Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-695-24.07.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 2018 թվականի մարտի 21-ի ՀՕ-180-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր նախադասությամբ.

«Ազգային ժողովի պատգամավորների կամ խմբակցությունների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվող օրենքների կամ Ազգային ժողովի որոշումների նախագծերի հանրային քննարկման իրականացման կարգը սահմանվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով:»:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի՝

1) «ներքին» բառից հետո լրացնել «(լոկալ)» բառը.

2) «աշխատանքային» բառից հետո լրացնել «,քաղաքացիաիրավական» բառը:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում «15 օր է» բառերից հետո լրացնել «, բացառությամբ ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում սահմանափակումների սահմանմանը կամ կիրառմանն ուղղված օրենքների նախագծերի հանրային քննարկմումների, որոնց տեւողությունը առնվազն 3 օր է:»

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում «նախարարությունում (այսուհետ՝ նախարարություն)» բառերը փոխարինել «նախարարության (այսուհետ՝ նախարարություն) իրավական ակտերի փորձաքննության գործակալության կողմից» բառերով.

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասության մեջ «նախագծերը» բառից հետո լրացնել «,պետական եւ համայնքային բյուջեների վերաբաշխման, ինչպես նաեւ բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների վերաբերյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերը, հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների եւ պետական  ոչ առեւտրային կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման եւ լուծարման նախագծերը» բառերը:

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածում լրացնել 5.1-ին մաս հետեւյալ բովանդակությամբ.

5.1. Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ կարող է ընդունվել նաեւ այն օրենսդրական ակտի հիման վրա, որը ընդունվել սակայն դեռեւս ուժի մեջ չի մտել, եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ:

Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր նախադասությամբ.

«Կետերը համարակալվում են արաբական թվանշաններով, որոնք բաժանվում են տեքստից միջակետով: Ենթակետերը՝ համարակալվում են արաբական թվանշաններով, որոնք բաժանվում են տեքստից փակագծով: Պարբերությունները համարակալվում են հայերեն փոքրատառերով, որոնք բաժանվում են տեքստից միջակետով:»:

Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածի՝

1) 5-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«5. Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը: Սահմանադրական օրենք չհանդիսացող օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս նշվում է օրենսգրքի վերնագիրը եւ «օրենսգիրք» բառը, եթե վերնագիրը չի ներառում այն:».

2) 6-րդ մասից հանել «այլ» բառը:

Հոդված 9. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր նախադասությամբ.

«Այլ իրավական ակտերում ակտի բնույթի մասին նշումը կատարվում է «Ա»՝ անհատական իրավական ակտի դեպքում, «Լ»՝ ներքին (լոկալ) իրավական ակտի դեպքում:»:

Հոդված 10. Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասում «արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող նախարարը» բառերը փոխարինել «Կառավարության կողմից սահմանված պաշտոնական թարգմանության գործառույթ կատարող կազմակերպության ղեկավարը» բառերով:

Հոդված 11. Օրենքի 23-րդ հոդվածում՝

1) 7-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 օրվան հաջորդող օրվանից:»:

2) լրացնել 7.1-ին մաս հետեւյալ բովանդակությամբ.

«7.1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափը սահմանելուն ուղղված՝ Կենտրոնական բանկի խորհրդի որոշումները, ֆինանսական շուկաներում զգալի ցնցումների, կամ դրանց տեղի ունենալու իրական վտանգի, կամ ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարված լինելու դեպքերում՝ բանկերի տնտեսական նորմատիվների սահմանման եւ ֆինանսական գործառնությունների սահմանափակումների վերաբերյալ որոշումները հրապարակվում են նաեւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում, իսկ համացանցի բացակայության դեպքում՝ կապի այլ միջոցներով, ինչը համարվում է սույն օրենքի իմաստով պաշտոնական հրապարակում եւ դրանից հետո այդ ակտերը կարող են ուժի մեջ մտնել:»:

Հոդված 12. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 24. Եվրասիական տնտեսական միության Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի, եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի որոշումները

1.  Եվրասիական տնտեսական միության Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Եվրասիական տնտեսական միության մարմիններ) նորմատիվ իրավական բնույթի ակտերը, «Եվրասիական տնտեսական միության մասին» միջազգային պայմանագրին համապատասխան, Հայաստանի Հանրապետության տարածքում ենթակա են անմիջական կիրառության:

2. Եվրասիական տնտեսական միության մարմինների նորմատիվ իրավական բնույթի ակտերը «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 110-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն թարգմանվելուց հետո Կառավարության կողմից սահմանված իրավասու մարմնի կողմից ուղարկվում են հրապարակման:

3. Եվրասիական տնտեսական միության մարմինների նորմատիվ իրավական բնույթի ակտերը թարգմանության, հրապարակման ուղարկելու եւ հրապարակման կարգը սահմանում է Կառավարությունը:

Հոդված 13. Օրենքի 25-րդ հոդվածը՝

1) լրացնել  հետեւյալ բովանդակությամբ՝ 3.1 մասով.

«3.1. Միասնական կայքում հրապարակվելուն զուգահեռ նորմատիվ իրավական ակտերը հրապարակվում են «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր», «Հայաստանի Հանրապետության ենթաօրենսդրական  նորմատիվ իրավական ակտերի տեղեկագիր», «Համայնքի իրավական ակտերի տեղեկագիր» եւ «Երեւանի իրավական ակտերի տեղեկագիր» պարբերականներում հրատարակվելու միջոցով:».

2) 4-րդ մասում «հրապարակումն» բառը փոխարինել «հրապարակումը եւ հրատարակումն» բառերով.

3) 6-րդ մասում «եւ պաշտոնական ինկորպորացիայի կարգը» բառերը փոխարինել «,պաշտոնական ինկորպորացիայի եւ տեղեկագրերում հրատարակման կարգերը» բառերով.

Հոդված 14. Օրենքի 6-րդ գլխի վերնագրից հանել «ԵՎ ԱՆՁԱՆՑ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ» բառերը:

Հոդված 15. Օ րենքի 36-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով՝

«3) նորմատիվ իրավական ակտը չեղյալ ճանաչվելու դեպքում:»:

Հոդված 16. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 38.1 հոդվածով՝

«Հոդված 38.1 Նորմատիվ իրավալան ակտը չեղյալ ճանաչելը

1. Նորմատիվ իրավական ակտը չեղյալ է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի համապատասխան նորմատիվ իրավական ակտով, եթե այլեւս նպատակահարմար չէ ընդունված, սակայն դեռեւս ուժի մեջ չմտած ակտի կիրառումը:»:

Հոդված 17. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «վաղ» բառը փոխարինել «ուշ» բառով:

Հոդված 18. Օրենքի 42-րդ հոդվածի՝

1) 4-րդ մասի «մարմինները» բառից հետո լրացնել «,բացառությամբ Ազգային ժողովի կողմից ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի:» բառերը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1 մասով.

«4.1. Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի, քաղաքացիական դատավարության, քրեական դատավարության եւ վարչական դատավարության օրենսգրքերի, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքի, «Սնանկության մասին» օրենքով նախատեսված՝ դատարանի կողմից գործը վարելուն (գործի քննությանը) վերաբերող դրույթների վերաբերյալ պաշտոնական պարզաբանում չի տրամադրվում:»:

Հոդված 19. Անցումային եւ եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

2. Եվրասիական տնտեսական միության մարմինների նորմատիվ իրավական բնույթի ակտերը թարգմանության ուղարկելու, դրանց թարգմանության, հրապարակման ուղարկելու եւ հրապարակման կարգը սահմանելու մասին Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում ապահովվում է մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն ընդունված Եվրասիական տնտեսական միության մարմինների նորմատիվ իրավական բնույթի ակտերի թարգմանությունը եւ հրապարակումը՝ Կառավարության որոշմանը համապատասխան:

4. Մինչեւ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված որոշումն ուժի մեջ մտնելն ընդունված Եվրասիական տնտեսական միության մարմինների նորմատիվ իրավական բնույթի ակտերը Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ են դրվում հետեւյալ կերպ՝

1) եթե ակտով կարգավորվող հարաբերությունը Հայաստանի Հանրապետությունում օրենքի կարգավորման առարկա է, ապա Կառավարությունը հանդես է գալիս համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ.

2) սույն մասի 1-ին կետով չնախատեսված դեպքերում Կառավարությունը իր նորմատիվ իրավական ակտով գործողության մեջ է դնում Եվրասիական տնտեսական միության մարմինների նորմատիվ իրավական բնույթի ակտը :

5. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Կառավարության նորմատիվ որոշումները, որոնցով գործողության մեջ են դրվել Եվրասիական տնտեսական միության մարմինների նորմատիվ իրավական բնույթի ակտերը, պահպանում են իրենց ուժը:

6. Սույն օրենքի 17-րդ հոդվածի գործողությունը տարածվում է սույն օրենքի  ուժի մեջ մտնելուց հետո ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջեւ կոլիզիաների հաղթահարման դեպքերի վրա: 2002 թվականի մայիսի 31-ից մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջեւ կոլիզիաների դեպքում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 40-րդ հոդվածում սահմանված կանոններն ըստ հերթականության կիրառելիս՝ նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը կիրառվում է ավելի վաղ ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտի նորմին առաջնություն տալով:

7. Մինչեւ 2002 թվականի մայիսի 31-ն ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջեւ կոլիզիաների  դեպքում գործում են ավելի ուշ ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտի նորմերը:

8. Մինչեւ 2002 թվականի մայիսի 31-ն ուժի մեջ մտած եւ 2002 թվականի մայիսի 31-ից մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջեւ հակասության դեպքում գործում են ավելի վաղ ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտի նորմերը:

9. 2002 թվականի մայիսի 31-ից մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն ուժի մեջ մտած եւ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջեւ հակասության դեպքում գործում են ավելի ուշ ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտի նորմերը:

10. Մինչեւ 2002 թվականի մայիսի 31-ն ուժի մեջ մտած եւ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջեւ հակասությունների դեպքում գործում են ավելի ուշ ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտի նորմերը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գործնականում վերհանված մի շարք խնդիրներով:

Հարկ է նշել, որ օրենքներում փոփոխությունները հիմնականում կապված են օրենսդրական ակտերի նախագծերի մշակման գործընթացի հետ: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքը ընդունվեց 2018 թվականի մարտի 21-ին, եւ  իր բնույթով եւ կարգավորումներով տարբերվում էր երկար տարիներ գործող «Իրավական ակտերի մասին» օրենքից: Նոր օրենքի ընդունումից հետո, պարզ էր, որ հնարավոր է կիրառության ընթացքում վեր հանվեն այնպիսի հարցեր, որոնք լուծելու համար անհրաժեշտ կլինեն  նոր օրենսդրական փոփոխություններ: Այս անհրաժեշտությունից ելնելով Արդարադատության նախարարությունը շարունակաբար գույքագրում էր այն խնդիրները, որոնք առաջանում էին տարբեր կիրառող մարմինների մոտ: Նույնիսկ իրականացվել են հանդիպումներ, որոք միտված էին գործող օրենքի կարգավորումների պարզաբանմանն ու խնդիրների վերհանմանը:

Բացի այն, որ նոր ընդունված օրենքը պրակտիկայում երբեմն խնդիրներ էր առաջացնում, առկա էր նաեւ միջազգային կազմակերպությունների դիտարկումները մեր օրենքի վերաբերյալ, ինչպես նաեւ նախարարության համապատասխան մասնագետները ակտիվորեն ուսումնասիրում էին լավագույն միջազգային փորձը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Արդարադատության նախարարությունը ձեռնամուխ եղավ օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակմանը:

2. Ընթացիկ իրավիճակը, կարգավորման նպատակը եւ բնույթը

Բազմաթիվ քննարկումների արդյունքում վերհանված խնդիրները հիմնականում կարելի է բաժանել հետեւյալ խմբերի՝

1. Հանրային քննարկման հետ կապված խնդիրներ:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» 1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրային քննարմանը վերաբերող դրույթները չեն տարածվում պատգամավորական կամ խմբակցությունների նախաձեռնությամբ օրենդրական ակտերի նախագծերի վրա:

Այս խնդիրը բարձրաձայնվում է ոչ միայն  հանրության կողմից, այլեւ դրա մասին էր վկայում միջազգային փորձը եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը իր՝ 2016 թվականի «Հայաստանի իրավակարգավորման բարեփոխումների ճանապարհային քարտեզ» զեկույցում: Զեկույցում մասնավորապես նշվում է՝

«Օրենսդրական նախագծերի եւ օրենսդրական հայեցակարգերի հանրային քննարկումներն օրինաստեղծ գործընթացի կարեւոր փուլեր են, քանի որ օգնում են օրենքներ գրողներին՝ փորձարկելու օրենքի նախագծի գործնական նշանակությունը եւ ապահովելու, որ ընդունումից հետո օրենքներն աշխատեն նաեւ պրակտիկայում: Հանրային քննարկումները կարող են կազմակերպվել տարբեր եղանակներով, եւ խիստ կարեւոր է, որ թե՛ գործադիր, եւ թե՛ օրենսդիր մարմիններն ապահովեն հանրային լայն ներգրավվածությունն ու պրոակտիվ կերպով հետամուտ լինեն հասարակության մասնակցությանը օրենքների մշակման գործընթացին: Առավելագույնս արդյունավետ լինելու համար քննարկումները պետք է կազմակերպեն համապարփակ, հետեւողական, իմաստավորված կերպով եւ ժամանակին: Կառավարությունն ու Ազգային ժողովը պետք է ստեղծեն իրականացված քննարկումների թվի վիճակագրական ցուցակներ՝ ներառելով մասնակիցների թիվը՝ ըստ սեռի, մարզի, տարիքային խմբի ու մասնագիտական/ թեմատիկ պատկանելիության, որպեսզի օբյեկտիվորեն գնահատվի, թե արդյոք ներառվել են առնչվող եւ շահագրգիռ բոլոր շահակիցները: Քննարկման գործընթաց եւ/կամ հանրային լսումներ կազմակերպելիս Կառավարությունը եւ Ազգային ժողովը պետք է ապահովեն, որպեսզի Կառավարության եւ Ազգային ժողովի բոլոր ներքին շահակիցները եւ արտաքին շահակիցները տեղեկացված լինեն՝ այդ կերպ ստանալով տարբեր տեսակետները եւ գաղափարներն օրենքի նախագծի կամ քաղաքականության վերաբերյալ, որը կարող է օգտակար լինել համապարփակ լուծում գտնելու համար՝ միեւնույն ժամանակ հաշվի առնելով նաեւ գործող միջազգային ստանդարտները, կատարողականները եւ լավ պրակտիկան: Կառավարությունը եւ Ազգային ժողովը պետք է ապահովեն, որպեսզի հանրային քննարկումներն ունենան հստակ նպատակներ եւ ճշգրտորեն նշեն, թե ինչ է փոխվում նոր քաղաքականությամբ եւ օրենսդրությամբ, որպեսզի չձեւավորեն կեղծ ակնկալիքներ:»:

Ինչպես երեւում է զեկույցից, հանրային քննարկման պահանջ սահմանվում է ոչ միայն Կառավարության այլեւ Ազգային ժոովի համար, մինչդեռ գործող օրենսդրական կարագավորումների համաձայն՝ նման պահանջ սահմանված է միայն Կառավարության համար:

2. Օրենսդրական տեխնիկայի հետ կապված եւ կազմակերպչական բնույթի գործնական խնդիրներ.

3. Կոլիզիանների լուծման հետ կապված խնդիրներ.

Գործնականում առաջացած խնդիրը վերաբերում էր հավասար իրավաբանական ուժ ունեցող ակտերի միջեւ ավելի վաղ ուժի մեջ մտածին առաջնություն տալու հետ: Միջազգային փորձը վկայում էր, որ գործող կարգավորումը չի բխում ժողովրդաիշխանության սկզբունքի էությունից: Դրա էությունն այն է, որ ավելի ուշ տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ձեւավորված օրենսդիրն է ներկայումս արտահայտում ժողովրդի կամքը, այլ ոչ թե ավելի վաղ ձեւավորված օրենսդիրը: Արդյունքում, ավելի ուշ գրված օրենքը պետք է գերակայի ավելի վաղ օրենքի նկատմամբ՝ ելնելով ժողովրդաիշխանության սկզբունքից:

Lex posterior derogat legi prior կանոնը ծագում է դեռեւս հռոմեական իրավունքից: Lex posterior derogat legi prior կանոնը լայնորեն կիրառվում է  արտասահմանյան երկրների իրավունքում: Lex posterior derogat legi prior սկզբունքը կիրառվում է հավասար իրավական ուժ ունեցող ակտերի միջեւ հակասություն առաջանալու դեպքում: Նշված սկզբունքը լայնորեն ընդունված է արտասահմանյան երկրներում: Անգլիական իրավունքում եւս ամրագրված է այն սկզբունքը, որ ավելի ուշ ընդունված իրավական ակտը վերացնում է ավելի վաղ ընդունված իրավական ակտը՝ ելնելով պառլամենտի գերակայության եւ ինքնիշխանության սկզբունքից: Նշված սկզբունքն ամրագրված է նաեւ մի շարք երկրների «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքերում, օրինակ՝ ՌԴ, Բելոռուս, Վրաստան, Մոլդովա:

4. Եվրասիական տնտեսական միության մարմինների նորմատիվ իրավական բնույթի ակտերը.

Ներկայիս կարգավորմամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտերը գործողության մեջ են դրվում օրենքով կամ կառավարության որոշմամբ: Մինչդեռ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունը այլ նպատակ է հետապնդում: Այսպես.

2015 թվականի հունվարի 2-ից Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը (այսուհետ՝ Միություն): Տվյալ կառույցը իր բնույթով հանդիսանում է պետությունների՝ տնտեսական ոլորտում համագործակցության նպատակով ստեղծված վերպետական միջազգային կազմակերպություն, ինչն իր հերթին առաջ է բերում Միության շրջանակներում ընդունված իրավական ակտերը կիրառելու եւ անդամ պետությունների տարածքում դրանք գործողության մեջ դնելու որոշակի ընթացակարգային խնդիրներ:

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ ԵԱՏՄ Պայմանագիր) 6-րդ հոդվածի համաձայն Միության իրավունքի մաս են կազմում, ի թիվ այլոց, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ ԵՏՀ) որոշումներն ու կարգադրությունները, որոնք ընդունվել են ԵԱՏՄ Պայմանագրով ու Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով նախատեսված իր լիազորությունների շրջանակներում: Նույն պայմանագրի 2-րդ հոդվածը մեկնաբանում է «որոշումը» որպես Միության մարմինների կողմից ընդունվող, նորմատիվ իրավական բնույթի դրույթներ պարունակող ակտ, իսկ «կարգադրությունը»՝ որպես Միության մարմինների կողմից ընդունվող կազմակերպակարգադրական ակտ:

«Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 2-րդ հոդվածով սահմանվում է, որ Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (Մաքսային միության հանձնաժողովի) որոշումները, որոնք գործում են Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից, ենթակա են կիրառման Հայաստանի Հանրապետության տարածքում՝ հաշվի առնելով Պայմանագրի 3-րդ հավելվածով սահմանված դրույթները: ԵԱՏՄ Պայմանագրի 1-ին հավելվածի 13-րդ կետի համաձայն՝ ԵՏՀ կողմից ընդունվող որոշումները, հանդիսանալով նորմատիվ իրավական բնույթի դրույթներ պարունակող ակտեր, Միության անդամ պետությունների համար ունեն պարտադիր բնույթ: Նույն կետով սահմանվում է նաեւ, որ ԵՏՀ որոշումներն ընդգրկվում են Միության իրավունքի մեջ եւ ենթակա են անմիջական կիրառության անդամ պետությունների տարածքներում:

Ստացվում է ստանձնած միջազգային պարտավորության ուժով ՀՀ-ում պարտադիր կատարման են ենթակա Եվրասիական տնտեսական միության Հանձնաժողովի որոշումները եւ բոլորվին անհրաժեշտություն չկա դրանց գործողության մեջ մտնելու մասին ընդունել առանձին ակտ: Հարկ է միայն ապահովել նշված որոշումների հասանելիությունը հանրությանը՝ դրանք ժամանակին թարգմանելով եւ հրապարակելով: Նշված կարգն էլ սահմանվել է նախագծով:

Գործնականում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտերի կիրառությունը բարդանում էր միայն այն պատճառով, որ այն բավարար կերպով հասանելի չէր հանրությանը: Հենց այս խնդրի լուծմանն էլ պետք է ուղղված լինի օրենքի կարգավորումը:

Հաշվի առնելով վերոգրյալը Նախագծով առաջարկվել են հետեւյալ լուծումները՝

1. Հանրային քննարկումն նախատեսվելու է նաեւ պատգամավորական եւ խմբակցությունների նախաձեռնությամբ նորմատիվ իրավական ակտերի համար.

2. Սահմանվել է, որ հավասար իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերի կամ դրանց դրույթների միջեւ անհամապատասխանության դեպքում առաջնահերթ կիրառվում են ավելի ուշ ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտերը կամ դրանց դրույթները.

3. Օրենսդրական տեխնիկայի հետ կապված մի շարք փոփոխություններ են կատարվել, իսկ նորմատիվ իրավական ակտերի մշակման տեսանկյունից նախատեսվել է հետեւյալ փոփոխությունները՝

1) Առաջարկվում է լրացնել փորձաքննության ոչ ենթակա ակտերի շրջանակը, մասնավորապես սահմանելով, որ փորձաքննության չեն ենթարկվում պետական եւ համայնքային բյուջեների վերաբաշխման եւ բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների վերաբերյալ նախագծերը, հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների եւ պետական  ոչ առեւտրային կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման եւ լուծարման նախագծերը: Պրակտիկան վկայում է այն մասին, որ նախարարություն ուղարկվող այս նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մեջ մեծ թիվ են կազմում այնպիսի դեպքերը, երբ միայն տեղի է ունենում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի ճշգրտության ստուգում, այսինքն՝ տեխնիկական ստուգում, որը, ըստ էության, պետք է իրականացնեն ակտը մշակող մարմինները եւ եթե ակտը պետք է ընդունվի հենց մշակող մարմնի կողմից, ապա կարող է վերստուգվել մարմնի համապատասխան ստորաբաժանման կողմից, իսկ եթե ներկայացնելու է Վարչապետի աշխատակազմ՝ ապա Վարչապետի աշխատակզմի կողմից:

2) Նախագծով առաջարկվում է բացի նորմատիվ իրավական ակտերի էլեկտրոնային եղանակով հրապարակումից, 2020 թվականի հուլիսի 1-ից հետո նույնպես ունենալ պաշտոնական տեղեկագրերում դրանց հրատարակում:

Առաջարկը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի Հանրապետության պարագայում, հաշվի առնելով տարածաշրջանային ռիսկերերը, ինչպես նաեւ  հակերային հարձակումները՝ անհրաժեշտ է որպես սկզբնաղբյուր ունենալ նաեւ պաշտոնական հրատարակությունը՝ թղթային ձեւով եւ սահմանափակ քանակությամբ: Բացի այդ ռիսկերից խուսափելու համար որպես սկզբնաղբյուր պետք է ընդունել պարբերականում հրատարակված օրինակը:

4. Սահմանվել է, որ Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերը դրանց ընդունվելուց հետո մինչեւ ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը պետք է թարգմանվեն եւ հրապարակվեն՝ դրանով իսկ հասանելի եւ պարտադիր դառնալով հանրության համար: Ընդ որում՝ հաշվի են առնվել «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի կարգավորումները: Մասնավորապես.

ԵԱՏՄ Պայմանագրի 111-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Միության մարմինների որոշումներն ուղարկվում են անդամ պետություններին ոչ ուշ, քան որոշումը կայացնելու օրվանից հաշվարկված 3 օրացուցային օրվա ընթացքում:

ԵԱՏՄ Պայմանագրի Հավելված 1-ի 16-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովի որոշումներն ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական հրապարակումից ոչ շուտ, քան 30 օրացուցային օրը լրանալուց հետո, եթե այլ բան նախատեսված չէ Պայմանագրով եւ Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով: Բացառիկ դեպքերում ընդունվող եւ արագ արձագանք պահանջող որոշումներով կարող է նախատեսվել ուժի մեջ մտնելու այլ ժամկետ, սակայն դրանց պաշտոնական հրապարակումից ոչ շուտ, քան 10 օրացուցային օր հետո:

3.Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

4.Ակնկալվող արդյունքը

Նախագծերով նախատեսվող իրավակարգավորումների արդյունքում կվերացվեն նորմատիվ իրավական ակտերի մշակման գործընթացի հետ կապված՝ գործնականում առաջացող խնդիրները:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

23 հուլիսի 2020 թվականի  N 833 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծերի փաթեթը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ      Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. հուլիսի 23
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒ Մ

16 հուլիսի 2020 թվականի  N 1180 - Ա

«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ  «ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ԿԱՆՈՆԱԿԱՐԳ»  ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ   հոդվածի   3-րդ  մասը՝   Հայաստանի    Հանրապետության   կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ   Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. հուլիսի 20
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1180-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:

Հարգանքով՝    ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ