Հոդված 1. «Բնապահպանական վերահսկողության մասին» 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-82-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի
1. 1-ին պարբերությունում «ստուգում» բառը փոխարինել «գործառույթ» բառով.
2. 2-րդ եւ 3-րդ պարբերություններում «ստուգման» բառը փոխարինել «, վերահսկողություն իրականացնելու» բառերով.
3. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«դիտարկում ` բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից բնապահպանական օրենսդրության պահանջների խախտումների կանխարգելման, բացահայտման եւ նախազգուշացման նպատակով իրականացվող գործողությունների ամբողջություն.
դիտարկվող սուբյեկտ ` ֆիզիկական ու իրավաբանական անձինք (ներառյալ` օտարերկրյա), անհատ ձեռնարկատերեր, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնց գործառույթների ու գործողությունների կատարման համար բնապահպանական օրենսդրությամբ ամրագրված են շրջակա միջավայրի պահպանության եւ բնական ռեսուրսների բանական օգտագործման համար կատարման ենթակա նորմեր, եւ որոնց նկատմամբ բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից սույն օրենքով սահմանված կարգով իրականացվում է դիտարկում.
գործունեության կասեցում ` գործընթաց, որի միջոցով սույն օրենքով սահմանված դեպքերում անհապաղ ժամանակավորապես դադարեցվում է ստուգվող սուբյեկտի գործունեությունը` մարդու իրավունքների եւ առողջության, պետության շահերի, ինչպես նաեւ շրջակա միջավայրի պահպանման նպատակով:»:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի
1. 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ա.1» եւ «ժգ.1» կետերով.
«ա.1) բնապահպանական օրենսդրության պահանջների խախտման կանխարգելման, բացահայտման եւ նախազգուշացման նպատակով իրականացնելու դիտարկումներ.
ժգ.1) սույն օրենքի 29.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման ղեկավարի որոշման հիման վրա անհապաղ կասեցնելու ստուգվող սուբյեկտի գործունեությունը.».
2. 1-ին մասի «բ», «ե» եւ «ը» կետերում «ստուգվող» բառից հետո լրացնել «կամ դիտարկվող» բառերով.
3. 1-ին մասի «գ» եւ «թ» կետերում «ստուգումների» բառից հետո լրացնել «կամ դիտարկումների» բառերով:
Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում «Ստուգվող սուբյեկտում» բառերը փոխարինել «Ստուգվող եւ դիտարկվող սուբյեկտներում» բառերով:
Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում «ստուգումների» բառից հետո լրացնել «, դիտարկումների» բառով:
Հոդված 5. Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասում «ուսումնասիրությունների» բառից հետո լրացնել «դիտարկումների, » բառով:
Հոդված 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 26.1-րդ հոդվածով.
«Հոդված 26.1. Դիտարկումների միջոցով վերահսկողության իրականացման կարգը
1. Դիտարկումն իրականացվում է բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա, որտեղ նշվում են դիտարկում իրականացնող մարմնի անվանումը, դիտարկում իրականացնող անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, դիտարկման նպատակը, ուղղությունը, ժամանակահատվածը եւ դիտարկվող հարցերի շրջանակը: Դիտարկում իրականացնելու վերաբերյալ հրամանը տրվում է բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման ղեկավարի հիմնավորված զեկուցագրի հիման վրա:
2. Դիտարկումն իրականացվում է առանց նախնական ծանուցման: Դիտարկման իրականացման հրամանը նախքան դիտարկումը սկսելը ծանոթացման նպատակով ներկայացվում է դիտարկվող սուբյեկտին:
3. Դիտարկման ընթացքում իրականացվում են`
1) բնապահպանական օրենսդրության պահանջների խախտում հայտնաբերելու դեպքում պատշաճ ձեւով համապատասխան դիտարկվող սուբյեկտին բնապահպանական օրենսդրության պահանջի խախտման մասին նախազգուշացնում.
2) ելնելով իրավախախտման բնույթից` սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված ընթացակարգով դիտարկվող սուբյեկտի գործողությունների կասեցում, եթե այդ գործողությունները անմիջական վնաս են հասցնում մարդու իրավունքներին եւ առողջությանը, պետության շահերին, ինչպես նաեւ շրջակա միջավայրին.
3) ապօրինի ձեռք բերված բնական ռեսուրսների եւ բնապահպանական օրենսդրության պահանջների խախտմամբ ձեռք բերված որսի, որսագործիքների, որսի գործիք համարվող այլ միջոցների առգրավում, որոնք տնօրինվում են սույն օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով.
4) փորձաքննության համար փորձանմուշներ վերցնելը:
4. Յուրաքանչյուր դիտարկվող սուբյեկտի մոտ մեկ դիտարկման ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան 2 անընդմեջ աշխատանքային օր: Դիտարկման ընթացքում վերցված նմուշների փորձաքննության անցկացման դեպքում դիտարկման տեւողությունը կասեցվում է այդ փորձաքննության ժամկետով:
5. Դիտարկման արդյունքում կազմվում է արձանագրություն, որում նշվում են դիտարկում իրականացնող մարմնի անվանումը, դիտարկում իրականացնող անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, դիտարկվող սուբյեկտի անունը (անվանումը), խախտումներ հայտնաբերելու դեպքում նաեւ բացահայտված խախտումները, խախտումների նկարագրությունը, խախտման ժամկետը (եթե հնարավոր է որոշել) եւ այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել:
6. Դիտարկման ընթացքում սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված խախտումները հայտնաբերելու դեպքում բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը կամ նրա հանձնարարությամբ տարածքային բնապահպանական պետական տեսուչը պատշաճ ձեւով նախազգուշացնում է համապատասխան դիտարկվող սուբյեկտին բնապահպանական օրենսդրության պահանջի խախտման մասին` նշելով խախտման հետեւանքները վերացնելու միջոցառումները, ներառյալ` դրանց կատարման ժամկետը:
7. Դիտարկվող սուբյեկտը նախազգուշացման հետ կապված միջոցառումների կատարման մասին պարտավոր է նախազգուշացման կատարման համար սահմանված ժամկետի ավարտից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձեւով տեղեկացնել սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված պաշտոնատար անձանց:
8. Նախազգուշացումից հետո սահմանված ժամկետում դիտարկվող սուբյեկտի կողմից խախտման հետեւանքները չվերացնելը կամ դրա վերաբերյալ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով չտեղեկացնելը հիմք են տվյալ դիտարկվող սուբյեկտում ստուգում իրականացնելու համար:
9. Բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինն իր պաշտոնական ինտերնետային կայքում պարտադիր տեղադրվում, ինչպես նաեւ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակին տրամադրում է յուրաքանչյուր եռամսյակի ընթացքում կատարված դիտարկումների վերաբերյալ հաշվետվությունը, որում նշվում են դիտարկվող սուբյեկտի անունը (անվանումը), իրավաբանական անձի դեպքում` պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում), յուրաքանչյուր դիտարկվող սուբյեկտի մոտ իրականացված դիտարկման քանակի մասին տեղեկատվությունը, ինչպես նաեւ դիտարկման արդյունքները: Հաշվետվության ձեւը սահմանվում է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի հրամանով:
10. Սույն հոդվածով սահմանված` դիտարկման ընթացքում հայտնաբերված խախտումների եւ անհամապատասխանությունների համար վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվում:
11. Դիտարկումների հետ կապված վարույթի նկատմամբ կիրառվում են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի դրույթները:»:
Հոդված 7. Օրենքի 29-րդ հոդվածում «ստուգվող» բառից հետո լրացնել «կամ դիտարկվող» բառերով:
Հոդված 8. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 29.1-րդ հոդվածով.
«Հոդված 29.1. Ստուգվող սուբյեկտի գործունեության կամ գործողության կասեցումը
1. Բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման ղեկավարը որոշում է կայացնում ստուգվող սուբյեկտի գործունեությունը կասեցնելու վերաբերյալ, եթե ստուգման ընթացքում պարզվում է, որ`
1) ստուգվող սուբյեկտն առանց կենդանական կամ բուսական աշխարհի օբյեկտի օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթի օգտագործում է կենդանական կամ բուսական աշխարհի օբյեկտ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության բույսերի կամ կենդանիների կարմիր գրքում գրանցված տեսակ.
2) ստուգվող սուբյեկտն առանց լիցենզիայի գործածում է առաջին, երկրորդ կամ երրորդ դասի վտանգավորության աստիճան ունեցող վտանգավոր թափոններ.
3) ստուգվող սուբյեկտն իրականացնում է ջրօգտագործում` առանց օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով ջրօգտագործման թույլտվության ստացման.
4) ստուգվող սուբյեկտն իրականացնում է ընդերքօգտագործում` առանց օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման.
5) առկա է շրջակա միջավայրի կամ ընդերքօգտագործման ոլորտի լիազոր մարմինների կողմից ստուգվող սուբյեկտի իրավունքը կասեցնող կամ դադարեցնող ուժի մեջ մտած վարչական ակտ, սակայն ստուգվող սուբյեկտի կողմից փաստացի իրականացվում է գործունեություն.
6) ստուգվող սուբյեկտն իրականացնում է գործունեություն առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության, եթե օրենքով նախատեսված է, որ նախատեսվող գործունեությունը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության.
7) ստուգվող սուբյեկտի կողմից իրականացվում է ջրօգտագործում էկոլոգիական թողքի հաշվին.
8) ստուգվող սուբյեկտի կողմից իրականացվում է ջրօգտագործում ռազմավարական ջրային պաշարի կամ ազգային ջրային պաշարի հաշվին` օրենքի խախտմամբ.
9) ստուգվող սուբյեկտն իրականացնում է անշարժ աղբյուրից աղտոտող նյութերի արտանետում` առանց օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվությունների.
10) ստուգվող սուբյեկտն առանց որսի իրավունքը հավաստող փաստաթղթերի իրականացնում է սիրողական կամ արդյունագործական որս.
11) ստուգվող սուբյեկտը գործածում է Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութեր կամ թունաքիմիկատներ:
2. Բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման ղեկավարը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում գործունեությունը կասեցնելու մասին որոշումը հանձնում կամ ուղարկում է ստուգվող սուբյեկտին անմիջապես:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործունեության կասեցման մասին որոշման կատարումն իրականացվում է սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված ընթացակարգով:
4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործունեության կասեցման մասին որոշումը, ինչպես նաեւ 6-րդ մասով նախատեսված գործողության կասեցման մասին որոշումը ենթակա են անհապաղ կատարման:
5. Կասեցումը դադարում է բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարի համապատասխան որոշմամբ, եթե ստուգվող սուբյեկտի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտումները վերացվել են: Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կասեցումը դադարեցնելու մասին որոշումը կայացվում է խախտումները վերացնելու փաստը հաստատվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:
6. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում շրջակա միջավայրին հասցվող վնասը հնարավոր է կանխել բացառապես գործողությունների կասեցման միջոցով, կամ դրանք հնարավոր է վերացնել հայտնաբերման պահին, ապա ստուգման արդյունքում գործունեության կասեցման մասին որոշում չի կայացվում:
7. Ստուգվող սուբյեկտների գործողությունները կասեցվում են նաեւ բնապահպանական օրենսդրության այն խախտումների դեպքում, երբ դրանք անմիջական վնաս են հասցնում մարդու իրավունքներին եւ առողջությանը, պետության շահերին, ինչպես նաեւ շրջակա միջավայրին:»:
Հոդված 9 . Օրենքի 6-րդ գլխի վերնագրում «ՍՏՈՒԳՎՈՂ» բառից հետո լրացնել «ԵՎ ԴԻՏԱՐԿՎՈՂ» բառերով:
Հոդված 10. Օրենքի 32-րդ հոդվածի`
1. վերնագրում եւ տեքստում «ստուգվող» բառից հետո լրացնել «եւ դիտարկվող» բառերով.
2. 1-ին մասի «ա» կետում «ստուգումը եւ(կամ) ստուգում» բառերը փոխարինել «ստուգումը կամ դիտարկումը կամ ստուգում կամ դիտարկում» բառերով.
3. 1-ին մասի «ա», «բ», «գ», «դ», «ե» եւ «զ» կետերում «ստուգում» բառը` համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «ստուգում կամ դիտարկում» բառերով` համապատասխան հոլովաձեւերով:
Հոդված 11. Օրենքի 33-րդ հոդվածի`
1. վերնագրում եւ տեքստում «ստուգվող» բառից հետո լրացնել «կամ դիտարվող» բառերով.
2. 1-ին մասի «գ», «դ», «ե», «զ», եւ «է» կետերում «ստուգում» բառը` համապատասխան հոլովաձեւերով, փոխարինել «ստուգում կամ դիտարկում» բառերով` համապատասխան հոլովաձեւերով.
3. 1-ին մասի «ե» կետում «ստուգող» բառից հետո լրացնել «կամ դիտարկվող» բառերով:
Հոդված 12. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 29.1-ին հոդվածը արդեն իսկ գործունեություն իրականացնող սուբյեկտների համար ուժի մեջ է մտնում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց մեկ տարի հետո:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ