Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-124-Ն աշխատանքային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 124-րդ հոդվածի.
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Աշխատանքային հարաբերությունների կարգավորումը` կապված զինվորական ծառայության անցնելու եւ կամավորական հիմունքներով մարտական գործողությունների մասնակցելու հետ»
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, վարժական հավաքների, զինվորական վարժանքների, զորավարժությունների մասնակցելու կամ զորահավաքային զինվորական ծառայության զորակոչվելու ընթացքում աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են օրենքով սահմանված կարգով:».
3) լրացնել նոր 3-րդ եւ 4-րդ մասերով հետեւյալ խմբագրությամբ.
«3. Զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնելիս, ինչպես նաեւ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)` կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս աշխատողն ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից` պահպանելով աշխատատեղը (պաշտոնը):
4. Սույն հոդվածի 3-րդ մասի սահմանված դեպքում աշխատանքային պարտականությունների կատարումից աշխատողն ազատվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի տրամադրած` զորահավաքային զորակոչի կանչվելու վերաբերյալ ծանուցման կամ կամավորական հիմունքներով պաշտպանությանը ներգրավելու մասին տեղեկանքի հիման վրա, իսկ աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածի համար աշխատողի վարձատրությունը որոշվում է կողմերի համաձայնությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:»:
Հոդված 2. Օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «զորակոչային տեղամասերին կցագրվելու, վարժական հավաքներին մասնակցելու եւ ժամկետային» բառերը փոխարինել «վարժական հավաքներին, զինվորական վարժանքներին կամ զորավարժություններին մասնակցելու, ինչպես նաեւ ժամկետային պարտադիր կամ զորահավաքային» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 166-րդ հոդվածը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.
«Հոդված 166. Ամենամյա արձակուրդից հետ կանչելը
1. Ամենամյա արձակուրդից հետ կանչել թույլատրվում է միայն աշխատողի համաձայնությամբ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց ենթակա կազմակերպությունների, ինչպես նաեւ ռազմական դրությամբ պայմանավորված որեւէ ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կառավարմանն անցած կազմակերպությունների ու հիմնարկների (անկախ սեփականության ձեւից) աշխատողներին ամենամյա արձակուրդից հետ կանչելիս աշխատողի համաձայնությունը չի պահանջվում:
3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված դեպքերում ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը տրամադրվում է սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերին համապատասխան:»:
Հոդված 4. Օրենսգրքի 169-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասությունը «հոդվածի» բառից հետո լրացնել «1-ին եւ 2-րդ մասերի» բառերով, իսկ երկրորդ նախադասությունը «միջին աշխատավարձ» բառերից հետո` «, բացառությամբ սույն օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 175-րդ հոդվածի.
1) 1-ին մասի 4.1-րդ կետն ճանաչել ուժը կորցրած.
2) 2-րդ մասից հանել «4.1-ին կետի,» բառերը.
3) 4-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 6. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասը եւ 2-րդ հոդվածի գործողությունը տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
1. Առկա իրավիճակը եւ կարգավորման ենթակա խնդիրը
ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարվելու մասին» N 1586-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում որոշումն ուժի մեջ մտնելու պահից` 27.09.2020, հայտարարվել է ռազմական դրություն:
Վերոնշյալ որոշման հավելվածի 7-րդ կետով սահմանվել է, որ պետական եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը փոխադրվում է ռազմական դրության աշխատանքային ռեժիմի:
Հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նաեւ ՀՀ աշխատանքային օրենսգրքում (այսուհետ` Օրենսգիրք)` ուղղված ռազմական դրություն հայտարարվելու հանգամանքով պայմանավորված աշխատանքային հարաբերություններում առաջացող մի շարք հարցերի կարգավորմանն ու առավել հստակեցմանը:
2. Առաջարկվող կարգավորման նպատակը
Որոշմամբ հայտարարվել է պահեստազորի սպայական, ենթասպայական եւ շարքային կազմի մինչեւ 55 տարեկան պահեստազորում հաշվառված քաղաքացիների զորահավաքային զորակոչ, ինչպես նաեւ պատերազմական ժամանակի հաստիքներին կցագրված պահեստազորայինների զորահավաքային զորակոչ:
Առաջարկվող կարգավորման նպատակը ռազմական դրություն հայտարարվելու հանգամանքով պայմանավորված աշխատանքային հարաբերություններում առաջացող մի շարք հարցերի կարգավորմումն ու եղած դրույթների առավել հստակեցումն է:
Առաջարկվող կարգավորման նպատակը նաեւ հայրենիքի առջեւ իրենց պարտքը կատարող անձանց աշխատանքային հարաբերություններում որոշակի երաշխիքներ նախատեսելն է:
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ներկայացված նախագծով (այսուհետ` Նախագիծ) առաջարկվում է.
Միաժամանակ հաշվի առնելով ստեղծված իրավիճակում երկրի առջեւ ծառացող հնարավոր ֆինանսական դժվարությունները` առաջարկվում է նաեւ նախատեսել, որ վերոնշյալ դեպքում արձակուրդից հետ կանչված աշխատողին հետագայում արձակուրդի չօգտագործված օրերը տրամադրելու դեպքում այդ օրերի համար վճարում չի իրականացվում:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագիծը մշակվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հստակ սահմանել զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, զորակոչային տեղամասերի կցագրվելու, ինչպես նաեւ վարժական հավաքների, զինվորական վարժանքների կամ զորավարժությունների մասնակցելու ընթացքում աշխատողի աշխատատեղի պահպանման երաշխիքը, ինչպես նաեւ աշխատանքի վարձատրության հավելյալ երաշխիքներ նախատեսել:
Նախագծի ընդունմամբ միաժամանակ կապահովվի ռազմական դրություն հայտարարված լինելու ժամանակահատվածում պետական եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների աշխատանքի անխափան իրականացումը` հնարավորություն տալով վերջիններիս անհրաժեշտության դեպքում հետ կանչել արձակուրդում գտնվող աշխատողներին` առանց վերջիններիս համաձայնությունը նախապես ստանալու:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
«ԻՄ ՔԱՅԼԸ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Մեծարգո պարո՛ն Միրզոյան,
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Գրությանը կից ներկացվող փաստաթղթերն են`
Խնդրում ենք նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
ՀԱՐԳԱՆՔՈՎ` «ԻՄ ՔԱՅԼԸ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ Լ. ՄԱԿՈՒՆՑ