Հոդված 1. «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 05-ի ՀՕ-240-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածի`
1) 3-րդ մասում «այդ թվում` համայնքների վարչական» բառերը փոխարինել «բացառությամբ բնակավայրերի» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ու ժամկետներում» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածի 3.1-րդ մասով նախատեսված դեպքի)» բառերով.
2) հոդվածը լրացնել նոր 3.1, 3.2 եւ 3.3 մասերով` հետեւյալ բովանդակությամբ.
«3.1. Սույն հոդվածի 3-րդ մասի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին (բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում), ինչպես նաեւ այդ ճանապարհների օտարման շերտերում եւ պաշտպանական գոտիներում գովազդային վահանակների տեղադրման այն դեպքերի վրա, որոնցում տեղադրված է «Գովազդի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1.2-րդ կետով սահմանված կարգով ճանաչված սոցիալական գովազդ, գովազդակիր ընկերության արտաքին գովազդային գործունեությանը վերաբերվող սեփական գովազդ, կամ դատարկ վահանակների համար: Վերջինների համար վճարվում է ճանապարհային հարկ` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ու ժամկետներում:
3.2. Հաշվետու եռամսյակի ընթացքում սույն հոդվածի 3.1-րդ մասով սահմանված սոցիալական գովազդը գովազդի այլ տեսակներով փոխարինվելու դեպքում` գովազդի տեղադրման թույլտվության տրամադրումը եւ բովանդակության նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական մարմինը (մարմինները):»:
3.3. Պետական ավտոմոբիլային ճանապարհների` բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների ցանկը հաստատում է ՀՀ կառավարությունը:
3) 6-րդ մասի «տեղադրման» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
Հոդված 3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված եւ գործող արտաքին գովազդ տեղադրելու թույլտվությունները շարունակում են գործել սկզբնական թույլտվությամբ սահմանված ժամկետում եւ ենթակա են վերաձեւակերպման համայնքների ղեկավարների կողմից` արտաքին գովազդ տեղադրողների (գովազդակիրների) կողմից արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության վերաձեւակերպման դիմումը ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում: Արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության վերաձեւակերպման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը: Արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության վերաձեւակերպման համար տեղական տուրք կամ վճար չի գանձվում: