Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7042-05.08.2020,11.09.2020-ՏՏԳԲ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մթնոլորտային օդի պահպանության մասին» 1994 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-121 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 14. Աղտոտման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների կարգավորումը

1. Աղտոտման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվները սահմանվում են լիազորված մարմնի կողմից տրամադրվող համապատասխան փաստաթղթով (այսուհետ՝ արտանետման թույլտվություն): Արտանետման թույլտվությունը տրամադրվում կամ դրա տրամադրումը մերժվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ աղտոտման անշարժ աղբյուրներ ունեցող կազմակերպությունների կողմից դիմելու օրվանից 30 օրվա ընթացքում: Սույն կետով սահմանված ժամկետում լիազորված մարմնի կողմից պատասխան չտրվելու դեպքում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների փաստաթուղթը համարվում է տրամադրված:»:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում «պարտավոր են» բառերից հետո լրացնել «ստանալ մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետման թույլտվություն,» բառերով:

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 16. Մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների սահմանափակումը, կասեցումը կամ արգելումը

1. Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր մարմիններն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են սահմանափակել կամ արգելել մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումը, ընդհուպ մինչեւ առանձին հիմնարկների, ձեռնարկությունների, արտադրամասերի եւ կազմակերպությունների գործունեության դադարեցումը, իսկ մթնոլորտային օդի պահպանության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը՝ կասեցնել առանձին հիմնարկների, ձեռնարկությունների, արտադրամասերի եւ կազմակերպությունների գործունեությունը, եթե գործունեությունը ծավալվում է առանց սույն օրենքով սահմանված կարգով թույլտվություն ստանալու, ինչպես նաեւ սպառնալիք է առաջացել բնակչության առողջության համար:»:

Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածը «վերահսկողություն իրականացնող» բառերից հետո լրացնել «տեսչական» բառով:

Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասում «հսկողության եւ վերահսկողության ծառայությունները» բառերը փոխարինել «հսկողության ծառայությունները եւ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով:

Հոդված 6. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 24. Մաքրման կառույցների, սարքավորումների եւ ապարատների նախագծման, կառուցման եւ շահագործման նկատմամբ վերահսկողության իրականացումը

1. Մթնոլորտային օդ կատարվող արտանետումներն աղտոտող նյութերից մաքրող եւ մթնոլորտային օդի վրա ֆիզիկական վնասակար ներգործությունները նվազեցնող կառույցների, սարքավորումների եւ ապարատների նախագծման, կառուցման եւ շահագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է մթնոլորտային օդի պահպանության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:»:

Հոդված 7. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասում «պետական վերահսկողություն իրականացնող մարմինների» բառերը փոխարինել «վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով:

Հոդված 8. Օրենքի 37-րդ հոդվածի՝

1. վերնագրում «հսկողության եւ վերահսկողության ծառայությունները» բառերը փոխարինել «հսկողության ծառայությունը եւ մթնոլորտային օդի պահպանության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով:

2. 1-ին մասում «հսկողության եւ վերահսկողության համապատասխան ծառայությունների» բառերը փոխարինել «հսկողության ծառայության եւ մթնոլորտային օդի պահպանության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով, իսկ 2-րդ մասում «հսկողության եւ վերահսկողության ծառայությունների» բառերը փոխարինել «հսկողության ծառայության եւ մթնոլորտային օդի պահպանության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով:

Հոդված 9. Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասում «իրականացնում են մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր մարմինները» բառերը փոխարինել «իրականացնում է մթնոլորտային օդի պահպանության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով:

Հոդված 10. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ պարբերությունում «պետական վերահսկողություն իրականացնող մարմինների» բառերը փոխարինել «վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: