Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-755-06.10.2020-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26-րդ հոդվածը լրացնել 2-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«2. Սոցիալական փաթեթի շրջանակներում հատկացվող գումարները պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հայեցողությամբ կարող են փոխանցվել նաեւ այն հիմնադրամներին, որոնց գործունեությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության կայուն ու համաչափ զարգացում ապահովվող ծրագրերի իրականացմանը, տնտեսության կայունացման օժանդակմանը կամ այլ համապետական ծրագրերի իրականացմանը: Հիմնադրամներին համապատասխան փոխանցումն իրականացվում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կառավարության որոշմամբ համապատասխան հիմնադրամը նախատեսված լինելու դեպքում:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո՝ անմիջապես: 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Նախագծի ընդունման անհրաժեշտությունն առաջացել այն պատճառով, որ պայմանավորված ռազմական դրությամբ մի շարք պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք ցանկանում են մասնակցել ռազմական դրության արդյունքում պետության կարիքների ֆինանսավորման համար իրականացվող դրամահավաքներին: Ներկայումս սոցիալական փաթեթի ուղղությունները սահմանված են օրենքով եւ դրանից բացի այլ ուղղություններով նշված գումարները չեն կարող օգտագործվել: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, նպատակահարմար է համարվում օրենքում փոփոխություններ կատարելու միջոցով հնարավորություն ընձեռել սոցիալական փաթեթի գումարներնն ուղղել նաեւ այն հիմնադրամներին, որոնց գործունեությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության կայուն ու համաչափ զարգացում ապահովվող ծրագրերի իրականացմանը, տնտեսության կայունացման օժանդակմանը կամ այլ համապետական ծրագրերի իրականացմանը: Ընդ որում, հետագա հնարավոր չարաշահումներից խուսափելու նպատակով, սահմանվում է նաեւ, որ այն հիմնադրամը, որին կթույլատրվի վճարում կատարել պետք է սահմանված լինի ՀՀ կառավարության որոշմամբ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                                                                     ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 5-ի N 1642-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանը:
 
Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ