Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-706-05.08.2020-ՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Երեխայի իրավունքների մասին» 1996 թվականի մայիսի 29-ի ՀՕ-59 օրենքի 32-րդ հոդվածում 2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ մասեր.

16 տարին լրացած երեխայի հոգեբուժական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ գրավոր իրազեկված համաձայնությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, տալիս է նա, եթե՝

1) բժիշկ-հոգեբույժի կարծիքով 16 տարին լրացած երեխան ունակ է հասկանալու հոգեբուժական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետեւանքները,

2) այդ տեղեկությունները չեն վնասի 16 տարին լրացած երեխային,

3) կդյուրացնեն նրան հոգեբուժական օգնության եւ սպասարկման տրամադրումը:

Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմանների բացակայության դեպքում 16 տարին լրացած երեխայի հոգեբուժական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է «Հոգեբուժական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 24-րդ հոդվածով սահմանված ոչ հոժարակամ հոսպիտալացման կարգով, եթե հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությամբ նրանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել հոգեբուժական միջամտություն:

16 տարին չլրացած երեխայի գրավոր իրազեկված համաձայնությունը տալիս է նրա օրինական ներկայացուցիչը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Երեխայի հոգեբուժական օգնությունը եւ սպասարկումն իրականացնելիս նրա կարծիքն ամրագրելը պարտադիր է:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Կարգավորման ենթակա խնդրի սահմանումը.

«Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Երեխայի իրավունքների մասին» օրենքը ՀՀ Սահմանադրությանը եւ «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 18-ի ՀՕ-346-Ն օրենքին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

Սահմանադրական դատարանի 2020 թվականի հունվարի 30-ի թիվ ՍԴՈ-1504 որոշմամբ «Երեխայի իրավունքների մասին» օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասն այնքանով, որքանով որ չի ամրագրում երեխային հոգեբուժական հաստատություն հոսպիտալացնելիս վերջինիս համաձայնության պարտադիր լինելն այն դեպքերում, եթե երեխայի տարիքը եւ հոգեկան առողջությունը թույլ են տալիս, որ վերջինս արտահայտի իր կամքը, ճանաչվել է Սահմանադրության 25-րդ եւ 37-րդ հոդվածներին հակասող: Որոշման եզրափակիչ մասում Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել 2020 թվականի հունիսի 1-ը՝ հնարավորություն տալով Ազգային ժողովին «Երեխայի իրավունքների մասին» օրենքի վերաբերելի իրավակարգավորումները համապատասխանեցնելու Որոշման պահանջներին:

Սահմանադրության 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին եւ հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում»: Սահմանադիրը հստակ պահանջ է դրել, որպեսզի երաշխավորվի երեխայի կարծիքը ցանկացած հարցի վերաբերյալ ազատ արտահայտելու իրավական հնարավորությունը: Սակայն այդ կարծիքը, երեխայի տարիքին եւ հասունության մակարդակին համապատասխան, պարտադիր պետք է հաշվի առնվի միայն այն դեպքերում, երբ հարցը վերաբերում է իրեն՝ երեխային: Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «երեխայի տարիքին եւ հասունության մակարդակին համապատասխան» սահմանադրական ձեւակերպումից բխում է, որ երեխայի կարծիքի որոշիչ լինելու աստիճանը կախված է կոնկրետ հանգամանքներից՝ երեխայի տարիքից եւ հասունության մակարդակից, որը տարբեր անձանց մոտ կարող է տարբեր լինել: Ուստի յուրաքանչյուր կոնկրետ դեպքում անհրաժեշտ է գնահատել երեխայի տարիքը եւ հասունության մակարդակը, որպեսզի հնարավոր լինի գնահատել երեխայի՝ իր հոգեկան առողջության վիճակը գիտակցելու, իր հոգեկան անձեռնմխելիությանը բժշկական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետեւանքները հստակ հասկանալու եւ կանխատեսելու ունակությունը:

Օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված կամ 18 տարին չլրացած անձանց հոգեկան անձեռնմխելիության իրավունքը կարգավորելիս օրենքները պետք է սահմանեն այդ իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր եւ ընթացակարգեր՝ այն հաշվով, որ չխախտվի իրավունքների սահմանափակման համաչափության սկզբունքի մաս կազմող՝ սահմանափակման համար ընտրված միջոցների՝ Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար անհրաժեշտ լինելու պահանջը:

Վերոնշյալ բոլոր պահանջները պետք է կատարվեն ինչպես անձի՝ իր համաձայնությամբ բժշկական միջամտության ենթարկվելու, այնպես էլ անձի՝ իր առողջական վիճակի մասին տեղեկություն ստանալու իրավունքների իրացման համատեքստում:

Անհրաժեշտ է ընդգծել, որ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում 30.05.2020թ. եւ «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում 18.06.2020թ. ուժի մեջ մտած փոփոխություններով արդեն իսկ տրվում են առանձնահատուկ կարգավորումներ երեխայի՝ իր առողջական վիճակի մասին, ինչպես նաեւ բժշկական օգնության եւ սպասարկման մասին տեղեկություն ստանալու, երեխայի կողմից բժշկական միջամտության համար համաձայնություն տալու իրավունքների վերաբերյալ:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Սահմանադրական դատարանի 2020 թվականի հունվարի 30-ի թիվ ՍԴՈ-1504 որոշման, ինչպես նաեւ վերը նշված օրենքներով կատարված փոփոխությունների հիման վրա Նախագծով առաջարկվում է սահմանել 16 տարին լրացած հոգեկան առողջության խնդիր ունեցող երեխայի՝ հոգեբուժական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ կամավոր իրազեկված համաձայնություն տալու իրավունքը, եթե բժշկի կարծիքով նա ունակ է հասկանալու բժշկական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետեւաքները, այդ տեղեկությունները չեն վնասի երեխային կամ կդյուրացնեն նրան բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրումը: Նշված պայմանների բացակայության դեպքում առաջարկվում է 16 տարին լրացած երեխայի հոգեբուժական օգնությունն ու սպասարկումն իրականացնել «Հոգեբուժական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 24-րդ հոդվածով սահմանված ոչ հոժարակամ հոսպիտալացման կարգով, եթե հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությամբ նրա նկատմամբ անհրաժեշտ է իրականցնել հոգեբուժական միջամտություն: Իսկ 16 տարին չլրացած երեխայի համար Նախագծով առաջարկվում է գրավոր իրազեկված համաձայնությունը ստանալ նրա օրինական ներկայացուցչից, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Բացի այդ Նախագծով սահմանվել է, որ երեխայի հոգեբուժական օգնությունը եւ սպասարկումն իրականացնելիս նրա կարծիքն ամրագրելը պարտադիր է:

4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը.

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ անկնկալվում է ապահովել Սահմանադրական դատարանի 30.01.2020թ. թիվ ՍԴՈ-1504 որոշման պահանջների կատարումը եւ «Երեխայի իրավունքների մասին» օրենքը համատասխանեցնել «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքին:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

30 հուլիսի 2020 թվականի  N 1277 - Ա

«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ  ՄԱՍԻՆ

Հիմք  ընդունելով  «Ազգային ժողովի  կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին եւ այն սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ        Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. օգոստոսի 3
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 30-ի N 1277-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

Հարգանքով՝           ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆ