Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-760-08.10.2020-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2020 թվականի հունիսի 30-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ճապոնիայի կառավարության միջեւ «Տնտեսական եւ սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի կառավարության միջեւ 2020 թ. հունիսի 30-ին ստորագրված «Տնտեսական եւ սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) Հայաստանի եւ Ճապոնիայի կառավարությունների միջեւ կայացած բանակցումթյունների արդյունք է: Այն նպատակ ունի զարգացնել Ճապոնիայի հետ տնտեսական համագործակցությունը եւ խթանել Հայաստանի Հանրապետության տնտեսական եւ սոցիալական զարգացումը:

Համաձայն Համաձայնագրի, Ճապոնիայի կառավարությունը Հայաստանի կառավարությանը տրամադրելու է չորս հարյուր միլիոն ճապոնական յեն դրամաշնորհ, որի շրջանակում հայկական կողմը նպատակահարմար է համարում ձեռք բերել լիաքարշ (4WD) շտապ օգնության եւ «շարժական բժշկական կլինիկա» ավտոմեքենաներ, որոնք կօգտագործվեն Հայաստանի մարզերում, մասնավորապես` լեռնային շրջաններում, բնակչությանը բուժական օգնություն տրամադրելու նպատակով:
Վերը նշված մեքենաների առկայությունը զգալիորեն կնպաստի հանրապետության, մասնավորապես` մարզային առողջապահության բարելավմանը եւ բուժօգնության հասանելության բարձրացմանը:

Հաշվի առնելով վերոհիշյալը, ՀՀ առողջապահության նախարարությունը կարեւորում է Համաձայնագրի վավերացումը:


ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ճապոնիայի կառավարության միջեւ ս.թ. հունիսի 30-ին ստորագրված «Տնտեսական եւ սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագրով նախատեսվում է խթանել Հայաստանի Հանրապետության տնտեսական եւ սոցիալական զարգացմանը: Ճապոնիայի օրենքներին եւ կանոնակարգերին եւ բյուջետային հատկացումներին համապատասխան, Ճապոնիայի կառավարությունը ՀՀ-ին տրամադրելու է չորս հարյուր միլիոն ճապոնական իենի ((400 000 000) դրամաշնորհ (այսուհետ` Դրամաշնորհ):

Ստացողը պետք է Դրամաշնորհը եւ դրա հաշվարկված տոկոսադրույքը պատշաճ կերպով եւ բացառապես օգտագործի ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ապրանքների եւ (կամ) ծառայությունների ձեռք բերման համար, որոնք թվարկված են այն ցանկում, որը պետք է փոխադարձաբար համաձայնեցվի երկու Կառավարությունների պետական մարմինների միջեւ:

Ելնելով վերոգրյալից եւ առաջնորդվելով «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով` ՀՀ վարած արտաքին քաղաքականության տեսանկյունից` Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ճապոնիայի կառավարության միջեւ ս.թ. հունիսի 30-ին ստորագրված «Տնտեսական եւ սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը նպատակահարմար է:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Կառավարության` այդպիսի համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերի կատարման մասին գրավոր ծանուցումը Ճապոնիայի Կառավարության կողմից ստանալու ամսաթվին:

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ` ԱՎԵԴ ԱԴՈՆՑ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՈՒՅՆ ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում ենք, որ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերի դրույթների հիմքով:

Իրավական ակտերի փորձաքննության
գործակալության պետ` ԷՄԻԼ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ճապոնիայի կառավարության միջեւ «Տնտեսական եւ սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագրում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին, այդ թվում` համաձայնագրով եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման հանգեցնող դրույթների եւ տվյալ տարվա համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած «Պետական բյուջեի մասին» օրենքում չներառված պարտավորությունների մասին



Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ճապոնիայի կառավարության միջեւ ս.թ. հունիսի 30-ին ստորագրված «Տնտեսական եւ սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագրով Հայաստանի Հանրապետության համար հնարավոր է ֆինանսական պարտավորությունների առաջացում ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցման եւ ծախսերի ավելացման գծով` պայմանավորված համաձայնագրի 5-րդ մասի 1-ին կետի (b) եւ (j) ենթակետերով:


ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ

ՀՀ ֆինանսների նախարար
Ա. Ջանջուղազյանին

ՀՀ արդարադատության նախարար
Ռ. Բադասյանին

Ի կատարումն ՀՀ վարչապետի 07.07.2020 թ.
թիվ 02/06.5/32564-2020 հանձնարարականի

Հարգելի պարոնայք

Հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ճապոնիայի կառավարության միջեւ 2020 թվականի հունիսի 30-ին ստորագրված «Տնտեսական եւ սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հարգանքով` Ս.Պապիկյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

30 հուլիսի 2020 թվականի N 1281 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը եւ «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ 2020 թվականի հունիսի 30-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ճապոնիայի կառավարության միջեւ «Տնտեսական եւ սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից` միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. օգոստոսի 3
Երեւան

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումը


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ



Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում 2020 թվականի հունիսի 30-ին Երեւանում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ճապոնիայի կառավարության միջեւ «Տնտեսական եւ սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման 68-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ