Armenian ARMSCII Armenian
Կ-7011-30.07.2020-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   «Ավտոմոբիլային  տրանսպորտի  մասին»  2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրվող գազաբալոնային սարքավորումներ՝ գազաբալոնների եւ դրանց արմատուրայի (գազաբալոնների խաչուկների, եռաբաշխիկների, փականների), միացնող խողովակների, գազատար խողովակամուղի եւ դրանց միացման հանգույցների, բարձր եւ ցածր ճնշման ռեդուկտորների, շարժիչի աշխատանքի կառավարման համակարգի, ստուգիչ-չափիչ եւ ապահովիչ սարքերի ամբողջությունը.

գազաբալոնների պարբերական վկայագրում՝ գազաբալոնների պատրաստման եւ շահագործման տեխնիկական փաստաթղթերով սահմանված պարբերականությամբ եւ ծավալով իրականացվող տեխնիկական արատորոշում, որով սահմանվում է բալոնի օգտագործման ժամկետը:»:

Հոդված 2.  Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 26.1-ին հոդվածով.

«Հոդված  26.1. Ավտոտրանսպորտային միջոցներում օգտագործվող գազաբալոնային սարքավորումների տեղադրումը, գազաբալոնների պարբերական վկայագրումը եւ լցավորումը

1. Գազաբալոնային սարքավորումների տեղադրումը եւ (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրումն իրականացնում են այն կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը, որոնք ունեն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան լիցենզիա (այսուհետ՝ լիցենզավորված անձ):

2. Գազաբալոնային սարքավորումների տեղադրումից, գազաբալոնների պարբերական վկայագրումից հետո լիցենզավորված անձը տրամադրում է գազաբալոնների պարբերական հերթական վկայագրման ժամկետը նշող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած նմուշի փաստաթղթերը (այսուհետ՝ փաստաթղթեր), իսկ ավտոտրանսպորտային միջոցի եւ գազաբալոնների մասին տվյալները մուտքագրում է էլեկտրոնային շտեմարան՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Շահագործման մեջ գտնվող գազաբալոնները ենթակա են պարտադիր վկայագրման:

4. Արգելվում է գազաբալոնների լցավորումն առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացվելու, նույնականացումից  հետո դրական  եզրակացություն չստանալու դեպքում, բացառությամբ այլ պետություններում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների:

5. Արգելվում է անընթեռնելի արտադրման տարեթվով եւ շահագործման ավարտված ժամկետով գազաբալոնների տեղադրումը եւ վկայագրումը: Այդ գազաբալոնները ենթակա են խոտանման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

6. Արգելվում է ավտոբուսների ուղեսրահներում  գազաբալոնների տեղադրումը:

7. Ավտոբուսի տանիքին տեղադրված գազաբալոններն արեւի ուղիղ ճառագայթներից, ձյան եւ անձրեւի տեղումներից  պետք է պաշտպանված լինեն պատյանով, բայց եւ պետք  է ապահովվի հասանելիություն գազաբալոնների փականներին դրանց հերմետիկությունն ստուգելու նպատակով:

8. Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ գազաբալոնների պարբերական վկայագրման կարգը եւ պարբերականությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, 2-րդ հոդվածով լրացվող 26.1-ին հոդվածի 1-3-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերը՝ սույն օրենքի պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո, 4-րդ մասը՝ սույն օրենքի պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո, իսկ 7-րդ մասը՝ պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Մինչեւ սույն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող 26.1-ին հոդվածի 4-րդ մասն ուժի մեջ մտնելը տեղադրված գազաբալոնային սարքավորումներով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրման վկայագիր ունեցող կազմակերպությունների կողմից վկայագրված գազաբալոններով ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերը կամ  նրանց ներկայացուցիչները  սույն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող 26.1-ին հոդվածի 1-3-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, դիմում են լիցենզավորված անձանց ավտոտրանսպորտային միջոցի եւ գազաբալոնների մասին տվյալներն էլեկտրոնային շտեմարան մուտքագրելու համար: Այս դեպքում գազաբալոնների նոր վկայագրում չի կատարվում, եւ հաջորդ վկայագրման ներկայացման ժամկետը չի փոխվում:

3. Սույն օրենքից բխող՝ Կառավարության որոշումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում: