Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 169.12-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ եւ 3-րդ մասերով`
«Օրենքով սահմանված դեպքերում պետական իրավասու մարմնի նախազգուշացումն ստանալուց հետո հիմնադրամի կողմից օրենքով սահմանված ժամկետում հաշվետվությունը չհրապարակելն, պետական մարմնին այդ մասին չծանուցելը կամ սահմանված ժամկետում հաշվետվության պատճենը եւ հաշվետվությունը հրապարակած մամուլի միջոցի օրինակը չներկայացնելն կամ նախազգուշացման պահանջները չկատարելն՝
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված պաշտոնատար անձանց նկատմամբ նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով։
Հիմնադրամի պաշտոնատար անձին վարչական պատասխանատվության ենթարկելուց հետո եռամսյա ժամկետում հիմնադրամի կողմից սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված խախտումը չվերացնելն`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով։»
Հոդված 2. Օրենսգրքի 223.1-րդ հոդվածի առաջին մասում «189 հոդվածով» բառերը փոխարինել 169.12-րդ, 189-րդ հոդվածներով» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։
Հիմնավորում
«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի փաթեթի նախաձեռնության նպատակն է մեղմացնել «Հիմնադրամների մասին» գործող օրենքում նախատեսնված պատիժը` այն է հիմնադրամների կողմից հաշվետվությունը ՀՀ արդարադատության նախարարություն ուշացնելու կամ չներկայացնելու դեպքում հիմնադրամները դատական կարգով անմիջապես լուծարվում են եւ այն փոխարինել վարչական պատասխանատվության:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի նպատակն է սահմանել վարչական տուգանք ՀՀ օրենսդրությունը խախտելու դեպքում: