժամկետում արտոնագիր տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում, պետական լիազոր մարմինը արդյունաբերական դիզայնը գրանցում է գրանցամատյանում եւ տալիս է արտոնագիր:
2. Օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը նշված ժամկետում կամ օրենքով նախատեսված՝ ավելի ուշ ժամկետում չստանալու դեպքում, պետական լիազոր մարմինը հայտը համարում է հետ կանչված, ինչի մասին ծանուցում է հայտատուին:
3. Եթե արտոնագիրը խնդրարկվում է մի քանի անձանց անունով, նրանց բոլորին միասին տրվում է մեկ արտոնագիր: Ընդ որում, համապատասխան պետական տուրքի վճարման դեպքում արտոնագրատերերից յուրաքանչյուրին կարող է տրվել արտոնագրի պատճենը:
4. Արտոնագրի ձեւը եւ դրա մեջ նշվող տեղեկությունների ցանկը սահմանում է պետական լիազոր մարմինը:
5. Գրանցամատյանում գրանցելու հետ միաժամանակ պետական լիազոր մարմինն իր պաշտոնական տեղեկագրում տեղեկություններ է հրապարակում արտոնագիր տալու մասին, որոնք ներառում են՝ հեղինակի անունը, ազգանունը (եթե հեղինակը չի հրաժարվել նշվել որպես այդպիսին), արտոնագրատիրոջ անունը, ազգանունը կամ անվանումը, արդյունաբերական դիզայնի անվանումը եւ այլ տեղեկություններ:
Հրապարակվող տեղեկությունների լրիվ ցանկը սահմանում է պետական լիազոր մարմինը:
6. Արտոնագիր տալու թվական համարվում է պետական լիազոր մարմնի պաշտոնական տեղեկագրում արտոնագիր տալու մասին տեղեկությունների հրապարակման թվականը:
7. Սույն հոդվածի համաձայն տեղեկությունների հրապարակումից հետո ցանկացած անձ կարող է ծանոթանալ տվյալ արդյունաբերական դիզայնի հայտի նյութերի հետ: Հայտի նյութերի հետ ծանոթացման եւ դրանց պատճեների տրամադրման կարգը սահմանում է պետական լիազոր մարմինը:
Հոդված 51. Արդյունաբերական դիզայնի արտոնագրի գործողության ժամկետի երկարաձգումը
1. Արդյունաբերական դիզայնի արտոնագրի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել արտոնագրատիրոջ կամ նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա՝ սահմանված պետական տուրքի վճարման պայմանով:
2. Համալիր (բարդ) իրի արտոնագրի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել ինչպես ամբողջությամբ, այնպես էլ մասնակիորեն՝ միայն դրանց որոշ բաղադրիչների նկատմամբ:
3. Մեկից ավել արդյունաբերական դիզայնների արտոնագրի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել նաեւ դրանց մի մասի համար:
4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված արդյունաբերական դիզայնի արտոնագրի գործողության ժամկետի երկարաձգման դիմումը պետական լիազոր մարմին ներկայացվում է արտոնագրի գործողության ընթացիկ հնգամյա ժամկետի վերջին տարվա ընթացքում:
5. Արդյունաբերական դիզայնի արտոնագրի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել նաեւ սահմանված ժամկետի ավարտից հետո՝ վեց ամսվա ընթացքում, ներկայացված դիմումի հիման վրա՝ լրացուցիչ պետական տուրքի վճարման դեպքում:
6. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պետական տուրքը վճարված չլինելու եւ սույն հոդվածի 5-րդ մասով վճարելու անհրաժեշտության ու չվճարելու դեպքում դրա հետեւանքների մասին պետական լիազոր մարմինն արտոնագրատիրոջը հիշեցումով ծանուցում է ոչ ուշ, քան մինչեւ արտոնագրի գործողության ընթացիկ հնգամյա ժամկետի վերջին տարվա 9-րդ ամսվա ավարտը:
7. Պետական տուրքերը սահմանված ժամկետներում չվճարելը կամ սույն հոդվածի 6-րդ մասում նշված պետական լիազոր մարմնի հիշեցումն անհետեւանք թողնելը հանգեցնում արտոնագրի գործողության դադարեցմանը:
8. Արտոնագրի գործողության երկարաձգված ժամկետը հաշվարկվում է նախորդող հինգ տարվա ժամանակահատվածին հաջորդող օրվանից:
9. Արտոնագրի գործողության ժամկետի երկարաձգման մասին պետական լիազոր մարմինը գրառում է կատարում պետական գրանցամատյանում, արտոնագրի մեջ (արտոնագրատիրոջ ցանկությամբ) եւ տեղեկություններ է հրապարակում «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում:
Հոդված 52. Արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքների վերականգնումը եւ հետօգտագործման իրավունքը
1. Արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքները, որոնք դադարեցվել են սույն օրենքի 51-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, կարող են վերականգնվել իրավատիրոջ դիմումի հիման վրա: Դիմումն անհրաժեշտ է պետական լիազոր մարմին ներկայացնել սույն օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ մասերով սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ 12 ամսվա ընթացքում: Դիմումին կցվում է արտոնագրի գործողության վերականգնման համար սահմանված պետական տուրքի, ինչպես նաեւ արտոնագիրը գործողության մեջ պահելու համար համար չվճարված պետական տուրքերի վճարումը հաստատող փաստաթուղթը: Իրավունքները չեն վերականգնվում, եթե մինչեւ իրավունքների վերականգնման մասին դիմում ներկայացնելը նույնական արդյունաբերական դիզայնի նկատմամբ արդեն իրավունք է ձեռք բերել այլ անձ:
2. Արդյունաբերական դիզայնի արտոնագրի գործողության վերականգնման մասին պետական լիազոր մարմինը տեղեկություն է հրապարակում իր պաշտոնական տեղեկագրում:
3. Ցանկացած անձ, որը սույն օրենքի 50-րդ (18-րդ) հոդվածի 7-րդ մասի համաձայն արդյունաբերական դիզայնի իրավական պահպանության դադարեցման թվականից մինչեւ պետական լիազոր մարմնի պաշտոնական տեղեկագրում արտոնագրի գործողության նկատմամբ իրավունքների վերականգնման մասին տեղեկությունների հրապարակման թվականը բարեխղճորեն սկսել է սույն օրենքի համաձայն պահպանվող արդյունաբերական դիզայնի օգտագործումը կամ կատարել է օգտագործման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ, պահպանում է դրա հետագա անհատույց օգտագործման իրավունքը՝ առանց այդպիսի օգտագործման ծավալի ընդլայնման (հետօգտագործման իրավունք):
4. Սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասում նշված իրավունքը կորցնելու եւ դրա վերականգնման մասին հայտարարություն հրապարակելու ժամանակահատվածի համար սույն հոդվածի 3-րդ մասը կիրառվում է mutatis mutandis:
5. Հետօգտագործման իրավունքը թույլատրվում է փոխանցել այլ անձի միայն այն արտադրության հետ միասին, որտեղ օգտագործվել է արդյունաբերական դիզայնը, կամ կատարվել է դրա համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ:
Հոդված 53. Արտոնագիրն անվավեր ճանաչելը
1. Արդյունաբերական դիզայնի արտոնագրի գործողությունը կարող է ցանկացած շահագրգիռ անձի դիմումի հիման վրա օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչվել անվավեր ամբողջությամբ կամ մասնակիորեն, եթե՝
1) արդյունաբերական դիզայնը չի համապատասխանում սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված պահանջներին.
2) արտադրանքի արտաքին տեսքի պատկերն առաջացնող էական հատկանիշների համախմբությունը գերազանցում է ներկայացված սկզբնական հայտով տրված արտաքին տեսքի պատկերն առաջացնող էական հատկանիշները.
3) արդյունաբերական դիզայնի արտոնագրատերը, սույն օրենքի համաձայն, առտոնագիրն ստանալու իրավունք չի ունեցել:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված դեպքի համար դատարան կարող է դիմել միայն այն անձը, որն իրավասու է ստանալու տվյալ առտոնագիրը:
3. Հայտի նկատմամբ մեկ կամ մի քանի ձեւական պահանջները չկատարելը չի կարող հիմք հանդիսանալ արտոնագիրն ամբողջությամբ կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կանխամտածված խաբեության արդյունք է:
Հոդված 54. Անվավերության հետեւանքները
1. Արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքն անվավեր ճանաչման դեպքում համարվում է, որ սույն օրենքով նախատեսված իրավունքները չեն գործել ի սկզբանե:
2. Արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքի անվավեր ճանաչումը չի ազդում՝
1) օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վրա, որոնք կատարվել են մինչեւ արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքն անվավեր ճանաչելու մասին որոշման ընդունումը.
2) մինչեւ արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքն անվավեր ճանաչելու մասին որոշման ընդունումը կնքված պայմանագրերի վրա այն չափով, որով դրանք կատարվել են մինչեւ նշված որոշման ընդունումը: Միաժամանակ, արդարացի հանգամանքներից ելնելով, կարող է հատուցում պահանջվել պայմանագրի համաձայն կատարված ծախսերի ողջամիտ ծավալի համար:
Հոդված 55. Իրավունքների դադարեցումը
1. Արդյունաբերական դիզայնի արտոնագրով վերապահված իրավունքները դադարեցվում են ամբողջությամբ կամ մասնակիորեն, եթե՝
1) արտոնագրատերը դրանցից ամբողջությամբ կամ մասնակի հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել պետական լիազոր մարմին: Այս դեպքում արտոնագրի նկատմամբ համապատասխան իրավունքները նա կորցնում է դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից:
Եթե գրանցված արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքներից ամբողջությամբ հրաժարվում է արտոնագրատերերից միայն մեկը, արտոնագրի գործողությունը չի դադարում, նշված իրավունքներն անցնում են մյուս արտոնագրատերերին:
Եթե բոլոր արտոնագրատերերն ամբողջությամբ հրաժարվում են գրանցված արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքներից, նրանք պետք է այդ մասին ծանուցեն նաեւ հեղինակին: Այս դեպքում հեղինակն ունի իր անվամբ արտոնագիր ստանալու առաջնահերթ իրավունք, եթե այդ մասին պետական լիազոր մարմին դիմի արտոնագրատիրոջ կողմից ծանուցվելուց հետո երեք ամսվա ընթացքում:
2) արտոնագիրը գործողության մեջ պահելու համար պետական տուրքը սահմանված ժամկետներում չի վճարվել.
3) սույն օրենքի 53-րդ հոդվածի համաձայն արտոնագիրն անվավեր է ճանաչվել.
4) լրացել է արտոնագրի գործողության ժամկետը:
2. Արտոնագիրը գործողության մեջ պահելու համար պետական տուրքը սահմանված ժամկետներում չվճարելու դեպքում իրավունքները համարվում են դադարեցված նշված ժամկետի ավարտին հաջորդող օրվանից:
3. Պետական լիազոր մարմինն իր պաշտոնական տեղեկագրում տեղեկություններ է հրապարակում արտոնագրի գործողության (արտոնագրով տրամադրվող իրավունքների) դադարեցման մասին:
ԳԼՈՒԽ 7
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՎԱԴՐՈՒՄԸ
Հոդված 56. Իրավունքների փոխանցումը
1. Արտոնագրատիրոջ իրավունքներն իրավահաջորդության կարգով կամ արտոնագրատիրոջ կողմից պայմանագրով կարող են փոխանցվել այլ անձի ամբողջությամբ կամ մասնակիորեն:
2. Արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքների փոխանցումը գրանցվում է արդյունաբերական դիզայնների հայտերի հիմնապաշարում կամ գրանցամատյանում եւ երրորդ անձանց նկատմամբ ուժի մեջ է մտնում գրանցման պահից:
3. Պետական գրանցամատյանում արդյունաբերական դիզայնի իրավունքների փոխանցումը գրանցելու համար փոխանցումն իրականացնող կողմերից մեկը պետական լիազոր մարմին է ներկայացնում՝
1) դիմում իրավունքների փոխանցումը գրանցելու մասին.
2) իրավունքների փոխանցումը հավաստող փաստաթուղթը.
3) օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը, համապատասխան դեպքում նաեւ՝ նվազեցված դրույքաչափով վճարման հիմքերը՝ համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի:
4) ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթը (ներկայացուցչի առկայության դեպքում):
4. Իրավունքի փոխանցումը ենթակա է գրանցման պետական լիազոր մարմնում: Պետական լիազոր մարմինը լիցենզիան գրանցում է սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանած կարգով:
Պետական լիազոր մարմնում չգրանցված իրավունքների փոխանցման մասին պայմանագիրն առոչինչ է:
5. Գրանցված արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքների փոխանցման մասին տվյալները հրապարակվում են «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում:
6. Սույն հոդվածի 1-ին մասը կիրառվում է նաեւ հայտատուի նկատմամբ մութաթիս մութանդիս (mutatis mutandis):
Հոդված 57. Lիցենզիայի տրամադրումը
1. Արտոնագրատերը (լիցենզատուն) լիցենզային պայմանագրով թույլատրում է մեկ այլ անձի (լիցենզառուին) արտոնագրով պահպանվող արդյունաբերական դիզայնը պայմանագրով նախատեսված ծավալով օգտագործել, իսկ լիցենզառուն պարտավորվում է լիցենզատուին վճարել պայմանագրով սահմանված վճարները եւ իրականացնել պայմանագրով նախատեսված այլ գործողություններ:
2. Բացառիկ լիցենզիայի դեպքում արդյունաբերական դիզայնի օգտագործման բացառիկ իրավունքը լիցենզառուին տրամադրվում է պայմանագրով որոշված սահմաններում (ծավալով ու տարածքում), ընդ որում, լիցենզատուն պահպանում է արդյունաբերական դիզայնի օգտագործման իրավունքն այն մասով, որը չի տրամադրվել լիցենզառուին:
3. Հասարակ լիցենզիայի դեպքում լիցենզատուն, արդյունաբերական դիզայնի օգտագործման իրավունքը լիցենզառուին տրամադրելով, պահպանում է իր բոլոր իրավունքները, այդ թվում նաեւ երրորդ անձանց հասարակ լիցենզիա տրամադրելու իրավունքը:
4. Կողմերի ցանկությամբ լիցենզային պայմանագիրը կարող է գրանցվել պետական լիազոր մարմնում: Պետական լիազոր մարմինը լիցենզիան գրանցում է սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանած կարգով: Պետական լիազոր մարմնում չգրանցված լիցենզային պայմանագիրը երրորդ անձանց նկատմամբ չի գործում:
5. Լիցենզային պայմանագրի եւ զիջման մասին պայմանագրի գրանցման հետ կապված պետական լիազոր մարմնի որոշումները դրանց ընդունման օրվանից եռամսյա ժամկետում կարող են բողոքարկվել պետական լիազոր մարմնի բողոքարկման խորհրդում կամ դատական կարգով:
Հոդված 58. Արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքների գրավադրումը եւ դրանք արգելանքի տակ դնելը
1. Արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքներն օրենքով սահմանված կարգով կարող են հանդիսանալ ապահովված իրավունքի առարկա, կամ դրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կարող է կիրառվել սահմանափակում:
2. Արդյունաբերական դիզայնի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
ԳԼՈՒԽ 8
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ
Հոդված 59. Պետական գրանցամատյանը
1. Պետական լիազոր մարմինը վարում է արդյունաբերական դիզային Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական գրանցամատյանները (այսուհետ՝ գրանցամատյաններ): Գրանցամատյանները բաց են հանրության համար, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
2. Ցանկացած անձի դիմումի հիման վրա եւ օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դիմաց պետական լիազոր մարմինը քաղվածք է տրամադրում գրանցամատյանից:
3. Գրանցամատյանների բովանդակությունը, դրանցում փոփոխություն կատարելու մասին դիմումի ձեւը, փոփոխություններ կատարելու ընթացակարգը, քաղվածքի ձեւը եւ դրա առաքման, ինչպես նաեւ գրանցամատյանների վարման հետ կապված այլ գործողությունների կատարման կարգը սահմանում է պետական լիազոր մարմինը:
Հոդված 60. Գրանցամատյանի բովանդակությունը
1. Արդյունաբերական դիզայնի համապատասխան գրանցամատյանը հիմնականում ներառում է արդյունաբերական դիզայնի գրանցման համարը (արդյունաբերական դիզայնի արտոնագրի համարը), հայտի համարը եւ ներկայացման թվականը, խնդրարկված առաջնության թվականը, հայտի հրապարակման թվականը, գրանցամատյանում գրանցման թվականը եւ արտոնագրի տրման (հրապարակման) թվականը, արտոնագրատիրոջը վերաբերող տվյալները (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, բնակության վայրը, կազմակերպության դեպքում՝ անվանումը, գտնվելու վայրը), արտոնագրի տեսակը, հեղինակին վերաբերող տվյալները (անուն, ազգանունը եւ բնակության վայրը), արդյունաբերական դիզայնի անվանումը, արտոնագրի գործողության մասին տվյալները, արտոնագրի գործողության դադարեցման թվականը:
2. Գրանցամատյան ներառվում է նաեւ գրանցված արդյունաբերական դիզայնի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի մասին տեղեկատվությունը:
Հոդված 61. Գրանցամատյանում փոփոխությունների կատարումը
1. Իրավունքներին եւ արտոնագրատերերին վերաբերող տվյալների հետագա փոփոխությունները գրանցամատյան մուտքագրվում են համապատասխան դիմումի համաձայն: Սույն հոդվածի դրույթները մութաթիս մութանդիս (mutatis mutandis) կիրառվում են հայտերի եւ հայտատուների նկատմամբ:
2. Իրավունքների փոխանցումը եւ տրամադրված լիցենզիաների մասին տվյալները գրանցամատյան մուտքագրվում են պայմանագրի կողմերից որեւէ մեկի դիմումի համաձայն:
3. Մինչեւ փոփոխությունների կատարումը, որպես արտոնագրատեր գրանցամատյանում նշված անձը, համապատասխան ապացույցներ ներկայացնելու դեպքում, կարող է դատական կարգով բողոքարկել ցանկացած փոփոխություն, որն անօրինական ձեւով կատարվել է առանց իր համաձայնության:
Հոդված 62. Փոփոխություններ կատարելու ընթացակարգը
1. Մեկ դիմումով կարող է խնդրարկվել գրանցամատյանում կատարել մի քանի փոփոխություն: Մեկ դիմումը բավարար է նաեւ, եթե փոփոխությունները խնդրարկվում են մեկից ավելի հայտերի եւ (կամ) միեւնույն անձի իրավունքի համար՝ պայմանով, որ փոփոխությունը կամ փոփոխությունները նույնը լինեն քննարկվող բոլոր հայտերի եւ իրավունքների համար, եւ բոլոր հայտերի ու իրավունքների համարները նշված լինեն դիմումում:
2. Յուրաքանչյուր հայտի կամ իրավունքի վերաբերյալ փոփոխությունը գրանցամատյանում գրանցելու համար դիմում ներկայացնելիս կամ պետական լիազոր մարմնի համապատասխան ծանուցագրի ուղարկման օրվանից եռամսյա ժամկետում, վճարվում է պետական տուրք:
3. Եթե փոփոխությունները խնդրարկվում են որպես արտոնագրատեր գրանցամատյանում նշված անձի կողմից, ապա պետական լիազոր մարմինը փոփոխությունները գրանցում է համապատասխան գրանցամատյանում:
4. Եթե փոփոխությունները խնդրարկվում են որպես արտոնագրատեր գրանցամատյանում չգրանցված անձի կողմից, ապա տվյալ անձը դիմումը ներկայացնելիս կամ պետական լիազոր մարմնի համապատասխան ծանուցագիրի ուղարկման օրանից երեք ամսվա ընթացքում, իր հայեցողությամբ ներկայացնում է արտոնագրատիրոջ համաձայնությունը կամ փոփոխությունների կատարման իրավական հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր: Եթե պետական լիազոր մարմինը կասկածներ ունի փոփոխություններ կատարելու համար ներկայացված դիմումում տեղ գտած որեւէ նշման վերաբերյալ, կամ եթե ներկայացված փաստաթղթերն օտար լեզվով են, ապա նա կարող է պահանջել, որ դիմումն ստանալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, ներկայացվեն լրացուցիչ փաստաթղթեր կամ ներկայացված փաստաթղթերի հայերեն թարգմանությունը:
5. Եթե դիմողը ժամանակին չի ներկայացնում սույն հոդվածի 4-րդ մասում նշված լրացուցիչ փաստաթղթերը կամ փաստաթղթերի թարգմանությունը, ապա փոփոխություններ կատարելու մասին դիմումը համարվում է հետ կանչված:
6. Փոփոխությունները կատարվում են պետական լիազոր մարմնի որոշման հիման վրա:
ԳԼՈՒԽ 9
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 63. Պետական լիազոր մարմնի առջեւ ներկայացուցչությունը
1. Հայտատուն, արտոնագրատերը, այլ շահագրգիռ անձը պետական լիազոր մարմնի հետ գործավարությունը կարող է վարել ներկայացուցչի միջոցով, նրանց կողմից տրված լիազորագրի հիման վրա:
2. Ներկայացուցիչ նշանակող կողմը կարող է նշանակել մեկ կամ մի քանի ներկայացուցիչ յուրաքանչյուր կամ բոլոր գործողությունների համար, որոնք նախատեսված են պետական լիազոր մարմնի ընթացակարգով: Եթե նշանակված է մի քանի ներկայացուցիչ, եւ նշանակող կողմը ընդհանուր ներկայացուցչին չի նշանակում, որի հետ պետական լիազոր մարմինը պետք է վարի գործավարությունը, ապա պետական լիազոր մարմինը ծանուցումները եւ որոշումներն ուղարկում է հայտը ներկայացրած ներկայացուցչին, իսկ դրա անհնարինության դեպքում՝ նշանակված ներկայացուցիչներից որեւէ մեկին:
3. Ներկայացուցիչ նշանակող կողմը մեկ լիազորագրով կարող է լիազորել ներկայացուցչին կատարել միեւնույն հայտատուի՝ պետական լիազոր մարմին ներկայացված կամ հետագայում ներկայացվելիք հայտերին վերաբերող գործողությունները: Այս դեպքում հայտերից մեկի համար ներկայացվում է լիազորագրի բնօրինակը, իսկ մնացած հայտերից յուրաքանչյուրի համար՝ լիազորագրի պատճենը, որի վրա նշվում է այն հայտի համարը, որում պահվում է լիազորագրի բնօրինակը:
4. Ներկայացուցչի լիազորագիրը պետական լիազոր մարմին ներկայացվում է հայտը ներկայացնելիս կամ այն ներկայացնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում: Մինչեւ լիազորագիր ներկայացնելը ներկայացուցչի կատարած գործողությունները համարվում են չկատարված եւ հաշվի չեն առնվում, բացառությամբ հայտը պետական լիազոր մարմին ներկայացնելուց եւ պետական տուրքը վճարելուց: Նշված ժամկետում լիազորագիրը չներկայացնելու դեպքում գործավարությունն իրականացվում է հայտատուի հետ անմիջականորեն, հաշվի առնելով սույն օրենքի 63-րդ հոդվածով սահմանված պահանջները:
Հոդված 64. Օտարերկրյա անձանց ներկայացուցչությունը
1. Օտարերկրյա ֆիզիկական անձինք եւ կազմակերպությունները, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում չունեն մշտական բնակության վայր կամ իրական եւ գործող արդյունաբերական կամ առեւտրային հաստատություն (այսուհետ՝ օտարերկրյա անձինք), սույն օրենքի համաձայն՝ իրենց իրավունքների ձեռքբերման եւ պաշտպանության հետ կապված գործերը պետական լիազոր մարմնում վարում են ներկայացուցչի միջոցով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
2. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի պահանջներից եւ հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ մասի պահանջները՝ օտարերկրյա անձինք կարող են պետական լիազոր մարմին հայտ ներկայացնել, հայտի ներկայացման թվականի առնչությամբ գործողություններ կատարել, գործավարության կատարման համար վճարել պետական տուրքեր, սույն օրենքի 29-րդ հոդվածի համաձայն՝ առաջնության իրավունքի խնդրարկման դեպքում ներկայացնել առաջին հայտի վավերացված պատճենը եւ այդ գործավարության վերաբերյալ պետական լիազոր մարմնի կողմից ստանալ ծանուցագիր՝ առանց ներկայացուցչի:
3. Եթե օտարերկրյա անձը, սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն, փաստաթղթերը պետական լիազոր մարմին ներկայացնելու համար չունի ներկայացուցիչ, ապա նա պետական լիազոր մարմնի հետ նամակագրության համար տալիս է Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կամ էլեկտրոնային հասցե: Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ցանկացած ծանուցագիր, որը պետական լիազոր մարմինն ուղարկում է նշված հասցեով, համարվում է պատշաճ ծանուցում:
4. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի պահանջներից՝ տարեկան պետական տուրքը կարող է վճարել ցանկացած անձ:
5. Եթե օտարերկրյա անձը պետական լիազոր մարմնի հետ գործավարության համար չի նշանակում ներկայացուցիչ եւ սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն չի նշում նամակագրության հասցե, ապա պետական լիազոր մարմինը նրան ծանուցագիր է ուղարկում՝ այն ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում, ներկայացուցիչ նշանակելու եւ լիազորագիր ներկայացնելու, կամ սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նամակագրության հասցե նշելու առաջարկությամբ: Եթե օտարերկրյա աձը սահմանված ժամկետում ներկայացուցիչ չի նշանակում եւ լիազորագիր չի ներկայացնում, կամ սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նամակագրության հասցե չի նշում, հայտը համարվում է հետ կանչված:
Հոդված 65. Ներկայացուցչի լիազորագրի գործողությունը դադարեցնելը եւ ծառայություններից հրաժարվելը
1. Ներկայացուցիչ նշանակող կողմը ցանկացած ժամանակ կարող է դադարեցնել լիազորագրի գործողությունը, իսկ ներկայացուցիչը՝ հրաժարվել իր նշանակումից՝ այդ մասին տեղեկացնելով պետական լիազոր մարմնին:
2. Ներկայացուցիչ նշանակող կողմի որոշումն ուժի մեջ է մտնում պետական լիազոր մարմնի կողմից այն ստանալու օրվանից: Իր նշանակումից հրաժարվելու մասին ներկայացուցչի որոշումն ուժի մեջ է մտնում այդ որոշումը պետական լիազոր մարմնի կողմից ստանալու օրվանից, պայմանով, որ այդ մասին ծանուցված է ներկայացուցիչ նշանակող կողմը: Նշանակող կողմն ավելի ուշ ծանուցվելու դեպքում ներկայացուցչի որոշումն ուժի մեջ է մտնում այդ որոշումը նշանակող կողմի ստանալու օրվանից:
3. Եթե ներկայացուցչի լիազորությունները դադարեցնելու մասին ներկայացուցիչ նշանակող կողմի որոշման կամ իր լիազորություններից հրաժարվելու մասին ներկայացուցչի որոշման պատճառով օտարերկրյա անձը մնում է առանց ներկայացուցչի, ապա սույն օրենքի 64-րդ հոդվածի 5-րդ մասը կիրառվում է մութաթիս մութանդիս (mutatis mutandis):
Հոդված 66. Արտոնագրային հավատարմատարները
1. Արդյունաբերական դիզայնի հայտ ներկայացնելու, հայտով նամակագրություն վարելու, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված իրավունքների ձեռքբերման եւ տնօրինման հետ կապված գործողությունները հայտատուն կարող է կատարել իր կողմից նշանակված արտոնագրային հավատարմատարի միջոցով:
2. Արտոնագրային հավատարմատար կարող է լինել՝
1) Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն եւ բարձրագույն կրթություն ունեցող այն անձը, ով պետական լիազոր մարմնում հանձնել է համապատասխան քննություն եւ որակավորվել է որպես արտոնագրային հավատարմատար,
2) Հայաստանի Հանրապետության կազմակերպությունը, որում աշխատում է սույն մասի 1-ին կետի պահանջներին համապատասխանող առնվազն մեկ անձ:
3. Կողմերը, որոնք, սույն օրենքի համաձայն, իրականացնում են իրավունքների հետ կապված գործողություններ, կարող են նաեւ դատարաններում եւ այլ պետական մարմիններում ներկայացվել արտոնագրային հավատարմատարի կողմից, ինչպես նաեւ նրա մոտ աշխատող լիազորված անձի միջոցով, պայմանով, որ նրանք համապատասխանում են դատարանում եւ այլ պետական մարմիններում հանդես գալու մասին օրենքով սահմանված պահանջներին: Այս դեպքերում հավատարմատարն իրավունք ունի վարձատրվելու իր աշխատանքի դիմաց եւ հատուցում ստանալու իր ծախսերի դիմաց:
4. Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական լիազոր մարմինն անցկացնում է հավատարմատարների որակավորման քննություններ՝ սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն իր սահմանած կարգով:
Հոդված 67. Հավատարմատարների գրանցումը գրանցամատյանում
1. Պետական լիազոր մարմինը վարում է արտոնագրային հավատարմատարների գրանցամատյանը:
2. Գրանցամատյանում գրանցվելու համար վճարվում է օրենքով սահմանված պետական տուրք: Պետական տուրքի վճարումից հետո պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում արտոնագրային հավատարմատարին գրանցելու մասին:
3. Հավատարմատարները կարող են հանվել գրանցամատյանից, եթե՝
1) այդ մասին դիմում են ներկայացրել.
2) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով զրկվել են տվյալ գործունեությամբ զբաղվելու իրավունքից:
4. Գրանցամատյանում գրանցվում են, մասնավորապես, հետեւյալ տվյալները՝ հավատարմատարի գրանցման համարը, հավատարմատարի տվյալները (անունը, ազգանունը կամ անվանումը, բնակության կամ գտնվելու վայրը), գրանցամատյանում գրանցման թվականը եւ այն անձի տվյալները, ով համապատասխանում է սույն օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջներին եւ ընդունված է մշտական կամ պայմանագրային աշխատանքի հավատարմատարի կողմից (անունը, ազգանունը, բնակության վայրը եւ կրթությունը):
5. Հավատարմատարների գործունեությունը կարգավորվում է Կառավարության հաստատած կանոնադրությամբ: Հավատարմատարների գրանցումն իրականացնում է պետական լիազոր մարմինը՝ սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ իր սահմանած կարգով:
ԳԼՈՒԽ 10
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Հոդված 68. Արդյունաբերական դիզայնի արտոնագրումն օտարերկրյա պետություններում
1. Հայաստանի Հանրապետությունում ստեղծված արդյունաբերական դիզայնը կարող է արտոնագրվել օտարերկրյա պետություններում՝ հայտ ներկայացնելով անմիջականորեն այն երկրի գերատեսչություն, որտեղ խնդրարկվում է արդյունաբերական դիզայնի արտոնագիր կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:
2. Հաագայի համաձայնագրի համաձայն միջազգայի գրանցման հայտերը Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Միջազգային բյուրո ներկայացվում են անմիջականորեն կամ պետական լիազոր մարմնի միջոցով:
3. Հաագայի համաձայնագրի ընթացակարգով Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության միջազգային բյուրո (այսուհետ՝ Միջազգային բյուրո) ներկայացվող միջազգային հայտերով պետական լիազոր մարմինը հանդես է գալիս որպես ստացող պետական մարմին միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ կազմակերպությունների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող ֆիզիկական անձանց համար: Միջազգային հայտը ներկայացվում է անգլերեն:
4. Պետական լիազոր մարմինն ստուգում է ստացված հայտերի անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը եւ դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, որի արդյունքներով սահմանում է միջազգային ներկայացման թվականը, եւ այդ թվականից հետո՝ մեկամսյա ժամկետում, առաքում է դրանք Միջազգային բյուրո:
ԳԼՈՒԽ 11
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
Հոդված 69. Անցումային դրույթներ
1. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրված արդյունաբերական նմուշի վկայագրերը, որոնց գործողությունը մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը դադարեցված չեն, շարունակում են գործել սույն օրենքի դրույթներին համապատասխան՝ որպես սույն օրենքի համաձայն տրված արդյունաբերական դիզայնի արտոնագիր:
2. Արդյունաբերական նմուշի վկայագրի գործողությունը, որը սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին դադարեցված են համապատասխան պետական տուրքի չվճարման պատճառով, վերականգնվում են արտոնագրերի գործողությունը վերականգնելու համար սույն օրենքով սահմանված դրույթներին համապատասխան:
3. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին փորձաքննության փուլում գտնվող արդյունաբերական նմուշի հայտերի քննարկումն իրականացվում է սույն օրենքով սահմանված՝ արդյունաբերական դիզայնի հայտերի փորձաքննության անցկացման դրույթներին համապատասխան:
4. Արդյունաբերական նմուշների այն հայտերով, որոնց փորձաքննության արդյունքում մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահը կայացված է որեւէ որոշում, հետագա իրառմանունաբե իրականացվում է սույն օրենքով սահմանված դրույթներին համապատասխան:
5. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը արդյունաբերական նմուշներին վերաբերող ծագած վեճերը լուծվում են մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող օրենքի դրույթներին համապատասխան:
6. Ուժը կորցրած ճանաչել «Գյուտերի, օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 28-ի ՀՕ-111-Ն օրենքի 22-29-րդ եւ 60-62-րդ հոդվածները:
Հոդված 70. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, Կառավարությունը եւ սույն օրենքով նախատեսված պետական լիազոր մարմինն ընդունում են սույն օրենքով նախատեսված նորմատից իրավական ակտերը: