Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 152-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 152. Կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունների կասեցումը
1. Քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում դատախազը կամ դատախազի համաձայնությամբ՝ քննիչը, իսկ դատարանում քրեական գործը քննելիս դատարանը՝ մեղադրանքի կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ, կարող են կասեցնել կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի, այդ թվում` հանրային ծառայության մեջ գտնվող անձի լիազորությունները, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ, աշխատանքային լիազորություններն իրականացնելով, նա կխոչընդոտի գործի քննությունը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցումը կամ կկատարի քրեական օրենքով չթույլատրված արարք: Քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում դատախազի կամ դատախազի համաձայնությամբ քննիչի կայացրած՝ լիազորությունների կասեցման մասին որոշումը եռօրյա ժամկետում ներկայացվում է դատարանի հաստատմանը:
2. Կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունները համարվում են կասեցված լիազորությունների կասեցման մասին որոշումն ընդունելու պահից: Լիազորությունների կասեցման մասին որոշումը վարույթն իրականացնող մարմինն ստորագրությամբ հանձնում է կասկածյալին կամ մեղադրյալին եւ անհապաղ ուղարկում կասկածյալի կամ մեղադրյալի աշխատավայր:
3. Լիազորությունների կասեցման մասին որոշումը վերացվում է դատարանի, իսկ քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում՝ նաեւ դատախազի որոշմամբ, երբ վերանում է դրա անհրաժեշտությունը: Լիազորությունների կասեցման մասին որոշումը վերացվելուց հետո վարույթն իրականացնող մարմինն անհապաղ ուղարկում է կասկածյալի կամ մեղադրյալի աշխատավայր:»:
Հոդված 2. Օրենսգրքի 280-րդ հոդվածը «կալանքը որպես խափանման միջոց կիրառելը,» բառերից հետո լրացնել «կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունների կասեցման մասին որոշման իրավաչափության հաստատումը,» բառերով:
Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 283.1-ին հոդվածով.
«Հոդված 283.1. Կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունների կասեցման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդության քննարկման կարգի առանձնահատկությունները
1. Կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունների կասեցման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդությունը քննում է դատավորը՝ միանձնյա:
2. Դատարանը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված միջնորդությունը քննում եւ դրա վերաբերյալ որոշումը կայացնում է գրավոր ընթացակարգով՝ առանց դատական նիստ հրավիրելու, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի:
3. Դատարանի պահանջով կամ միջնորդություն ներկայացրած պաշտոնատար անձի, մեղադրյալի կամ նրա պաշտպանի նախաձեռնությամբ միջնորդությունը քննարկվում է դռնփակ դատական նիստում:
4. Դատարանը միջնորդությունը քննում է անհապաղ, բայց ոչ ուշ, քան այն ստանալու հաջորդ օրը:
5. Միջնորդության քննությունն ավարտելուց հետո դատարանը որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու եւ լիազորությունների կասեցման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու մասին կամ միջնորդությունը մերժելու եւ լիազորությունների կասեցման մասին որոշումը վերացնելու մասին` նշելով բավարարման կամ մերժման հիմքերը: Որոշումը կայացնելու օրը դատարանն այն հանձնում է միջնորդությունը ներկայացրած պաշտոնատար անձին, մեղադրյալին եւ նրա պաշտպանին:
6. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում միջնորդության քննության կարգի նկատմամբ վերաբերելի մասով կիրառելի են սույն օրենսգրքի 285-րդ հոդվածով նախատեսված կանոնները, եթե սույն հոդվածով այլ բան նախատեսված չէ:»:
Հոդված 4. Օրենսգրքի 285-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.
«5.1. Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու վերաբերյալ դատարանի որոշման մասին վարույթն իրականացնող մարմինն անհապաղ գրավոր իրազեկում է մեղադրյալի աշխատավայր:»:
Հոդված 5. Օրենսգրքի 376?1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը «իրավունքի սահմանափակման» բառերից հետո լրացնել «, կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունների կասեցման վերաբերյալ որոշման իրավաչափությունը հաստատելու» բառերով:
Հոդված 6.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: