Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-736-16.09.2020-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԱՊՈՍՏԻԼՈՎ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում կազմված եւ տրված պաշտոնական փաստաթղթերի՝ «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961 թվականի հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիայով (այսուհետ՝ Կոնվենցիա) նախատեսված ապոստիլով վավերացնելու գործընթացի հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են.

1) Ապոստիլ՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված թղթային կամ էլեկտրոնային հավաստագիր, որը հավաստում է պաշտոնական փաստաթուղթը ստորագրող անձի պաշտոնեական դիրքի, նրա ստորագրության, փաստաթղթի վրա դրված կնիքի կամ դրոշմակնիքի իսկությունը:

2) Պաշտոնական փաստաթուղթ՝ Հայաստանի Հանրապետության դատարանների, վարչական եւ այլ մարմինների, այդ մարմինների պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ նոտարների կողմից իրենց պաշտոնական գործառույթների իրականացման ընթացքում թղթային կրիչի կամ էլեկտրոնային ձեւաչափով կազմված եւ տրամադրված փաստաթղթեր:

Հոդված 3. Պաշտոնական փաստաթղթերի ապոստիլով վավերացում

1. Հայաստանի Հանրապետությունում ապոստիլով վավերացվում են այն պաշտոնական փաստաթղթերը, որոնք ներկայացվելու են Կոնվենցիային անդամակցող պետությունների տարածքում:

2. Օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից կազմված եւ տրված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունում ապոստիլով վավերացման ենթակա չեն:

3. Հայաստանի Հանրապետությունում կազմված եւ տրված պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացվում են Արդարադատության նախարարության կողմից:

4. Արդարադատության նախարարության կողմից պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու համար դիմում ներկայացնելու կարգը, ապոստիլի ձեւանմուշը, տեսակները, վավերապայմանները, «Էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգը գործածելու, տվյալները պահպանելու, ոչնչացնելու ժամկետները եւ կարգը, «Էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միասնական շտեմարանը վարելու, օգտագործելու եւ տեխնիկական ապահովումը իրականացնելու կարգը, ինչպես նաեւ ապոստիլով վավերացվող պաշտոնական փաստաթղթերի ցանկը սահմանում է Արդարադատության նախարարը:

5. Պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու համար գանձվում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափով եւ կարգով:

6. Պաշտոնական փաստաթուղթը սահմանված ժամկետից շուտ ապոստիլով վավերացնելու համար մատուցվող ծառայության դիմաց Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվում է գանձվող վճար, որը ուղղվում է պետական բյուջե:

7. Պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու մասին դիմումին կից ներկայացվում են դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, ապոստիլով վավերացման ենթակա պաշտոնական փաստաթուղթը, սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված պետական տուրքի, իսկ պաշտոնական փաստաթուղթը ժամկետից շուտ ապոստիլով վավերացնելու համար մատուցվող ծառայությունից օգտվելու ցանկության դեպքում՝ սույն հոդվածի 6-րդ կետով նախատեսված վճարումը հավաստող անդորրագրերը:

8. Այլ անձին պատկանող պաշտոնական փաստաթուղթը երրորդ անձանց կողմից այն ապոստիլով վավերացնելու նպատակով դիմում ներկայացնելիս լիազորագիր չի պահանջվում:

9. Պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացվում է դիմումը ներկայացնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

10. Սույն հոդվածի 9-րդ մասում նշված ժամկետը կարող է երկարաձգվել, եթե «Էլեկտրոնային ապոստիլ» միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միասնական շտեմարանում բացակայում են ապոստիլով վավերացնելու համար ներկայացված պաշտոնական փաստաթուղթը ստորագրող պաշտոնատար անձի պաշտոնավարման, պաշտոնեական դիրքի, ստորագրության, կնիքի կամ դրոշմակնիքի վերաբերյալ տեղեկությունները:

11. Սույն հոդվածի 10-րդ մասում նշված դեպքերում Արդարադատության նախարարության կողմից հարցում է կատարվում պաշտոնական փաստաթուղթը տրամադրած մարմնին՝ այն կազմող եւ հաստատող անձի վերաբերյալ տեղեկությունները, ստորագրության, կնիքի կամ դրոշամակնիքի նմուշները ստանալու նպատակով, որը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացված փաստաթուղթը վավերացվում է ապոստիլով:

12. Սույն հոդվածի 11-րդ մասում նշված մարմինները հայցվող տեղեկությունները տրամադրում են Արդարադատության նախարարությանը հարցումը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

13. Պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու ժամկետի երկարաձգման մասին դիմողը տեղեկացվում է դիմումը ներկայացնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային կամ փոստային նամակով, կամ իր կողմից տրամադրված կապի այլ միջոցներով:

14. Ապոստիլով վավերացման ենթակա չեն՝

1) դիվանագիտական կամ հյուպատոսական գործակալների կողմից կատարված փաստաթղթերը,

2) առեւտրային կամ մաքսային գործունեության հետ ուղղակիորեն կապված վարչական փաստաթղթերը:

Հոդված 4. Օտարերկրյա պետության կողմից կազմված փաստաթղթի վավերականությունը Հայաստանի Հանրապետությունում

1. Կոնվենցիայի անդամ պետությունների իրավասու մարմինների՝ տվյալ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ իրենց լիազորությունների շրջանակներում տրված փաստաթղթերը, որոնք վավերացված են ապոստիլով, Հայաստանի Հանրապետության տարածքում համարվում են վավեր՝ առանց հյուպատոսական վավերացման կամ այլ լրացուցիչ օրինականացման:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված փաստաթղթերի ապոստիլով հաստատված լինելը պարտադիր է, եթե Հայաստանի Հանրապետության օրենքով այլ բան նախատեսված չէ կամ Հայաստանի Հանրապետության միջազգային այլ պայմանագրերով վերացվել, պարզեցվել է օրինականացման ընթացակարգը կամ փաստաթուղթը ազատվել է օրինականացումից:

Հոդված 5. Պաշտոնական փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու դիմումի մերժման հիմքեր.

1. Պաշտոնական փաստաթուղթն ապոստիլով վավերացնելու դիմումը մերժվում է, եթե՝

1) փաստաթուղթը պատրաստվել կամ հաստատվել, կամ կնիքվել է դրա լիազորությունը չունեցող անձի կամ մարմնի կողմից,

2) փաստաթուղթը չի համապատասխանում տվյալ փաստաթղթի համար սահմանված ձեւաչափին,

3) փաստաթղթի ապոստիլով վավերացման ենթակա չէ,

4) փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու մասին դիմումը ներկայացվել է սույն օրենքի եւ փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու գործընթացը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված ընթացակարգի խախտմամբ,

5) անընթեռնելի են փաստաթուղթը ստորագրող անձի պաշտոնեական դիրքի մասին տվյալները, վերջինիս ստորագրությունը, փաստաթուղթը հաստատող կնիքը կամ դրոշմակնիքը,

6) փաստաթուղթը վնասված է, պահպանված չէ փաստաթղթի ամբողջականությունը, փաստաթղթի վրա առկա են անթույլատրելի գրառումներ,

7) չեն ներկայացվել փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու համար օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը, սույն օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պետական տուրքի, իսկ պաշտոնական փաստաթուղթը ժամկետից շուտ ապոստիլով վավերացնելու համար մատուցվող ծառայությունից օգտվելու ցանկության դեպքում՝ սույն օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված վճարումը հավաստող անդորրագրերը,

8) փաստաթուղթը ներկայացվելու է Կոնվենցիային չանդամակցող երկիր,

9) փաստաթուղթը ակնհայտ կեղծ է:

Հոդված 6. Ապոստիլով վավերացվող պաշտոնական փաստաթուղթը կազմող եւ տրամադրող մարմնի կողմից տեղեկությունների տրամադրում

1. Ապոստիլով վավերացման ենթակա պաշտոնական փաստաթուղթ կազմող եւ տրամադրող մարմինները եւ պաշտոնատար անձիք Արդարադատության նախարարություն ներկայացնում են իրենց կողմից կազմվող պաշտոնական փաստաթուղթը հաստատող պաշտոնատար անձի, վերջինիս պաշտոնեական դիրքի, պաշտոնավարման ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաեւ նրա ստորագրության եւ պաշտոնական փաստաթուղթը հաստատվող կնիքի, դրոշմակնիքի նմուշները: Պաշտոնական փաստաթղթի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ձեւանմուշ սահմանված լինելու դեպքում Արդարադատության նախարարություն է տրամադրվում նաեւ այդ ձեւանմուշը:

2. Արդարադատության նախարարությանը պաշտոնական փաստաթղթի ձեւանմուշի, այն կազմող անձի, վերջինիս պաշտոնեական դիրքի, պաշտոնավարման ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկությունների, նրա ստորագրության եւ պաշտոնական փաստաթուղթը հաստատվող կնիքի, դրոշմակնիքի նմուշների տրամադրման, պահպանման պայմանների եւ ժամկետների կարգը, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 7. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Մինչեւ սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասով, 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգերի ուժի մեջ մտնելը պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու գործընթացը իրականացվում է գործող իրավական ակտերով սահմանված կարգով:

3. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասով, 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավական ակտերը ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում: