ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական անվտանգության ապահովման իրավական, տնտեսական, սոցիալական հիմքերը, տեխնիկական անվտանգության ապահովման համակարգը եւ կարգավորում է տեխնիկական անվտանգության ապահովման հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. Օրենքի նպատակը
Սույն օրենքի նպատակը տեխնիկական անվտանգության բնագավառում պետության ռազմավարության սկզբունքների եւ դրանց իրագործման մեխանիզմների սահմանումն է` ուղղված տեխնածին վթարների կանխարգելմանը, դրանց հետեւանքների վերացմանը, նման վթարների հետեւանքով հասարակությանը եւ տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցմանը, ինչպես նաեւ բնակչության եւ շրջակա միջավայրի պաշտպանությանը:
Հոդված 3. Օրենքի գործողության ոլորտը
Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտների վրա, բացառությամբ միջուկային եւ էներգատեղակայանքների, ռադիոակտիվ նյութերի վերամշակման, ավիացիայի, ավտոմոբիլային եւ երկաթուղային տրանսպորտի, ինչպես նաեւ ռազմական նշանակության օբյեկտների:
Հոդված 4.Հիմնական հասկացություններ
Սույն օրենքի իմաստով օգտագործվող հիմնական հասկացություններն են.
Տեխնիկական անվտանգություն` արտադրական եւ սպասարկման ոլորտի օբյեկտներում տեխնածին վթարներից, արտադրական պատահարներից եւ դրանց հետեւանքներից հասարակության եւ անհատի կենսականորեն առավելագույն պաշտպանվածության վիճակը:
Տեխնածին վթար` արտադրության մեջ կիրառվող տեխնոլոգիական սարքավորումների, շենքերի, շինությունների ավերվածություններ, չվերահսկվող պայթյուն եւ հրդեհ, վտանգավոր, վնասակար նյութերի արտանետումներ, որի հետեւանքով վնաս է հասցվել մարդկանց առողջությանը, շրջակա միջավայրին, վնասվել կամ ոչնչացվել են նյութական միջոցներ:
Տեխնիկական միջոցներ` տեխնոլոգիական գործընթացի իրականացման համար անհրաժեշտ մեքենաներ, գործիքներ, պաշտպանական միջոցներ, չափիչ ստուգիչ սարքեր, ավտոմատացման միջոցներ, տեխնիկական սարքավորումներ:
Արտադրական պատահար` արտադրական վտանգավոր օբյեկտներում օգտագործվող տեխնիկական միջոցների խափանում կամ վնասում, տեխնոլոգիական պրոցեսի ռեժիմից շեղում, տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջների խախտումներ, որոնք կարող են ստեղծել տեխնածին վթարի սպառնալիք:
Վթարի ռիսկի գնահատում` գործընթաց, որի նպատակն է բացահայտել, վերլուծել եւ գնահատել արտադրական վտանգավոր օբյեկտում տեխնածին վթարի առաջացման հավանականության պայմանները, դրանց ընթացքի վրա ազդող գործոնների նկարագրությունը, վթարի մասշտաբները, մարդկանց առողջության եւ շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցության ծանրության աստիճանը:
Միջավայրի պաշտպանվածություն` վթարների հետեւանքներից մարդկանց կյանքի եւ առողջության, բնական միջավայրի պաշտպանություն, ինչպես նաեւ պետության, այլ սեփականատերերի եւ քաղաքացիների գույքի պահպանության նպատակով իրավական, կազմակերպական եւ ինժեներատեխնիկական միջոցառումների իրականացում:
Տեխնիկական անվտանգության վկայագիր՝ արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի կողմից հաստատված փաստաթուղթ, որի մեջ արտացոլվում եւ ամփոփվում են տվյալներ արտադրական վտանգավոր օբյեկտում տեխնածին վթարների հավանականության, դրանց բնույթի ու մասշտաբների, աշխատողների, շրջակա բնակչության եւ միջավայրի վրա վտանգավոր գործոնների հնարավոր ազդեցության, դրանց կանխարգելման եւ վերացման համար նախատեսված միջոցառումների, ինչպես նաեւ միջավայրի պաշտպանվածությունն ապահովելու նպատակով արտադրական վտանգավոր օբյեկտը գոտիավորող տարածքների մասին:
Տեխնիկական անվտանգության փորձաքննություն` գործունեություն, որի նպատակն է ուսումնասիրել եւ տալ եզրակացություն արտադրական վտանգավոր օբյեկտի շինարարության, ընդլայնման, վերակառուցման, տեխնիկական վերազինման, կոնսերվացման, ապամոնտաժման նախագծային փաստաթղթերի, տեխնիկական անվտանգության վկայագրի, շահագործվող կամ գործարկման ենթակա արտադրական վտանգավոր օբյեկտների շենքերի, շինությունների տեխնոլոգիական սարքավորումների եւ տեխնիկական միջոցների` տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին համապատասխանության մասին:
Փորձագիտական եզրակացություն` տեխնիկական անվտանգության փորձաքննության արդյունքում կազմվող փաստաթուղթ, որի մեջ ամփոփվում են տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջների պահպանման վիճակը բնութագրող վերլուծություններ, հետեւություններ եւ եզրահանգումներ:
Տեխնիկական քննություն` գործառույթ, որի ընթացքում ուսումնասիրվում եւ փաստաթղթով ձեւակերպվում են հիմնավորումներ եւ եզրահանգումներ տեղի ունեցած վթարների եւ/կամ արտադրական դժբախտ դեպքերի տեխնածին բնույթ կրող պատճառների եւ հանգամանքների վերաբերյալ:
Լիազոր մարմին` սույն օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտի պետական կառավարման մարմին:
Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն` սույն օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված պետական ոչ առեւտրային կազմակերպություն:
Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձ` Հ այաստանի Հանրապետության տարածքում սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված բնորոշմանը համապատասխանող օբյեկտ փաստացի շահագործող (շահագործման նպատակով նախապատրաստող) ֆիզիկական անձ կամ կազմակերպություն, այդ թվում օտարերկրյա, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ` անկախ տվյալ օբյեկտի նկատմամբ առկա իրավունքի բնույթից:
Հոդված 5. Տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրությունը
1. Տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրությունը ներառում է` սույն օրենքը, տեխնիկական անվտանգության հետ կապված հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերը, այդ թվում տեխնիկական կանոնակարգերը:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:
ԳԼՈՒԽ 2
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 6. Արտադրական օբյեկտների ըստ վտանգավորության դասակարգման բնութագրիչները
Արտադրական վտանգավոր օբյեկտ են համարվում`
1. Արտադրություններ կամ առանձին տեղամասեր, արտադրամասեր, հրապարակներ, պահեստարաններ, տեղակայանքներ, տեխնոլոգիական սարքավորումներ կամ ցանկացած այլ օբյեկտ, որտեղ
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված սահմանաքանակները գերազանցող չափերով արտադրվում, վերամշակվում, պահվում, փոխադրվում, օգտագործվում կամ ստացվում են հետեւյալ հատկանիշներով բնութագրվող վնասակար նյութերը.
դյուրավառ նյութեր ` նյութեր, որոնք գազային վիճակում, նորմալ ճնշման պայմաններում օդի հետ խառնվելու դեպքում դառնում են բոցավառ եւ որոնց եռման ջերմաստիճանը նորմալ ճնշման դեպքում հավասար է 200 C կամ դրանից ցածր է,
օքսիդացող նյութեր ` նյութեր, որոնք օժանդակում են այրմանը, հարուցում են կրակի առաջացում կամ նպաստում են այլ նյութերի բոցավառմանը օքսիդավերականգման էկզոթերմիկ ռեակցիաների հետեւանքով,
այրվող նյութեր ` հեղուկներ, գազեր, փոշիներ, որոնք ունեն ինքնաբռնկվելու հատկություններ, ինչպես նաեւ կարող են բռնկվել կրակի աղբյուրից,
պայթուցիկ նյութեր ` նյութեր, որոնք որոշակի արտաքին ազդեցություններից ընդունակ են շատ արագ ենթարկվել ինքնատարածվող քիմիական վերափոխման` անջատելով ջերմություն եւ առաջացնելով գազեր,
թունավոր նյութեր ` նյութեր, որոնք ազդելով կենդանի օրգանիզմների վրա` կարող են դառնալ հիվանդության կամ մահվան պատճառ,
շրջակա բնական միջավայրի համար վտանգ ներկայացնող նյութեր ` նյութեր, որոնք ջրային միջավայրում ձեռք են բերում սուր թունավոր հատկություններ,
մետաղների հալույթներ կամ այդ հալույթներից ձուլվածքներ ,
բ) կիրառվում են 0,07 մեգապասկալ ճնշման տակ աշխատող անոթներ կամ ջրի` ավելի քան 1150 C ջերմաստիճանի տակ աշխատող սարքավորումներ,
գ) իրականացվում են լեռնահանքային, հորապայթեցման աշխատանքներ կամ աշխատանքներ օգտակար հանածոների հանքահարստացման ուղղությամբ,
դ) իրականացվում են թունելաշինական աշխատանքներ կամ ցանկացած այլ աշխատանք ստորերկրյա պայմաններում:
2. Հիդրոտեխնիկական կառույցները, որոնք օգտագործվում են ջրերը պատնեշելու կամ ամբարելու նպատակով:
3. Շարժասանդուղքները, ճոպանուղիները, կարուսելնելը, ֆունիկուլյորները, ամբարձիչ սարքավորումները եւ մեխանիզմները:
4. Վերելակները, եթե դրանք տեղադրված են հանրային նշանակության կառույցներում, այդ թվում արտադրական շինություններում, բազմաբնակարանային շենքերում, ընդանուր օգտագործման համար նախատեսված այլ վայրերում:
5. Հեղուկ գազի, բնական (սեղմված) գազի հաստատուն եւ շարժական լցավորման կայանները, գազագլանաանոթային սարքավորումները:
Հոդված 7. Գազի ներտնային համակարգը
Գազի ներտնային համակարգի անվտանգ շահագործման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Հոդված 8. Տեխնիկական անվտանգության պահանջները
1. Տեխնիկական անվտանգության պահանջները տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրությամբ արտադրական վտանգավոր օբյեկտների նկատմամբ սահմանված նորմերի, կանոնների, պայմանների, արգելքների, սահմանափակումների եւ կատարման համար պարտադիր այլ պահանջների ամբողջությունն է:
2. Տեխնիկական անվտանգության պահանջները պետք է համապատասխանեն արտակարգ իրավիճակներից բնակչության եւ տարածքների պաշտպանության, բնակչության հիգիենիկ եւ սանիտարահամաճարակային բարեկեցության ապահովման, շրջակա միջավայրի պահպանման, բնապահպանական անվտանգության, հրդեհային անվտանգության եւ շինարարական նորմերի, ինչպես նաեւ գործող ստանդարտների պահանջներին:
3. Տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջների պահպանման եւ կիրառման պարտավորությունը կրում են արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձինք:
Հոդված 9. Տեխնիկական անվտանգության պահանջները արտադրական վտանգավոր օբյեկտների նախագծային փաստաթղթերի նկատմամբ
1. Արտադրական վտանգավոր օբյեկտի կառուցման, ընդլայնման, վերակառուցման, տեխնիկական վերազինման, ինչպես նաեւ կոնսերվացման, ապամոնտաժման, նախագծային փաստաթղթերը /այսուհետ` նախագծային փաստաթղթեր/ ենթակա են տեխնիկական անվտանգության փորձաքննության:
Առանց տեխնիկական անվտանգության դրական փորձագիտական եզրակացության նախագծային փաստաթղթերի հաստատումն արգելվում է:
2. Արտադրական վտանգավոր օբյեկտի կառուցումը, ընդլայնումը, վերակառուցումը, տեխնիկական վերազինումը, կոնսերվացումը, ապամոնտաժումը, կարող է իրականացվել միայն նախագծային փաստաթղթերի հաստատումից հետո:
Սույն մասում նշված աշխատանքների կատարման ընթացքում սահմանված կարգով հաստատված նախագծային փաստաթղթերից ցանկացած շեղում արգելվում է:
3. Նախքան արտադրական վտանգավոր օբյեկտի գործարկումը (վերագործարկումը) փորձագիտական եզրակացությամբ պետք է հավաստված լինի օբյեկտի համապատասխանությունը նախագծային փաստաթղթերին:
Արգելվում է առանց տեխնիկական անվտանգության դրական փորձագիտական եզրակացության սկսել արտադրական վտանգավոր օբյեկտի գործարկումը (վերագործարկումը):
ԳԼՈՒԽ 3
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 10. Տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի հաշվառումը եւ տեխնիկական քննությունը
1. Հաշվառման եւ տեխնիկական քննության ենթակա են արտադրական վտանգավոր օբյեկտում տեղի ունեցած`
ա) տեխնածին վթարի յուրաքանչյուր դեպք,
բ) մահացու կամ ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքերը:
2. Սույն հոդվածով նախատեսված տեխնիկական քննության եւ հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 11. Տեխնիկական անվտանգության փորձաքննություն
1. Տեխնիկական անվտանգության փորձաքննություն կարող են իրականացնել`
ա) Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը,
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հավատարմագրված եւ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնում հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` Հավատարմագրված անձ):
2. Տեխնիկական անվտանգության փորձաքննությունն իրականացվում է արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի հետ կնքված պայմանագրի հիման վրա` պայմանագրով նախատեսված ժամկետներում` պահպանելով տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրությամբ սահմանված պայմանների կատարումը:
3. Տեխնիկական անվտանգության փորձաքննության արդյունքում կազմվում է փորձագիտական եզրակացություն: Փորձագետը (փորձագիտական խումբը) պատասխանատվություն է կրում իր կողմից կազմված փորձագիտական եզրակացության հավաստիության համար:
4. Մինչեւ փորձագիտական եզրակացություն կազմելը, փորձագետի եւ արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի միջեւ կարող է կազմվել տեխնիկական անվտանգության փորձաքննության ընթացքում բացահայտված խախտումների վերացմանը ուղղված միջոցառումների ծրագիր այն դեպքում, եթե բացահայտված թերություններն իրենց բնույթով տվյալ պահին տեխնածին վթարի սպառնալիք չեն առաջացնում:
Սույն կետով նախատեսված դեպքում փորձագիտական եզրակացությունը կազմվում է միջոցառումների ծրագրով սահմանված ժամկետի ավարտին:
5. Փորձագիտական եզրակացությունը ստորագրվում է տվյալ փորձաքննությանը մասնակցած փորձագետի (փորձագիտական խմբի) եւ հաստատվում Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կամ Հավատարմագրված անձի ղեկավարի կողմից:
Հավատարմագրված անձը պարտավոր է իր կողմից տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնելու դեպքում փորձագիտական եզրակացության մեկ օրինակը ներկայացնել Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն` այն սահմանված կարգով հաստատելուց հետո եռօրյա ժամկետում, իսկ վթարի սպառնալիք արձանագրելու դեպքում` անմիջապես:
6. Շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտը ենթակա է տեխնիկական անվտանգության փորձաքննության տարեկան առնվազն մեկ անգամ:
7. Արտադրական պատահարի կամ տեխնածին վթարի դեպքում արտադրական վտանգավոր օբյեկտը ենթակա է փորձաքննության անկախ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված ժամկետից:
8. Տեխնիկական անվտանգության փորձաքննությունն իրականացվում է.
ա) նախագծային փաստաթղթերի նկատմամբ` նախագծման փուլի ավարտին, մինչեւ նախագծային փաստաթղթերի հաստատման պահը,
բ) գործարկվող (վերագործարկվող) արտադրական վտանգավոր օբյեկտների նկատմամբ` նախքան գործարկման (վերագործարկման) աշխատանքները սկսելը,
գ) շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտների նկատմամբ` սույն օրենքով սահմանված կարգով արտադրական վտանգավոր օբյեկտների հաշվառման գրանցամատյանում /այսուհետ` Ռեեստր/ գրանցվելուց հետո:
Հոդված 12. Արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը
1. Արտադրական վտանգավոր օբյեկտները հաշվառելու, ինչպես նաեւ դրանց վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները գրառելու, վերլուծելու եւ դրա արդյունքում լիազոր մարմնին ամփոփ տեղեկատվություն տրամադրելու նպատակով Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը վարում է արտադրական վտանգավոր օբյեկտների Ռեեստրը:
2. Ռեեստրում գրանցման ենթակա է Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող յուրաքանչյուր արտադրական վտանգավոր օբյեկտ:
3. Ռեեստրում գրառվում են տեղեկություններ`
ա) արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի վերաբերյալ` անվանումը (անունը` անհատ ձեռնարկատիրոջ համար), պետական գրանցման տվյալները,
բ) արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկատեխնոլոգիական տվյալների մասին,
գ) արտադրական վտանգավոր օբյեկտի վերաբերյալ տեղեկատվությունների ներկայացման մասին,
դ) արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության փորձաքննության արդյունքների մասին,
ե) տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ սույն օրենքի 19 հոդվածի 1-ին մասի բ) կետով նախատեսված Տեխնիկական անվտանգության ծառայության մասին,
զ) արտադրական վտանգավոր օբյեկտի ընդլայնման, վերակառուցման, վերազինման, կոնսերվացման, գտնվելու վայրի կամ շահագործող անձի փոփոխության մասին
է) սույն օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված օբյեկտների ապահովագրությունների մասին:
4. Ռեեստրում գրանցման նպատակով արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն է ներկայացնում դիմում` դիմումին կցելով հետեւյալ փաստաթղթերը.
ա) պետական գրանցման վկայականի պատճեն, իրավաբանական անձի համար նաեւ կանոնադրության պատճեն,
բ) արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության վկայագիրը` կցելով դրա վերաբերյալ սույն օրենքով սահմանված փորձագիտական եզրակացությունը,
գ) սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված փորձագիտական եզրակացությունը (եզրակացությունները), եթե արտադրական վտանգավոր օբյեկտի նախագծային փաստաթղթերը հաստատվել են կամ արտադրական վտանգավոր օբյեկտի գործարկումը (վերագործարկումը) կատարվել է սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո,
դ) տեղեկություններ արտադրական վտանգավոր օբյեկտի գտնվելու վայրի մասին,
ե) տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ մշտական հսկողություն իրականացնող հատուկ պատասխանատու ծառայությունների մասին:
5. Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված փաստաթղթերը ստանալուց հետո 5 օրվա ընթացքում գրանցում է արտադրական վտանգավոր օբյեկտը եւ տալիս վկայական, եթե դիմումի մերժման հիմքեր չեն հայտնաբերվել:
6. Արտադրական վտանգավոր օբյեկտի գրանցումը մերժվում է , եթե`
ա) ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված,
բ) բացակայում է սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված փաստաթղթերից առնվազն մեկը,
գ) գրանցման ներկայացված օբյեկտը չի հանդիսանում արտադրական վտանգավոր օբյեկտ:
7. Արտադրական վտանգավոր օբյեկտի գրանցումը դադարեցվում է դրա ապամոնտաժման հետեւանքով, եթե առկա է ապամոնտաժման վերաբերյալ դրական փորձագիտական եզրակացություն:
8. Ապամոնտաժման ենթակա արտադրական վտանգավոր օբյեկտի գրանցումը դադարեցնելու նպատակով այն շահագործող անձը դիմում է ներկայացնում Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն` կցելով ապամոնտաժման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ սույն օրենքով սահմանված կարգով կազմված փորձագիտական եզրակացությունը:
Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը սույն մասով նախատեսված դիմումի հիման վրա կատարում է համապատասխան գրառում Ռեեստրում: Ռեեստրում տվյալ արտադրական վտանգավոր օբյեկտի գրանցումը դադարեցվում է ապամոնտաժման փաստը հաստատվելուց հետո:
Հոդված 13. Արտադրական վտանգավոր օբյեկտի վթարի ռիսկի վերլուծում եւ գնահատում
1. Արտադրական վտանգավոր օբյեկտներն ըստ վտանգավորության աստիճանի դասակարգման նպատակով իրականացվում է արտադրական վտանգավոր օբյեկտում տեխնածին վթարի ռիսկի (այսուհետ` Ռիսկ) վերլուծություն եւ գնահատում:
2. Ռիսկի վերլուծությունը եւ գնահատումը տեխնիկական անվտանգության ապահովման բաղադրիչներից է, որը ենթադրում է տեխնիկական տեղեկատվության ամբողջական օգտագործում` տեխնածին վթարների կանխատեսման, վտանգավորության նույնականացման համար:
3. Ռիսկի վերլուծությունը եւ գնահատումն իրականացվում է ըստ վտանգավորության ռիսկի հետեւյալ տարատեսակների.
ա) տեխնիկական ռիսկ, որի պատճառ կարող են հանդիսանալ տեխնիկական միջոցների անսարքությունը, շեղումը տեխնիկական կանոնակարգի պահանջներից.
բ) անհատական ռիսկ` առանձին անհատների կամ մարդկանց խմբի ոչ ճիշտ գործողությունները, ինչը կարող է հանդիսանալ արտադրական վթարներ.
գ) տերիտորիալ ռիսկ` հնարավոր վթարների ընդգրկման գոտին ու տարածքային սահմանները.
դ) սոցիալական ռիսկ` բնորոշում է հնարավոր վթարի մասշտաբները եւ հասցվող վնասի չափերը.
ե) կոլեկտիվ ռիսկ` բնորոշում է վթարի հետեւանքով տուժվող մարդկանց քանակը.
զ) սպասվելիք վնասի ռիսկ` բնորոշում է վթարի հետեւանքով առաջացող նյութական կորուստները.
է) այլ հնարավոր ռիսկեր:
4. Արտադրական վտանգավոր օբյեկտում վթարի ռիսկի աստիճանը եւ վտանգի մեծությունը գնահատվում է նրա հավանականության, հաճախականության եւ հնարավոր հետեւանքների ծանրության վերլուծությամբ եւ համադրմամբ:
5. Ռիսկի վերլուծության եւ գնահատման արդյունքները պետք է օգտագործվեն արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման, անվտանգության փորձաքննության իրականացման, օբյեկտի ապահովագրման, տնտեսական եւ բնապահպանական գործոնների ներազդեցության բացահայտման գործընթացների ժամանակ:
Հոդված 14. Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի կողմից ներկայացվող տեղեկատվությունը
1. Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը՝ մինչեւ յուրաքանչյուր տարվան հաջորդող ապրիլի 1-ը Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն է ներկայացնում սահմանված ձեւով տեղեկատվություն` նախորդ տարվա ընթացքում արտադրական վտանգավոր օբյեկտում տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման եւ կիրառման վիճակի վերաբերյալ:
2. Սույն հոդվածով նախատեսված տեղեկատվությունը ներառում է տեղեկություններ՝
ա) տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման նպատակով իրականացված միջոցառումների, այդ թվում սույն օրենքի 19 հոդվածի 1-ին մասի բ) կետով նախատեսված Տեխնիկական անվտանգության ծառայության կողմից իրականացված տեխնիկական զննումների եւ դրանց արդյունքների մասին,
բ) տեղի ունեցած արտադրական պատահարների եւ տեխնածին վթարների վերաբերյալ,
գ) արտադրական պատահարների եւ տեխնածին վթարների հետեւանքների վերացմանը ուղղված միջոցառումների վերաբերյալ:
3. Սույն հոդվածով նախատեսված տեղեկատվությունը ստորագրում են արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի եւ սույն օրենքի 19 հոդվածի 1-ին մասի բ) կետով նախատեսված Տեխնիկական անվտանգության ծառայության ղեկավարները:
4. Տեղեկատվությունները կարող են ներկայացվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ցանկացած եղանակով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է առանձին դասակարգման վտանգավոր օբյեկտների համար սահմանել տեղեկատվության ներկայացման այլ պարբերականություն` հիմք ընդունելով վտանգավորության աստիճանը:
15. Տեխնիկական անվտանգության կանոնների եւ նորմերի խախտման դեպքում կիրառվող կարգադրագրերը
1. Կարգադրագիրը լիազոր մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով եւ լիազորությունների սահմաններում ընդունված իրավական ակտ է` ուղղված.
ա) արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման արգելմանը, եթե այն կամ դրանում օգտագործվող տեխնիկական միջոցները, տեխնոլոգիական սարքավորումները, շենքերն ու շինությունները չեն համապատասխանում տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին, արտադրական վտանգավոր օբյեկտը սահմանված կարգով չի անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն կամ չի գրանցվել Ռեեստրում,
բ) արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործման արգելմանը, եթե այն չի համապատասխանում տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին կամ սահմանված կարգով չի անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն:
2. Կարգադրագրով սահմանվում է դրա կատարման ժամկետը` համաձայնեցված արտադրական վտանգավոր օբյեկտը շահագործող անձի հետ:
3. Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը պարտավոր է կարգադրագրով սահմանված ժամկետում դրա կատարման մասին տեղյակ պահել կարգադրագիրն արձակած լիազոր մարմնին:
4. Կարգադրագիրը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը, կամ կատարման մասին սահմանված ժամկետում կարգադրագիրն արձակած լիազոր մարմնին տեղյակ չպահելը համարվում է խախտում, որն առաջացնում է պատասխանատվություն սույն օրենքով սահմանված կարգով:
5. Կարգադրագրերով նախատեսված պատասխանատվության միջոցները վերացվում են կարգադրագիրն արձակած լիազոր մարմնի կողմից` արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի դիմումով, տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին արտադրական վտանգավոր օբյեկտի անհամապատասխանության վերացման դեպքում:
6. Սույն հոդվածով նախատեսված կարգադրագրերը լիազոր մարմնի կողմից տրվում են, ինչպես նաեւ կարգադրով նախատեսված պատասխանատվության միջոցները վերացվում են փորձագիտական եզրակացության հիման վրա` Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի ներկայացմամբ:
7. Կարգադրագիրը կարող է բողոքարկվել դատական կարգով:
8. Կարգադրագրի բողոքարկումը չի կասեցնում դրա կատարումը:
9. Սույն հոդվածով նախատեսված միջոցառումներն իրականացվում են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 4
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 16. Տեխնիկական անվտանգության ապահովման համակարգը
1.Տեխնիկական անվտանգության ապահովման համակարգի օղակներն են`
ա) Լիազոր մարմինը,
բ) Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը,
գ) Հավատարմագրված անձինք,
դ) Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձինք, այդ թվում սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով նախատեսված Տեխնիկական անվտանգության ծառայությունները:
2. Տեխնիկական անվտանգության ապահովման համակարգի յուրաքանչյուր օղակ պատասխանատու է սույն օրենքով սահմանված իրավասությունների, լիազորությունների եւ պարտավորությունների պատշաճ կատարման համար:
Հոդված 17. Լիազոր մարմնի իրավասությունները
Լիազոր մարմնի իրավասություններն են `
ա) տեխնիկական անվտանգության ապահովման պետական քաղաքականության մշակումը եւ իրականացումը,
բ) տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառի պետական ծրագրերի մշակումը եւ ծրագրերի կատարման ապահովումը,
գ) տեխնիկական անվտանգության ապահովման հետ կապված Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը,
դ) համագործակցությունը տեխնիկական անվտանգության բնագավառում միջազգային կազմակերպությունների, պետական կառավարման այլ մարմինների, տնտեսվարող սուբյեկտների, արհեստակցական միությունների ընտրովի մարմինների հետ,
ե) տեխնիկական անվտանգության վկայագրին ներկայացվող պահանջների սահմանումը,
զ) սույն օրեքի 14-րդ հոդվածով նախատեսվածտեղեկատվության ձեւերի սահմանումը,
է ) սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված կարգադրագրի արձակումը,
ը) տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառում վարչական վարույթի իրականացումը,
թ) աշխատանքային օրենսդրությանը համապատասխան աշխատանքների անվտանգության գծով տեսչական եւ վերահսկողական գործառույթներով օժտված պետական մարմինների կամ այլ կառույցների հետ համագործակցությունը,
ժ) տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի ընդունումը,
ժա) սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումը,
ժբ) սույն օրենքի 12 հոդվածի 5-րդ մասով նախատեսված վկայականի ձեւի հաստատումը,
ժգ) կարգադրագրերի ձեւերի հաստատումը,
ժդ) Ռեեստրի ձեւի եւ վարման կարգի հաստատումը,
ժե) օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 18. Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի լիազորությունները
Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի լիազորություններն են.
ա) տեխնիկական անվտանգության պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերի մշակումը,
բ) արտադրական վտանգավոր օբյեկտների վտանգավորության դասակարգման գիտականորեն հիմնավորված չափորոշիչների մշակումը,
գ) ուսումնա-մեթոդական ծրագրերի մշակումը, ոլորտի մասնագետների, փորձագետների, տնտեսության մեջ աշխատող ինժեներատեխնիկական եւ մասնագետ կադրերի ուսուցման եւ որակավորման գծով աշխատանքների կազմակերպումը,
դ) միջպետական ծրագրերի եւ տեխնիկական նախագծերի մշակմանը, իրագործմանը գիտահետազոտական աշխատանքների համատեղ անցկացմանը մասնակցությունը,
ե) տեխնիկական անվտանգության բնագավառում նոր գիտական ուղղությունների, գիտափորձերի մշակումը,
զ) արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի հետ կնքված պայմանագրի համաձայն սույն օրենքով սահմանված տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացումը եւ համապատասխան փորձագիտական եզրակացության տրամադրումը,
է) արտադրական վտանգավոր օբյեկտների Ռեեստրի վարումը,
ը) արտադրական վտանգավոր օբյեկտի ռիսկի վերլուծումը եւ գնահատումը` ըստ վտանգավորության աստիճանի դասակարգման նպատակով,
թ) արտադրական վտանգավոր օբյեկտներում տեխնիկական անվտանգության վիճակի փաստաթղթային դիտարկումը, վերլուծումը, դրա հիման վրա ամփոփ տեղեկատվության կազմումը եւ տրամադրումը լիազոր մարմնին` տեխնիկական անվտանգության նկատմամբ պետական հսկողությունն իրականացնելու նպատակով,
ժ) սույն օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված տեխնիկական քննության եւ հաշվառման իրականացումը,
ժա) օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված կարգադրագրի արձակման, ինչպես նաեւ կարգադրով նախատեսված պատասխանատվության միջոցների վերացման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի ներկայացումը լիազոր մարմնին.
ժբ) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, քաղաքացիներին տեխնիկական անվտանգությանը առնչվող հարցերով տեղեկատվությամբ ապահովումը, այդ թվում նաեւ զանգվածային լրատվության միջոցներով:
ժգ) Հավատարմագրված անձանց հաշվառումը:
Հոդված 19. Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձանց պարտականությունները տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառում
1. Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը պարտավոր է.
ա) հաստատել արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության վկայագիրը` մշակելով այն վկայագրին ներկայացվող պահանջներին համապատասխան,
բ) ստեղծել տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ մշտական վերահսկողություն, այդ թվում պարբերական տեխնիկական զննումներ, իրականացնող հատուկ պատասխանատու կառույց կամ նշանակել հատուկ պատասխանատու անձ, հակառակ դեպքում այդ գործառույթների կատարումը հանձնարարել մասնագիտացված կազմակերպությունների` պայմանագրի հիման վրա /այսուհետ` տեխնիկական անվտանգության ծառայություն/,
գ) պահպանել տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջները,
դ) արտադրական պատահարները բացառելու եւ կանխարգելելու նպատակով արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման ամբողջ ընթացքում ապահովել տեխնոլոգիական սարքավորումների, տեխնիկական միջոցների, օբյեկտի կառույցների, տեղեկայանքների անվտանգության գոտու տարածքների պարբերական զննումներ, ինչպես նաեւ կազմակերպել աշխատողների ուսուցում եւ որակավորման ստուգում,
ե) մշակել եւ իրականացնել միջոցառումների ծրագիր տեխնածին վթարների հավանականության նվազեցման ուղղությամբ,
զ) ստեղծել դիտարկման, ազդարարման, կապի միջոցների եւ տեխնիկական այլ համակարգեր` տեխնածին վթարների եւ արտադրական պատահարների դեպքերում դրանց կիրառման համար,
է) աջակցել տեխնիկական անվտանգության համակարգի այլ օղակներին` տեխնածին վթարների եւ դժբախտ դեպքերի պատճառների եւ հանգամանքների բացահայտման գործում,
ը) տեխնիկական անվտանգության համակարգի այլ օղակների պաշտոնատար անձանց արտադրական վտանգավոր օբյեկտներում իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս տրամադրել պաշտպանության անհրաժեշտ միջոցներ,
թ) ապահովել արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության վիճակը բնութագրող տեղեկատվության հավաստիությունը,
ժ) արտադրական պատահարների եւ տեխնածին վթարների դեպքում անհապաղ ձեռնարկել տեխնիկական անվտանգության վկայագրով նախատեսված միջոցառումները` միաժամանակ տեղեկացնելով Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնին,
ժա) արտադրական վտանգավոր օբյեկտի ընդլայնման, վերակառուցման, վերազինման, կոնսերվացման, գտնվելու վայրի կամ շահագործող անձի փոփոխության դեպքում այդ մասին եռօրյա ժամկետում տեղեկացնել Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնին,
ժբ) սույն օրենքով նախատեսված դեպքերում ապահովել տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացումը,
ժգ) դադարեցնել արտադրական վտանգավոր օբյեկտի կամ նրանում առկա տեխնիկական միջոցի, տեխնոլոգիական սարքավորման շահագործումը, եթե փորձագիտական եզրակացության մեջ արձանագրվել է, որ առկա է տեխնածին վթարի սպառնալիք,
ժդ) տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրությանը համապատասխան` արտադրական վտանգավոր օբյեկտը ներկայացնել գրանցման Ռեեստրում:
2. Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի` սույն հոդվածով նախատեսված պարտավորությունները դադարում են` Ռեեստրում արտադրական վտանգավոր օբյեկտի գրանցումը դադարեցնելու պահից:
Հոդված 20. Առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների պարտադիր ապահովագրումը
1. Առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտ շահագործող անձը պարտավոր է իր գործունեության ամբողջ ժամանակահատվածում, ելնելով այն հանգամանքից, որ իր կողմից կատարվող աշխատանքները հանդիսանում են գործունեության առավել վտանգի աղբյուր, պարտադիր կարգով ապահովագրել պատասխանատվության հետեւյալ ռիսկերը.
ա) արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման ընթացքում եւ դրա հետեւանքով իր աշխատողների կյանքին, առողջությանը եւ գույքին պատճառված վնասները,
բ) արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման ընթացքում եւ դրա հետեւանքով իր աշխատողների, ինչպես նաեւ աշխատանքների հետ անմիջականորեն չկապված, սակայն այդ աշխատանքների արդյունքում քաղաքացիների կյանքին, առողջությանը եւ գույքին պատճառված վնասները,
գ) արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման ընթացքում եւ դրա հետեւանքով շրջակա միջավայրին պատճառված վնասները:
Ապահովագրության գումարների նվազագույն չափը ըստ սույն մասով սահմանված ռիսկի առանձին տեսակների որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Սույն հոդվածով սահմանված պարտադիր ապահովագրման ենթակա առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 21. Պատասխանատվությունը սույն օրենքի դրույթների խախտման համար
1. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետով նախատեսված կարգադրագիրը չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
2. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով նախատեսված կարգադրագիրը չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
3. Սույն օրենքով սահմանված կարգով արտադրական վտանգավոր օբյեկտը գրանցման չներկայացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
4. Արտադրական վտանգավոր օբյեկտի ընդլայնման, վերակառուցման, վերազինման, գտնվելու վայրի կամ շահագործող անձի փոփոխության դեպքում Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնին չտեղեկացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
5. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տեխնիկական անվտանգության փորձաքննություն չանցկացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
6. Փորձագետի (փորձագիտական խմբի) կողմից ոչ հավաստի փորձագիտական եզրակացություն կազմելը` առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով,
7. Սույն օրենքի 14 հոդվածով նախատեսված տեղեկատվությունը չներկայացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկի չափով:
8. Սույն օրենքի պահանջների խախտումները, որոնք հանգեցրել են խոշոր տեխնածին աղետների եւ վթարների` առաջացնում է քրեական պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:
Հոդված 22. Եզրափակիչ դրույթներ
1. Մինչեւ 2006թ. հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
ա) ստեղծում է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն եւ հաստատում Լիազոր մարմին,
բ) հաստատում է սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վնասակար նյութերի սահմանաքանակները,
գ) սահմանում է տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացնող անձանց հավատարմագրման եւ հաշվառման կարգը:
2. Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձինք պարտավոր են մինչեւ 2006թ. սեպտեմբերի 1-ը արտադրական վտանգավոր օբյեկտները սույն օրենքով սահմանված կարգով ներկայացնել գրանցման Ռեեստրում եւ Ռեեստրում գրանցման պահից մեկ տարվա ընթացքում ապահովել շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացումը:
Հոդված 23. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006թվականի հունվարի 1-ից, բացառությամբ.
ա) սույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասից, որն ուժի մեջ է մտնում 2007թվականի հունվարի 1-ից,
բ) սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասից, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: