Armenian ARMSCII Armenian
Կ-7281-11.09.2020-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-240-Ն օրենքի 14-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի «այդ թվում՝ համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում» բառերը փոխարինել «բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների» բառերով, իսկ նույն մասը «ժամկետներում» բառից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դեպքի)» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1- 3.3-րդ մասերով.

«3.1. Սույն հոդվածի 3-րդ մասի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին (բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների), ինչպես նաեւ այդ ճանապարհների օտարման շերտերում եւ պաշտպանական գոտիներում գովազդային վահանակների տեղադրման այն դեպքերի վրա, երբ տեղադրված են «Գովազդի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1.2-րդ կետով սահմանված կարգով ճանաչված սոցիալական գովազդ, գովազդակիր ընկերության արտաքին գովազդային գործունեությանը վերաբերող սեփական գովազդ կամ դատարկ վահանակ: Սոցիալական գովազդի, սեփական գովազդի, դատարկ վահանակի  համար վճարվում է ճանապարհային հարկ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ու ժամկետներում:

3.2. Հաշվետու եռամսյակի ընթացքում սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված սոցիալական գովազդը գովազդի այլ տեսակներով փոխարինվելու դեպքում գովազդի տեղադրման թույլտվության տրամադրումը եւ բովանդակության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է (են) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը (մարմինները):

3.3. Պետական ավտոմոբիլային ճանապարհների՝ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».

3) 6-րդ մասը «տեղադրման» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

Հոդված 3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված եւ գործող արտաքին գովազդ տեղադրելու թույլտվությունները շարունակում են գործել սկզբնական թույլտվությամբ սահմանված ժամկետում եւ ենթակա են վերաձեւակերպման համայնքների ղեկավարների կողմից արտաքին գովազդ տեղադրողների (գովազդակիրների) կողմից արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության վերաձեւակերպման դիմումն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում: Արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության վերաձեւակերպման կարգը սահմանում է Կառավարությունը: Արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության վերաձեւակերպման համար տեղական տուրք կամ վճար չի գանձվում: