Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» 1992 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-43 օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածում «լիազոր մարմինն» բառերից հետո լրացնել «(այսուհետ նաեւ` լիազոր մարմին)» բառերը:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի`
1) 4-րդ կետից հանել «զանգվածային» բառը, «վարակիչ հիվանդությունների» բառերից հետո լրացնել «բռնկումների,» բառը.
2) 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 6-րդ կետից հետո լրացնել նոր 7-րդ կետ.
«7) օրենքով սահմանված դեպքերում իրականացնում են այլ լիազորություններ:»:
Հոդված 3. Օրենքում լրացնել նոր 20.1-20.12-րդ հոդվածներ.
«Հոդված 20.1. Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների կանխարգելման բնագավառում
1. Վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների դեպքերը ենթակա են հաշվառման եւ հաղորդման բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից: Հաղորդման եւ հաշվառման ենթակա վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների եւ թունավորումների ցանկը հաստատվում է լիազոր մարմնի ղեկավարի սահմանած սանիտարական կանոնների համաձայն: Հաղորդման եւ հաշվառման ենթակա վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների եւ թունավորումների դեպքերի հաշվառումը եւ հաղորդումն իրականացվում են լիազոր մարմնի ղեկավարի սահմանած սանիտարական կանոնների համաձայն:
2. Մարդու (հանրության) առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների` վնասակար ազդեցության նվազեցման, դրանց կանխարգելման, բացառման, ինչպես նաեւ վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման եւ տարածման, կանխման ու վերացման նպատակով, առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը, տեսչական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները եւ բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող կազմակերպությունները իրենց իրավասությունների շրջանակներում սանիտարական կանոններին համապատասխան սույն օրենքի 6-10-րդ, 24-րդ հոդվածներով եւ այլ օրենքներով սահմանված կարգով իրականացնում են հետեւյալ կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումները`
1) բժշկական փաստաթղթերի, ներառյալ` բժշկական զննություն կամ լաբորատոր հետազոտություն հավաստող կամ կանխարգելիչ այլ միջոցառումներ հավաստող փաստաթղթերի ուսումնասիրություն.
2) լիազոր մարմնի որոշմամբ սահմանված վարակիչ հիվանդությունների տեսակետից անապահով երկրներ կամ վարակի օջախ հանդիսացող վայրեր ուղեւորությունների պատմության ուսումնասիրություն.
3) բժշկական զննության իրականացում.
4) ախտահանում, միջատազերծում, կրծողազերծում.
5) վարակիչ հիվանդությունների` լիազոր մարմնի ղեկավարի կողմից սահմանված ախտանիշներին կամ առողջական վիճակին համապատասխանող անձինք (այսուհետ` կասկածելի անձինք), վարակիչ հիվանդություններով հիվանդների հետ շփված անձիք` (այսուհետ` կոնտակտավոր անձինք), ինչպես նաեւ վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կրողների բժշկական զննություն կամ բժշկական օգնություն եւ սպասարկում, այդ թվում` իմունականխարգելման իրականացում կամ հոսպիտալացում.
6) լիազոր մարմնի որոշմամբ սահմանված վարակիչ հիվանդությունների տեսակետից անապահով երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող վարակիչ հիվանդության կասկածով անձանց հայտնաբերելիս բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպության, պետական սահմանի անցման կետերում պետական վերահսկողություն իրականացնող մարմինների, դեպքն արձանագրող այլ անձանց կամ մարմինների կողմից, սանիտարական կանոններին համապատասխան, տեղեկացվում է լիազոր մարմնին` ապահովելով այդ անձանց ժամանակավոր մեկուսացմամբ, անհրաժեշտության դեպքում` հոսպիտալացումը.
7) կասկածելի, ինչպես նաեւ վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կրող անձանց, կոնտակտավորների նկատմամբ բժշկական հսկողության սահմանում.
8) կասկածելի անձանց, ինչպես նաեւ վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կրող անձանց, կոնտակտավորների շփումների ուսումնասիրությանն ուղղված միջոցառումների ձեռնարկում.
9) անհատական պաշտպանության միջոցների պարտադիր օգտագործում:
2. Սույն հոդվածով նախատեսված անհատական պաշտպանության միջոցների ցանկը, դրանց կիրառման կարգն ու պայմանները, ինչպես նաեւ սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները սահմանվում են առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի կողմից` ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված միջոցառումների ենթակա անձը տեղեկացվում է այն ախտանիշների մասին, որոնց առկայության հիմքով կատարվում է համապատասխան միջոցառումը, իսկ հոսպիտալացման դեպքում նաեւ այն վայրի մասին, որտեղ կատարվելու է հոսպիտալացումը: Անձի պահանջով հոսպիտալացում իրականացնողը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել նրա ընտրած անձին:
4. Անձի` սույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված միջոցառումներից հրաժարվելու դեպքում դրանք իրականացվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
5. Սույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված դեպքերում ժամանակավոր մեկուսացման նկատմամբ ենթակա են կիրառման սույն օրենքի 20.8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված երաշխիքները:
6. Վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների առաջացման եւ տարածման, կանխման ու վերացման նպատակով զինված ուժերի, ոստիկանության զորքերի եւ սահմանապահ զորքերի զորամասերում սահմանափակող միջոցառումներ կարող են իրականացվել պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի ղեկավարի, Ոստիկանության պետի կամ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի որոշումներով:
Հոդված 20.2. Կարանտին սահմանելը
1. Վարակիչ հիվանդությունների` Հայաստանի Հանրապետության տարածք ներբերման (ներթափանցման), դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների առաջացման, ինչպես նաեւ դրանց հետեւանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին:
2. Կարանտինը վարակիչ հիվանդությունների բռնկումները, համաճարակները տեղայնացնող, վերացնող, վարակի օջախները մեկուսացնող եւ վարակի հետագա տարածումը, վարակիչ հիվանդությունների ներբերումը (ներթափանցումը) կանխող ռեժիմ է, որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա առանձին տարածքներում (հասցեներում):
3. Կարանտին սահմանելու մասին որոշումը լիազոր մարմնի առաջարկությամբ կայացնում է`
1) Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ պետական սահմանի անցման կետում կամ համաճարակի (կարանտինային) գոտին երկու կամ ավելի մարզ (ներառյալ` մեկ կամ ավելի մարզեր եւ Երեւան քաղաքը) ներառելու դեպքում, այդ թվում` արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող կարանտինի դեպքերում.
2) մարզպետը` Հայաստանի Հանրապետության համապատասխան վարչատարածքային միավորում` կամ դրա առանձին տարածքում, այդ թվում տվյալ վարչատարածքային միավորում գտնվող կամ գործունեություն իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության կամ կազմակերպաիրավական ձեւից) գտնվելու կամ գործունեության իրականացման վայրում.
3) Երեւանի քաղաքապետը` Երեւան քաղաքում կամ դրա առանձին տարածքում, այդ թվում Երեւան քաղաքում գտնվող կամ գործունեություն իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության կամ կազմակերպաիրավական ձեւից) գտնվելու կամ գործունեության իրականացման վայրում.
4. Կարանտին սահմանելու մասին որոշման մեջ, ի թիվս այլնի, նշվում են`
1) կարանտին սահմանելու հիմքերը,
2) կարանտինային գոտու (համաճարակի գոտու)` վարակի օջախի սահմանները,
3) կարանտին սահմանելու ժամկետը,
4) անհատական պաշտպանության միջոցների օգտագործման պահանջը,
5) անհրաժեշտ կանխարգելիչ, հակահամաճարակային եւ սահմանափակող միջոցառումների ցանկը, սահմանափակող միջոցառումների կիրառման կարգը, դրանց կիրառման ժամկետը, կազմակերպումն ու իրականացումն ապահովելու համար պատասխանատու մարմինները:
5. Լիազոր մարմինը, գնահատելով սույն օրենքի 20.1-ին հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված կարգով ստացված տեղեկատվությունը, հիվանդության հարուցիչի ախտածնությունը, տարածման առանձնահատկությունները, տարածքի բնական-աշխարհագրական պայմանները` հիվանդության արմատավորման տեսակետից, կարանտին սահմանելու եւ անհրաժեշտ սահմանափակող միջոցառումներ կիրառելու մասին առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Կառավարություն կամ համապատասխան մարզպետին կամ Երեւանի քաղաքապետին:
6. Կարանտին սահմանելու մասին որոշումը կայացվում է լիազոր մարմնի կողմից համապատասխան առաջարկությունը Հայաստանի Հանրապետության կառավարություն կամ համապատասխան մարզպետին կամ Երեւանի քաղաքապետին ներկայացնելուց հետո 24 ժամվա ընթացքում: Սահմանված ժամկետում որոշում չկայացվելու դեպքում այլ անձանցից առանձին պահվող անձանց ժամանակավոր մեկուսացումը վերացվում է:
Հոդված 20.3. Կարանտին սահմանվելու դեպքում կիրառվող սահմանափակող միջոցառումները
1. Կարանտին սահմանվելու դեպքում, ի թիվս 20.1-ին հոդվածի 2-րդ մասում նշված միջոցառումների, կարող են կիրառվել հետեւյալ սահմանափակող միջոցառումները`
1) համաճարակի (կարանտինային) գոտում մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմի սահմանում.
2) «Պետական սահմանի մասին» օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում.
3) անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումներ.
4) օբսերվացիա.
5) ինքնամեկուսացում.
6) մեկուսացում:
3. Սույն հոդվածով սահմանված միջոցառումները կիրառվում են վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու, դրանց հետեւանքները վերացնելու, անձանց եւ հանրության առողջության պահպանման նպատակներով եւ պետք է համաչափ լինեն այդ նպատակներին: Կարանտին սահմանվելու դեպքում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործողությունները պետք է համարժեք լինեն կարանտին սահմանելու հիմք հանդիսացած հանգամանքներով պայմանավորված իրավիճակին:
4. Սույն հոդվածով սահմանված միջոցառումների կիրառումը չի կարող խոչընդոտել Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, դատարանների, Մարդու իրավունքների պաշտպանի, զինված ուժերի, ոստիկանության զորքերի եւ սահմանապահ զորքերի բնականոն գործունեությունը:
5. Արտակարգ իրավիճակ առաջացնող համաճարակով պայմանավորված կարանտին սահմանվելու դեպքում բնակչության պաշտպանությունը, կիրառվող այլ միջոցառումների ցանկը, այդ միջոցառումների կազմակերպման եւ իրականացման կարգն ու առանձնահատկությունները սահմանվում են «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքով:
Հոդված 20.4. Համաճարակի գոտում մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմ սահմանելը
1. Կարանտին սահմանելու մասին որոշմամբ մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմ սահմանված լինելու դեպքում հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու համար կարող են տեղադրվել հատուկ անցակետեր եւ բժշկական զննության իրականացման կետեր:
2. Անցակետերում եւ բժշկական զննման կետերում անվտանգության եւ ռեժիմի պահպանությունն ապահովում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված անվտանգության եւ ռեժիմի պահպանությանը կարող են ներգրավվել նաեւ լիազոր մարմնի ներկայացուցիչները, Տեսչական մարմինը, տեղական ինքնակառավարման մարմինները, Ազգային անվտանգության ծառայությունը եւ արտակարգ իրավիճակների բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը:
Հոդված 20.5. Անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումներ
1. Կարանտին սահմանելու մասին որոշմամբ կարող են կիրառվել անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժման հետեւյալ սահմանափակումները.
1) տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում որոշակի տարածքի սահմաններում.
2) անհատական պաշտպանության միջոցների առկայություն կամ կիրառություն եւ սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանում.
3) բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս եւ տեղաշարժվելիս անձի մոտ անձը հաստատող փաստաթղթի առկայություն.
4) անձնական օգտագործման մարդատար եւ բեռնատար տրանսպորտային միջոցներում, կանոնավոր եւ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում, մարդատար-տաքսի ավտոմոբիլներում, հանրային տրանսպորտում անհատական պաշտպանության միջոցների առկայություն կամ կիրառություն եւ սանիտարահամաճարակային կանոնների պահպանում, ուղեւորների թվաքանակի սահմանափակում, ինչպես նաեւ սույն կետով սահմանված սահմանափակումների կիրառման նկատմամբ վերահսկողության նպատակով տրանսպորտային միջոցների զննում:
2. Սույն հոդվածով նախատեսված միջոցառումների կիրառման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում եւ սահմանափակումների խախտման համար պատասխանատվության միջոցները կիրառում է Ոստիկանությունը:
Հոդված 20.6. Օբսերվացիան
1. Օբսերվացիան բժշկական զննության, համաճարակաբանական դիտարկման, կանխարգելիչ, սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային միջոցառումների համալիր է, որը կիրառվում է որոշակի ժամանակահատվածով վարակիչ հիվանդություններով հիվանդների հետ անմիջական շփված (կոնտակտավոր)` մեկուսացված, ինքնամեկուսացված, համաճարակային գոտի մուտք գործող եւ դուրս եկող, վարակիչ հիվանդությունների տեսակետից անապահով երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող հիվանդության կասկածով անձանց նկատմամբ:
2. Օբսերվացիայի շրջանակներում անձի` իր համաձայնությամբ բժշկական հետազոտության ենթարկվելուց հրաժարվելու դեպքում, այն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված դատական կարգով:
3. Եթե օբսերվացիայի արդյունքներով անձի մոտ հաստատվում է վարակիչ հիվանդության առկայությունը, ապա նրա նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում` սույն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով կամ հրահանգվում է ինքնամեկուսանալ` սույն օրենքի 20.7-րդ հոդվածով սահմանված կարգով:
4. Օբսերվացիայի իրականացման կարգի մանրամասները սահմանվում են առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:
Հոդված 20.7. Ինքնամեկուսացումը
1. Ինքնամեկուսացումը կասկածելի, կոնտակտավոր անձանց, ինչպես նաեւ վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կրողների առանձնացումն է իր մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում` որոշակի ժամանակահատվածում այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու եւ վարակի տարածումը կանխելու նպատակով:
2. Ինքնամեկուսացման ենթակա յուրաքանչյուր անձ իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է ինքնամեկուսացման պատճառների, բժշկական խորհրդատվության մատչելիության իրավունքի եւ իր պարտականությունների մասին:
3. Անձի նկատմամբ ինքնամեկուսացումը կիրառվում է` սույն օրենքով նախատեսված դեպքերում Կառավարության որոշմամբ սահմանված կարգով: Ինքնամեկուսացման հրահանգը տրվում է առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կամ Տեսչական մարմնի անունից` համապատասխան մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի բանավոր կարգադրությամբ, իսկ հասցեատիրոջ բանավոր կամ գրավոր պահանջով ենթակա է գրավոր ձեւակերպման ոչ ուշ, քան պահանջն ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
4. Պաշտպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի, ոստիկանության զորքերի, սահմանապահ զորքերի զինծառայողներին (աշխատակիցներին) ինքնամեկուսացման հրահանգը կարող է տրվել համապատասխանաբար պաշտպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի, Ոստիկանության կամ Ազգային անվտանգության ծառայության անունից` նրանց ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձանց բանավոր կարգադրությամբ, իսկ հասցեատիրոջ բանավոր կամ գրավոր պահանջով ենթակա է գրավոր ձեւակերպման ոչ ուշ, քան պահանջն ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ինքնամեկուսացման հրահանգը կարող է կարանտին սահմանելու որոշմամբ սահմանված դեպքերում կիրառվել նաեւ Հայաստանի Հանրապետություն մուտքի դեպքում:
6. Ոստիկանությունը վերահսկողություն է իրականացնում ինքնամեկուսացված անձանց տրված հրահանգի պահանջների կատարման նկատմամբ` բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի: Ոստիկանությունը, սույն մասով սահմանված գործառույթներն իրականացնելիս անհրաժեշտության դեպքում կարող է դիմել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին: Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում վերահսկողությունն իրականացվում է պաշտպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի, Ոստիկանության կամ Ազգային անվտանգության ծառայության կողմից:
Հոդված 20.8. Մեկուսացումը
1. Մեկուսացումը կասկածելի, կոնտակտավոր անձանց, ինչպես նաեւ վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կրողների առանձնացումն է լիազոր մարմնի որոշմամբ նախատեսված վայրում` որոշակի ժամանակահատվածով այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու եւ վարակի տարածումը կանխելու նպատակով:
2. Մեկուսացման ենթակա յուրաքանչյուր անձ իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է մեկուսացման պատճառների, բժշկական խորհրդատվության մատչելիության իրավունքի եւ իր պարտականությունների մասին: Մեկուսացման ենթարկված անձի պահանջով մեկուսացում կիրառող մարմինը պարտավոր է անձի մեկուսացման մասին անհապաղ տեղեկացնել նրա ընտրած անձին:
3. Մեկուսացման հրահանգը տրվում է առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կամ Տեսչական մարմնի անունից` համապատասխան մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի գրավոր հրահանգով:
4. Պաշտպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի, ոստիկանության զորքերի, սահմանապահ զորքերի զինծառայողներին (աշխատակիցներին) մեկուսացման հրահանգը կարող է տրվել համապատասխանաբար պաշտպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի, Ոստիկանության կամ Ազգային անվտանգության ծառայության անունից` նրանց ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձանց գրավոր հրահանգով:
5. Ոստիկանությունը վերահսկողություն է իրականացնում մեկուսացված անձանց տրված հրահանգի պահանջների կատարման նկատմամբ` բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի: Ոստիկանությունը, սույն մասով սահմանված գործառույթներն իրականացնելիս անհրաժեշտության դեպքում կարող է դիմել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին: Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում վերահսկողությունն իրականացվում է պաշտպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի, Ոստիկանության կամ Ազգային անվտանգության ծառայության կողմից:
6. Անձի նկատմամբ մեկուսացումը կիրառվում է այն դեպքում, երբ անձին հրահանգվել է ինքնամեկուսանալ, սակայն անձը հրաժարվել է կամ երբ անձը խախտել է ինքնամեկուսացման հրահանգով նախատեսված կանոնները, ինչպես նաեւ սանիտարահամաճարակային անվտանգության նորմերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:
7. Մեկուսացման դեպքում անձը արտակարգ իրավիճակների բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցչի հսկողությամբ եւ առողջապահության բնագավաում պետական կառավարման լիազոր մարմնի կամ Տեսչական մարմնի ներկայացուցչի ուղեկցությամբ տեղափոխվում է առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի կողմից սահմանված մեկուսացման վայր` բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի:
8. Մեկուսացման վայրում անձի համար ապահովվում են սննդի, կեցության համար բավարար պայմաններ, բժշկական խորհրդատվություն: Անհրաժեշտության դեպքում` մեկուսացված անձի համար ապահովվում է բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու հնարավորությունը:
9. Պաշտպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի, ոստիկանության զորքերի, սահմանապահ զորքերի զինծառայողների (աշխատակիցների) մեկուսացման դեպքում անձը պաշտպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի, Ոստիկանության կամ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների հսկողությամբ եւ ուղեկցությամբ տեղափոխվում է համապատասխանաբար պաշտպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի, Ոստիկանության պետի կամ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի կողմից սահմանված մեկուսացման վայրեր:
Հոդված 20.9. Սահմանափակող միջոցառումների կիրառումն ապահովելու նպատակով անձանց տվյալների փոխանցումը
1. Սահմանափակող միջոցառումների կիրառման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով սահմանափակման ենթակա անձանց վերաբերյալ տվյալները էլեկտրոնային առողջպահության համակարգի միասնական օպերատորի կողմից փոխանցվում են Տեսչական մարմնին եւ Ոստիկանությանը:
Հոդված 20.10. Կարանտինի գործողության ժամկետը, երկարաձգումը եւ կարանտինի դադարումը
1. Կարանտինը սահմանվում է մինչեւ վեց ամիս ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում կարանտին սահմանելու հիմքերը չվերանալու դեպքում այն կարող է երկարաձգվել մինչեւ 6 ամիս ժամկետով` պահպանելով կարանտին սահմանելու սույն օրենքով սահմանված կարգը:
3. Կարանտին սահմանելու մասին որոշման գործողության ժամկետը երկարաձգելու դեպքում կարանտին սահմանելու հիմքերը չվերանալու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է կրկին երկարաձգել կարանտին սահմանելու մասին որոշման գործողության ժամկետը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:
4. Կարանտինը դադարում է կարանտին սահմանելու մասին որոշման ժամկետը լրանալով կամ մինչեւ նշված ժամկետի լրանալը կարանտին սահմանելու հիմքերի վերացմամբ պայմանավորված կարանտին սահմանելու մասին որոշումը ուժը կորցրած ճանաչելու միջոցով:
Հոդված 20.11. Հիվանդությունների միջազգային տարածման կանխարգելում
1. Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովվում են Միջազգային Առողջապահական (բժշկա-սանիտարական) Կանոնների (այսուհետ` Կանոններ) պահանջները` ուղղված հիվանդությունների առաջացման եւ միջազգային տարածման կանխարգելմանը, որի համակարգումն իրականացվում է լիազոր մարմնի կողմից` որպես Կանոնների հարցերով ազգային համակարգող մարմին:
Հոդված 20.12. Կարանտին սահմանվելու դեպքում բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպումը
1. Կարանտին սահմանվելու դեպքում բժշկական օգնության եւ սպասարկման լիցենզիա ունեցող կազմակերպությունները (անկախ սեփականության ձեւից) բժշկական օգնությունը եւ սպասարկումը իրականացնում են` հիմք ընդունելով լիազոր մարմնի ղեկավարի հրամանները:»:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո` անմիջապես:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային (COVID-19) հիվանդությամբ պայմանավորված ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով` անհրաժեշտություն է առաջացել մշակել «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը` համապատասխանաբար, «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացնելով նոր հոդվածներ` վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների կանխարգելման բնագավառում Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջների, կարանտին սահմանելու, սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանն ուղղված սահմանափակող միջոցառումների, հիվանդությունների միջազգային տարածման կանխարգելման, կարանտին սահմանվելու դեպքում անհատական պաշտպանության միջոցների սահմանման, բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման վերաբերյալ, «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքում կարանտին սահմանելու դրույթը համապատասխանեցվում է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կարգավորումներին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերով` կարանտին սահմանված լինելու դեպքում կիրառվող միջոցառումների ապահովմանն ուղղված պահանջները խախտելու համար սահմանվում են համապատասխան պատասխանատվություններ: Միաժամանակ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացվում է նոր գլուխ, որը վերաբերում է կարանտինի պայմաններում օրենքով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում իրավասու մարմինների կողմից ընդունված վարչական ակտերի, գործողության (անգործության) վիճարկման վերաբերյալ գործերի քննության կարգին:
2. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Նախագծերով սահմանվում են վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների դեպքերի հաշվառման եւ հաղորդման վերաբերյալ, մարդու (հանրության) առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների` վնասակար ազդեցության նվազեցման, դրանց կանխարգելման, բացառման, ինչպես նաեւ վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման եւ տարածման կանխման ու վերացման նպատակով կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումների իրականացման վերաբերյալ, ինչպես նաեւ վարակիչ հիվանդությունների հնարավոր աղբյուր հանդիսացող անձանց` վարակիչ հիվանդություններով հիվանդների, դրանց կասկածով անձանց, վարակիչ հիվանդություններով հիվանդների հետ շփված անձանց, վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կրողների բժշկական զննությունների եւ (կամ) բուժման եւ (կամ) կանխարգելման եւ (կամ) հոսպիտալացման (ներառյալ` ոչ հոժարակամ) վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության տարածքում Միջազգային Առողջապահական (բժշկա-սանիտարական) Կանոնների պահանջներն ապահովվելու վերաբերյալ պահանջներ: Միաժամանակ սահմանվում են վարակիչ հիվանդությունների` Հայաստանի Հանրապետության տարածք ներբերման (ներթափանցման), դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների առաջացման դեպքում կարանտին սահմանելու, կարանտին սահմանվելու դեպքում անհատական պաշտպանության միջոցների սահմանման, բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման, ինչպես նաեւ օբսերվացիա, մեկուսացում, ինքնամեկուսացում եւ այլ սահմանափակող միջոցառումներ կիրառելու վերաբերյալ դրույթներ:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիուտները, անձինք
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության, Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության եւ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունմամբ կսահմանվեն վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների կանխարգելման բնագավառում Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները, վարակիչ հիվանդությունների` Հայաստանի Հանրապետության տարածք ներբերման (ներթափանցման), դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների, համավարակների առաջացման դեպքում կարանտին սահմանելու, սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանն ուղղված սահմանափակող միջոցառումներ սահմանելու, կիրառելու, Հայաստանի Հանրապետության տարածքում Միջազգային Առողջապահական (բժշկա-սանիտարական) Կանոնների պահանջներն ապահովվելու վերաբերյալ իրավակարգավորումներ եւ Հայաստանի Հանրապետությանում վարակիչ հիվանդությունների առկայության բոլոր դեպքերում (բռնկումներ, համաճարակներ եւ այլն) կկիրառվեն օրենքով սահմանված Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումները: Միաժամանակ հարակից օրենքներով կնախատեսվեն պատասխանատվոթյան համապատասխան միջոցներ` կարանտին սահմանելու մասին որոշմամբ սահմանված միջոցառումների կատարման ապահովման պահանջները խախտելու համար:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
27 օգոստոսի 2020 թվականի N 1438 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ | Տ. ԱՎԻՆՅԱՆ |
2020 թ. օգոստոսի 31 Երեւան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
31 օգոստոսի 2020 թվականի N 990 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը`
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ | Տ. ԱՎԻՆՅԱՆ |
2020 թ. օգոստոսի 31 Երեւան |
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 27-ի N 1438-Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:
Հարգանքով` | ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ |