Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-713-24.08.2020-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գնումների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) գնումների պլանավորման, գնման առարկայի բնութագրերի հաստատման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման, կառավարման եւ ֆինանսավորման կարգը: Ընդ որում` կարգը նախատեսում է կարգավորումներ նաեւ պայմանագրերի կատարման եւ կառավարման շրջանակում հանրային հսկողության իրականացման հնարավորության ապահովման եւ դրա կիրառման գործընթացի վերաբերյալ, հաշվի անելով, որ`

ա. այն պարտադիր է գնումների բազային միավորը գերազանցող գին ունեցող պայմանագրերի դեպքում.

բ. գործընթացին մասնակցելու հնարավորություն տրվում է պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում գնման տվյալ գործընթացին մասնակցելու նպատակով հայտ ներկայացրած մասնակիցներին, իսկ պետական գաղտնիք չպարունակող գնումների դեպքում` ինչպես գնման տվյալ գործընթացին մասնակցելու նպատակով հայտ ներկայացրած մասնակիցներին, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած հասարակական կազմակերպություններին եւ զանգվածային լրատվության միջոցներին.

գ. գործընթացին մասնակցելու պայմանները եւ դիմելու ժամկետները սահմանվում են կնքված պայմանագրի մասին հայտարարությամբ, նկատի ունենալով, որ դիմելու ժամկետը չի կարող պակաս լինել երեք օրացուցային օրից.

դ. անձը (ներկայացուցիչը) չի կարող մասնակցել գործընթացին, եթե պայմանագրի կողմ է հանդիսանում վերջինիս կամ իրեն մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձի (ծնող, ամուսին, երեխա, եղբայր, քույր, ինչպես նաեւ ամուսնու ծնող, երեխա, եղբայր կամ քույր) կողմից հիմնադրված կամ բաժնեմաս (փայաբաժին) ունեցող կազմակերպությունը: Անձը (ներկայացուցիչը) ստորագրում է շահերի բախման բացակայության մասին հայտարարություն, որը պատվիրատուի կողմից հրապարակվում է տեղեկագրում.

ե. գործընթացի շրջանակում անձը գործում է պատվիրատուի` պայմանագրի կատարման եւ կառավարման գործառույթն իրականացնող միավորի անունից, վերջինիս հետ համատեղ, պայմանով, որ  անձի ներկայացրած դիրքորոշումը կրում է խորհրդատվական բնույթ: Պատվիրատուն ստացված դիրքորոշումները պարտադիր կարգով քննարկում է` գործընթացին մասնակից դարձնելով նաեւ պայմանագրի կողմին: Քննարկման ամփոփաթերթը հրապարակվում է տեղեկագրում: Եթե դիրքորոշում չի ներկայացվում, ապա դրա մասին պայմանագրի կատարման արդյունքի ընդունումը հիմնավորող փաստաթղթում կատարվում է համապատասխան նշում.

զ. եթե միեւնույն պայմանագրի շրջանակում անձի ներկայացրած դիրքորոշումը առնվազն երկու անգամ չի հիմնավորվում, ապա վերջինս զրկվում է տվյալ պայմանագրի շրջանակում հանրային հսկողություն իրականացնելու լիազորություներից, ինչի մասին պատվիրատուն տեղեկագրում հրապարակում է հայտարարություն. »:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի պահանջները չեն տարածվում մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը սկսած եւ չդադարած, ինչպես նաեւ կնքված եւ գործող գնման գործարքների վրա, իսկ դրանց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գործարքների կնքման պահին գործող իրավական ակտերով:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

«Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պայմանագրերի կատարման եւ կառավարման գործընթացներում հակակշիռների ու զսպումների համարժեք մեխանիզմի միջոցով հանրային հսկողության թափանցիկ եւ հրապարակային համակարգ ներդնելու անհրաժեշտությամբ:

Նախագծի մշակման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության համակարգմամբ գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչների հետ կազմակերպվել են քննարկումներ` առաջարկվող կարգավորման սահմանման նպատակահարմարության, հնարավոր ռիսկերի եւ կիրառման մեխանիզմների վերաբերյալ:

Համակարգի ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված է պատվիրատուի պաշտոնյաների կողմից պայմանագրի կատարման նկատմամբ նախնական հսկողության գործընթացը պատշաճ չիրականացնելու ռիսկերը նվազեցնելու անհրաժեշտությամբ, հատկապես այնպիսի գնումների դեպքում, որոնց պայմանագրին համապատասխանությունը հնարավոր է գնահատել միայն պայմանագրի կատարման պահին կամ դրան հաջորդող կարճ ժամանակահատվածում: Բոլոր այս դեպքերում գնման առարկան ընդունելուց հետո կամ հենց այդ պահին դրանք օգտագործվում են, եւ հետագայում պայմանագրին դրանց համապատասխանությունը որոշելը գործնականում կամ անհնար է կամ շատ բարդ: Այլ կերպ ասած, այսպիսի գնումների դեպքում, եթե պատվիրատուի պաշտոնատար աձը չկատարի իր պարտականությունները եւ ընդունի պայմանագրին չհամապատասխանող արդյունքը, այդպիսի խախտումների հետագա չբացահայտման ռիսկը համեմատաբար մեծ է:

Պետք է նկատել նաեւ, որ պայմանագրի կատարման արդյունքները ընդունելու ժամանակ նշված ռիսկը չեզոքացնելու համար կարող են գործել, իսկ առանձին դեպքերում գործում են այլ անձանց կողմից մասնագիտական եզրակացությունների ներկայացման մեխանիզմներ` տեխնիկական հսկողություն, լաբորատոր եզրակացություններ եւ այլն, սակայն այս մեխանիզմները նույնպես լիարժեք չեն:

Այսպիսով պետք է արձանագրել, որ թեեւ գործող իրավական ակտերը որոշակիորեն կարգավորում են հանձման-ընդունման գործընթացը, սակայն գործնականում խնդիրը արդիական է` մասնավորապես անմիջապես կամ արագ սպառվող գնումների դեպքում, պաշտոնատար անձանց կողմից խախտումների իրականացման պարագայում, քանի որ դրանց կանխումը կամ հետագա բացահայտումը խնդրահարույց է:
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ




21 օգոստոս 2020թ.

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
ՀԱՐԳԵԼԻ՛ ՊԱՐՈՆ ՄԻՐԶՈՅԱՆ,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով եւ 67-րդ հոդվածի 1-ին մասով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Գնումների մասին»   ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` սույն գրությանը կցվում են.

1. Օրենքի նախագծի փաթեթը,

2. Օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

3. Գործող օրենքի փոփոխվող հոդվածի վերաբերյալ տեղեկանքը:

Նախագծի հիմնական զեկուցողն է Գեւորգ Պապոյանը:

Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր` (5) էջ:
 
 
Հարգանքով`  Լիլիթ Մակունց /052/
Գեւորգ Պապոյան /057/