Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-090-19.08.2003-ՍԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԶԱՄԲՅՈՒՂԻ ԵՎ ԿԵՆՍԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում սպառողական նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի հաշվարկման ու հաստատման իրավական հիմքերը եւ կարգավորում է պետական սոցիալական քաղաքականության իրականացման հետ կապված հարաբերությունները։

Հոդված 2. Սպառողական նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին օրենսդրությունը

Սպառողական նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից եւ իրավական ակտերից։

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) սպառողական նվազագույն զամբյուղ ՝ մարդու առողջության պահպանման եւ կենսագործունեության ապահովման համար անհրաժեշտ սննդամթերքի, ոչ պարենային ապրանքների եւ ծառայությունների հիմնավորված նորմերով եւ նորմատիվներով սահմանված նվազագույն քանակ.

2) կենսաապահովման նվազագույն բյուջե ՝ սպառողական նվազագույն զամբյուղի դրամական արժեք։

Հոդված 4. Օրենքի նպատակը

Սպառողական նվազագույն զամբյուղը եւ կենսաապահովման նվազագույն բյուջեն սահմանվում են՝

1) պետական սոցիալական քաղաքականության, պետական եւ համայնքային սոցիալական ծրագրերի մշակման եւ իրականացման ժամանակ Հայաստանի Հանրապետության բնակչության կենսապայմանների գնահատման,

2) պարենային ապահովության քաղաքականության մշակման եւ իրականացման,

3) պետության կողմից սահմանվող նվազագույն աշխատավարձի, հիմնական կենսաթոշակի եւ այլ կենսաթոշակների, ինչպես նաեւ պետական նպաստների հիմնավորված չափերի սահմանման,

4) չհարկվող եկամտի նվազագույն շեմի եւ եկամուտների ինդեքսացիայի կարգի որոշման համար։

Հոդված 5. Սպառողական նվազագույն զամբյուղի հաշվարկման եւ սահմանման կարգը

1.Հայաստանի Հանրապետության բնակչության մեկ շնչի հաշվով սպառողական նվազագույն զամբյուղի կազմը եւ կառուցվածքը հաշվարկվում է ոչ պակաս, քան հինգ տարին մեկ անգամ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մշակվող եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվող մեթոդական հանձնարարականների հիման վրա։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նշված մեթոդական հանձնարարականների մշակման աշխատանքներին կարող է մասնակցել Արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միությունը։

3. Հայաստանի Հանրապետությունում սպառողական նվազագույն զամբյուղի կազմը եւ կառուցվածքը սահմանվում են օրենքով։

Հոդված 6. Կենսաապահովման նվազագույն բյուջեի չափը, դրա հաշվարկման պարբերականությունը եւ հաստատման կարգը

1. Հայաստանի Հանրապետության բնակչության մեկ շնչի հաշվով կենսաապահովման նվազագույն բյուջեի չափը հաշվարկվում է առնվազն տարին մեկ անգամ՝ նվազագույն սպառողական զամբյուղի կազմում ներառված պարենային, ոչ պարենային ապրանքների եւ ծառայությունների սպառողական գների վերաբերյալ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների հիման վրա։

2. Հայաստանի Հանրապետության բնակչության մեկ շնչի հաշվով կենսաապահովման նվազագույն բյուջեի չափը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Հոդված 7. Կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծության հաշվառումը՝ Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձի, հիմնական կենսաթոշակի, այլ կենսաթոշակների ինչպես նաեւ պետական նպաստների չափերը սահմանելիս

1. Հայաստանի Հանրապետությունում կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծությունը հիմք է համարվում նվազագույն աշխատավարձի, հիմնական կենսաթոշակի, այլ կենսաթոշակների, ինչպես նաեւ պետական նպաստների չափերի սահմանման համար։

2. Յուրաքանչյուր ֆինանսական տարում նվազագույն աշխատավարձի, հիմնական կենսաթոշակի, այլ կենսաթոշակների, ինչպես նաեւ պետական նպաստների չափերի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծության միջեւ համամասնությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով։

Հոդված 8. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից։