Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-683-06.07.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1823 -րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.2-րդ, 1.3-րդ եւ 1.4-րդ մասերով.

«1.2. Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջները խախտելը

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

1.3. Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում բնակելի տարածք չհանդիսացող փակ տարածքներում, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցներում եւ աշխատավայրում դիմակ կրելու պահանջները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

1.4. Սույն հոդվածի 1.2-րդ եւ 1.3-րդ մասերով նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքների համար նախատեսված տուգանքների կրկնապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասը «եւ 140-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «, 140-րդ հոդվածներով եւ 1823 -րդ հոդվածի 1.2-րդ, 1.3-րդ եւ 1.4-րդ մասերով» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 288-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատ կարող է տրվել որոշումը սույն օրենսգրքի 283-րդ հոդվածով սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո` երեսուն օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենսգրքի 1823-րդ հոդվածի 1.2-րդ, 1.3-րդ  եւ 1.4-րդ մասերով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ կայացված որոշումների, որոնց դեպքում գանգատ կարող է տրվել որոշումը սույն օրենսգրքի 283-րդ հոդվածով սահմանված կարգով հանձնելու (հանձնված համարվելու) օրվանից հետո` տասնհինգ օրվա ընթացքում: Նշված ժամկետները հարգելի պատճառներով բաց թողնելու դեպքում այդ ժամկետը կարող է վերականգնվել գանգատը քննելու համար իրավազոր մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, այն անձի դիմումով, որի նկատմամբ ընդունված է որոշումը:

Սույն օրենսգրքի 1823 -րդ հոդվածի 1.2-րդ, 1.3-րդ  եւ 1.4-րդ մասերով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ կայացված որոշումների դեմ գանգատ բերելու տասնհինգօրյա ժամկետը բաց թողնելուց հետո նշված իրավախախտումների վերաբերյալ կազմված վարչական ակտերը դառնում են անբողոքարկելի:»:

Հոդված 4. Օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասը «տեղում գանձվող» բառերից հետո լրացնել «եւ սույն օրենսգրքի 1823 -րդ հոդվածի 1.2-րդ, 1.3-րդ եւ 1.4-րդ մասերով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով» բառերը:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո` անմիջապես:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) այն դեպքերի, երբ վիճարկվում է արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման հետեւանքով վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վարչական ակտ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո` անմիջապես:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային (COVID-19) հիվանդությամբ պայմանավորված արտակարգ դրության հայտարարումից սկսած մտցվել են արտակարգ դրության իրավական ռեժիմից բխող մի շարք սահմանափակումներ, այդ թվում նաեւ անձանց ազատ տեղաշարժման իրավունքի սահմանափակումներ:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի մայիսի 19-ի թիվ ՀՕ-265-Ն օրենքով սահմանվել է արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտումից բխող ազատ տեղաշարժի պայմանները եւ պահանջները խախտելու վարչական իրավախախտումը: Այդուհանդերձ, նկատի ունենալով արտակարգ դրության ընթացքում իրավական ռեժիմի հաճախակի հանդիպող խախտումը անհրաժեշտություն է առաջանում սահմանել նաեւ հատուկ նորմեր, որոնցով հնարավոր կլինի թիրախային կարգավորել կոնկրետ հարաբերություններ:

Մասնավորապես, արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոններից ամենահաճախ խախտվում է հակահամաճարակային կանխարգելիչ նշանակություն ունեցող անհատական պաշտպանության միջոցների` դիմակների կրումը հանրային բաց տարածքներում, ինչպես նաեւ բնակելի տարածքներից դուրս փակ տարածքներում, տրանսպորտային միջոցներում, աշխատավայրում: Վերոգրյալի հիման վրա անհրաժեշտ է հատուկ նորմով սահմանել կոնկրետ պահանջների խախտումը եւ դրա համար իրավական հետեւանքը:

Միաժամանակ, նկատի ունենալով արտակարգ դրության պայմաններում արդյունավետ վարչական վարույթի իրականացումը նյութաիրավական նորմերի հետ մեկտեղ անհրաժեշտություն է առաջանում համապատասխան փոփոխություններ կատարել նշված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության կարգում: Փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի վարչական իրավախախտման փաստի հայտնաբերումից սկսած մինչեւ համապատասխան իրավական հետեւանքի առաջացումը ընկած ժամանակահատվածը հնարավորինս նվազեցնել` ապահովելով պատասխանատվության անխուսափելիությունը կատարած իրավախախտման համար:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծերով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում որպես հատուկ նորմ սահմանել հանրային բաց տարածքներում եւ փակ տարածքներում քաղաքացիների կողմից դիմակ կրելու պահանջները խախտելու զանցակազմը, դրանցով սանկցիաները սահմանել համապատասխանաբար սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի (20.000 ՀՀ դրամ) եւ հիսնապատիկի (50.000 ՀՀ դրամ) չափով, ինչպես նաեւ սահմանվում են այդ գործերով բողոք բերելու ժամկետները եւ դրա իրավական հետեւանքները: Նախատեսվում է սահմանել նաեւ վարչական իրավախախտման կրկնակիության դեպքում համապատասխան զանցակազմերի սանկցիաների կրկնապատիկի չափով տուգանքի նշանակումը:

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագծերի փաթեթը մշակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ինչպես կանխարգելել հակահամաճարակային կանոններից մասնավորապես դիմակի չկրելու կամ սխալ կրելու դեպքերը, այնպես էլ օպերատիվ իրականացնել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու հետ կապված գործերով վարույթները:
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


06 հուլիսի 2020թ.

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի' պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծին կից ներկայացվում են դրա ընդունման հիմնավորումը, տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում է օրենսգրքի համապատասխան հոդվածում առաջարկվող փոփոխությունը եւ խմբակցության որոշումն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու վերաբերյալ:

Նախագծի հիմնական զեկուցողն է Մարիա Կարապետյանը:

Խնդրում ենք ներկայացված օրենքի նախագծի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր` ____ թերթ:
 

Հարգանքով`

«ԻՄ ՔԱՅԼԸ»  ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ                    Լ. ՄԱԿՈՒՆՑ