Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում «` սույն օրենսգրքի 7-րդ հոդվածով սահմանված կարգով:» բառերը փոխարինել «, որոնք սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Անհրաժեշտությունը
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից որդեգրած քաղաքականությամբ` չմշակվող գյուղատնտեսական նշանակության հողերի շրջանառության մեջ ընդգրկման, հողօգտագործման արդյունավետության բարձրացման եւ գյուղատնտեսական շրջանառությունից հողերի անհիմն բացառման նպատակով:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Ներկայումս ՀՀ էկոնոմիկայի նախարարություն բազմաթիվ դիմումներ են ստացվում հողերի նպատակային նշանակության փոփոխության հետ կապված, որոնց վերաբերյալ տրամադրելով բացասական կարծիք` ՀՀ հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հողերի պահպանության եւ արդյունավետ օգտագործման, գյուղատնտեսական շրջանառությունից հողերի անհիմն բացառման դրույթներով պայմա-նավորված, բախվում ենք մի շարք խնդիրների. ներկայացվում են պարզաբանումներ, որ հողերը երկար տարիներ չեն մշակվել ու պիտանի չեն գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար, կամ որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը խոչընդոտում է տնտեսության այլ ճյուղերում ներդրումների ներգրավմանն ու աշխատատեղերի ստեղծմանը եւ այլն:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է` «Գյուղատնտեսական հողատեսքերը ենթակա են հատուկ պահպանության: Այդ հողերի փոխադրումը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի թույլատրվում է բացառիկ դեպքերում` սույն օրենսգրքի 7-րդ հոդվածով սահմանված կարգով:», սակայն 7-րդ հոդվածի դրույթները չեն սահմանում այդ բացառիկ դեպքերը կամ այն չափորոշիչները, որոնց առկայության պարագայում` բացառիկ դեպքերում կարելի է թույլատրել գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային նշանակության փոփոխությունը:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Նախագծի ընդունման նպատակը գյուղատնտեսական նշանակության հողերի պահպանության եւ արդյունավետ օգտագործման, գյուղատնտեսական շրջանառությունից անհիմն բացառման օրենսդրական հենքի ստեղծումն է:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի բացառել գյուղատնտեսական հողերի անհիմն փոխադրումն այլ նպատակային նշանակության հողերի շարքը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հուլիսի 2020 թվականի N 1279 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ
ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:
2. Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2020 թ. օգոստոսի 3
Երեւան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 օգոստոսի 2020 թվականի N 889 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2020 թ. օգոստոսի 4
Երեւան
Հարգելի պարոն Միրզոյան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 30-ի N 1279-Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:
Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ