Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Խ-7505-30.09.2020-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆԵ

Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 2-րդ կետում «հայտարարագրման» բառից հետո լրացնել «, այդ թվում` «Կուսակցությունների մասին» օրենքով նախատեսված՝ կուսակցությունների ղեկավար մարմինների անդամների կողմից ներկայացվող հայտարարագրերի,» բառերը,

2) լրացնել նոր՝ 9-րդ կետ.

«9) «Կուսակցությունների մասին» օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով կուսակցությունների գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը, ներառյալ՝ կուսակցությունների ֆինանսական միջոցների, դրանց աղբյուրների եւ ծախսերի, ինչպես նաեւ գույքի մասին տարեկան հաշվետվությունների (այսուհետ` կուսակցությունների տարեկան հաշվետվություններ), կուսակցությունների մշտապես գործող ղեկավար մարմնի կազմի վերաբերյալ տեղեկատվության ստուգումը.»:

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ 27-29-րդ կետերով.

«27) ստուգում է կուսակցությունների տարեկան հաշվետվությունները, դրանցում առկա տեղեկատվության եւ տվյալների ճշտությունը եւ հավաստիությունը,

28) ստուգում է կուսակցությունների մշտապես գործող ղեկավար մարմնի կազմի վերաբերյալ տեղեկատվությունը,

29) քննում եւ լուծում է կուսակցությունների ֆինանսական գործունեությանը եւ կուսակցությունների տարեկան հաշվետվություններին առնչվող խախտումների վերաբերյալ գործեր,

30) իրականացնում է սույն օրենքով եւ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով նախատեսված այլ լիազորություններ»:

Հոդված 3.  Օրենքի 5-րդ գլխի վերնագրում «ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ» բառից հետո լրացնել «ՍՏՈՒԳՈՒՄԸ» բառը:

Հոդված 4. Օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ մասում՝ «իր ընտանիքի կազմի մեջ մտնող անձի» բառերից հետո լրացնել «կամ «Կուսակցությունների մասին» օրենքով սահմանված՝ կուսակցության ղեկավար մարմնի անդամի» բառերը:

Հոդված  5. Օրենքը լրացնել նոր՝ 40.1-ին հոդվածով.

«Հոդված 40.1. Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգումը

1. Հանձնաժողովը ստուգում է կուսակցության կողմից ներկայացված տարեկան հաշվետվության համապատասխանատվությունը «Կուսակցությունների մասին» օրենքով սահմանված պահանջներին:

2. Եթե կուսակցության հաշվետվության ստուգման արդյունքում Հանձնաժողովը պարզում է, որ հաշվետվության մեջ առկա են անճշտություններ կամ ոչ լիարժեք տվյալներ, կուսակցությանը տրամադրում է ողջամիտ ժամկետ՝ դրանց վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու եւ դրանք շտկելու նպատակով:

3. Հաշվետվության հավաստիությունը ստուգելու նպատակով Հանձնաժողովի պահանջի դեպքում կուսակցությունը պարտավոր է հինգ օրվա ընթացքում տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն՝ կուսակցության դրամարկղային եւ բանկային մուտքերի եւ ելքերի վերաբերյալ, ներկայացնել նախնական հաշվապահական հաշվառման եւ ներկայացրած հաշվետվության հավաստիությունն ստուգելու համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր, ներառյալ՝ բանկային ավանդի, վարկային, գույքի առուվաճառքի, վարձակալության պայմանագրերը:

4.  Հաշվետվության ստուգման ընթացքում Հանձնաժողովն իրավասու է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, իրավաբանական եւ ֆիզիկական անձանցից պահանջելու եւ ստանալու (այդ թվում՝ էլեկտրոնային հարցման եղանակով) կուսակցության հաշվետվության ստուգման համար անհրաժեշտ առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր, այդ թվում՝ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով սահմանված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ ծառայողական տեղեկություններ, ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություններ, ինչպես նաեւ վարկային բյուրոյից վարկային տեղեկատվություն կամ վարկային պատմություն:

5.  Հաշվետվության ստուգման նպատակով Հանձնաժողովն իրավասու է բանկային գաղտնիք կազմող տեղեկություններին ծանոթանալու նպատակով  բանկերին ուղղված հարցման միջոցով պահանջել եւ ստանալ հաշվետվություն ներկայացնելու պարտականություն ունեցող կուսակցության հաշիվների առկայության, հաշվի մնացորդի եւ հաշվի շարժի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, ինչպես նաեւ բանկային պահատուփերում պահվող գույքի վերաբերյալ տվյալներ` հարցման մեջ նշելով կուսակցության տվյալները, վերաբերելի ժամանակահատվածը կամ ամսաթիվը: Սույն մասում նշված տեղեկությունների փոխանցման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի եւ հանձնաժողովի համատեղ իրավական ակտով:

6.  Կուսակցության կողմից  Հանձնաժողովի կողմից սահմանած ժամկետում հաշվետվության համապատասխանությունը «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով սահմանված պահանջներին չհիմնավորվելու եւ հաշվետվության ստուգման արդյունքում «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում Հանձնաժողովը կարող է հարուցել վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ:

7.  Հանձնաժողովը կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման արդյունքում իրականացնում է «Կուսակցությունների մասին» օրենքի  օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները:

8.  Առերեւույթ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում Հանձնաժողովը գործի նյութերն անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ուղարկում է գլխավոր դատախազություն:

9.  Եթե վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի ընթացքում Հանձնաժողովը գալիս է այն հետեւության, որ կատարված արարքում առկա են առերեւույթ հանցագործության հատկանիշներ, ապա վարույթի նյութերն անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում Հանձնաժողովն ուղարկում է գլխավոր դատախազություն՝ ընդունելով վարույթը կասեցնելու մասին որոշում: Քրեական գործի հարուցումը մերժելու, գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումն ստանալու պահից Հանձնաժողովը հնգօրյա ժամկետում վերսկսում է կասեցված վարույթը, իսկ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռն ստանալու դեպքում նույն ժամկետում կարճում է վարույթը:

10. Գլխավոր դատախազությունը նյութերի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկացնում է Հանձնաժողովին՝ կցելով համապատասխան որոշման պատճենը»:

Հոդված  6. Օրենքը լրացնել նոր՝ 40.2-րդ հոդվածով.

«Հոդված 40.2. Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի կազմակերպումը

1. Հանձնաժողովը կազմակերպում է կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտը:

2. Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտը ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներից եւ իրականացվում Հանձնաժողովի  կողմից բաց մրցույթով հայտարարված գնումների միջոցով ընտրված առնվազն երեք աուդիտորական կազմակերպությունների կողմից: Աուդիտի ենթակա կուսակցությունների բաշխումը մրցույթով ընտրված աուդիտորական կազմակերպությունների միջեւ իրականացվում է  վիճակահանությամբ, որին կարող են ներկա գտնվել աուդիտի ենթարկվող կուսակցությունները:

3. Աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը եւ նրանց ներկայացվող պահանջները սահմանում է Հանձնաժողովը»:

Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել 40.3.-րդ հոդվածով.

«Հոդված 40.3. Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի կազմի վերաբերյալ տեղեկատվության ստուգումը

1. Կուսակցությունը յուրաքանչյուր տարի՝ հաշվետու տարվան հաջորդող փետրվարի 15-ից ոչ ուշ, Հանձնաժողովին տեղեկատվություն է ներկայացնում նախորդ տարում Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի կազմի, այդ կազմում անդամների փոփոխությունների եւ յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թվի վերաբերյալ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ մշտապես գործող ղեկավար մարմնի կազմի մասին տեղեկատվությունը օրենքով սահմանված կարգով չներկայացվելու դեպքում, ինչպես նաեւ ուսումնասիրության արդյունքում օրենքով սահմանված՝ տարբեր սեռի ներկայացուցիչների համամասնության խախտում բացահայտելու դեպքում կուսակցության պետական ֆինանսավորումը կասեցվում է: Պետական ֆինանսավորումը վերսկսվում է մշտապես գործող ղեկավար մարմնի կազմում տարբեր սեռի ներկայացուցիչների համամասնությունը պահպանված լինելու կամ այն վերականգնելու վերաբերյալ տեղեկատվությունը Հանձնաժողովին ներկայացվելուց եւ այն ստուգվելուց հետո՝ հաջորդ եռամսյակից:

3. Եթե տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ նախորդ տարում Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի կազմում տարբեր սեռի ներկայացուցիչների համամասնությունը խախտված է եղել երեք ամիս եւ ավելի ժամկետով, որի մասին կուսակցությունը Հանձնաժողովին տեղեկատվություն չի ներկայացրել, կուսակցության պետական ֆինանսավորումը կասեցվում է խախտման բացահայտմանը հաջորդող եռամսյակի համար:

4. Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի կազմում «Կուսակցությունների մասին» օրենքով սահմանված տարբեր սեռի ներկայացուցիչների համամասնությունը խախտվելու դեպքում կուսակցությունը տասնօրյա ժամկետում Հանձնաժողովին տեղեկատվություն է ներկայացնում այդ համամասնության խախտման, դրա պատճառների եւ այն վերականգնելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցների եւ ժամկետի մասին:

5. Տարբեր սեռի ներկայացուցիչների համամասնության խախտման օրվանից եռամսյա ժամկետում կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի կազմում այդ համամասնությունը վերականգնելու վերաբերյալ կուսակցության կողմից Հանձնաժողովին բավարար ապացույց չներկայացվելու դեպքում կուսակցության պետական ֆինանսավորումը կասեցվում է մինչեւ կասեցման համար հիմք հանդիացող խախտումները վերացնելը:

6. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մշտապես գործող ղեկավար մարմնի կազմում տարբեր սեռի ներկայացուցիչների թվի համամասնության խախտման վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցում է Կառավարություն՝ պետական ֆինանսավորումը կասեցնելու նպատակով:

7. Հանձնաժողովը սույն հոդվածով նախատեսված տեղեկատվությունը ստուգելու նպատակով իրավունք ունի կուսակցությունից պահանջելու տեղեկատվության իսկությունը հավաստող փաստաթղթեր եւ այլ տեղեկություններ:

8.  Սույն օրենքով եւ «Կուսակցությունների մասին» օրենքի սահմանած պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում Հանձնաժողովը կարող է հարուցել վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ:

9. Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի կազմի վերաբերյալ տեղեկատվության ներկայացման ձեւը սահմանում է Հանձնաժողովը:

Հոդված 8. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ:

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով ստեղծվում է առանձին կառուցվածքային ստորաբաժանում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին «Կուսակցությունների մասին» օրենքով վերապահված լիազորությունների իրականացումն ապահովելու նպատակով:

3 Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սահմանում է կուսակցության ղեկավար մարմնի անդամների կողմից ներկայացվող՝ գույքի եւ եկամուտների տարեկան հայտարարագրի ձեւանմուշը:

4. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, «Կուսակցությունների մասին» օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասին եւ սույն օրենքին համապատասխան, հաստատում է կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի իրականացման նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը եւ նրանց ներկայացվող պահանջները:

5.Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սահմանում է կուսակցությունների տարեկան հաշվետվությունների հրապարակման եւ ներկայացման կարգը, ինչպես նաեւ հաշվետվության ձեւը:

6. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սահմանում է կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի կազմի վերաբերյալ տեղեկատվության ներկայացման ձեւը: