Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-756-08.10.2020-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2020 թվականի ապրիլի 21-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորման» վարկային համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) նպատակը համայնքային եւ միջհամայնքային ենթակառուցվածքների որակի, օգտագործման եւ հասանելիության բարելավումն է:

Այդ նպատակով Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 17,900,000 (տասնյոթ միլիոն ինը հարյուր հազար) եվրո լրացուցիչ ֆինանսավորում:

Ելնելով վերոգրյալից եւ առաջնորդվելով «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով` ՀՀ վարած արտաքին քաղաքականության տեսանկյունից` Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը նպատակահարմար է:

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ` ԱՐՏԱԿ ԱՊԻՏՈՆՅԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ



Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորման» վարկային համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2020 թվականի ապրիլի 21-ին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար` Ատոմ Ջանջուղազյանի կողմից:

Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում Համաձայնագրի 5-րդ հոդվածով սահմանված լրացուցիչ պայմանները կատարելուց հետո, այն է` իրականացման համաձայնագիրը ստորագրվել է Բանկի կողմից ընդունելի ձեւով եւ գործառնական ձեռնարկն ընդունվել է Բանկի կողմից ընդունելի ձեւով: Ուժի մեջ մտնելու վերջնաժամկետը ստորագրման ամսաթվից հետո հարյուր ութսուներորդ (180) օրն է:

ՀՀ արտաքին գործերի
նախարարի տեղակալ` Արտակ Ապիտոնյան

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ/«IBRD» ՄԻՋԵՎ ««ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» SILD AF (ՎԱՐԿ ԹԻՎ 9060-AM)» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ



Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, ինչպես նաեւ օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում ենք, որ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից` ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերի դրույթների հիմքով:


Իրավական ակտերի փորձաքննության
գործակալություն


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԱՏԵՍՈՂ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) միջեւ 2020 թվականի ապրիլի 21-ին ստորագրված «Հայաստանի սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրով (այսուհետ` Համաձայնագիր) Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է հետեւյալ ֆինանսական պարտավորությունները.

Համաձայնագրի Հոդված 2-ի 2.01 կետի համաձայն` ՎԶՄԲ-ն ՀՀ-ին տրամադրելու է 17.9 մլն եվրո գումարի չափով վարկ: Վարկի մարման ժամկետը 25.5 տարի է, որից արտոնյալ ժամկետը` 14.5 տարի, տոկոսադրույքը լողացող է` 6-ամսյա EURIBOR + լողացող սպրեդ: Վարկի չմասհանված գումարի նկատմամբ հաշվարկվում է պարտավորության վճար` տարեկան 0.25% դրույքաչափով համաձայնագրի ստորագրումից 60 օր հետո, վճարվում է կիսամյակային կտրվածքով, տոկոսավճարների վճարման հետ միաժամանակ: Նախատեսվում է նաեւ միանվագ կոմիսիոն վճար` վարկի գումարի 0.25%-ի չափով, որը պետք է վճարվի ոչ ուշ քան Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 60 օրվա ընթացքում: Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է նշված պայմաններով եւ ժամկետներում սպասարկել եւ մարել վարկը:

ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ



Հարգելի պարոն Պապիկյան

Ի կատարումն Ձեր հանձնարարականի` հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2020թ. ապրիլի 21-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հարգանքով` ՆԱՐԵԿ ԲԱԲԱՅԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ/«IBRD» ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ»/SILD AF ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի/«IBRD» (այսուհետ` ՎԶՄԲ) միջեւ 2020թ. ապրիլի 21-ին ստորագրվել է «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի (այսուհետ` Ծրագիր) համար լրացուցիչ ֆինանսավորում»/SILD AF վարկային համաձայնագիրը (Վարկ թիվ 9060-AM) (այսուհետ` Համաձայնագիր)` 17,9 մլն եվրո վարկ տրամադրելու վերաբերյալ:

Ծրագիրը հանդիսանում է 2015թ. ապրիլի 8-ին ՀՀ-ի եւ ՎԶՄԲ-ի միջեւ ստորագրված «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի» (վարկ թիվ 8483-AM) 30 մլն ԱՄՆ դոլար գումարով հիմնական վարկային համաձայնագրի շարունակությունը: Հիմնական վարկային համաձայնագրի միջոցներից 17,6 մլն ԱՄՆ դոլարը հատկացվել է Հայաստանի խոցելի համայնքներում 100 համայնքային ներդրումային միկրոծրագրերի իրականացման համար (մանկապարտեզներ, դպրոցներ, համայնքային կենտրոններ, խմելու ջրի մատակարարում, առաջնային առողջապահական հաստատություններ եւ այլն), որոնցից 89-ն ավարտված են: Այնուհետեւ 10,1 մլն ԱՄՆ դոլար հատկացվել է տարածքային բարեփոխումների շրջանակներում խոշորացված համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման ենթածրագրերի իրականացման համար, որի շրջանակներում առ այսօր ավարտվել են 11 ենթածրագրեր (1,6 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով), 8 ենթածրագրեր գտնվում են իրականացման փուլում (1,28 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով), եւս 16-ը` նախապատրաստվում են (հաշվարկային արժեքը` 2,3 մլրդ ՀՀ դրամ): Ենթածրագրերը հիմնականում ուղղված են խոշորացված համայնքներին` կոմունալ եւ գյուղատնտեսական տեխնիկայի եւ սարքավորումների մատակարարմանը համայնքային ծառայություններ մատուցելու կամ բարելավելու համար (ինչպիսիք են` աղբի հավաքում, փողոցների վերանորոգում եւ ձյան մաքրում, ինչպես նաեւ արտոնյալ գներով գյուղտեխնիկայի վարձակալություն ֆերմերներին եւ այլն):

Առաջարկվող Ծրագրի նպատակը մնացել է նույնը, ինչը նշված էր հիմնական վարկային համաձայնագրում, այն է` համայնքային եւ միջհամայնքային ենթակառուցվածքների որակի եւ օգտագործման ու հասանելիության բարելավումը:

Ծրագիրը բաղկացած է հետեւյալ բաղադրիչներից.

Բաղադրիչ 1. Օժանդակություն տեղական սոցիալ-տնտեսական զարգացմանը եւ կարողությունների ստեղծմանը (ընդհանուր արժեքը` 6,2 մլն եվրո, որից վարկային միջոցներից` 4,5 մլն եվրո): Այս բաղադրիչի ներքո նախատեսվում է

1. Համայնքային միկրոծրագրերի իրականացում. (i) կրթական, առողջապահական եւ սոցիալական ենթակառուցվածքների (օրինակ` դպրոցների, մանկապարտեզների, առողջապահական կլինիկաների, համայնքահեն կենտրոնների, մարզասրահների եւ խաղահրապարակների) կառուցում, վերանորոգում, վերականգնում եւ/կամ ընդլայնում, (ii) ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի տեղադրում/հիմնանորոգում, (iii) գյուղերում ոռոգման եւ էլեկտրաֆիկացման փոքր աշխատանքների իրականացում եւ (iv) հանրային ենթակառուցվածքների համար էներգաարդյունավետ լուծումների ներդրում:

2. (i) Տեխնիկական աջակցության տրամադրում` միկրոծրագրերի պատշաճ նախագծում եւ վերահսկողություն ապահովելու համար եւ (ii) համայնքներում ինստիտուցիոնալ եւ ֆինանսական կարողությունների ստեղծում:

3. Գույքի եւ սարքավորումների տրամադրում ենթակառուցվածքային ներդրումների շահառու միկրոծրագրերի համար, ինչպիսիք են օրինակ` հիմնանորոգված դպրոցները, մանկապարտեզները եւ համայնքային կենտրոնները, ինչպես նաեւ սոցիալական այլ ենթակառուցվածքների համար` ըստ Ծրագրի Ղեկավար ձեռնարկում սահմանված չափանիշների:
Այս բաղադրիչի շրջանակներում կֆինանսավորվեն մոտ 20 լրացուցիչ միկրոծրագրեր համայնքներում (հիմնական վարկային ծրագրի հետ միասին ներդրումային ծրագրեր իրականացնելով մոտ 120 բնակավայրերում):

Բաղադրիչ 2. Օժանդակություն միջհամայնքային սոցիալական եւ տնտեսական զարգացմանը միտված նախաձեռնություններին (ընդհանուր արժեքը` 16,7 մլն եվրո, որից 12,5 մլն եվրոն` վարկային միջոցներ): Այս բաղադրիչի ներքո նախատեսվում է.

1. Օժանդակություն համայնքային խմբերին եւ միջհամայնքային միավորումներին` զարգացման նորարարական նախաձեռնությունների (ենթածրագրերի) իրականացմամբ:

2. (i) Տեխնիկական աջակցության տրամադրում` ենթածրագրերի պատշաճ նախագծումը եւ վերահսկողությունն ապահովելու համար եւ (ii) համայնքներում ինստիտուցիոնալ եւ ֆինանսական կարողությունների ստեղծում:

3. Գույքի եւ սարքավորումների տրամադրում ենթածրագրերի շահառու համայնքների համար:

Այս բաղադրիչի շրջանակներում կֆինանսավորվեն մոտ 35 լրացուցիչ ենթածրագրեր` մեկ ենթածրագրի համար մինչեւ 500 հազ. եվրո վարկային միջոցներ ներդնելու հնարավորությամբ: Ընդ որում, հիմնական վարկային ծրագրի հետ միասին ներդրումային ծրագրեր կիրականացվեն մոտ 70 խոշորացված համայնքներում` չբացառելով նույն համայնքում երկրորդ ենթածրագրի իրականացման հնարավորությունը:

Ակնկալվում է, որ Ծրագրի 2 համայնքային բաղադրիչների շրջանակներում իրականացվող միկրոծրագրերի եւ ենթածրագրերի շահառուների ընդհանուր թիվը կկազմի ավելի քան 710 հազար մարդ:

Բաղադրիչ 3. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) ինստիտուցիոնալ հզորացում եւ ծրագրերի կառավարում (2,5 մլն եվրո, որից` 0,9 մլն վարկային միջոցներ): Այս բաղադրիչի ներքո նախատեսվում է

Ինստիտուցիոնալ օժանդակության տրամադրում, կարողությունների զարգացում (ներառյալ դրամական միջոցների ներգրավման կարողություն), գնահատումներ եւ տեխնիկական աջակցություն ՀՏԶՀ-ին` Ծրագրի կառավարման, ֆիդուցիար վերահսկողության (ներառյալ Ծրագրի աուդիտները), երաշխիքների վերահսկողության համար, այդ թվում` վերապատրաստման անցկացում եւ դրա համար պահանջվող գործառնական ծախսեր:

Ծրագիրն իրականացվելու է ՀՏԶՀ-ի միջոցով` ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ղեկավարության ներքո:

ՀՏԶՀ-ն, որը նախկինում հայտնի էր Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ անվանմամբ, իր հիմնադրումից (1996թ.) ի վեր իրականացրել է 1006 միկրոծրագիր, հիմնականում ներառելով դպրոցները (41 %), խմելու ջրի ցանցերը (18 %), համայնքային/ մշակութային կենտրոնները (12 %), մանկապարտեզները (9 %) եւ այլն: Ընդ որում, ֆինանսավորման մոտ 80 %-ն ուղղվել է խոցելի կամ չափազանց խոցելի համայնքներին:

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաեւ հաշվի առնելով վերոհիշյալ ծրագրերի կարեւոր նշանակությունը ՀՀ տնտեսության զարգացման, բնակչության սոցիալական վիճակի բարելավման գործում, ինչպես նաեւ ՀՏԶՀ-ի կողմից ծրագրերի իրականացման արդյունավետ փորձը` ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը նպատակահարմար է համարում Համաձայնագրի վավերացումը:




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

18 հունիսի 2020 թվականի N 988 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը եւ «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2020 թվականի ապրիլի 21-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից` միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման առկայության դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. հունիսի 19
Երեւան

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումը



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2020 թվականի ապրիլի 21-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման 68-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ