Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-753-02.10.2020-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետում «2018 թվականի մայիսի 31-ը» բառերը փոխարինել «2020 թվականի օգոստոսի 31-ը» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակն է ստեղծել հնարավորություն, որպեսզի առեւտրային բանկերը եւ վարկային կազմակերպություններն առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու ֆիզիկական անձանց կարողանան ներել մինչեւ 2020 թվականի օգոստոսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Գործող օրենսդրությամբ առեւտրային բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց մասով անհուսալի ճանաչված վարկերի գծով մինչեւ անհուսալի ճանաչելը հաշվարկված տույժերն ու տուգանքները ներելու դեպքում այդ ներված գումարները ներառվում են առեւտրային բանկերի եւ վարկային կազմակերպությունների համախառն եկամտի մեջ եւ հարկվում են շահութահարկով:

Խնդիրը կայանում է նրանում, որ չնայած նրան, որ նման կարգավորումները տնտեսագիտորեն հիմնավորված են, այդուհանդերձ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծված տնտեսական իրողությունների պայմաններում ֆիզիկական անձանց համար ձեւավորվել են օբյեկտիվ դժվարություններ վարկային պարտավորությունները կատարելու առումով՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել հարկային օրենսդրությամբ սահմանված վերոնշյալ կարգավորումները՝ անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները ֆիզիկական անձանց ներելու դեպքում բանկերին եւ վարկային կազմակերպություններին այդ գումարների մասով հարկային պարտավորություններից ազատելու նպատակով:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ չեն համարվում Կառավարության լիազորած մարմնի եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ հաստատած կարգի համաձայն՝ բանկերում եւ վարկային կազմակերպություններում հաշվառված՝ ֆիզիկական անձանց (բացառությամբ որպես անհատ ձեռնարկատեր կամ որպես նոտար վարկ ստացած ֆիզիկական անձանց) նկատմամբ ձեւավորված եւ մինչեւ 2020 թվականի օգոստոսի 31-ը անհուսալի ճանաչված ակտիվների մասով մինչեւ դրանց անհուսալի ճանաչելը հաշվարկված եւ նախկինում հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցված՝ տվյալ ֆիզիկական անձին ներված (այդ թվում՝ մասնակի) տույժերի եւ (կամ) տուգանքների գումարները:

4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ֆիզիկական անձանց անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքներն շահութահարկով հարկման նպատակով եկամուտ չհամարելն է:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հնարավորություն ստեղծել, որպեսզի առեւտրային բանկերը եւ վարկային կազմակերպությունները կարողանան առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու ֆիզիկական անձանց ներել մինչեւ 2020 թվականի օգոստոսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով մինչեւ անհուսալի ճանաչելը հաշվարկված տույժերն ու տուգանքները:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ստացված առաջարկությունների, դրանց ընդունման կամ չընդունման վերաբերյալ


Առարկության, առաջարկության հեղինակը, գրության ամսաթիվը եւ համարը
Առարկության, առաջարկության բովանդակությունը
Եզրակացություն
 Կատարված փոփոխությունները
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
25.09.2020թ.
թիվ 03/3-3/62299-2020
Դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
                
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
29.09.2020թ.
թիվ 01/13541-2020
Դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Միաժամանակ, առաջարկվում է, ըստ հնարավորության, դիտարկել նախագծով սահմանված ժամկետի երկարաձգման հարցը: 
Ընդունվել է:
Նախագծով նախատեսված՝ վարկերի անհուսալի ճանաչման վերջնաժամկետը վերանայվել է, եւ 2020 թվականի մայիսի 31-ի փոխարեն սահմանվել է 2020 թվականի օգոստոսի 31-ը:
ՀՀ արդարադատության նախարարություն
29.09.2020թ.
թիվ 01//22093-2020
Նախագծի 1-ին հոդվածում անհրաժեշտ է հիշատակել օրենսգրքի լրիվ անվանումը՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ եւ 18-րդ հոդվածների պահանջները:
Ընդունվել է ի գիտություն:
Նախագծում փոփոխություն եւ (կամ) լրացում չի կատարվել, քանի որ պարզ չէ, թե նախագծի 1-ին հոդվածում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ եւ 18-րդ հոդվածների կոնկրետ որ պահանջները չեն պահպանվել:

 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումը
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 30-ի N 1609-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
 

Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ