Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում ներդրողների, պետական կառավարման մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետ փոխգործակցության համար անհրաժեշտ իրավական, կազմակերպական հիմքերը եւ ուղղված է ներդրումային ծրագրերի իրականացման խթանմանը:
Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հասկացությունները.
1) ՀՀ ներդրող` ՀՀ քաղաքացի, իրավաբանական անձ, որը Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության ազգային դրամով, արտարժույթով, արժութային այլ տեսակներով, շարժական ու անշարժ գույքով, բաժնետոմսերով, պարտատոմսերով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ արժեթղթերով, մտավոր սեփականության իրավունքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ներդրումների ցանկացած տեսակով սույն օրենքով նախատեսված պայմանագրի (այսուհետ` նաեւ Պայմանագիր) կողմերի համար ընդունելի ժամանակահատվածում 2 միլիարդ Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող ներդրումային ծրագրի իրականացման հայտ է ներկայացրել:
2) օտարերկրյա ներդրող` օտարերկրյա պետություն, ցանկացած օտարերկրյա իրավաբանական անձ, օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություն, որը Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության ազգային դրամով, արտարժույթով, արժութային այլ տեսակներով, շարժական ու անշարժ գույքով, բաժնետոմսերով, պարտատոմսերով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ արժեթղթերով, մտավոր սեփականության իրավունքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ներդրումների ցանկացած տեսակով Պայմանագրի կողմերի համար ընդունելի ժամանակահատվածում 7 միլիարդ Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող ներդրումային ծրագրի իրականացման հայտ է ներկայացրել:
3) պայմանագիր` մեկ պատուհանի սկզբունքով ներդրումային ծրագրերի պետական աջակցության իրականացման նպատակով կնքվող «ներդրող- պետական կառավարման մարմին -տեղական ինքնակառավարման մարմին» պայմանագիր, որն ուղղված է սույն օրենքով սահմանված չափորոշիչներին բավարարող ներդրումային ծրագրի իրականացման ողջ շղթայի ընթացքում ներդրողի, պետական կառավարման մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պայմանագրով սահմանված իրավունքների եւ պարտականությունների կատարման ապահովմանը (հողի նպատակային նշանակության փոփոխություն, շինարարության թույլտվություն, նախագծային փաստաթղթերի հաստատում, անշարժ գույքի, արժեթղթերի եւ պարտատոմսերի ձեռքբերում, նոր կազմակերպության ստեղծում, գործող կազմակերպության վերակազմակերպում, լիցենզավորում եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ներդրումային ծրագրի իրականացման գործընթացներում անհրաժեշտ այլ գործողություններ):
4) լիազոր մարմին` ներդրումային ծրագրերի իրականացման ոլորտում պետական քաղաքականություն իրականացնող լիազոր մարմին:
5) ներդրումային ծրագիր` ՀՀ Կառավարության կողմից սահմանված պահանջներին բավարարող ՀՀ կամ օտարերկրյա ներդրողի կողմից լիազոր մարմին ներկայացվող ծրագիր:
Հոդված 3. Ներդրումային ծրագրի իրականացման նպատակով կնքվող պայմանագիրը
1. Մեկ պատուհանի սկզբունքով` ներդրումային ծրագրի պետական աջակցության իրականացման նպատակով կնքվող «ներդրող- պետական կառավարման մարմին- տեղական ինքնակառավարման մարմին» (այսուհետ` նաեւ Կողմեր) պայմանագիր: Պայմանագրի կնքման հիմքը սույն օրենքով սահմանված ներդրումային ծրագիրն է:
2. Պայմանագրի օրինակելի ձեւը հաստատում է ՀՀ Կառավարությունը:
Հոդված 4. Ներդրումային ծրագրի իրականացման նպատակով կնքվող պայմանագրի առարկան
Պայմանագրի առարկան Կառավարության կողմից սահմանված չափորոշիչներին բավարարող ներդրումային ծրագրի իրականացման ողջ շղթայի ընթացքում ներդրողի, պետական կառավարման մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներդրումային ծրագրի իրագործմանն ուղղված իրավունքներն ու պարտականություններն են (հողի նպատակային նշանակության փոփոխություն, շինարարության թույլտվություն, նախագծային փաստաթղթերի հաստատում, անշարժ գույքի, արժեթղթերի եւ պարտատոմսերի ձեռքբերում, նոր կազմակերպության ստեղծում, գործող կազմակերպության վերակազմակերպում, լիցենզավորում եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ներդրումային ծրագրի իրականացման գործընթացներում անհրաժեշտ այլ գործողություններ):
Հոդված 5. Ներդրումային ծրագրի իրագործման նպատակով կնքվող պայմանագրի ձեւը, կարգն ու ժամկետները
1. Պայմանագիրը կնքվում է գրավոր, Կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով:
2. Պայմանագիրը կնքվում է ներդրողի կողմից ՀՀ Կառավարության սահմանած` ներդրումային ծրագրին ներակայացվող պահանջներին բավարարող ներդրումային ծրագիրը լիազոր մարմին ներակայացնելուց հետո տասնօրյա ժամկետում: Կառավարության սահմանած` ներդրումային ծրագրին ներակայացվող պահանջներին անհամապատասխանության դեպքում լիազոր մարմինը այդ մասին եռօրյա ժամկետում սահմանված կարգով ծանուցում է ներդրողին, ով պարտավորվում է հնգօրյա ժամկետում վերացնել անհամապատասխանությունները եւ ներկայացնել լիազոր մարմին, հակառակ դեպքում` ներդրումային ծրագիրը համարվում է չներկայացված:
Հոդված 6. Ներդրումային ծրագրի իրագործման նպատակով կնքվող պայմանագրի կատարման ապահովումը, երաշխիքները
Կողմերը պայմանագրի կատարման ապահովման նպատակով կարող են համաձայնություն ձեռք բերել քաղաքացիական օրենսգրքով նախատեսված պարտավորությունների կատարման ապահովման միջոցի եւ (կամ) միջոցների (երաշխիքների) կիրառման վերաբերյալ:
Հոդված 5. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ (ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆԻ) ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ներկայումս բազմաթիվ ներդրումային ծրագրեր չեն իրագործվում պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում այդ ծրագրերի իրականացումն ապահովող տարբեր փաստաթղթերի (հողի նպատակային նշանակության փոփոխության, շինարարության թույլտվության, նախագծային փաստաթղթերի հաստատման, օբյեկտի նշանակության, լիցենզավորման եւ ներդրումային գործընթացներին առընչվող այլ փաստաթղթերի) հաճախ անհարկի եւ անհասկանալի մերժման, ուշացման կամ անարձագանք թողնելու պատրվակով:
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում ներդրումային ծրագրերի իրական պետական աջակցության ապահովման մեկ պատուհանի սկզբունքի կիրառման, ինչպես նաեւ ներդրողների, պետական կառավարման տարբեր մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ պատշաճ իրավապայմանագրային հարաբերությունների ձեւավորման, ինչպես նաեւ կնքված եռակողմ պայմանագրի շրջանակներում կողմերի պատասխանատվության եւ ներդրումային ծրագրերի իրականացումն ապահովող երաշխիքների սահմանմամբ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
14.09.2020թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան,
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Ներդրումային ծրագրերի պետական աջակցության (մեկ պատուհանի) մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` սույն գրությանը կցվում են.
ա) օրենքի նախագիծը, (հիմնական զեկուցող` Միքայել Մելքումյան)
բ) օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,
Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ` ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ