Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-721-02.09.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային խորհրդի մասին» 2018 թվականի մարտի 7-ի ՀՕ-144-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 11-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հանրային խորհրդի գործունեությունն ապահովում է նրա քարտուղարությունը, որը վարչապետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Սահմանադրության 161-րդ հոդվածի համաձայն` Հանրային խորհուրդը Կառավարության խորհրդակցական մարմին է, որի կազմավորման եւ գործունեության կարգը սահմանվում է օրենքով: «Հանրային խորհրդի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հանրային խորհրդի գործունեությունն ապահովում է նրա քարտուղարությունը (այսուհետ` Քարտուղարություն), որը վարչապետի աշխատակազմի գրասենյակ է:

Սակայն, 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի համատեքստի եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 161-րդ հոդվածի ուսումնասիրության, ինչպես նաեւ Քարտուղարության գործառույթների համադրման արդյունքում հանգում ենք այն եզրակացության, որ Քարտուղարությունը գրասենյակի կարգավիճակ չունի, չի իրականացնում Օրենքի 8-րդ հոդվածով սահմանված գործառույթները: Միաժամանակ, հարկ է նշել, որ Քարտուղարությունը կողմից իրականացվող գործառույթները առավելապես համապատասխանում են «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածով սահմանված աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանմանն առնչվող գործառույթներին եւ իրավասություններին: Մասնավորապես, իրականացնել տվյալ պետական մարմնի նպատակներից, խնդիրներից, իրավասությունը սահմանող իրավական ակտերից բխող, ինչպես նաեւ քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակցությունն ապահովող գործառույթներ:

Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվող փոփոխությունով նախատեսվում է փոփոխություն իրականացնել «Հանրային խորհրդի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված քարտուղարության կարգավիճակում, մասնավորապես սահմանել, որ քարտուղարությունը այսուհետ վարչապետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է եւ պետք է ապահովի «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի դրույթներով սահմանված աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանմանը վերաբերող դրույթների իրականացումը:

Ակնկալվող արդյունք

Նախագծի ընդունման արդյունքում Քարտուղարությունը կստանձնի վարչապետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակից բխող լիազորություններ, ինչպես նաեւ կհամապատասխանեցվեն իրականացվելիք գործառույթները Սահմանադրությամբ եւ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքով ամրագրված դրույթներին:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ
ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հանրային խորհրդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

27 օգոստոսի 2020 թվականի N 1405 - Ա

«ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. օգոստոսի 28
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒ Մ

1 սեպտեմբերի 2020 թվականի N 997 - Ա


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը`

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ Տ. ԱՎԻՆՅԱՆ

2020 թ. սեպտեմբերի 1
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 27-ի N 1405-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը:

Հարգանքով` ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ