Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-700-30.07.2020-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-95-Ն օրենքի 1-ին հավելվածի «2017-2020 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների, մասնավորեցման օբյեկտների (այդ թվում` մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված)» ցանկում 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Անհրաժեշտությունը.

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը բխում է Կառավարության 02.04.2020թ. N 439-Ա որոշման (այսուհետ` Որոշում) 4-րդ կետով տրված հանձնարարականի կատարման անհրաժեշտությունից:

Որոշման 4-րդ կետի համաձայն, Նախագծով առաջարկվում է` «Հայավտոկայարան»  ՓԲԸ-ն  հանել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի մաս կազմող` «2017-2020 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների, մասնավորեցման օբյեկտների (այդ թվում` մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված)» ցանկից:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից ներկայումս հանրապետության տարածքում ներդրվում է միասնական երթուղային ցանց, որի արդյունքում բոլոր համայնքները կապահովվեն որակյալ, արդյունավետ եւ հասանելի տրանսպորտային սպասարկմամբ, կներդրվի միասնական տոմսավորման համակարգ եւ ինտերակտիվ քարտեզ:

Կանոնավոր ուղեւորափոխադրումների կարեւոր բաղկացուցիչ մաս է կազմում ավտոկայարանային ծառայությունների մատուցումը, որը Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն (այսուհետ` Ընկերություն): Ընկերությունը իր գործառույթներն իրականացնում է իր կազմում գործող չորս ավտոկայարանների` Երեւանի «Կենտրոնական» եւ «Հյուսիսային», Գյումրիի եւ Վանաձորի ավտոկայարանների, ինչպես նաեւ մյուս քաղաքներում տեղակայված 24 ավտոկայանների եւ 17 երթակարգավարական կետերի միջոցով:

Ուղեւորափոխադրումների սպասարկման պատշաճ որակ ապահովելու տեսանկյունից անհրաժեշտություն է առաջանում բարձրացնել նաեւ ավտոկայարանային ծառայությունների որակը, հանրապետության տարածքում գործող բոլոր ավտոկայարաններում եւ ավտոկայաններում ապահովելով Կառավարության 27.12.2007թ. N 1604-Ն որոշմամբ հաստատված ավտոկայարանային գործունեության կազմակերպման կարգով սահմանված պահանջները:

Ավտոկայարանային համակարգի արդիականացումը պետք է իրականացվի ներդրումային ծրագրերի միջոցով, այդ թվում նաեւ կառավարության օժանդակությամբ: Հետեւաբար անհրաժեշտ է պահպանել ընկերության ամբողջականությունը (ներառյալ գույքային) եւ պետական կարգավիճակով գործունեությունը` բաժնետոմսերի 100 տոկոս պետական սեփականությունը:

Ներդրումային ծրագրերը հնարավորություն կտան համակարգային մոտեցում ցուցաբերել ՀՀ քաղաքներում տեղակայված ավտոկայարանների եւ ավտոկայանների վերանորոգման, վերակառուցման, անհրաժեշտության դեպքում նաեւ ավտոկայանների օպտիմալացման եւ նոր ավտոկայանների կառուցման գործընթացում:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

«Հաշվի առնելով, որ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 10-րդ հոդվածի համաձայն միջպետական, միջմարզային եւ ներմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցերը կազմակերպում է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, ուստի որոշման 1-ին կետով սահմանվել է` «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասի) կառավարման լիազորությունները վերապահել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը»:

4.Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Ներդրումային ծրագրերի ներգրավմամբ, այդ թվում նաեւ կառավարության օժանդակությամբ, կիրականացվի ավտոկայարանային համակարգի բարեփոխումներ, որի արդյունքում կբարձրանան մատուցվող ավտոկայարանային ծառայությունների որակը եւ միջպետական ու ներհանրապետական ուղեւորափոխադրումերի կազմակերպումը կդառնա առավել արդյունավետ:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

6. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը նշված հաստատության կառավարման եւ գործունեության արդյունավետության, ինչպես նաեւ հետագա զարգացման նախապայմանների ստեղծումն է, տրանսպորտի ոլորտում կարեւոր գործառույթներ իրականացնող մարմնի կառավարման համակարգում պետության ուղիղ ներգրավվածությունը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

23 հուլիսի 2020 թվականի N 1242 - Ա

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ     է.

1. Հավանություն տալ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. հուլիսի 28
          Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                         ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

                      պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


 

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի N 1242-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
 
 
Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ