Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի հաշվարկման ու հաստատման իրավական հիմքերը, ինչպես նաեւ կարգավորում է պետական սոցիալական քաղաքականության իրականացման հետ կապված հարաբերությունները։
Հոդված 2. Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին օրենսդրությունը
Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, այլ օրենքներից եւ իրավական ակտերից։
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
1) կենսաապահովման նվազագույն զամբյուղ՝ մարդու առողջության պահպանման եւ կենսագործունեության ապահովման համար անհրաժեշտ՝ միջազգայնորեն ընդունված ֆիզիոլոգիական, առողջապահական եւ սոցիալական նորմատիվներով հաշվարկված սննդամթերքի եւ հիմնավորված գործակիցներով հաշվարկված ոչ պարենային ապրանքների եւ ծառայությունների կազմն ու կառուցվածքը սահմանող նվազագույն քանակ.
2) կենսաապահովման նվազագույն բյուջե՝ միջազգայնորեն ընդունված կենսաապահովման նվազագույն զամբյուղի դրամական արժեք.
3) սոցիալ-ժողովրդագրական հիմնական խմբեր՝ աշխատունակ բնակչություն, թոշակառուներ, երեխաներ։
Հոդված 4. Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի սահմանման նպատակը
Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի սահմանումը նպատակ ունի`
1) գնահատել Հայաստանի Հանրապետության բնակչության կենսամակարդակը.
2) կենսամակարդակի գնահատված ցուցանիշն օգտագործել պետական սոցիալական քաղաքականություն մշակելիս եւ իրականացնելիս.
3) հիմնավորել սահմանվող նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաեւ նպաստների եւ սոցիալական այլ վճարների չափերը.
4) որոշել չհարկվող եկամտի չափը։
Հոդված 5. Կենսաապահովման նվազագույն զամբյուղի հաշվարկման եւ սահմանման կարգը
1. Հայաստանի Հանրապետության սոցիալ-ժողովրդագրական հիմնական խմբերի եւ բնակչության մեկ շնչի հաշվով կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմը եւ կառուցվածքը, սկսած 2004 թվականից, հաշվարկվում են ոչ պակաս, քան երեք տարին մեկ անգամ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մշակվող եւ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած մեթոդական հանձնարարականների հիման վրա։
2. Նշված մեթոդական հանձնարարականների մշակման աշխատանքներին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կարող է մասնակցել Արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միությունը։
3. Հայաստանի Հանրապետությունում կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմը եւ կառուցվածքը սահմանվում են օրենքով։ Մինչեւ սույն կետով նախատեսված օրենքի ընդունումը առաջին երեք տարվա համար կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմը եւ կառուցվածքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
Հոդված 6. Կենսաապահովման նվազագույն բյուջեի չափը, դրա հաշվարկման պարբերականությունը եւ հաստատման կարգը
1. Հայաստանի Հանրապետության սոցիալ-ժողովրդագրական հիմնական խմբերի եւ բնակչության մեկ շնչի հաշվով կենսաապահովման նվազագույն բյուջեի չափը հաշվարկվում է առնվազն տարին մեկ անգամ՝ մինչեւ հունիսի 30-ը՝ կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմում ներառված պարենային, ոչ պարենային ապրանքների եւ ծառայությունների սպառողական գների վերաբերյալ պաշտոնական վիճակագրության տվյալների հիման վրա, եւ հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում», ինչպես նաեւ առնվազն հազար տպաքանակ ունեցող մամուլի եւ զանգվածային լրատվության այլ միջոցներով։
2. Հայաստանի Հանրապետության սոցիալ-ժողովրդագրական հիմնական խմբերի եւ բնակչության մեկ շնչի հաշվով կենսաապահովման նվազագույն բյուջեի չափը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
Հոդված 7. Կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծության հաշվառումը Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաեւ նպաստների եւ սոցիալական այլ վճարների ափերը սահմանելիս
1. Հայաստանի Հանրապետությունում կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծությունը հիմք է նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաեւ նպաստների եւ սոցիալական այլ վճարների չափերի սահմանման համար։
2. Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաեւ նպաստների, սոցիալական այլ վճարների չափերի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծության միջեւ համամասնությունները յուրաքանչյուր տարի արտացոլվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքում։
Հոդված 8. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։