Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել նոր 150.11-րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 150.11. Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, գազաբալոնների պարբերական վկայագրման եւ լցավորման պահանջները խախտելը
1. Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների (այսուհետ` գազաբալոնային սարքավորումներ) տեղադրման կամ գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզիայի պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը, եթե դրանք չեն առաջացրել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրից երկուհարյուրապատիկի չափով:
2. Գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ պարբերական վկայագրման կարգի պահանջների խախտմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նմուշի փաստաթղթերի տրամադրումը կամ ավտոտրանսպորտային միջոցների եւ գազաբալոնների վերաբերյալ տվյալները էլեկտրոնային շտեմարան մուտքագրումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ վկայագրման իրավասություն ունեցող կազմակերպության պաշտոնատար անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրից հինգհարյուրապատիկի չափով:
Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` 6 ամսվա ընթացքում` առաջացնում է լիցենզիայի կասեցում` 1 տարի ժամկետով:
3. Առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացման, արդյունքում դրական եզրակացություն չստանալու, գազաբալոնների լցավորումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` գազալցավորման կայանի պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 244.13-րդ հոդվածի 1-ին մասում «նախատեսված» բառից առաջ լրացնել «, 150.11-րդ հոդվածով» բառերը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո: