Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 25-րդ հոդվածում`
1) 2-րդ մասում` լրացնել հետեւյալ բովանդակությամբ նախադասություն.
«Հայտարարագրերի վերլուծության ընթացքում գույքի փաստացի տիրապետումը ստուգելու նպատակով Հանձնաժողովն իրավասու է դիմել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին եւ ստանալ անհրաժեշտ տեղեկություններ:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.
«5.1. Հանձնաժողովն իրավասու է հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունների դադարեցումից հետո 2 տարվա ընթացքում անձի գույքի էական փոփոխության (գույքի ավելացում, պարտավորությունների նվազում կամ ծախս) կասկածի դեպքում վերջինից պահանջել ներկայացնել գույքի եւ եկամուտների իրավիճակային հայտարարագիր:».
3) 7-րդ մասում` «գույքի փոփոխությունը (գույքի ավելացումը, պարտավորությունների նվազումը» բառերից հետո լրացնել «կամ ծախսը» բառերը.
4) 8-րդ մասում`
ա. հանել «սույն օրենքի իմաստով» բառերը.
բ. «2.000.000» թիվը փոխարինել «1.000.000» թվով.
5) 9-րդ մասից հանել «` ընդունելով վարույթը կասեցնելու մասին որոշում: Որոշումն ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում, որոշման պատճենն ուղարկվում է հայտարարատուին, իսկ եթե վարույթը հարուցվել է դիմումի հիման վրա` դիմողին» բառերը:
Հոդված 2. Օրենքի 26.1-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` 5-րդ կետով.
«5) քրեական ենթամշակույթին հարելու վերաբերյալ տեղեկատվություն:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ` 5.1-րդ մասով.
«5.1. Սույն օրենքի իմաստով քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրությունը ներառում է թեկնածուի կամ նրա ընտանիքի անդամի կողմից քրեական ենթամշակույթ կրող անձի հետ (օրինակ` օրենքով գող, քրեական հեղինակություն) ազգակցական կամ ընկերական կապի առկայության, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կամ անձի խնդրանքը կատարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը կամ անձին խնդրանքով կամ որեւէ այլ հարցով դիմելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորումից կամ անձից ցանկացած այլ օգուտ ստացած լինելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կամ անձի հետ անհատական հանդիպման կամ հեռահար հաղորդակցություն ունենալու վերաբերյալ, ինչպես նաեւ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կամ անձի հետ անձնական այլ կապ ունենալու վերաբերյալ տեղեկատվության ուսումնասիրություն:».
3) 7-րդ մասում` լրացնել հետեւյալ բովանդակությամբ նախադասություն.
«Բարեվարքության ուսումնասիրության գործընթացում անձի` քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրության նպատակով Հանձնաժողովն իրավասու է դիմել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին եւ ստանալ տեղեկություններ:».
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին մասով.
«7.1. Բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում լրացված տվյալների եւ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված տվյալների համադրության արդյունքում Հանձնաժողովն իրավասու է թեկնածուից պահանջելու եւ ստանալու պարզաբանումներ:».
5) 9-րդ մասում` լրացնել հետեւյալ բովանդակությամբ նախադասություն.
«Անձի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը հրապարակման ենթակա չէ եւ չի տրամադրվում այլ անձանց, այդ թվում` թեկնածուին:»:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:
2. Ծախսերի հայտարարագրմանն առնչվող դրույթներն ուժի մեջ են մտնում 2021 հունվարի 1-ից:
Հիմնավորում
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ