Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-734-16.09.2020-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Քրեական դատավարության 1998 թվականի հուլիսի 1-ի ՀՕ-248 օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 152-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 152. Կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունների կասեցումը

1. Դատարանը քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում դատախազի կամ դատախազի համաձայնությամբ` քննիչի միջնորդության հիման վրա, իսկ դատարանում քրեական գործը քննելիս` մեղադրանքի կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ, կարող է կասեցնել կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի, այդ թվում` հանրային ծառայության մեջ գտնվող անձի լիազորությունները, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ աշխատանքային լիազորություններն իրականացնելով` նա կխոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվի հանցավոր գործունեությամբ:

2. Կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունները համարվում են կասեցված լիազորությունների կասեցման մասին որոշումն ընդունելու պահից:

3. Մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրվելու դեպքում նրա լիազորությունները համարվում են կասեցված կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի կողմից որոշում ընդունելու պահից: Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի կողմից որոշում ընդունելուց հետո դատարանն այդ մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան որոշման ընդունման հաջորդ օրը, տեղեկացնում է մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի աշխատավայրին` սույն մասի առաջին նախադասության վկայակոչմամբ: Կալանավորումը որպես խափանման միջոց փոխվելու կամ վերացվելու դեպքում դրա վերաբերյալ դատախազն անհապաղ, բայց ոչ ուշ, քան համապատասխան որոշման ընդունման հաջորդ օրը, տեղեկացնում է մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի աշխատավայրին:

4. Լիազորությունների կասեցման մասին որոշումը վերացվում է դատարանի, իսկ քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում` դատախազի կամ դատախազի համաձայնությամբ` քննիչի որոշմամբ, երբ վերանում է դրա անհրաժեշտությունը: Լիազորությունների կասեցման մասին որոշումը վերացվելուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան որոշման ընդունման հաջորդ օրը դատարանի, դատախազի կամ քննիչի կողմից ուղարկվում է կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողին եւ վերջինիս աշխատավայր:»:

Հոդված 2. Օրենսգրքի 280-րդ հոդվածը «կալանքը որպես խափանման միջոց կիրառելը,» բառերից հետո լրացնել «կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունները կասեցնելը,» բառերով:

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 282.1-րդ հոդվածով.

«Հոդված 282.1. Կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունների կասեցման մասին միջնորդությունը

1. Դատարանում վարույթ սկսելու հիմք է ծառայում դատախազի կամ դատախազի համաձայնությամբ` քննիչի պատճառաբանված որոշման մեջ պարունակվող միջնորդությունը` լիազորությունների կասեցում կիրառելու մասին:

2. Որոշման պատճառաբանական մասում պետք է նշվեն տվյալներ, որոնք կհիմնավորեն, որ աշխատանքային լիազորություններն իրականացնելով` աշխատողը կխոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվի հանցավոր գործունեությամբ:

3. Կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունները կասեցնելու մասին միջնորդություն հարուցելու որոշման պատճենը քննիչն ուղարկում է հսկող դատախազին: Նշված որոշումը (պատճենը) դատարան եւ հսկող դատախազին կարող է ուղարկվել էլեկտրոնային եղանակով:»:

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 283.1-րդ հոդվածով.

«Հոդված 283.1. Կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունների կասեցման մասին միջնորդության քննարկման կարգը

1. Կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունները կասեցնելու մասին միջնորդությունը քննվում է դատավորի կողմից` միանձնյա:

2. Դատարանի կողմից սույն հոդվածի 1-ին մասով սահմանված միջնորդությունը քննվում, եւ դրա վերաբերյալ որոշումը կայացվում է գրավոր ընթացակարգով: Միջնորդության քննությունը գրավոր ընթացակարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու:

3. Դատարանը միջնորդությունը քննում է անհապաղ, բայց ոչ ուշ, քան այն ստանալու հաջորդ օրը: Միջնորդության քննությունն ավարտելուց հետո դատարանը որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին` նշելով բավարարման կամ մերժման հիմքերը:

4. Որոշումն ընդունելու օրը դատարանն այն հանձնում է վարույթ իրականացնող մարմին եւ ոչ ուշ, քան որոշումն ընդունելու հաջորդ օրն ուղարկում կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողին եւ վերջինիս աշխատավայր:»:

Հոդված 5. Օրենսգրքի 3761 -րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը «իրավունքի սահմանափակման» բառերից հետո լրացնել «, կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունների կասեցման» բառերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: