ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17 հունիսի 1998 թվականի) 176-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝
«Եթե անձի ներկայացուցիչը դիմումի քննությանը չի մասնակցում դատարանի կողմից անհարգելի ճանաչված պատճառներով կամ անձը ներկայացուցիչ չունի, ապա դիմումի քննությանը պարտադիր է այդ անձի բնակության վայրի խնամակալության եւ հոգաբարձության մարմնի ներկայացուցչի, իսկ բնակության վայրի անհայտ լինելու դեպքում հոգեբուժական հաստատության գտնվելու վայրի խնամակալության եւ հոգաբարձության մարմնի ներկայացուցչի մասնակցությունը, որը հանդես է գալիս որպես այդ անձի ներկայացուցիչ։»:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից։
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենս՟գրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի համաձայն` հոգեբուժական հիվանդանոցային հարկադիր բուժման վերաբերյալ քաղաքացու դիմումի քննությանը պարտադիր է այն անձի ներկայացուցչի մասնակցությունը, որի նկատմամբ լուծվում է բուժման հարցը: Այս պահանջը գործնականում մեծ դժվարություններ է առաջացնում, քանի որ հիվանդներից շատերի ներկայացուցիչները առանց հարգելի պատճառների չեն ներկայանում դատարան, որոշ հիվանդներ ընդհանրապես ներկայացուցիչներ չունեն, մյուսներն անկարող են եւ ոչինչ չեն գիտակցում, այդ պատճառով անհնար է լինում ապահովել ներկայացուցչի մասնակցությունը եւ քննել դիմումը:
Եթե ներկայացուցիչ չլինի, դատարանը չի քննի գործը, հետեւաբար բուժում չի նշանակվի, եւ կստացվի հիվանդի հարկադրական տեղակայում հոգեբուժարանում սահմանված ժամկետից ավելի, որը չի թույլատրվում օրենքով:
Այսպիսով, նշված օրենքի նախագծի ընդունմամբ կլրացվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում տեղ գտած բացը, ինչը հնարավորություն կստեղծի հիվանդի ներկայացուցչի բացակայության դեպքում դատարանում քնել դիմումը խնամակալության եւ հոգաբարձության մարմնի ներկայացուցչի մասնակցությամբ: