Armenian ARMSCII Armenian
Խ-7504-30.09.2020-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 14-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով

«Սույն օրենսգրքի իմաստով՝ կուսակցության պաշտոնատար անձ է համարվում կուսակցության կանոնադրության կամ այլ փաստաթղթերի հիմքով՝ սույն օրենսգրքով պատասխանատվություն առաջացնող գործողությունների (անգործության) համար պատասխանատու կուսակցության ղեկավար մարմնի անդամը կամ կուսակցության՝ կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պատասխանատու անդամը կամ աշխատողը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 37-րդ հոդվածի 5-րդ մասում «189.15-րդ եւ 189.16-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «189.15-րդ, 189.16-րդ, 189.19-189.24-րդ հոդվածներով» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասում «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող» բառերը փոխարինել «Հանրային ծառայության մասին» եւ «Կուսակցությունների մասին» օրենքներով սահմանված՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 189.15-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 189.15. Կուսակցությանն օրենքով սահմանված նվիրատվությունները կամ կուսակցության կողմից դրամական վճարումների հաշվարկները  անկանխիկ չկատարելը

1. Կուսակցությանն օրենքով սահմանված նվիրատվություններն անկանխիկ չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվիրատու ֆիզիկական անձի  նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով, իսկ կուսակցության պաշտոնատար անձի նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվիրատու ֆիզիկական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրհիսնապատիկի չափով, իսկ կուսակցության պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ չորսհարյուրապատիկի չափով:

3. Կուսակցության կողմից դրամական վճարումների հաշվարկները  անկանխիկ չկատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ կուսակցության պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ կուսակցության պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ չորսհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 189.19-րդ հոդվածով.

«Հոդված 189.19. Կուսակցության անդամի կողմից կուսակցության օգտին ապօրինի նվիրատվություն ներգրավելը

1. Կուսակցության անդամի կողմից  կուսակցության օգտին օրենքով չթույլատրված աղբյուրներից կամ օրենքով սահմանված առավելագույն չափը գերազանցող նվիրատվություն ներգրավելը՝

առաջացնում  է տուգանքի նշանակում՝ կուսակցության անդամի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 189.20-րդ հոդվածով.

«Հոդված 189.20. Նվիրատուի կողմից կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված առավելագույն չափը գերազանցելը

1. Նվիրատուի կողմից կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված առավելագույն չափը գերազանցելը՝

առաջացնում  է տուգանքի նշանակում՝ առավելագույն չափը գերազանցող գումարի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ օրենքով սահմանված  առավելագույն չափը գերազանցող գումարի կրկնապատիկի չափով:»:

Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 189.21-րդ հոդվածով.

«Հոդված 189.21.  Իրավաբանական անձի անունից կուսակցությանը նվիրատվություն կատարելը

1. Իրավաբանական անձի անունից կուսակցությանը նվիրատվություն կատարելը՝

առաջացնում  է տուգանքի նշանակում՝ նվիրատվության գումարի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվիրատվության գումարի կրկնապատիկի չափով:»:

Հոդված 8. Օրենսգիրքը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 189.22-րդ հոդվածով.

«Հոդված 189.22. Կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված առավելագույն չափը չգերազանցելու արգելքը կամ օրենքով չթույլատրված աղբյուրներից նվիրատվությունների արգելքը շրջանցելը

1. Անձի կողմից կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված առավելագույն չափը չգերազանցելու արգելքը այլ անձի անունից նվիրատվություն ձեւակերպելու եղանակով շրջանցելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝  օրենքով սահմանված  առավելագույն չափը գերազանցող գումարի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ օրենքով սահմանված  առավելագույն չափը գերազանցող գումարի կրկնապատիկի չափով:

3. Անձի կողմից օրենքով չթույլատրված աղբյուրներից նվիրատվությունների արգելքը այլ անձի անունից նվիրատվություն ձեւակերպելու եղանակով շրջանցելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվիրատվության գումարի չափով:

4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվիրատվության գումարի կրկնապատիկի չափով:»:

Հոդված 9. Օրենսգիրքը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 189.23-րդ հոդվածով.

«Հոդված 189.23. Բանկի կամ վարկային կազմակերպության կողմից կուսակցությանը նվիրատվություն կատարելը

1. Բանկի կամ վարկային կազմակերպության կողմից «Կուսակցությունների մասին» օրենքի 24-րդ հոդվածով արգելված պայմաններով վարկի տոկոսները նվազեցնելը կամ ավանդի տոկոսները բարձրացնելը կամ վարկը կամ դրանց տոկոսները ամբողջությամբ կամ մասնակի վճարելու պարտականությունից կուսակցությանն ազատելը (պարտքը ներելը) կամ պայմանագիրը կնքելուց հետո վարկի տոկոսադրույքի վերանայումը, որի արդյունքում տոկոսադրույքը  շուկայականից էականորեն նվազում է, կամ այդ պայմանագրերի հետ փոխկապակցված գրավի պայմանագիրը վաղաժամկետ լուծելը կամ պայմանագրի պայմանների այնպիսի փոփոխությունները, որոնք կարող են դիտվել ակնհայտ անհավասար այլ անձանց հետ կնքվող համանման պայմանագրերի պայմանների համեմատ կամ փաստացի կարող են հավասարվել պարտքը ներելուն (օրենքով չթույլատրված նվիրատվություն)՝

առաջացնում  է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչեւ ութհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 10. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 189.24-րդ հոդվածով.

«Հոդված 189.24. Կուսակցության կողմից հայտարարատու պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելու կամ պաշտոնից ազատելու մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին չծանուցելը

1. Կուսակցության կողմից իր ղեկավար մարմնում հայտարարատու պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելու կամ պաշտոնից ազատելու մասին եռօրյա ժամկետում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին չծանուցելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ կուսակցության պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի  քառասնապատիկից մինչեւ ութսունապատիկի չափով:»:

Հոդված 11. Օրենսգրքի 223.2-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 12. Օրենսգրքի 244.17-րդ հոդվածի 1-ին մասում «169.28-րդ հոդվածով» բառերը փոխարինել «169.28-րդ, 189.13-րդ, 189.14-րդ, 189.15-րդ, 189.16-րդ, 189.19-189.24-րդ հոդվածներով» բառերով:

Հոդված 13. Օրենսգրքի 302-րդ հոդվածի առաջին պարբերության «189.15-րդ եւ 189.16-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «189.15-րդ, 189.16-րդ, 189.19-189.24-րդ հոդվածներով» բառերով:

Հոդված 14. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի 3-րդ, 10-12-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում  2022 թվականի հունվարի 1-ից: Մինչեւ սույն օրենքի 11-րդ եւ 12-րդ հոդվածներն ուժի մեջ մտնելը սույն օրենքի  4-9-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Մինչեւ սույն օրենքի 11-րդ եւ 12-րդ հոդվածներն ուժի մեջ մտնելը հարուցված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթի գործերը շարունակում է քննել եւ լուծել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: