Հոդված 1. «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» 2014 թվականի դեկտեմբերի 1-ի ՀՕ-203-Ն օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել նոր` 2.1. հոդվածով.
«2.1. Սահմանամերձ համայնքներում երկու եւ ավելի աշակերտ ունեցող ընտանիքներին դպրոցական դասագրքերը տրամադրվում են մասնակի կամ ամբողջական փոխհատուցմամբ: Չափորոշիչներն ու կարգը սահմանում է կառավարությունը:»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ.
«Այն նյութական վնասները, որոնք չեն հանգեցրել սույն հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված օթեւանից զրկվելու դեպքերին, ենթակա են փոխհատուցման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Փոխհատուցումն իրականցվում է Կառավարության սահմանած կարգով:»
Հոդված 3. Օրենքը լրացնել նոր` 4.1. հոդվածով.
«Հոդված 4.1. Սահմանամերձ համայնքների` Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով սպանված գյուղատնտեսական եւ/կամ այլ մթերատու կենդանիների դիմաց տրվում է փոխհատուցում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Փոխհատուցումն իրականցվում է Կառավարության սահմանած կարգով:»
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ.
«Սույն հոդվածի առաջին պարբերությունում նշված անձանց առաջին, երկրորդ կամ երրորդ խմբի հաշվանդամության ձեռք բերելու դեպքում տրամադրվում է նաեւ միանվագ գումարային հատուցում` համապատասխանաբար 3.000.000, 2.000.000 եւ 1.000.000 դրամ:»:
Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ.
«Սույն հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված դեպքերում զոհված քաղաքացիների ընտանիքին տրամադրվում է նաեւ միանվագ գումարային հատուցում` 5.000.000 դրամ:»:
Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածում «2021» թիվը փոխարինել «2024» թվով:
Հոդված 7.
1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 2-րդ եւ 3-րդ հոդվածներով նախատեսված փոխհատուցման կարգը Կառավարությունը սահմանում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության տակ գտնվող բնակավայրերի բնակիչների սոցիալական բեռը որոշակի չափով նվազեցնելու ցանկությամբ: Նշված համայնքների բնակիչները գտնվում են կյանքին եւ գույքին սպառնացող մշտական վտանգի ներքո, ինչը էականորեն սահմանափակում է սեփական բարեկացությունը ապահովելու նրանց հնարավորությունը:
2014 թվականի դեկտեմբերի 1-ի «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքը գործող կարգավորմամբ նախատեսում է միայն Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով օթեւանի կորստի դեպքում համապատասխան օթեւանով ապահովելու պետության պարտականությունը, իսկ սույն նախագիծը նախատեսում է նաեւ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին փոխհատուցման տրամադրում նյութական այնպիսի վնասների համար, որոնք չեն հանգեցրել օթեւանի կորստի: Փոխհատուցում է նախատեսվում նաեւ գյուղատնտեսական եւ/կամ այլ մթերատու կենդանիների կորստի դեպքերում: Նման կարգավորումը նպատակ է հետապնդում, նյութապես աջակցելով սահմանամերձ համայնքների բնակիչներին, օժանդակել նրանց ապրելու իրենց բնակավայրերում` վերակառուցելով իրենց տները եւ պահպանելով առնվազն նախկինում ունեցած ապրուստի միջոցները:
Սույն նախագիծը նաեւ օրենքի մակարդակով ամրապնդում է սահմանամերձ համայքների 1-12-րդ դասարանների սովորողների` մասնակի փոխհատուցմամբ կամ անվճար դասագրքերը ստանալու հնարավորությունը:
Գործող օրենքի 5-րդ եւ 6-րդ հոդվածների համաձայն` սահմանամերձ համայնքներում եւ դրանց հարակից տարածքներում ականների պայթյունից կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով վիրավորված անձինք հնարավորություն են ստանում միայն պետպատվերի շրջանակներում բուժվելու, իսկ զոհվածների ընտանիքները` միայն հուղարկավորության եւ գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման ու տեղադրման ծախսերը հոգալու: Նախագիծը նպատակ ունի սահմանամերձ համայնքներում վերոնշյալ իրադարձությունների հետեւանքով առաջին, երկրորդ կամ երրորդ խմբի հաշվանդամություն ձեռք բերած անձանց, ինչպես նաեւ զոհված քաղաքացիների ընտանիքներին տրամադրել նաեւ միանվագ գումարային հատուցում` ելնելով այն իրողությունից, որ սահմանամերձ համանքներում ապրող յուրաքանչյուր քաղաքացի ինքն էլ զինվոր է, ով ապրում եւ արարում է սահմանամերձ համայնքում` ամեն օր վտանգելով իր կյանքը:
Միաժամանակ նախագծով առաջարկում է 3 տարով երկարացնել գործող օրենքի ժամկետը, ինչն այդ համայնքներում ապրող մեր հայրենակիցներին հնարավորություն կտա մինչեւ 2024թ հունվարի 1-ը շարունակելու ստանալ փոխհատուցում սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի համար, ինչպես նաեւ ազատվել օրենքով նախատեսված մի շարք պարտադիր վճարներից:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Միրզոյան,
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` սույն գրությանը կցվում են.
-օրենքի նախագիծը,
-օրենքի նախագծի հիմնավորումը,
-գործող օրենքի փոփոխվող եւ լրացվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:
Խնդրում ենք ներկայացված օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
ԱԺ պատգամավորներ`
Սիսակ Գաբրիելյան
Սիփան Փաշինյան