Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-7321-15.09.2020-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 171.6-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:  

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Օրենսդրական նախաձեռնության ներկայացումը պայմանավորված է մրցակցային օրենսդրության կատարելագործման՝ պետական օժանդակության հետ կապված իրավահարաբերությունների հստակեցման, մասնավորապես՝ արգելված պետական օժանդակություն ստանալու դեպքում տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու նպատակահարմարության բացակայության  անհրաժեշտությամբ:

Տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականության շրջանակներում, հավասար մրցակցային դաշտ ապահովելու նպատակով կարեւորվում է արգելված պետական օժանդակության (վարկ, սուբսիդիա, հարկային արտոնություն եւ այլն) տրամադրման դեպքերի նկատմամբ իրականացվող վերահսկողության շարունակական ուժեղացումն ու օրենսդրության խախտման դեպքում կանխարգելիչ պատասխանատվության միջոցների կիրառումը: Միեւնույն ժամանակ, գործող օրենսդրության, մասնավորապես, «Տնտեսական մցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տրամադրված արգելված պետական աջակցության համար (որն ուղղակի կամ անուղղակի կերպով կարող է հանգեցնել շուկայում մրցակցության սահմանափակմանը, կանխմանը, արգելմանը կամ վնաս հասցնել սպառողների շահերին)  պատասխանատվության են ենթարկվում այդ օժանդակությունը ստացած տնտեսավարող սուբյեկտները: Խնդիրը կայանում է նրանում, որ պետական պաշտոնատար անձանց գործողություններով պայմանավորված՝ պատասխանատվության են ենթարկվում այդ աջակցությունը ստացած տնտեսավարող սուբյեկտները, որոնք պետական աջակցության ստացման պահին պարտավորված չէին գնահատել ստացվող աջակցության արդյունքում մրցակցային միջավայրի խաթարման հանգամանքը: Արդյունքում, գործող օրենսդրության պայմաններում, ստեղծվում է մի իրավիճակ, երբ այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել եւ ստացել են պետական օժանդակություն, ինչը հետագայում մրցակցային օրենսդրության կիրառման տեսանկյունից դիտարկվել է մրցակցային միջավայրը խոչընդոտող՝ արգելված պետական աջակցություն, պետք է ենթարկվեն պատասխանատվության՝ այդ աջակցությունը տրամադրող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ուղղակի կամ անուղղակի գործողությունների  պատճառով: Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ մրցակցային միջավայրի գնահատումը բավականաչափ բարդ գործընթաց է, այդ թվում՝ արգելված պետական օժանդակության տրամադրման եւ մրցակցության վրա հնարավոր ազդեցության տեսանկյունից, կարծում ենք արդարացի չէ, որ մրցակցային միջավայրի ոչ բավարար գնահատման, պետական վերահսկողության դեռեւս ոչ բավարար մակարդակի արդյունքում, երբ վարչարարության եւ մրցակցային օրենսդրության կիրառման արդյունքում պարզվում է, որ տրամադրված պետական օժանդակությունը արգելված է եւ կարող է խաթարել մրցակցային միջավայրը, պատասխանատվության ենթարկվեն այդ աջակցությունը ստացող տնտեսավարող սուբյեկտները: Ելնելով վերը շարադրվածից, կարծում ենք, որ պատասխանատվության պետք է ենթարկվեն միայն մրցակցային միջավայրը խաթարող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք, որոնց գործողությունները հանգեցրել են անհավասար մրցակցային պայմանների ձեւավորմանը: Ուստի, տվյալ խնդրի լուծման համար նախագծերի փաթեթով առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

ՀՀ  ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ  ԱՐԱՐԱՏ  ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգելի՛ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»  օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` սույն գրությանը կցվում են.

1. օրենքների նախագծերը,

2. օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը,

3. գործող օրենքների փոփոխվող հոդվածների  վերաբերյալ տեղեկանքները:

Նախագծի հիմնական զեկուցող` ՀՀ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյան:

Խնդրում եմ օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 
 

ՀԱՐԳԱՆՔՈՎ`  ԲԱԲԿԵՆ  ԹՈՒՆՅԱՆ