Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-736-16.09.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԱՊՈՍՏԻԼՈՎ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում կազմված եւ տրված պաշտոնական փաստաթղթերի՝ «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961 թվականի հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիայով (այսուհետ՝ Կոնվենցիա) նախատեսված ապոստիլով վավերացնելու գործընթացի հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են.

1) Ապոստիլ՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված թղթային կամ էլեկտրոնային հավաստագիր, որը հավաստում է  պաշտոնական փաստաթուղթը ստորագրող անձի պաշտոնեական դիրքի, նրա ստորագրության, փաստաթղթի վրա դրված կնիքի կամ դրոշմակնիքի իսկությունը:

2) Պաշտոնական փաստաթուղթ՝ Հայաստանի Հանրապետության դատարանների, վարչական եւ այլ մարմինների, այդ մարմինների պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ նոտարների կողմից իրենց պաշտոնական գործառույթների իրականացման ընթացքում թղթային կրիչի կամ էլեկտրոնային ձեւաչափով կազմված եւ տրամադրված փաստաթղթեր:

Հոդված 3. Պաշտոնական փաստաթղթերի ապոստիլով վավերացում

1. Հայաստանի Հանրապետությունում ապոստիլով վավերացվում են այն պաշտոնական փաստաթղթերը, որոնք ներկայացվելու են Կոնվենցիային անդամակցող պետությունների տարածքում:

2. Օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից կազմված եւ տրված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունում ապոստիլով վավերացման ենթակա չեն:

3. Հայաստանի Հանրապետությունում կազմված եւ տրված պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացվում են Արդարադատության նախարարության կողմից:

4. Արդարադատության նախարարության կողմից պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու համար դիմում ներկայացնելու կարգը, ապոստիլի ձեւանմուշը, տեսակները, վավերապայմանները, «Էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգը գործածելու, տվյալները պահպանելու, ոչնչացնելու ժամկետները եւ կարգը, «Էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միասնական շտեմարանը վարելու, օգտագործելու եւ տեխնիկական ապահովումը իրականացնելու կարգը, ինչպես նաեւ ապոստիլով վավերացվող պաշտոնական փաստաթղթերի ցանկը սահմանում է Արդարադատության նախարարը:

5. Պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու համար գանձվում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափով եւ կարգով:

6. Պաշտոնական փաստաթուղթը սահմանված ժամկետից շուտ ապոստիլով վավերացնելու համար մատուցվող ծառայության դիմաց Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվում է գանձվող վճար, որը ուղղվում է պետական բյուջե:

7. Պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու մասին դիմումին կից ներկայացվում են դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, ապոստիլով վավերացման ենթակա պաշտոնական փաստաթուղթը, սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված պետական տուրքի, իսկ պաշտոնական փաստաթուղթը ժամկետից շուտ ապոստիլով վավերացնելու համար մատուցվող ծառայությունից օգտվելու ցանկության դեպքում՝  սույն հոդվածի 6-րդ կետով նախատեսված վճարումը հավաստող անդորրագրերը:

8. Այլ անձին պատկանող պաշտոնական փաստաթուղթը երրորդ անձանց կողմից այն ապոստիլով վավերացնելու նպատակով դիմում ներկայացնելիս լիազորագիր չի պահանջվում:

9. Պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացվում է դիմումը ներկայացնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

10. Սույն հոդվածի 9-րդ մասում նշված ժամկետը կարող է երկարաձգվել, եթե «Էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միասնական շտեմարանում բացակայում են ապոստիլով վավերացնելու համար ներկայացված պաշտոնական փաստաթուղթը ստորագրող պաշտոնատար անձի պաշտոնավարման, պաշտոնեական դիրքի, ստորագրության, կնիքի կամ դրոշմակնիքի վերաբերյալ տեղեկությունները:

11. Սույն հոդվածի 10-րդ մասում նշված դեպքերում Արդարադատության նախարարության կողմից հարցում է կատարվում պաշտոնական փաստաթուղթը տրամադրած մարմնին՝ այն կազմող եւ հաստատող անձի վերաբերյալ տեղեկությունները, ստորագրության, կնիքի կամ դրոշամակնիքի նմուշները ստանալու նպատակով, որը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացված փաստաթուղթը վավերացվում է ապոստիլով:

12. Սույն հոդվածի 11-րդ մասում նշված մարմինները հայցվող տեղեկությունները տրամադրում են Արդարադատության նախարարությանը հարցումը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

13. Պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու ժամկետի երկարաձգման մասին դիմողը տեղեկացվում է դիմումը ներկայացնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային կամ փոստային նամակով, կամ իր կողմից տրամադրված կապի այլ միջոցներով:

14. Ապոստիլով վավերացման ենթակա չեն՝

1) դիվանագիտական կամ հյուպատոսական գործակալների կողմից կատարված փաստաթղթերը,

2) առեւտրային կամ մաքսային գործունեության հետ ուղղակիորեն կապված վարչական փաստաթղթերը:

Հոդված 4.  Օտարերկրյա պետության կողմից կազմված փաստաթղթի վավերականությունը Հայաստանի Հանրապետությունում

1. Կոնվենցիայի անդամ պետությունների իրավասու մարմինների՝ տվյալ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ իրենց լիազորությունների շրջանակներում տրված փաստաթղթերը, որոնք վավերացված են ապոստիլով, Հայաստանի Հանրապետության տարածքում համարվում են վավեր՝ առանց հյուպատոսական վավերացման կամ այլ լրացուցիչ օրինականացման:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված փաստաթղթերի ապոստիլով հաստատված լինելը պարտադիր է, եթե Հայաստանի Հանրապետության օրենքով այլ բան նախատեսված չէ կամ Հայաստանի Հանրապետության միջազգային այլ պայմանագրերով վերացվել, պարզեցվել է օրինականացման ընթացակարգը կամ փաստաթուղթը ազատվել է օրինականացումից:

Հոդված 5. Պաշտոնական փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու դիմումի մերժման հիմքեր.

1. Պաշտոնական փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու դիմումը մերժվում է, եթե`

1) փաստաթուղթը պատրաստվել կամ հաստատվել, կամ կնիքվել է դրա լիազորությունը չունեցող անձի կամ մարմնի կողմից,

2) փաստաթուղթը չի համապատասխանում տվյալ փաստաթղթի համար սահմանված ձեւաչափին,

3) փաստաթղթի ապոստիլով վավերացման ենթակա չէ,

4) փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու մասին դիմումը ներկայացվել է սույն օրենքի եւ փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու գործընթացը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված ընթացակարգի խախտմամբ,

5) անընթեռնելի են փաստաթուղթը ստորագրող անձի պաշտոնեական դիրքի մասին տվյալները, վերջինիս ստորագրությունը, փաստաթուղթը հաստատող կնիքը կամ դրոշմակնիքը,

6) փաստաթուղթը վնասված է, պահպանված չէ փաստաթղթի ամբողջականությունը, փաստաթղթի վրա առկա են անթույլատրելի գրառումներ,

7) չեն ներկայացվել փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու համար օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը, սույն օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պետական տուրքի, իսկ պաշտոնական փաստաթուղթը ժամկետից շուտ ապոստիլով վավերացնելու համար մատուցվող ծառայությունից օգտվելու ցանկության դեպքում՝  սույն օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված վճարումը հավաստող անդորրագրերը,

8) փաստաթուղթը ներկայացվելու է Կոնվենցիային չանդամակցող երկիր,

9) փաստաթուղթը ակնհայտ կեղծ է:

Հոդված 6. Ապոստիլով վավերացվող պաշտոնական փաստաթուղթը կազմող եւ տրամադրող մարմնի կողմից տեղեկությունների տրամադրում

1.  Ապոստիլով վավերացման ենթակա պաշտոնական փաստաթուղթ կազմող եւ տրամադրող մարմինները եւ պաշտոնատար անձիք Արդարադատության նախարարություն ներկայացնում են իրենց կողմից կազմվող պաշտոնական փաստաթուղթը հաստատող պաշտոնատար անձի, վերջինիս պաշտոնեական դիրքի, պաշտոնավարման ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաեւ նրա ստորագրության եւ պաշտոնական փաստաթուղթը հաստատվող կնիքի, դրոշմակնիքի նմուշները: Պաշտոնական փաստաթղթի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ  ձեւանմուշ սահմանված լինելու դեպքում Արդարադատության նախարարություն է տրամադրվում նաեւ այդ ձեւանմուշը:

2. Արդարադատության նախարարությանը պաշտոնական փաստաթղթի ձեւանմուշի, այն կազմող անձի, վերջինիս պաշտոնեական դիրքի, պաշտոնավարման ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկությունների, նրա ստորագրության եւ պաշտոնական փաստաթուղթը հաստատվող կնիքի, դրոշմակնիքի նմուշների տրամադրման, պահպանման պայմանների եւ ժամկետների կարգը, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 7. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Մինչեւ սույն օրենքի  3-րդ հոդվածի 4-րդ մասով, 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգերի ուժի մեջ մտնելը պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու գործընթացը իրականացվում է գործող իրավական ակտերով սահմանված կարգով:

3. Սույն օրենքի  3-րդ հոդվածի 4-րդ մասով, 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավական ակտերը ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԱՊՈՍՏԻԼՈՎ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Ներկա իրավիճակ

Հայաստանի Հանրապետության համար «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961 թվականի հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիան ուժի մեջ է մտել 1994 թվականի օգոստոսի 14-ին: Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

Տարբեր տեսակի պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով հաստատելու նպատակով քաղաքացիները դիմում են տարբեր մարմիններին, որը առաջին հերթին ենթադրում է տվյալ գործընթացին լրացուցիչ ժամանակի տրամադրում, որը, ըստ էության, որոշակի անհարմարություն կարող է առաջացնել վերջիններիս համար, այդ թվում՝ տարբեր ժամային հատվածներում ընդունելություն իրականացնելու պատճառով: Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս երկու պետական մարմնի, կիրառում է ապոստիլի տարբեր ձեւաչափեր:

Ներկայումս Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը ՀՀ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու գործընթացը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2000 թվականի հուլիսի 9-ի թիվ N 521 հրամանի շրջանակներում, որում այս տարիների ընթացքում կատարվել են մի շարք փոփոխություններ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ՀՀ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու գործընթացը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ N2/763 հրամանի շրջանակներում:

Միեւնույն ժամանակ, դեռեւս 2017 թվականից Արդարադատության նախարարության կողմից մշակվեց եւ ներդրվեց «Էլեկտրոնային ապոստիլ» էլեկտրոնային միասնական կառավարման համակարգը, որի շրջանակներում ապոստիլով վավերացման բոլոր գործընթացները իրականցվում են բացառապես էլեկտրոնային եղանակով: Արդարադատության նախարարությունում գործում է նաեւ էլեկտրոնային միասնական շտեմարան եւ այդ շտեմարանը պարունակող www.e-apostille.am էլեկտրոնային միասնական կառավարման համակարգ: Մասնավորապես՝ դիմումների ընդունումը, քննարկումը, ապոստիլի ստեղծումը (հերթական համարը, արագ արձագանքման ծածկագիրը եւ այլն) իրականացվում է համակարգչի միջոցով, ապոստիլի իսկության ստուգումը կատարվում է էլեկտրոնային կայքի միջոցով, իսկ պաշտոնական փաստաթղթերը ստորագրող պաշտոնատար անձանց ստորագրությունների, կնիքների նմուշները, այդ անձանց պաշտոնի, պաշտոնավարման մասին տեղեկությունները հավաքագրվում են շտեմարանում:

Անհրաժեշտություն է առաջացել ընդունել ՀՀ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու գործընթացները կանոնակարգող նոր իրավական ակտեր՝ որոնցով կսահմանվեն էլեկտրոնային ձեւաչափով ծառայությունների մատուցման կարգը եւ ժամկետները եւ կկանոնակարգվեն դրանից բխող այլ գործառույթները: Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը՝  «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով», նոր ակտերի ընդունումը հնարավոր է միայն համապատասխան օրենքի ընդունման դեպքում:

Առաջարկվող լուծումները

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածով սահմանված կարգով ընդունել «Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» ՀՀ օրենքը՝ լիազորելով պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացնող մարմնին, ընդունել եւ հրապարակել ՀՀ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու ընթացակարգերը սահմանող ընթացակարգեր:

Արդյունքում՝ վերը նշված ընթացակարգերով կամրագրվի ներկա պահին Արդարադատության նախարարությունում ներդրված եւ գործող «էլեկտրոնային ապոստիլ» էլեկտրոնային կառավարման համակարգի կիրառությունը, որի շրջանակներում ապոստիլը ձեւավորվում է էլեկտրոնային կառավարման համակարգում եւ ուղարկվում է դիմողի պաշտոնական եւ տրամադրված էլեկտրոնային հասցեներին եւ չի պահանջվում բնօրինակ փաստաթղթի վրա ապոստիլի ամրացումը՝ հաշվի առնելով Արդարադատության նախարարությունում պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու գործընթացը ապահովող էլեկտրոնային համակարգի, շտեմարանի, փաստաթղթի իսկության էլեկտրոնային ստուգման հնարավորության առկայութունը:

Նախագծով առաջարկվում է պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու գործառույթը  վերապահել մեկ պետական մարմնին՝ գործընթացը համախմբելու, քաղաքացիների սպասարկումը դյուրին դարձնելու նպատակով՝ «մեկ պատուհան»-ի քաղաքականությանը համահունչ: Արդարադատության նախարարությունում գործում է քաղաքացիների սպասարկման 4 սպասարկման կենտրոններ, այդ թվում՝ հանրային ծառայությունների միասնական գրասենյակ, որի ստեղծման նպատակն էր ապահովել միմյանց փոխկապակցված եւ առաջնահերթ պահանջարկ ունեցող ծառայությունների մատուցումը մեկ վայրում: Պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու գործընթացը օպերատիվ կերպով իրականացվում է Արդարադատության նախարարությունում գործող «Էլեկտրոնային ապոստիլ» էլեկտրոնային միասնական կառավարման համակարգի միջոցով: Նույն համակարգի էլեկտրոնային շտեմարանի միջոցով իրականացվում է պաշտոնական փաստաթղթերը կազմող պաշտոնատար անձանց պաշտոնեական դիրքի ժամանակահատվածի, նրանց ստորագրության եւ կնիքների իսկության ստուգումը: Միաժամանակ  www.e-services.moj.am կայքի միջոցով հնարավորություն է ընձեռնված քաղաքացիների, անկախ իրենց գտնվելու վայրից, էլեկտրոնային հասցեին ստանալ ՔԿԱԳ գրանցումների վերաբերյալ փաստաթղթերը ապոստիլով վավերացված տարբերակով, որը հնարավոր կլինի կիրառել նաեւ այլ փաստաթղթերի դեպքում: Այդ առնչությամբ Արդարադատության նախարարությունը պատրաստ է իրականացնել լրացուցիչ փաստաթղթերի ապոստիլով վավերցման գործընթացը աշխատանքային ամբողջ ժամերի ընթացքում առանց լրացուցիչ ծախսերի:

Ըստ էության, Նախագծով առաջարկվում է առանձնացնել փաստաթղթերի միջազգային վավերացման երկու տարբեր եղանակներից բխող գործառույթ՝ ապոստիլ եւ հյուպատոսական վավերացում, իրականացնող մարմիններ՝ ապոստիլը վերապահելով Արդարադատության նախարարությանը, իսկ հյուպատոսական վավերացումը՝ Արտաքին գործերի նախարարությանը, որպես դիվանագիտական ծառայության մարմինների անմիջական գործառույթ:

Ապոստիլի գործառույթը մեկ մարմնին վերապահելով ապահովվելու է նաեւ  Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական փաստաթղթերի ապոստիլով վավերացնելու գործընթացի միասնականության սկզբունքը, ապոստիլի միասնական ձեւանմուշի կիրառությունը:
 

Ակնկալվող արդյունքներ

ՀՀ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու գործընթացները կանոնակարգող լիազորությունների ամրագրում Հայաստանի Հանրապետության օրենքով, որի արդյունքում ընդունվող եւ հրապարակվող ակտերով սահմանված գործընթացները կկազմակերպվեն համապատասխան տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման արդյունքում ձեռք բերված դրական փորձի: Կապահովվի ՀՀ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու գործընթացների միասնականությունը: 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԱՊՈՍՏԻԼՈՎ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

10 Սեպտեմբերի 2020, 1516-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԱՊՈՍՏԻԼՈՎ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 73-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը համարել անհետաձգելի եւ սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Միրզոյան


Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 73-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը,  Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 10-ի N 1516-Ա  որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը:
 
 

Հարգանքով`     ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ